×

Վերոնիկա Ջոյ Ռոգովը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Վերոնիկա Ջոյ Ռոգով. Մի՛ մոռացեք, թե ով եք, մի՛ փորձեք նմանվել ինչ-որ մեկին

Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի «Tsaghkunk Restaurant & Glkhatun» ռեստորանում սեպտեմբերի 30-ից գաստրոնոմիկ ներկայացումներ են սպասվում: Աշխարհահռչակ դանիացի շեֆ-խոհարար Մեդս Ռեֆսլունդը նախապատրաստում է հատուկ ընթրիքներ, որոնց ընթացքում մատուցվելու է 15 ուտեստ՝ յուրաքանչյուրն իրեն համապատասխան գինով:

Մեդս Ռեֆսլունդի հետ Հայաստան է ժամանել աշխարհի լավագույն, Միշլենյան աստղ ունեցող ռեստորանների հյուրընկալության ու գինիների փորձագետ Վերոնիկա Ջոյ Ռոգովը: Հենց նա է այս օրերին փնտրում, բացահայտում հայկական այն գինիները, որոնք մատուցվելու են ընթրիքների ժամանակ, եւ նախապատրաստում է ռեստորանի անձնակազմը՝ բարձրակարգ սպասարկում ապահովելու համար:  

«Tsaghkunk Restaurant & Glkhatun» ռեստորանում հանդիպեցինք Վերոնիկային, ով ողջունեց մեզ լայն ժպիտով ու կիսվեց այս օրերին իր ապրած զգացումներով:

Փորձում եմ գտնել փոքրիկ, անկախ գինու արտադրություններ

Այստեղ լինելը մի յուրահատուկ ճամփորդություն է ինձ համար: Հնարավորություններիս սահմաններում անում եմ ամեն ինչ՝ գտնելու ու ցույց տալու Հայաստանի բացարձակ անբիծ գեղեցկությունը: Զգում եմ՝ այս երկիրը ձգտում է զարգանալ, ձգտում է մասնակցել այն ամենին, ինչ կատարվում է աշխարհում: Բայց ցանկանում եմ հիշեցնել Հայաստանի ժողովրդին, որ այստեղ արդեն իսկ այնքան մաքրություն, պարզություն ու գեղեցկություն կա: Գինիների առումով, որոնում եմ հայկական պատմական գինիներ՝ ցանկանալով ցույց տալ այն ամբողջ գեղեցկությունը, որի մասին շատերը, գուցե, նույնիսկ չգիտեն: Մարդիկ այսօր այնքան են տարվել խոշոր ընկերություններով, գինու մեծ արտադրություններով, որ փորձում եմ գտնել փոքրիկ, անկախ ֆերմերների, անկախ գինեգործների ու ներկայացնել նրանց գեղեցիկ գաղտնիքները:

Փնտրում եմ հայկական գինու ամենամաքուր դրսեւորումները, ցանկանում եմ ընդգծել տեղական սորտերը, ընդգծել հին գինիները, որոնց պատմությունը հաճախ հարյուր տարին է անցնում: Փնտրում եմ գինիներ, որոնք հոգի ունեն ու արդեն գտել եմ այդպիսիններ:

Վերոնիկա Ջոյ Ռոգովը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Պատմությունն է, որ մեզ հայկական հող է բերել, եւ դա հենց այն է, ինչ ուզում եմ ցուցադրել նաեւ մյուսներին: Հետաքրքիր է նաեւ այստեղ եղած օրգանական, բիոդինամիկ գյուղատնտեսությունը: Սա դեռ նոր մոտեցում է Հայաստանի համար, բայց այստեղ արդեն կան գինեգործներ, որոնք այս ճանապարհով են գինի ստեղծում: Ցանկանում եմ ցույց տալ մարդկանց, որ սա արվում է Հայաստանում՝ այսպիսով խրախուսելով ու աջակցելով, որ ավելի շատ արվի:
Արտասովոր ուխտագնացություն ու շատ հոգեւոր ճամփորդություն է ինձ համար: Ինձ արտոնյալ եմ զգում, որ պատիվ ունեմ լինել այստեղ ու ուսումնասիրություններ կատարել:

Եղեք այնպիսին, ինչպիսին կաք. դա արդեն իսկ բավարար է

Եթե խոսեմ հյուրընկալության մասին, կարծում եմ՝ հայերը բնականից արդեն իսկ շատ հյուրընկալ մարդիկ են: Նրանց մեջ եղած ջերմությունն ու առատաձեռնությունը բնությունից են տրված: Հույս ունեմ, որ այս երկրում ու նաեւ երկրից դուրս մեծ զարգացում կտեսնեմ: Պետք է ավելի շատ հայեր լինեն, որոնք ռեստորաններ կբացեն ամբողջ աշխարհում, անկեղծորեն հավատում եմ սրան: Այստեղ շատ հոգեհարազատ մթնոլորտ է, մարդիկ ցանկանում են ամեն կերպ օգտակար լինել քեզ, ցանկանում են ինչ-որ բան տալ, կիսվել հետդ ու դա այնքան բնական է: Ինձ համար սա ամենակարեւոր հատկանիշներից մեկն է, որը չես կարող սովորեցնել. մարդը կա՛մ ունի այդ զգացումը սրտում, կա՛մ՝ ոչ: Զգում եմ, որ այստեղ մարդիկ, գուցե, ցանկանում են ինչ-որ ճանապարհով գնալ, որովհետեւ, օրինակ, ֆրանսիացիներն այդպես են անում, կամ ցանկանում են իրենց մի քիչ ավելի «միջազգային» զգալ, բայց կարծում եմ՝ պետք է պարզապես լինեն այնպիսին, ինչպիսին կան. դա արդեն իսկ բավարար է:

Վերոնիկա Ջոյ Ռոգովը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Երբեմն բոլորս կարիք ունենք, որ մեզ հիշեցնեն այն գեղեցկության մասին, որն ունեք մեր ներսում: Ես այստեղ եմ մարդկանց ասելու՝ դուք արդեն հրաշալի եք: Այնպես որ, պարզապես ձեզ մի քիչ ավելի հանգիստ, թուլացած ու հարմարավետ զգացեք, ու եղեք այնպիսին, ինչպիսին եք:

Լավ ուտելիքն ու լավ սպասարկումը հավասարապես կարեւոր են, բայց…

Միանշանակ համաձայն եմ, որ լավ ուտելիքն ու լավ սպասարկումը հավասարապես կարեւոր են, բայց միաժամանակ բավականին արտասովոր փորձառություն ունեմ կապված ռեստորանների հետ, որտեղ սպասարկումն անհավանական լավն է, իսկ ուտելիքը՝ ոչ այնքան: Կարծում եմ՝ պետք չէ թերագնահատել հարաբերությունների ուժը, մարդկային կապվածությունները, որոնց շնորհիվ մարդը զգում է, որ ցանկալի, սպասված հյուր է որեւէ տեղ, որ իր մասին այդ տեղում հոգ են տանում: Կարծում եմ՝ մենք երբեք չպետք է առաջ քաշենք միտքը, որ ուտելիքն ավելի կարեւոր է, քան այդ ամենում ներգրավված մարդիկ:

Վերոնիկա Ջոյ Ռոգովը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այո՛, երբեմն ես վերադառնում եմ ռեստորաններ, որտեղ ուտելիքը կատարյալ չէ: Ինձ դուր է գալիս գնալ այնտեղ, որովհետեւ ստեղծվել են որոշակի հարաբերություններ, գուցե, մարդիկ ինձ հետ իրենց ընտանեկան պատմություններով են կիսվել կամ ամեն անգամ փորձում են ինձ ինչ-որ նոր, հատուկ բան հյուրասիրել: Ինձ համար ուտելիքն ու գինին այն մեդիումն է, այն կապուղին, որը միավորում է մարդկանց: Միշտ ասում եմ՝ ես մարդկանց, հարաբերությունների բիզնեսում եմ աշխատում, կապ չունի՝ աշխարհի որ ծայրում եմ, ու ովքեր են այդ մարդիկ՝ անծանոթներ, թե քսան տարվա ընկերներս: Ջերմ ժպիտն ու բարի աչքերը համընդհանուր լեզու է, որը բոլորն են հասկանում:

Ձեր արմատներն ու ժառանգությունն այս երկիրը հիասքանչ են դարձնում

Հայաստանում ես շատ խոստումնալից ապագա եմ տեսնում: Իմ խորհուրդն է հայկական ռեստորանային մշակույթին ու այս գեղեցիկ երկրին՝ մի՛ մոռացեք, թե ով եք, մի՛ մտածեք, որ պետք է նման լինեք ինչ-որ մեկին, դուք կարիք չունեք որեւէ այլ երկրի նման լինելու: Պարզապես ներկայացրեք այն ամենն, ինչ արդեն կա այստեղ ու խրախուսեք բոլոր այն հրաշալի բաները, որոնք այս երկիրն արդեն իսկ ստեղծում է:

Յանա Շախարամյանը զրուցում է Վերոնիկա Ջոյ Ռոգովի հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նկատում եմ, որ բոլորն այնքան են շտապում ինչ-որ բանի մաս դառնալ ու նաեւ հասկանում եմ դա: Երբեք չեմ կարող պատկերացնել, թե ինչի մեջով է անցել այս երկին ու հասկանում եմ, որ ցանկանում եք անցյալից հեռանալ, առաջ շարժվել, բայց մի՛ մոռացեք՝ ովքեր եք, մի՛ մոռացեք ձեր ժառանգությունն ու արմատները, որոնք այս երկիրը հիասքանչ են դարձնում: Սա իսկապես շատ առանձնահատուկ վայր է:

Աշխարհահռչակ շեֆ-խոհարար, NOMA (Դանիա) ռեստորանի համահիմնադիր եւ նախկին շեֆ Մեդս Ռեֆսլունդը Tsaghkunk Restaurant & Glkhatun-ում գաստրոնոմիկ ներկայացումներ է տալու սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը եւ հոկտեմբերի 5-ից 10-ը:
                                                                                                     
15 ճաշատեսակից բաղկացած ընթրիքի արժեքը 50 000 դրամ է, գինու հավաքածուի արժեքը՝  30 000 դրամ: Սեղանների ամրագրման համար զանգահարեք +374 41 401 890:
 
Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին