×

Wine Republic-ը 5 տարեկան է

2020 թվականի մայիսի 1-ին Wine Republic ռեստորանը դարձավ 5 տարեկան: Շատ երեւանցիների համար այն սիրելի վայր է՝ նախեւռաջ ռեստորանում տիրող յուրահատուկ մտերմիկ մթնոլորտի համար: 

2020 թվականի մայիսի 2-ին էլ իր 1-ամյակն է նշելու Մեդիամաքս մեդիա-ընկերության GastroVino նախագիծը, եւ այս մեկ տարվա ընթացքում Wine Republic միշտ եղել է մեր ուշադրության կենտրոնում: 

Հիմնադիրը

Այս հոդվածում Wine Republic-ի հիմնադիր Արսեն Հովհաննիսյանը պատմել է ռեստորանի ստեղծման պատմության, փիլիսոփայության եւ արժեքների մասին:


Արսեն Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Ուսանողական տարիներին երազում էի իռլանդական փաբ ունենալ։ Վաշինգթոնում մի փաբում եղա, որտեղ այսպիսի գրություն կար. There are no strangers here, they are friends, who haven’t met before («Այստեղ օտարներ չկան, այստեղ ընկերներ են, ովքեր նախկինում չեն հանդիպել»): Իսկապես ձգտել եմ մի այնպիսի միջավայր ստեղծել, որտեղ օտարներ չեն լինի եւ մարդիկ բարյացակամ լինեն միմյանց հանդեպ», - պատմել է Արսենը:

Մատուցողները

Եթե դուք սիրում եք հաճախել Wine Republic, պատճառներից մեկը մատուցողներն են, որոնք այցելուներին ընդունում են որպես հարազատների: Այս հոդվածում պատմել ենք նրանցից մեկի՝ Քնարիկ Ներսեսյանի մասին:


Քնարիկ Ներսեսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Այստեղ մատուցողի եւ հյուրերի հարաբերությունները շատ ուրիշ են: Քանի որ այցելուները տեսնում են, թե ղեկավար կազմն աշխատողին ինչքան ընկերական ու ջերմ է վերաբերվում, իրենք էլ են նույն կերպ շարունակում շփվել մեզ հետ», - պատմել է Քնարիկը:

Շեֆը

Որքան էլ բարեհամբյուր լինեն մատուցողները, ռեստորանը դժվար ձեր սիրելին դառնա, եթե համեղ ուտեստներ չառաջարկի: Այս բաղադրիչի պատասխանատուն Wine Republic-ի շեֆ-խոհարար Շավարշ Այվազյանն, ում մասին պատմել ենք այս հոդվածում


Շավարշ Այվազյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Ոչ թե ես եմ ընտրել խոհարարությունը, այլ խոհարարությունն է ընտրել ինձ: Ծնողներս մշտապես աշխատել են, երեխաներով տանը երկար ժամանակ ենք մենակ մնացել: Երեխաներից մեծը ես եմ. ճաշ տաքացնելն ու պատրաստելն իմ պարտականությունն էր: Երբ հյուր էի գնում, մի համով բան ուտում էի, սկսում էի հետաքրքրվել ու փորձել տանը նույնը սարքել: Պատրաստում էի ու ընկերներիս հրավիրում մեր տուն համտեսելու, խնջույքներ էի կազմակերպում», - պատմել է Շավարշը:

Գինին եւ պատմությունները

Որքան էլ ուտելիքը կարեւոր լինի, Wine Republic-ը սիրվեց նախեւառաջ այն պատճառով, որ Երեւանում գինու մշակույթի տարածման առաջամարտիկներից մեկը դարձավ: Wine Republic-ի հյուրերի գինու նախասիրությունների մասին մեզ պատմել էր ռեստորանի հիմնադիրներից Արտյոմ Խաչատրյանը:


Լուսանկարը՝ Wine Republic

«Մի անգամ էլ շատ ռոմանտիկ մի զույգ էր նստած սեղանի շուրջ, ինչ-որ առիթ էին նշում, շամպայն պատվիրեցին, տղան որոշեց ինքը բացել: Փականը թռավ ու կպավ օդափոխիչ սարքին, որն էլ պոկվեց ու ընկավ այդ տղայի գլխին: Ասածս ինչ է՝ չնայած ինքս էլ սիրում եմ ու վայելում գինի կամ շամպայն բացելու հաճույքը, բայց գուցե նման դեպքերից խուսափելու համար արժե այդ գործը մատուցողին վստահել», - պատմել էր Արտյոմը:

Աջակցենք Wine Republic-ին

Բոլորս անհամբեր սպասում ենք, թե երբ է ավարտվելու կարանտինը, որ կարողանանք այցելել մեր սիրելի վայրերը, այդ թվում՝ Wine Republic-ը: 


Լուսանկարը՝ Wine Republic

Բայց քանի դեռ տանն ենք, կարող ենք Wine Republic-ին հյուր հրավիրել: Այդպիսով ոչ միայն ինքներս մեզ հաճելի պահեր եւ հիշողություններ կպարգեւենք, այլեւ կօգնենք ռեստորանին հաղթահարել դժվար ժամանակները:

Պատվիրելու համար զանգահարեք (055) 001 100 հեռախոսահամարով կամ այցելեք այս կայք

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին