Հերիք է՝ ոտքդ դնես Wine Republic ռեստորան, աչքերդ անմիջապես սկսում են հետեւել սպիտակ վերնաշապիկներով ու ջինսե կոմբինեզոններով աղջիկների քայլերին: Այս աղջիկները ռեստորանի մատուցողուհիններն են, բոլոր այցելուները գիտեն նրանց. քաղաքում վաղուց «սպիտակ վերնաշապիկ-ջինսե կոմբինեզոն» համադրությունն ասոցացվում է Wine Republic-ի հետ:
Տարբեր խոհանոցներից ու գինիների մեծ տեսականուց բացի այցելուներն այս ռեստորանը նախընտրում են նաեւ ջերմ մթնոլորտի համար, որի առաջնային պատասխանատուն մատուցողներն են: Wine Republic Yerevan-ի թիմը վստահեցնում է՝ իրենց մոտ «մատուցող-հաճախորդ» վերաբերմունք չկա, այստեղ մի մեծ ընտանիք է, իսկ հաճախորդներն՝ իրենց սպասված հյուրերը:
GastroVino-ն զրուցել է Wine Republic-ի ամենափորձառու մատուցողներից Քնարիկ Ներսեսյանի հետ՝ պարզելու, թե ինչպես է մատուցողներին հաջողվում հաճելի մթնոլորտ ստեղծել ռեստորանում, ինչպես են կարողանում անցնել «մատուցող-հաճախորդ» սահմանը եւ ինչու են այստեղի մատուցողները սիրում իրենց գործը:
Ծնունդը եւ առաջին աշխատանքային օրը
Սկսել եմ աշխատել 2016-ի մայիսի 1-ից, այդ օրը Wine Republic-ում նշվում էր հիմնադրման մեկ ամյակը:
Երբ առաջին օրը գնացել էի հարցազրույցի, Wine Republic-ի մասին ոչինչ չգիտեի: Կապույտ դռներից հենց ներս մտա ու տեսա կոմբինեզոններով աշխատողներին, ամեն ինչ այնքան պայծառ ու լուսավոր թվաց, որ այլեւս ոչ մի բանի մասին խորը չմտածեցի: Անմիջապես հասկացա՝ այս աշխատանքն ինձ համար է: Չնայած ներկայացրին նաեւ աշխատանքի բարդ կողմերը, սակայն աշխատողների դեմքի հանգիստ արտահայտությունը ու բարեհամբույր վերաբերմունքը տեսնելուց հետո համաձայնեցի առաջարկին ու հաջորդ օրն աշխատանքի եկա:
Ինչպես տանը
Ռեստորանների ամառային թեժ շրջանը նոր էր բացվում քաղաքում, այդ պատճառով շատ արագ հարմարվեցի գործիս. անընդհատ աշխատավայրում էի, անընդհատ ներս ու դուրս էի անում... Աշխատակազմի հետ էի շատ մտերմացել, գործի ավարտից հետո շատերս անմիջապես չէինք գնում տուն, այլ մնում, զրուցում էինք մինչեւ գիշերվա ժամը 3-ը:
Wine Republic-ն ինձ շատ հարազատ է, ասես, իմ երկրորդ տունը լինի:
Քնարիկ Ներսեսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս ռեստորանում ամեն ինչ այնքան հարմարավետ է, սեղաններն իրար մոտ են դրված, հյուրերն իրար բավականին մոտ են նստում, ներսում միշտ շատ մարդ կա, մեկը մյուս խոսակցությունն ակամայից լսում է, բայց դա այնքա՜ն բնական է:
Ներսում շրջելիս մատուցողներիս անընդհատ բոլոր սեղաններից կանգնացնում են, զրուցում մեզ հետ: Օրն այստեղ իսկապես թեթեւ է անցնում:
Կարճ ժամանակ այստեղ աշխատելուց հետո հասկանում ես, որ նման մթնոլորտ ոչ մի տեղ չկա. այլ վայրերում սովորաբար սեղաններն իրարից հեռու են, մարդիկ իրար քիչ են տեսնում, քիչ շփվում: Միջավայրն է պատճառը, որ երկար տարիներ այստեղ եմ աշխատում ու չեմ պատրաստվում փոխել գործս:
Հաճելի՜-հաճելի՜
Այստեղ մատուցողի եւ հյուրերի հարաբերությունները շատ ուրիշ են: Քանի որ այցելուները տեսնում են, թե ղեկավար կազմն աշխատողին ինչքան ընկերական ու ջերմ է վերաբերվում, իրենք էլ են նույն կերպ շարունակում շփվել մեզ հետ:
Շատերն ուզում են՝ հնարավորինս երկար կանգնենք իրենց սեղանի կողքին ու երկար զրուցենք: Իհարկե, կան հաճախորդներ, որոնք մի փոքր այլ վերաբերմունք ունեն այս աշխատանքի նկատմամբ, բայց այստեղ գալով, պատկերացումները փոխվում են: Երբ ոմանք փորձում են հրամայական տոնով մեզ հետ խոսել, մենք ավելի ջերմ վերաբերմունք ենք ցույց տալիս, ու նրանք աստիճանաբար փոխում են իրենց մոտեցումը:
Յուրաքանչյուրին՝ յուրովի
Այս աշխատանքը նաեւ բավականին բարդ է. պետք է կարողանալ այցելուների հետ շփում հաստատել հենց առաջին րոպեից: Եթե «մատուցող-այցելու» կապը չստացվի, ապա այդ այցելուն հաստատ գոհ չի հեռանա. վատ տպավորությամբ կնստի ամբողջ ընթացքում, անգամ իր կերածից դժգոհ կմնա:
Քնարիկ Ներսեսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս գործում նաեւ հոգեբան ենք դառնում, պատկերացրեք՝ սեղանի շուրջ չորս հոգի են նստած, չորսն էլ՝ տարբեր մարդկային տեսակ, չորսի հետ պետք է հավասարապես լեզու գտնել:
Ընթացքում փորձի հետ սովորական է դառնում այս ամենը, բայց միեւնույն է՝ ամեն օր, կարծես, նորովի ես հաղթահարում նույն փորձությունը: Հենց սկզբից պետք է հասկանալ, թե մարդն ինչի՞ համար է եկել, ի՞նչ է ուզում այսօր ուտել, խմել, զգալ: Այդ ամենն իրականում անկախ ինձնից է ստացվում, հաճախ եմ ժպտում, բարեհամբյուր եմ...
Հյուրերը սպասված են
Նկատել եմ նաեւ՝ շատ վայրերում երբ հյուրը մտնում է ռեստորան, աշխատողները հաճախ փորձում են փախչել, որ չսպասարկեն, իսկ այստեղ հակառակն է՝ հյուրը մտնում է, մեր աշխատակազմը մի քանի վայրկյանով խառնվում է իրար. որոշում ենք՝ ով սպասարկի:
Հյուրերի մեծ մասին ճանաչում եմ ու մտերիմ եմ, շատերն են ինձ անունով կանչում, ասում են. «Քնարիկ ջան, խնդրում եմ, կգա՞ս»: Քանի որ բավականին երկար ժամանակ է՝ աշխատում եմ, ոմանք գիտեն նաեւ, որ ամուսնացած եմ, երեխաներ եւ շուն ունեմ:
Քնարիկ Ներսեսյանը
Մի հյուր ունենք, իմ տարիքի տղամարդ է, մի անգամ ասաց՝ ապշում է, թե ինչքան էներգիա ունեմ ես, ինչպես եմ կարողանում ամբողջ օրը նույն տրամադրությամբ աշխատել ու միեւնույն ժամանակ ընտանեկան գործերս հասցնել:
Մատուցողների հեղափոխություն
Ամուսնացել եմ 17 տարեկանում, ինչի արդյունքում չեմ հասցրել մասնագիտություն ձեռք բերել, որոշ գործեր փորձել եմ անել, երկար ժամանակ վարսավիր եմ աշխատել, այս գործում ամենաերկարն եմ աշխատում:
Ինձ երբեք մատուցող չեմ պատկերացրել, ես էլ շատերի նման մտածել եմ՝ սա ամենավերջին գործն է, որ կանեմ: Երբ 20 տարեկան էի, այսինքն՝ 15 տարի առաջ, մատուցողի գործը նույն կերպ չէր ընկալվում Հայաստանում: Հիմա շատ բան է փոխվել, շատ խելացի ու պայծառ երիտասարդներ են այս գործն անում, շատերը աշխատում են իրենց ուսման վարձը վճարելու համար:
Քնարիկ Ներսեսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Երբ հայտնվում ես այնտեղ, որտեղ չես եղել, պատկերացումներդ փոխվում են: Ես Wine Republic-ում հասկացա, որ մատուցող լինելը մյուսների նման շատ սովորական աշխատանք է, պարզապես՝ մի քիչ ավելի լավ վարձատրվող:
Ոլորտում միշտ սովորելու բան կա
Ոլորտն իսկապես հետաքրքիր է, պարբերաբար տարբեր խոհանոցների՝ ուտեստների եւ խմիչքների ենք ծանոթանում: Մինչ այստեղ գալը ես շատ բաներ չգիտեի, հատկապես ծովամթերքներին ծանոթ չէի, վերջին շրջանում տարբեր ազգերի խոհանոցներ եմ բացահայտել, Wine Republic Yerevan-ի բոլոր ռեստորաններում կարճ ժամանակով աշխատել եմ:
Քնարիկ Ներսեսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Համտեսների արդյունքում սահուն սովորում ենք նոր խոհանոցներին եւ ուտեստներին: Նոր բաներ սովորելը մեծ հետաքրքրություն է մտցնում մեր գործի մեջ, հաճույքով նաեւ մասնակցում ենք խմիչքների համտեսներին, որոնք հատուկ մատուցողներիս համար են կազմակերպվում: Գինեգործների ենք այցելում, ծանոթանում ենք իրենց գինիներին, ինչի արդյունքում կարողանում ենք մեր այցելուներին ներկայացնել, թե ինչ ունենք մառանում եւ կողմնորոշել` որ ուտեստի հետ, ինչ համադրել:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: