Նոյեմբերի 18-ից 22-ն աշխարհում նշվեց Իտալական խոհանոցի շաբաթը։
Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության Երեմյան Ակադեմիայում արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվեց իտալացի խոհարարների եւ ուսանողների փորձի փոխանակման ծրագիրը։ Այս տարի այն իրականացվեց «Աշխարհում իտալական խոհանոցի շաբաթ» նախաձեռնության 10-րդ թողարկման շրջանակներում։ Տարիներ շարունակվող այս ամուր համագործակցությունը ամրապնդում է երկու երկրների միջեւ խոհարարական դիվանագիտության կամուրջն ու հանդիսանում մշակութային երկխոսության արդեն կայացած հարթակ։
Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
Այս տարի «Աշխարհում իտալական խոհանոցի շաբաթ» նախաձեռնության թեմատիկ ուղղվածությունը տոսկանական հարուստ եւ հետաքրքիր խոհանոցն էր. Երեմյան Ակադեմիայում հյուրընկալվել էին Ֆլորենցիայի խոհարարական արվեստի դպրոցի պրոֆեսոր շեֆ խոհարարներն ու ուսանողները։
Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆեռանտին, Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը եւ Երեմյան Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանը։
«Հին հռոմեացիներն ասում էին՝ մենք այն ենք, ինչ ուտում ենք։ Համեղ սնունդը հաղորդում է եռանդ եւ ուրախություն։ Իտալական խոհանոցն ունի հին իմաստնություն, պարզ է իր էությամբ եւ մեծ համբավ է ձեռք բերել արհեստավարժ խոհարարների շնորհիվ։ Իտալիան եւ Հայաստանն ունեն յուրահատուկ խոհանոց։
Ալեսսանդրո Ֆեռանտին | Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
Մեզ դուր է գալիս հայկական խոհանոցը եւ շատ կարեւոր է, որ այն գնահատվի հավուր պատշաճի։ Շատ կարեւոր է նաեւ ունենալ միասնական հարթակ, որտեղ հայերն ու իտալացիները կկիսվեն գիտելիքներով եւ փորձով։ Հաճելի է տեսնել ՍաՖիի դպրոցի ներկայացուցիչներին Երեմյան ակադեմիայում, ովքեր մարմնավորում են հատկապես տոսկանական խոհանոցի լավագույն ավանդույթները»,- ասել է Ալեսսանդրո Ֆեռանտին:
Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
Նա նշել է, որ իտալական խոհանոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում ներառելու հայտ է ներկայացված, ինչը եւս մեկ անգամ փաստում է իտալական խոհանոցի համամարդկային արժեք լինելը.
«Մենք բոլորս յուրովի մեր ազգային խոհանոցների դերակատարներն ենք։ Խոհանոցը հրաշալի փոխակերպում է եւ իրենից ներկայացնում է ավանդույթների գեղեցիկ հայելի։ Քանի որ մենք հին մշակույթ կրող ազգեր ենք, հետեւաբար խոհանոցը եւս համարվում է մշակութային ժառանգություն»։
Դավիթ Երեմյանը | Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը բարձր է գնահատել Երեմյան Ակադեմիայի եւ Հայաստանում Իտալիայի դեսպանության համագործակցությունը։
«Մենք, արդեն 20 տարի ներկայացնելով հայկական ազգային խոհանոցն աշխարհին, գիտակցում ենք ազգային խոհանոցի արժեքն ու մշակութային նշանակությունը։ Ահա այս ճանապարհին է նաեւ, որ հիմնվելով մեր փորձի եւ լավագույն մասնագետների վրա՝ ստեղծել ենք ազգային խոհանոցներ ներկայացնող տարբեր ռեստորաններ` իտալական, ճապոնական եւ այլն,որոնք լավագույնս ներկայացնում են այդ երկրների խոհարարական արվեստի գոհարները Հայաստանում։
Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
Ուրախ եմ, որ այս նախաձեռնության շրջանակներում հյուրընկալելու ենք ձեզ նաեւ մեր տանը` Կազա Նոստրա ռեստորանում, հայ եւ իտալացի խոհարարների 4 ձեռք ձեւաչափով բացառիկ ընթրիքի ընթացքում։ Այն եւս մեկ անգամ կամրագրի հայ եւ իտալացի ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու ազգային նմանությունները` ջերմություն, հյուրընկալություն, սրտացավություն»,- նշել է Դավիթ Երեմյանը։
Աիդա Տիգրանյանը | Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
Երեմյան Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանը կարեւորել է խոհարարական դիվանագիտության նշանակությունն ու Երեմյան Ակադեմիայի հանձնառությունը՝ զարգացնել Հայաստանի եւ այլ երկրների միջեւ այս ոլորտում մշակութային կապերը։
«Փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ միջոցառումները ոչ միայն ստեղծում են համերի եւ ավանդույթների յուրահատուկ կամուրջներ, նպաստում փորձի փոխանակմանն ու միջազգային կապերի ստեղծմանը, այլեւ դառնում են նոր եւ շարունակական համագործակցությունների հարթակ։
Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
2023 թվականին «Աշխարհում իտալական խոհանոցի շաբաթ» նախաձեռնության շրջանակներում հյուրընկալեցինք Իտալիայի Վիտտորիո Վենետոյի անվան «Ալֆրեդո Բելտրամե» հյուրանոցային եւ ռեստորանային սպասարկման պետական մասնագիտական ինստիտուտի ներկայացուցիչներին, նրանց մասնակցությամբ ունեցանք վարպետաց դասեր։ Համագործակցությունը շարունակվեց, այժմ մենք ունենք կնքված հուշագիր, եւ մյուս տարի մեր Ակադեմիայի շեֆ խոհարարները լինելու են Իտալիայում, անցկացնելու են վարպետաց դասեր հայկական խոհանոցի վերաբերյալ։ Հետագայում նախատեսվում են փոխայցեր նաեւ երկու կրթական հաստատությունների ուսանողների մասնակցությամբ»,- ընդգծել է Աիդա Տիգրանյանը։
Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
Ինչպես նախորդ թողարկումների ժամանակ, այս անգամ եւս իտալացի ուսանողներն իրենց ուժերը փորձել են հայկական ավանդական ուտեստների պատրաստման գործում՝ Երեմյան Ակադեմիայի խոհարարների օգնությամբ, իսկ Ակադեմիայի ուսանողները իտալացի շեֆ խոհարարների աջակցությամբ պատրաստել են տոսկանական խոհանոցին հատուկ ուտեստներ։
Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
Հայկական խոհանոցն իտալացի շեֆ խոհարարներին եւ ուսանողներին ներկայացվել է իր զարդերով՝ հայկական տոլմայով, իշխան ձկով եւ գաթայով։ Իտալացի շեֆ խոհարարներն առանձնակի տպավորված էին տոլմայի պատրաստման եղանակով եւ հարուստ համով։
Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
Օրվա ավարտին մասնակից հայ եւ իտալացի ուսանողները ստացան մասնակցության հավաստագրեր։


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: