Նոյեմբերի 22-ին Կազա Նոստրա իտալական ռեստորանում ամփոփվեց Հայաստանում իտալական խոհանոցի շաբաթը։
Ընթրիքն իրականություն դարձավ Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանության եւ Երեմյան ընկերությունների խմբի համագործակցությամբ՝ խոհարարական վարպետության խորհրդանիշ «Չորս ձեռք» հատուկ ձեւաչափով:
Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
Ընթրիքի ընթացքում Երեմյան ընկերությունների խմբի եվրոպական ռեստորանների խոհանոցների ղեկավար, շեֆ խոհարար Վաչագան Ջանոյանը եւ իտալացի հայտնի խոհարար, Ֆլորենցիայի խոհարարական արվեստի դպրոցի շեֆ խոհարար, պրոֆեսոր Ֆրանչեսկո Կոնիլիոն հյուրերին ներկայացրեցին տոսկանական խոհանոցից ոգեշնչված հատուկ սեթ մենյու։
Վաչագան Ջանոյանը եւ Ֆրանչեսկո Կոնիլիոն | Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
Իտալական խոհանոցի օրերն անփոփոխ ընթրիքին մասնակցեցին Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների մի շարք ղեկավարներ։
Ընթրիքին մասնակցություն ունեցան ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գեւորգյանը, Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, հրավիրյալ հյուրեր։
Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, ողջունելով հյուրերին, նշեց, որ իտալական խոհանոցը համամարդկային արժեք է, որը միավորում է մարդկանց, նրանց հետաքրքրությունները, նվիրում ուրախ եւ երջանիկ հիշողություններ, կամրջում սրտերը։
Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
Ընթրիքին մատուցվեցին Արեցցո կրոստինի պոլենտայով, ֆլան պեկորինո դի Պիենցա բրոկոլիով, Պապարդելլե լցոնած բադի մսով, կարագի եւ շալֆեյի սոուսով, տոսկանական ոճով խոզի միս կարտոֆիլով, ավանդական տիրամիսու։
Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
Ֆլորենցիայի խոհարարական արվեստի դպրոցի շեֆ խոհարար, պրոֆեսոր Ֆրանչեսկո Կոնիլիոն, շնորհակալություն հայտնելով հյուրերին բարձր գնահատանքի համար, նշեց, որ իր համար սա յուրահատուկ եւ հիշարժան օր էր։
Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
«Իմ սրտում դաջված կմնա Հայաստանն իր հյուրընկալությամբ։ Այստեղ ես տեսա բաց սրտեր եւ մեծ ջերմություն, այստեղ ես ինձ զգացի, ինչպես իմ տանը։ Հատկապես տպավորված եմ Կազա Նոստրայի շեֆ խոհարարի եւ խոհարարների պրոֆեսիոնալիզմով եւ գործընկերային վերաբերմունքով։ Նրանց հետ արդեն հարազատացել ենք եւ այսօրվա յուրաքանչյուր ուտեստի մեջ ներդրել իտալական ու հայկական անկեղծ սերը»,- նշեց Ֆրանչեսկո Կոնիլիոն։
Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
Երեմյան ընկերությունների խմբի եվրոպական ռեստորանների խոհանոցների ղեկավար, շեֆ խոհարար Վաչագան Ջանոյանը կարեւորեց երկրների երկխոսությունը խոհարարական արվեստի եւ վարպետության լեզվով։
Վաչագան Ջանոյանը եւ Ֆրանչեսկո Կոնիլիոն | Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ
«Մեծագույն հաճույք էր շեֆ Կոնիլիոյի հետ աշխատելը։ Սա մեզ համար պարզապես ընթրիքի մատուցում չէր․ մենք եւս մեկ անգամ հասկացանք, որ խոհանոցը կարող է փոխանցել մշակույթ, ավանդույթներ եւ էմոցիա, համախմբել մադկանց»,- նշեց Վաչագան Ջանոյանը։
Հայաստանում իտալական խոհանոցի շաբաթն ընթացավ մի շարք խոհարարական եւ մշակութային միջոցառումներով, վարպետաց դասերով եւ ծանոթության հանդիպումներով՝ եւս մեկ անգամ վերահաստատելով խոհարարական դիվանագիտության նշանակությունը երկրների եւ ազգերի բարեկամության գործում։


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: