Մեկ տարվա ընթացքում Sig & Chips-ում մատուցվել է մոտ 60 հազար Սեւանի սիգ։ Ռեստորանը բացվել է 2024թ. հոկտեմբերին՝ որպես անգլիական հայտնի Fish & Chips-ի հայկական տարբերակ։ Սկզբում նախատեսվում էր պահպանել դասական գաղափարը՝ տապակած ձուկ եւ մի քանի պարզ ուտեստ, սակայն շուտով մենյուն ընդլայնվեց։ Այսօր այն ներառում է ավելի քան 30 ուտեստ, որոնց շուրջ 90 տոկոսը պատրաստվում է հայկական սիգից։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Sig & Chips-ի շեֆ-խոհարար Վահան Զեթլյանը GastroVino-ին պատմել է հայկական խոհանոցում այժմ թերագնահատված սիգը մատուցելու իր մոտեցումների մասին։
Սիգը՝ որպես գաղափար եւ խորհրդանիշ
Սիգը թերագնահատված ձուկ է: Բացի այն, որ այն շատ օգտակար է օրգանիզմին, մեզ համար նաեւ այլ նշանակություն ունի. 90-ականներին, երբ սննդի խնդիր կար Հայաստանում, սիգը, կարելի է ասել, իրական փրկություն էր։ Հիմա, սակայն, հայկական խոհանոցում սիգը լայն տարածքում չունի, դրանից հիմնականում պարզ ուտեստներ են պատրաստում։ Sig & Chips ռեստորանը ստեղծվել է սիգը իր բոլոր երանգներով մատուցելու համար։
Վահան Զեթլյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ռեստորանի հիմնադիրների գաղափարն այն է, որ ձուկ վայելելու համար պարտադիր չէ հասնել Սեւան, կարելի է նույն փորձառությունն ունենալ հենց Երեւանում։ Թեեւ շատերը ինտերիերը կապում են հունական ոճի հետ, իրականում այն փորձ է փոխանցել Սեւանի տրամադրությունը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ոլորտում եմ արդեն 15 տարի, որից երկու տարին ապրել ու աշխատել եմ Իտալիայում։ Կուտակածս փորձը հնարավորություն է տալիս աշխատել ցանկացած ծովամթերքի հետ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այստեղ աշխատելու առաջարկը ստանալուց հետո մտածում էի, թե ինչ կարելի է անել միայն մեկ պրոդուկտով, բայց երբ ընկալեցի կոնցեպտը, կարողացա փորձս կիրառել մի նախագծում, որը Հայաստանում եզակի է։ Երբ միացա թիմին, կար հաստատված սկզբնական մենյու, ընթացքում սկսեցի նոր ուտեստներ առաջարկել։
Սիգը խոհանոցում
Մեր ամենամեծ սպառում ունեցող ուտեստը Sig & Chips-ն է՝ բրիտանական Fish & Chips-ի հայկական տարբերակը։ Սիգը նաեւ սպանախով ենք մատուցում, ձկան ֆիլեն ամբողջությամբ փշահան ենք անում, համեմում ցիտրուսի ցեդրայով, շոգեխաշում ու մատուցում էդամամե լոբով։ Սիգը նաեւ համադրել ենք ասիական տերյակի սոուսի հետ։ Ունենք եւ աղցան, եւ եփած՝ այդ սոուսի մեջ։ Սոուսը յուրահատկություն է տալիս, բայց նաեւ պահպանվում է ձկան համը։ Հետաքրքիր տարբերակ է նաեւ սիգը խաղողի թփով։ Ամբողջական ձուկը փաթաթվում է խաղողի թփով եւ եփվում խաղողի ճյուղերի վրա, ինչն ուտեստին հաղորդում է յուրահատուկ բույր։ Մենյուում նաեւ սիգի տոլմա ունենք։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նորություններից է նաեւ մեր «Հասմիկ» սենդվիչը, որը ստեղծել է ռեստորանի սու շեֆ Հասմիկ Անտոնյանը եւ հենց նրա անունով էլ կոչվել է։ Սենդվիչը պատրաստվում է խրթխրթան հացով, բանջարեղենով եւ սիգով։
Նոր սենդվիչի հեղինակ Հասմիկ Անտոնյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սիգը մատուցվում է նաեւ ապխտած՝ տաք եւ սառը տարբերակներով։ Առաջինի դեպքում ֆիլեն անցնում է ջերմային մշակում, երկրորդի դեպքում՝ ոչ։ Չէինք կարող անտեսել նաեւ սիգի ձկնկիթը, որը ապխտվում է հենց ձկան մեջ՝ Վահանի հեղինակային բաղադրատոմսով։
Թարմ սիգ՝ Սեւանից
Ամեն օր Սեւանից ստանում ենք թարմ սիգ, բացառությամբ այն ժամանակահատվածի, երբ լճում որսն արգելվում է սիգի ձվադրման սեզոնի պատճառով։ Նոյեմբերի 20-ից հունվարի 5-ը ձուկը սառեցնում ենք շոկային մեթոդով եւ պահեստավորում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սիգը փշոտ ձուկ է, սակայն այստեղ այն մատուցվում է ամբողջությամբ փշահանած, ինչն, իհարկե, մանրակրկիտ աշխատանք է պահանջում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Sig & Chips-ում ուտեստները միջինում մատուցվում են 15-20 րոպեում։ Ճաշացանկը ներառում է նախաճաշի, լանչի եւ ընթրիքի տարբերակներ։ Հատուկ սիգով նախաճաշերից են՝ կարտոֆիլի վաֆլին մարինացված սիգով եւ սիգի բենեդիկտը՝ այն ներկայանում է որպես սաղմոնով տարբերակի հայկական մեկնաբանություն։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: