×

Ռուբեն Լոկկը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ռուբեն Լոկկի Շորոր գինիները եւ Արարատ բարձրանալու մրցույթը

Ռուբեն Լոկկը իր «Շորոր» գինիներով նպատակ ունի Արենի խաղողի տեսակն աշխարհում նույնքան ճանաչելի դարձնել, որքան Կաբերնե Սովինյոնը եւ Մեռլոն են: «Արենին խաղողի իմ սիրելի սորտն է: Հուսով եմ, որ այն մի օր աշխարհում գինու սիրահարների ականջին սովոր եւ շատ սիրված անուն կդառնա»,- ասում է Ռուբենը:

GastroVino-ի հետ զրույցում Ռուբեն Լոկկը պատմել է նաեւ դատախազի աշխատանքն ընդմիշտ թողնելու, գինու աշխարհ գալու եւ լեռնագնաց-գինեսերների համար պատրաստած անակնկալի մասին:

Իրավաբանությունից գինեգործություն

Ռուբեն Լոկկի առաջին առնչությունը գինեգործության հետ եղել է 1995-1996 թվականներին՝ ուսանողական տարիներին:

«Մոսկվայում իրավաբանություն սովորելու ժամանակ աշխատանքի անցա գինու առեւտրով զբաղվող ընկերությունում։ Ճիշտ վաճառք իրականացնելու համար պետք է գինիներ համտեսեի, ճանաչեի, որ կարողանայի հաճախորդին էլ իր նախընտրությունից ելնելով համապատասխան գինի առաջարկեի: Գրասենյակում, որտեղ աշխատում էի, գինիների մասին բավականին շատ գրականություն կար, կարդում էի, յուրաքանչյուր վաճառվող գինու արտադրողի փիլիսոփայությանն էի ծանոթանում։ Դա ինձ ավելի շատ էր ձգում։ Այդպես էլ սեր առաջացավ գինու, գինեգործության պատմության նկատմամբ»,- պատմում է Ռուբենը։

Ռուբեն Լոկկը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ինստիտուտն ավարտելուց հետո մասնագիտական աշխատանքի է անցնում եւ գինու հետ կապն ընդհատվում է. «Քննիչ էի աշխատում, հետո դատախազ, գինու հետ առնչությունս առիթից առիթ էր։ Այդպես՝ մինչեւ 2012 թվականը, երբ տեղափոխվեցի Երեւան: Հենց այդ տարի դեկտեմբերին էլ Սարյանի վրա In Vino գինու ակումբը բացվեց եւ այդտեղից էլ ամեն ինչ նորից սկսվեց։ Դա այն ժամանակաշրջանն էր, երբ հայկական գինեգործության վերածնունդն էր սկսում: Որպես գինեսեր սկսեցի ակտիվ մասնակցել In Vino-ում կազմակերպվող համտեսներին։ Միշտ ասում եմ՝ գինու ոլորտում իմ առաջին «Ալմա մատերն» «Ին Վինոն է»»:

Ռուբեն Լոկկը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Համտեսներից մեկի ժամանակ էլ իմացա EVN գինու ակադեմիայի մասին, ինչ էլ համընկավ աշխատանքս փոխելու շրջանի հետ: Ուզում էի այպիսի գործով զբաղվել, որը ե՛ւ իմ հետաքրքրությունների մեջ կմտներ, ե՛ւ հաճելի կլիներ: Այս երկուսը ավելի շատ գինեգործության մեջ էի տեսնում: Այդպես էլ վերադարձա գինու աշխարհ, ընդունվեցի ակադեմիա՝ գինեգործությունը ներսից ճանաչելու համար, որտեղ էլ ծանոթացա մեր լավագույն գինեգործների հետ, որոնք չնայած երիտասարդ տարիքին, բավականին մեծ փորձ ունեն»։

Շորոր գինին

Գինու արտադրության առաջին փորձը Ռուբեն Լոկկը սկսել է ակադեմիայում սովորելու ժամանակ՝ հստակ որոշումով, որ այն պետք է լինի Արենի տեսակի խաղողից: Նրա խոսքով՝ Արենիի հետ աշխատող յուրաքանչյուր գինի արտադրող, գինեգործ իր ներդրումն է ունենում դրա միջազգայնացման գործում:

Ռուբեն Լոկկը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Գինու ակադեմիայի կուրսն իր մեջ ներառում է խաղողագործությունից, գինեգործությունից մինչեւ բրենդի ստեղծում եւ վաճառք։ Դասընթացների ժամանակ հասկացա, որ ինձ մոտ շատ ավելի լավ է ստացվում գաղափար ստեղծելը: Այդ դեպքում գաղափարն այն էր, որ ես ուզում էի Արենի սորտի հետ աշխատել եւ այն աշխարհում շատ ավելի ճանաչելի դարձնել: Իսկ գինին արտադրելու համար որոշեցի համագործակցել ակադեմիայի դասախոս, գինեգործ Արտակ Գաբրիելյանի հետ: Ուզում էինք պահպանել Արենիի բոլոր հատկությունները, ստանալ պարզ գինի, որ ըմպողն անմիջապես ճանաչի Արենին՝ իր բոլոր նոտաներով:

Առաջին արտադրանքը ստացանք 2019 թվականի բերքահավաքից, որը շշալցվել է 2021 թվականին՝ շատ փոքր խմբաքանակով՝ ընդամենը 1468 շիշ: Ուզում էինք Արտակի հետ տեսնել՝ կարողանո՞ւմ ենք մեր ուզած գինին ստանալ: Արդյունքում, երբ փորձեցինք, ափսոսեցինք, որ քիչ քանակությամբ ենք արտադրել, քանի որ շատ լավ հասկացել էինք իրար»,- ասում է Ռուբենը: Հաջորդ տարիներին արտադրության ծավալներն ավելացրել են՝ ներկայում հասցնելով 15 հազարի:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Բացի հնեցված տարբերակից՝ Շորորի չհնեցված տարբերակ էլ ունենք: Սա ավելի թեթեւ է: Այս տարբերակը փորձողներից շատերն այն «ամառային կարմիր գինի» են անվանում, քանի որ կարելի է ամռանը սառը վիճակում խմել:

2021 թվականին էլ փորձարկում արեցինք եւ Շորորի մագնում տարբերակը թողարկեցինք: Մագնումը 1,5 լիտրանոց շշերով գինին է, որը շշի չափից կախված, կարող է այլ կերպ զարգանալ եւ այլ համ ունենալ: 100 շիշ մագնում Շորոր ենք արտադրել՝ կարմիր պիտակով»,- նշում է նա։


Ռուբեն Լոկկը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Շորոր անվան հեղինակը Ռուբենն է: «Մոսկվայում Արտյոմ Մկրտչյանը հայկական գինիների դասընթացի ժամանակ նաեւ մեր գինին է ներկայացրել եւ պատմել, որ Շորորը հայկական պար է, երբ թեթեւ աջ եւ ձախ ես շարժվում, օրորվում-շորորվում: Ներկա սոմելյեներից մեկն արձագանքել է, թե դա նաեւ իրենց պարն է, քանի որ աշխատանքային օրվա ավարտին իրենք էլ են մի փոքր շորորվում»:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Շորորի հեղինակը մտադիր է առաջիկայում նաեւ սպիտակ գինի արտադրել: Այս տարի կլինի սպիտակի առաջին բերքահավաքը։

«Սպիտակ գինին կպատրաստենք Կանգունից, բայց ի տարբերություն կարմիրի, որը մշտապես կլինի Արենիից, սպիտակի պարագայում միայն Կանգունով չենք բավարարվի, այլ սորտերի հետ էլ կաշխատենք»,- ասում է նա:

Դեպի Արարատ՝ Շորորի հետ

Բացի իր արտադրած գինին փորձելուց՝ Ռուբեն Լոկկը գինու եւ լեռների սիրահարներին Արարատի գագաթը միասին նվաճելու առաջարկ է անում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Արարատ բարձրանալու միտք դեռ 2014 թվականից ունեի, բայց այդպես էլ չէր ստացվում։ Նախորդ տարի որոշել էի, որ ընկերոջս հետ, ի վերջո, պետք է բարձրանանք, բայց ինչ-ինչ պատճառներով իմ բարձրանալը կրկին չստացվեց: Ընկերս բարձրացավ եւ Արարատի գագաթից ինձ մարտահրավեր արեց. տեսանյութ էր նկարել, որտեղ ասում էր՝ «քեզ տեսնենք, մյուս տարի պիտի հաղթահարես Արարատը, եւ եթե դա անես, Շորորն էլ կհաղթահարի աշխարհը»։ Երբ գինու պահը շեշտեց, որոշեցի, որ գինեսեր արշավական էլ պիտի հետս տանեմ: Արարատ կբարձրանանք Armenian Geographic-ի հետ, իսկ թե ում կտանենք մեզ հետ, կընտրեն ակումբի եւ Շորորի համատեղ մրցույթի միջոցով, որն արդեն մեկնարկել է եւ կավարտվի մայիսի 24-ին: Արարատի վերելքը օգոստոսի 19-ից 25-ը կլինի»,- հայտնում է Ռուբեն Լոկկը։

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին