×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Սկանդինավյան շեֆ եւ հայկական մթերք. առաջին տպավորությունները

Այսօրվանից Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի «Tsaghkunk Restaurant & Glkhatun» ռեստորանում սկսվում են գաստրոնոմիկ ներկայացումներ։ Մինչեւ հոկտեմբերի 10-ը մատուցվելու է 10 հատուկ ընթրիք, որոնց ուտեստները ստեղծվել են դանիացի աշխարհահռչակ շեֆ–խոհարար, նոր սկանդինավյան խոհանոցի հիմնադիրներից Մեդս Ռեֆսլունդի եւ «Tsaghkunk Restaurant & Glkhatun» ռեստորանի շեֆ–խոհարար Սուսաննա Ղուկասյանի թիմի կողմից։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Յուրաքանչյուր ուտեստին համապատասխան մատուցվելու է նաեւ առանձին գինի։ Գինիների ընտրությունը կատարել է Միշլենյան աստղ ունեցող ռեստորանների հյուրընկալության ու գինիների փորձագետ Վերոնիկա Ջոյ Ռոգովը։

Մինչ այդ Ծաղկունքում տեղի է ունեցել մեկ ընթրիք եւս, որին հրավիրված էին հայաստանյան ռեստորանային ու արվեստի ոլորտի ներկայացուցիչներ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ընթրիքից առաջ Վերոնիկա Ջոյ Ռոգովը ներկայացրել է մի քանի գինի, որոնք ընտրելիս, ինչպես ինքն է նշել, շեշտը դրել է փոքր արտադրությունների վրա՝ ֆերմերների, որոնք ինքնուրույն են աճեցնում գինու խաղողը, ոչ թե պարզապես մթերում են այն։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այնուհետեւ հյուրերին հրավիրել են ռեստորանի գլխատուն, որտեղ ներկայացվել է լավաշի թխման արարողությունը։ Այստեղ Մեդս Ռեֆսլունդը ներկայացրել է այն ուտեստները, որոնք մշակվել են հենց լավաշի հետ համտեսելու համար։ Մի քանի ուտեստից բաղկացած սեթում հանդիպում էին այնպիսի համադրություններ, ինչպես օրինակ խոզի յուղը՝ խոտաբույսերով, կամ պանիր՝ պնդուկի յուղով։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ընթրիքի մասնակիցները GastroVino-ի հետ կիսվել են տպավորություններով, խոսել նման միջոցառումների ազդեցության մասին:

Արսեն Հովհաննիսյան, Wine Repubic Yerevan–ի հիմնադիր  

Առաջին հերթին, կարծում եմ՝ սա կարեւոր փորձառություն է, ամբողջական «experience»: Խոսքը ոչ միայն ուտելիքի, այլեւ դրա մատուցման ձեւի մասին է՝ սկսած հյուրին ընդունելուց, ապերիտիվից, խմիչքների ընտրությունից, ամեն ուտելիքի մասին նախնական ինֆորմացիայի տրամադրումից, լեգենդից, թե նախկինում այս կամ այն մթերքն ինչի համար ու ինչպես են կիրառել:

Այս ամենից հետո միայն քեզ ուղեկցում են այդ ուտելիքները փորձելու, ու դու դրանց բոլորովին այլ կերպ ես մոտենում:

Արսեն Հովհաննիսյանը եւ Կարեն Մարգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Բացի այդ, ցանկանում եմ ընդգծել հատուկ ընտրված գինիների համադրությունը: Հայաստանում գինու ոլորտի մասին բավական  տեղեկացված եմ, բայց նույնիսկ այդ պարագայում ինձ համար բացահայտումներ կային: Այդ պրոֆեսիոնալ, մանրակրկիտ ընտրությունը թե՛ ուտելիքների, թե՛ նոր բաղադրիչների ու համերի, շատ հետաքրքիր ու նոր էր:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մյուս կարեւոր կետը ինքներս մեզ դրսի հայացքով նայելու հնարավորությունն է: Նման միջոցառումները նաեւ մի քիչ պրովոկացիոն ազդակ են տալիս, այն առումով, որ ինչո՞ւ ուրիշը պետք է գա ու կիրառի մեր մթերքները նոր մոտեցմամբ: Օրինակ՝ չիչխանի տերեւները, կամ ընկույզի ծառի տերեւները կիրառի ուտեստի մատուցման մեջ: Նույն չիչխանից ստանալ ոչ թե ավանդական հյութ, այլ՝ պաղպաղակ: Սա ստիպում է մտածել՝ իսկ ինչո՞ւ աշխատել միայն ավանդական, մեր ամենօրյա բաղադրիչներով, ինչո՞ւ ավելի լայն չնայել:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սա հնարավորություն է տալիս մեր ռեստորանային ոլորտի մասնագետներին իրենք իրենց մի քիչ «թափ տալ» ու թարմ շնչով, նոր հայացքով սկսել նայել ամեն օր մեր ձեռքի տակ եղած մթերքին:

Որքանով տեղյակ եմ՝ միջոցառման շրջանակներում աշխատանք է տարվում նաեւ տեղացի շեֆ-խոհարարների հետ, սա փորձի փոխանակման լավ հնարավորություն է, որից հետո, կարծում եմ, իրենք էլ կսկսեն ակտիվացնել «out of box» մտածողությունը:

Անի Հարությունյան, Arm Food Lab-ի հիմնադիր

Նոր սկանդինավյան խոհանոցի մասին գիտեմ 2016 թվականից ու այդ պահից բավականին խորն ուսումնասիրել եմ։ Arm Food Lab-ը հիմնել եմ 2019թ․–ին ու դրանում, կարելի է ասել, նյութականացել է հենց նոր սկանդինավյան խոհանոցից ստացած ոգեշնչումը։ Շատ նմանություններ գտա հայկական ու սկանդինավյան խոհանոցների միջեւ՝ պարզությունը, մթերքների հանդեպ հարգանքը։ Այս տեսանկյունից մտածեցի, որ հայկական ժամանակակից խոհանոցը շատ ճիշտ կլինի վիզուալիզացնել նոր սկանդինավյան խոհանոցի մոտեցումներով։ Այս խոհանոցի հիմնադիրներն, ըստ իս, ոչ միայն համաշխարհային գաստրոնոմիկ հեղափոխություն են արել, այլեւ փոխել են մարդկանց մտածելակերպն ուտելիքի վերաբերյալ, փոխել են սպառման գիտակցման աստիճանն ու բոլորովին նոր, բայց միաժամանակ նաեւ հին մոտեցում են ցուցաբերել։

Անի Հարությունյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այն մասին, որ Մեդս Ռեֆսլունդը գալու է Հայաստան, իմացել եմ այցից երեւի մեկ շաբաթ առաջ, ինձ համար դա շատ ոգեւորիչ էր։ Մեր հանդիպումն այստեղ հանկարծակի ստացվեց։ Մեդսն ու իր թիմը փնտրում էին վայրի մթերքներ ու հավաքչության համար հարմար տեղանքներ, այդպես կապվեցին ինձ հետ, ծանոթացանք ու որոշեցինք միասին Դիլիջանում հավաքչության գնալ։ Մի ամբողջ օր անցկացրեցինք Դիլիջանի անտառներում, տարբեր մթերքներ հավաքեցինք, փորձեցինք, որոնցից շատերն իրենց համար նորություն էին, օրինակ՝ մամուխը, սեւ սիզը, կարմիր սիզը, ինչ–որ խոտաբույսեր. այդ ամենով իրենք շատ հիացած էին։ Այն հարգանքը, նրբանկատությունը, որ ցուցաբերում էին անտառում մթերքների հանդեպ... «կարո՞ղ ենք սա քաղել», «իսկ արդյոք սրա պոպուլյացիան վնասված չէ՞, կարո՞ղ ենք այն օգտագործել». շատ տպավորիչ էր։

Մեդս Ռեֆսլունդը հյուրընկյալվել է Arm Food Lab-ում Լուսանկարը՝ Arm Food Lab


Կարծում եմ՝ նման այցելությունները կարող են մի շարք դրական ազդեցություններ ունենալ: Առաջինը՝ կարող է աշխատել անձի հեղինակությունը։ Մի քիչ ցավալի է, բայց այդպես է։ Մենք արտահայտություն ունենք՝ «տեղի ուտելի», այսինքն՝ միայն տեղական մթերք, եւ «վայրի ուտելի»՝ միայն վայրի, հայկական բնաշխարհից գիտակցված հավաքչության արդյունքում ստացված մթերք: Կարեւոր է, որ նման հեղինակությամբ անձ գա ու մեզ ասի՝ «տեղի ուտելին» ու «վայրի ուտելին» շատ լավն է, համեղ է։ Ասի՝ «ժողովո՛ւրդ, ձեր ուրցը շատ լավն է, վայրի սալորը շատ համեղ է» ու պարտադիր չէ, որ լինի ավոկադո, սեւ խավիար կամ պրեմիում դասի այլ մթերք, որպեսզի կարողանանք ստանալ պրեմիում կլասի ճաշատեսակ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Երկրորդ՝ կարծում եմ, որ շատ մարդիկ այս ընթացքում Մեդս Ռեֆսլունդի հետ առնչվելով, այսօր փորձելով իր սեթը, տեսնում են այդ մարդու մոտեցումը մթերքին ու պատրաստելուն ընդհանրապես, այդ գեղագիտությունը, պարզությունը։ Մեծ հույս ունեմ, որ այս ամենից հետո շատ երիտասարդ խոհարարներ սկսելու են վերարժեւորել իրենց մոտեցումներն ընդհանրապես ուտելիքին ու հատկապես հայկական խոհանոցին։

Եվ երրորդը՝ կարող է ծիծաղելի հնչել, բայց դանիացի այս հիանալի շեֆը, գուցե, կարողանա Հայաստանում թրենդային դարձնել հայկական խոհանոցը։

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին