×

Լուսանկարը՝ Ginishko

Ginishko. «Բաժակ չպահանջող» նոր սերնդի փրփրուն գինին

Հայաստանի գինու մշակույթը նոր ու երիտասարդ շունչ է ստացել Ginishko փրփրուն գինիներով: Այս գինու ալյումինե տարաներն ու «take away» անելու հնարավորությունը փոխում են պատկերացումները գինու մատուցման մասին:

Սեպտեմբերի 7-ին Ginishko գինիները ներկայացվել են Դիլիջանում գործող Epicure բար-սրճարանում: Սրճարանի հիմնադիր Եվգենիա Ասատրյանը Gastrovino-ի հետ զրույցում նշել է, որ սա ոչ միայն նորություն է շուկայում, այլեւ նոր սերնդի գինու գաղափար՝ թեթեւ, ազատ եւ չպարտադրող։

«Սա Հայաստանի առաջին փրփրուն գինին է՝ ալյումինե տարաներով։ Պատրաստված է տեղական խաղողի տեսակներից՝ Խաթունի եւ սպիտակ Արենի: Ginishko-ն մի փոքր տարբերվում է այն գինիներից, որոնք շշի մեջ են պահվում: Այն պատրաստվում է կարբոնիզացիայի մեթոդով՝ այս եղանակն օգտագործվում է թարմ, երիտասարդ գինիների պատրաստման համար: Շուտով Ginishko-ն ալյումինե տարաներով կներկայացնի նաեւ ոչ փրփրուն, սովորական սպիտակ գինի»,- ասել նա:

Եվգենիա Ասատրյանը Լուսանկարը՝ Ginishko


Ginishko-ի տարան 250 մլ է, ալկոհոլայնությունը՝ 12%: 

«Տարայի չափն ու ձեւը թույլ է տալիս գինին «take away» անել եւ խմել առանց բաժակի: Եթե համեմատություն տանենք մեկ բաժակ գինու հետ, ապա ռեստորանում կամ սրճարանում մատուցվող մեկ գավաթ գինու ծավալը 120 մլ է: Ginishko-ի տարայում գրեթե երկու բաժակ գինի է»,- պատմել է Եվգենիա Ասատրյանը:

Եվգենիա Ասատրյանը կարծում է, որ ինչպես ցանկացած նորություն, այս գինիներն էլ չեն կարող միանշանակ ու միանգամից լավ ընդունվել. «Եթե գինին ալյումինե տարաներով է, չի նշանակում, որ այն վատն է: Այս կարծրատիպը պետք է կոտրել: Նույն կարծրատիպային մոտեցումը եղել է նոր աշխարհի այն գինիների նկատմամբ, որոնք ոչ թե խցանով են, այլ՝ պտուտակային կափարիչով (screw cap): Իհարկե, մարդիկ կան, որոնք ասում են՝ գինին պետք է շշով լինի, բայց, կարծում եմ, սա գինին խմելու, այն մատուցելու «երիտասարդացում» է, առանց պարտադրանքների, թե գինու բաժակը ինչպես բռնես, սառույց չգցես եւ այլն»:

Լուսանկարը՝ Ginishko


Ginishko-ի առանձնահատկություններից մեկն էլ տարաների պիտակներն են, որոնք ստեղծվել են Հայաստանի Ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ՝ արվեստին եւ երիտասարդ հայ արվեստագետներին աջակցելու նպատակով: Գինու տարաներին կարելի է գտնել Այվազովսկու «Ձկնորսները ծովափին», Վարդգես Սուրենյանցի «Սալոմեն», ինչպես նաեւ ժամանակակից արվեստի այլ գործեր:

Ginishko գինիները ներկայացված են Դիլիջանի Epicure-ում, Երեւանի ռեստորաններում, գինու մասնագիտացված խանութներում եւ սուպերմարկետներում:

Արփի Ջիլավյան


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին