Նորաբաց Caramel-ը Սարյան փողոցի նոր սրճարաններից է։ Անվանումը հուշում է, որ «այցեքարտային» դեսերտները հենց կարամելով են լինելու, բայց շեմը դեռ չանցած՝ առաջինը գունավոր ռավիոլիներն ու պելմեններն են ուշադրությունս գրավում։
Մտքումս ծագած հարցի պատասխանը՝ ինչո՞ւ Caramel, գտնում եմ մենյուում։ Պարզվում է՝ այստեղ ոչ միայն դեսերտներն են կարամելով, այլ նաեւ՝ ուտեստները։ Մենյուում մի քանի անվանում է առանձնանում Caramel բառի շեշտադրմամբ՝ տրյուֆելով ձվածեղ, կաթնաշոռով գնդիկներ, բուրատա բալզամիկով, ռավիոլի։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Caramel-ը Impasta ընկերության նոր խանութ-սրճարանն է, որտեղ ներկայացված է ընկերության ամբողջ արտադրանքը։ Impasta-ն գործում է 2020 թվականից, զբաղվում է կիսաֆաբրիկատների ու քաղցրավենիքի արտադրությամբ։ Մինչ այժմ այն հիմնականում աշխատել է օնլայն վաճառքի եւ սուպերմարկետների միջոցով, իսկ խանութ-սրճարանի բացումը դարձել է արտադրանքը ներկայացնելու նոր ձեւաչափ։
Խանութ-սրճարանի մասին GastroVino-ին պատմել է տնօրեն Աշխեն Ամիրջանյանը։
Մեկ հասցե՝ Impasta-ի ամբողջ տեսականու համար
Caramel-ում ներկայացված են Impasta-ի արտադրամասում պատրաստվող հիմնական ապրանքները՝ ռավիոլիներ, պելմեններ, վարենիկներ, որոնց մի մասը հեղինակային խառնուրդով է։ Տարածքը միաժամանակ սրճարան է եւ խանութ։ Մեր նպատակն է հաճախորդներին ավելի հասանելի դարձնել բնական, թարմ եւ որակյալ արտադրանքը:
Աշխեն Ամիրջանյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Կարամելը կարեւոր բաղադրիչ է մեր ճաշացանկում, դեսերտների հետաքրքիր տարբերակներ ունենք, նախաճաշեր, պելմեններ, ռավիոլիներ, որոնք մատուցում ենք կարամելային աղի կամ քաղցր սոուսներով։
Ռավիոլիներ եւ պելմեններ՝ կարամելային սոուսներով
Պելմենների ու ռավիոլիների միջուկները տարբեր են, ամենակարեւորը՝ բնական հումքով, այդ թվում՝ գունավորումները։ Չորս պանրով, իշխանի ֆիլեով տարբերակներ ունենք, լոլիկի չիր, ռիկոտայով, սպանախ-ռիկոտա տարբերակով։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սրճարանում՝ մեր շեֆ-խոհարարի մատուցմամբ, հնարավոր է համտեսել 16 տեսակից 8-ը։ Մյուս տեսակներն էլ կարող են գնել ու տանը պատրաստել։ Թեեւ շեֆ-խոհարարն իր փոքրիկ գաղտնիքներն ունի, որոնցով չի կիսվում, բայց խորհուրդներ է տալիս եւ օգնում, որ նույն համերը ստանան տանը։
Դեսերտներ, կրուասաններ եւ խաչապուրիներ
Դեսերտների շարքը ներառում է դասական տարբերակներ՝ էսկիմո, մեղրային, թռչնի կաթ, տարտեր, նապոլեոն, ինչպես նաեւ բազմազան այլ առաջարկներ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սրահի խորքում ցուցադրվում են կրուասաններն ու խաչապուրիները՝ սկսած դասականից մինչեւ տրյուֆելով եւ պանրով տարբերակներ։ Կրուասաններն ու խաչապուրիները թխվում են հենց սրճարանում։ Խաչապուրիները կարելի է գնել ինչպես պատրաստի, այնպես էլ կիսաֆաբրիկատ տարբերակով։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սրճարանի առանձնահատկություններից է առավոտյան 07:30-ից բաց լինելը։ Նախաճաշի մենյուն գործում է ողջ օրվա ընթացքում։ Ունենք նաեւ բար, խմիչքներ, սուրճեր, կոկտեյլներ, թեյեր՝ հեղինակային ու ստանդարտ տարբերակներով։ Մեր անվանը համահունչ՝ մատուցում ենք կարամելային սուրճ, որը հաճախորդների սիրելիներից է։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ճաշացանկում նաեւ աղցաններ, կրեմ-ապուրներ կան՝ լոլիկով, կանաչ ոլոռով։ Սրճարանում մատուցվող պաստաներն էլ մեր արտադրածն են։ Դեռ նոր ենք բացվել եւ մենյուի բոլոր բաժիններում այցելուներին նորություններ են սպասվում։
Հարմարավետ միջավայր եւ ընտանեկան կոնցեպտ
Caramel-ը պարզ, հաճելի ինտերիերով միջավայր է, որը ներկայացնում է Impasta-ի հայեցակարգը՝ տնական, պարզ ու որակյալ համեր։ Ցանկանում ենք, որ հյուրերը մեր մասին իմանան մայր ընկերության՝ Impasta-ի միջոցով։ Ու քանի որ Impasta-ի արտադրանքն իր որակով ու համերով ասոցացվում է տնական որակյալ ուտեստների հետ՝ Caramel-ն էլ ստեղծվել է որպես ընտանեկան վայր։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Գարնանը սրճարանը նաեւ բացօթյա հատված կունենա։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ցանկանում ենք, որ Caramel by Impastan-ը դառնա այն վայրը, որտեղ մարդիկ վերադառնում են ոչ միայն համերի, այլեւ՝ միջավայրի եւ ջերմ վերաբերմունքի համար։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: