×

Լուսանկարը՝ Wine Republic

Wine Republic-ի պատմությունները գինու եւ այն սիրողների մասին

Wine Republic ռեստորանում երեկոյան ժամերին դժվար է առանց գինու բաժակի սեղան գտնել: «Գինու պետության» այցելուները գիտեն՝ այստեղ գինին այնքան ճիշտ են մատուցում, որ այն ավելի համեղ է դառնում: 

Ինչո՞ւ են Wine Republic-ի այցելուները գինի շատ սիրում, ո՞րն է գինին ճիշտ պահպանելու եւ մատուցելու ձեւը, ի՞նչ հետաքրքիր դրվագներ են այստեղ պատահում գինի մատուցելիս, GastroVino-ին պատմել է Wine Republic-ի հիմնադիրներից Արտյոմ Խաչատրյանը: 

Հայկականը տվե՛ք

Հինգ տարի առաջ, երբ Wine Republic-ը նոր էր բացվել, մեր վաճառած գինիների 70 %-ը արտասահմանյան էին, 30 % հայկական, հիմա հակառակն է: Քանի որ ընտրությունը քիչ էր, մարդիկ պատվիրում էին 4000-5000 դրամանոց իտալական, ֆրանսիական ու արգենտինական գինիներ՝ Անտինորի կամ Սիշել ընտանիքից: Հայկական լավ գինիների ընտրությունը սահմանափակ էր: 


Լուսանկարը՝ Wine Republic

Վերջին տարիներին Հայաստանում գինեգործությունը սկսեց զարգանալ, ներդրումներն ավելացան ոլորտում, այցելուների նախընտրությունները փոխվեցին, եւ արդյունքում ստեղծվեցին շատ հայկական մատչելի գինիներ, որոնք սկսեցին մրցել արտասահմանյանների հետ: 

Ներկայում այցելուներից շատերը հաճախ նախընտրում են հայկական Կատարո, Քուր, Կարաս գինիները, Քյոշի շամպայնները նույնպես մեծ հաջողություն ունեն մեզ մոտ, հաճախ պատվիրում են նաեւ Զուլալ, Յակուբյան-Հոբս, Զորահ գինիները: 

Ընդհանուր առմամբ, Wine Republic-ում 700-ից ավել գինի կա:


Լուսանկարը՝ Wine Republic

Մատուցումն է կարեւոր

Շատ հաճախորդներ կարծում են, որ մեզ մոտ գինին ավելի համեղ է, դրանում դեր է խաղում պահպանման եւ մատուցման ճիշտ աստիճանը եւ բաժակը: 

Մենք գինիները պահպանում ենք համապատասխան վայրում, մատուցում ենք համապատասխան ջերմաստիճանով: Եթե այս երկուսից որեւէ մեկը խախտվի, հնարավոր է, կորեն այն համերը, որոնք գինեգործը ցանկացել է փոխանցել: 


Լուսանկարը՝ Wine Republic

Առաջին օրվանից մեզ մոտ բոլոր գինիները մատուցվում են Riedel բաժակներով: Riedel-ը աշխարհահռչակ գինու գավաթներ արտադրող ընկերություն է, որը խաղողի տարբեր տեսակների համար առաջարկում է համապատասխան բաժակներ: Այցելուներին տեղեկացնելու համար մեզ մոտ հաճախ կազմակերպում ենք դեգուստացիոն երեկոներ: 


Հատուկ Արենի տեսակի համար ստեղծված Riedel բաժակները Լուսանկարը՝ Wine Republic

Որ գլխացավ չառաջանա 

Եթե ես լինում եմ մառանում, սիրով մասնակցում եմ գինու ընտրության գործընթացին: Մեզ մոտ խմիչքների ճաշացանկ չկա, ունենք մառան, եթե այցելուն չգիտի՝ ինչ գինի է ուզում, մատուցողը նրան դեպի մառան է ուղեկցում: 

Այցելուներից շատ հաճախ են հարցնում, թե ո՞ր գինին խմեն, որ հաջորդ օրը գլխացավ չունենան: Մշտական տրվող հարցերից է նաեւ՝ ի՞նչ գինի խմել, որ կարողանալ շատ խմել: 


Լուսանկարը՝ Wine Republic

Նկատել եմ՝ գինին նաեւ շատ զույգերի դեպքում «ռոմանտիկ սկանդալների» պատճառ է դառնում, նկատի ունեմ՝ գուցե կոնֆլիկտը մինչ այդ էլ կա, բայց երբ գինի են խմում, ավելի բուռն են շարունակում զրույցը: 

Մի անգամ էլ շատ ռոմանտիկ մի զույգ էր նստած սեղանի շուրջ, ինչ-որ առիթ էին նշում, շամպայն պատվիրեցին, տղան որոշեց ինքը բացել: Փականը թռավ ու կպավ օդափոխիչ սարքին, որն էլ պոկվեց ու ընկավ այդ տղայի գլխին: Ասածս ինչ է՝ չնայած ինքս էլ սիրում եմ ու վայելում գինի կամ շամպայն բացելու հաճույքը, բայց գուցե նման դեպքերից խուսափելու համար արժե այդ գործը մատուցողին վստահել:

Հայկական գինին վրացականից լա՞վն է

Մեր մշտական հաճախորդները շատ են սիրում իրենց արտասահմանցի հյուրերին հրավիրել մեզ մոտ ու տարբեր բաժակներով հայկական գինիներ փորձել: 

Հայաստանում ապրող եւ աշխատող արտասահմանցիներն են նաեւ մեր մշտական այցելուները: Երբ իմանում են նոր գինի կա շուկայում, անպայման գալիս են փորձելու: 

Շատ եմ հանդիպել նաեւ զբոսաշրջիկների, որոնք Վրաստանից են գալիս ու գինի են փորձում մեզ մոտ: Նկատել եմ՝ միջին եւ միջինից բարձր հայկական գինիները նրանց ավելի շատ են դուր գալիս, քան՝ վրացականը: 


Լուսանկարը՝ Wine Republic

Մի մշտական հաճախորդ ունեինք՝ Իրանից ռեժիսոր, այստեղ մի քանի ամիս ֆիլմ էր նկարում: Ամեն երեկո գալիս էր ընկերների հետ ու նույն գինին էր պատվիրում. ես էի այդ գինին նրան խորհուրդ տվել՝ Château Argadens: Ինչ-որ պահի այդ գինին սպառվեց Հայաստանում, ամեն տեսակի ու անգամ ավելի լավ գինիներ էի առաջարկում, ոչ մի ուրիշ գինի չէր հավանում, միայն այդ գինին էր ուզում: Մեզ ասել էր նաեւ, որ առաջին անգամ Հայաստանում է գինի փորձել ու դա նրա առաջին գինին էր:

«Թվանոց» գինի

Wine Republic-ում գինիները վաճառվում են խանութի գնով, ուստի այստեղ մատչելի է գինի խմելը: Մենք գինի չենք ներմուծում, աշխատում ենք մատակարարների հետ: 

Շատ թանկ գինիներ մեզ մոտ չկան, ամենաթանկը Opus One գինին է, 260 հազար դրամ է. սա տարին մեկ է վաճառվում: Այս գինին, կարծեմ, մի անգամ սփյուռքահայ զբոսաշրջիկ է պատվիրել: 

Թանկ գինիներն ավելի դժվար ենք վաճառում. մեզ մոտ գալիս են մարդիկ, որոնք ուզում են դեմոկրատ գներով շատ գինի խմել: 


Լուսանկարը՝ Wine Republic

Միայն շշով տարբերակ չէ. 30-40 տեսակի գինի բաժակով ենք առաջարկում: Տարբեր գինիներ փորձելու համար մեծ հնարավորություն ենք ստեղծում: Ունենք հատուկ սարքավորումներ, որոնք թույլ են տալիս գինին բացելուց հետո երկար ժամանակ պահպանել: 

Գինին պետք է համապատասխանի ուտելիքին

Միայն գինի նախընտրողներն են գալիս Wine Republic: Օղի երբեք չենք մատուցել, ունենք ընդամենը մեկ տեսակի գարեջուր եւ որոշ վիսկիներ, բայց դրանք երկրորդական դերում են: 

Երբ հիմնում էինք Wine Republic-ը, գինի խմելու «մոդան» արդեն սկսել էր Հայաստանում, բայց այն դեռ լավ չէր համադրվում ուտեստների հետ: Սկզբում միայն եվրոպական խոհանոց էինք առաջարկում, իսկ երբ մեր ճաշացանկում ավելացան ասիական ուտեստներ, մեզ զարմանալիորեն հաջողվեց նաեւ կծու ուտեստները համատեղել գինու հետ (ասում են՝ հիմնականում կծուն գինու հետ լավ չի համադրվում): 


Լուսանկարը՝ Wine Republic

Կարողանում ենք հյուրերին խորհուրդ տալ այն գինին, որը համեղ է ասիական խոհանոցի հետ: Օրինակ, կծու համերի հետ խորհուրդ ենք տալիս գերմանական քաղցր եւ կիսաքաղցր կամ Էլզասի շրջանի գինիներ: Շատերն էլ կծու եւ քիչ կծու ուտեստների հետ համադրում են Ռոնի կամ Բուրգունդիայի շրջանների գինիները: 

«Ձկան հետ պետք է սպիտակ գինի խմել, մսի հետ՝ կարմիր» տարբերակն էլ արդեն քիչ է աշխատում, որովհետեւ կան փափուկ կարմիր գինիներ, որ կարելի է համադրել յուղոտ ձկան հետ, ինչպես նաեւ քիչ յուղոտ մսեղենը կարելի է համադրել ավելի հագեցած սպիտակ գինիների հետ: 


Լուսանկարը՝ Wine Republic

Մեր մատուցողները վերապատրաստումների են մասնակցում, նաեւ գործուղումների գնում, որպեսզի լավ տեղյակ լինեն, թե որ գինին որ ուտեստի հետ է ճիշտ համադրվում: Եթե սխալ առաջարկ եղավ, ոչ ուտելիքն է համով լինելու, ոչ գինին. եթե գինին ուժեղ լինի, հնարավոր է «սպանի» ուտելիքը կամ հակառակը: 

Խաշի հետ սպիտակ գինի

Ուտելիքի հետ գինի է սազում, պետք չէ խմել տարբեր հյութեր: Գինին համովացնում է ուտելիքը, յուղոտ ուտելիքի հետ պարբերաբար համադրված կարմիր գինին նաեւ նվազեցնում է յուղային ազդեցությունը օրգանիզմի վրա, կանխում է գիրանալու գործընթացը: Կարմիր գինին ջախջախում է ուտելիքի յուղայնության մոտ 70%-ը, սպիտակը՝ 40%-ը, իսկ օղին՝ 18%-ը:


Լուսանկարը՝ Wine Republic

Ի դեպ, խաշի հետ սառը սպիտակ գինին ավելի լավ է համադրվում, հավատացնում եմ՝ սպիտակ գինով խաշն ավելի համեղ է դառնում, հագեցվածությունն էլ արագ է անցնում: 

Ամալի Խաչատրյան

Լուսանկարները՝ Wine Republic-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին