×

Արտակ Գաբրիելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Գինու որակը, ոճն ու «էմոցիաների վաճառքը» Արտակ Գաբրիելյանի գրքում

Խաղողագործության եւ գինեգործության խորհրդատու Արտակ Գաբրիելյանն ասում է՝ խաղողագործությունը, գինեգործությունը եւ գինու բիզնեսն առանց իրար թերի են, կաղում են, դրա համար էլ ոլորտում խնդիրների ենք բախվում: Նա վստահ է՝ դրանք միավորելով՝ «հաջողելու ավելի շատ շանսեր կունենանք»։ Այս տրամաբանությունն ու կապն ապահովելու համար Արտակ Գաբրիելյանը հեղինակել է «Խաղողի եւ գինու որակի վերահսկում» գիրքը։ Նրա խոսքով՝ այն «handbook» է, որը կարող է անհրաժեշտ ինֆորմացիա տալ ոչ միայն մասնագետին, այլեւ սովորական ընթերցողին։

GastroVino-ի հետ զրույցում Արտակ Գաբրիելյանը խոսել է վերջերս լույս տեսած գրքի, հայկական գինու վերածննդի, համտեսի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ լինելու ու գինու միջոցով էմոցիաների վաճառքի մասին։

***

Արտակ Գաբրիելյանն ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բակալավրիատն ու մագիստրատուրան: Ասպիրանտական հետազոտությունների համար մեկնել է Գերմանիա ու դրանք իրականացրել գերմանական Գայզենհայմի համալսարանում: Ուսումնասիրել է խաղողագործություն, գինեգործություն ու գինու բիզնես:

Գիրքն ինքնանպատակ չէր

Մասնագիտական առումով միշտ դժվարանում եմ ներկայանալ, որովհետեւ Հայաստանում այս երեք մասնագիտացումներն ավելի սահմանափակ են՝ գինեգործը գինեգործ է, խաղողագործը՝ խաղողագործ, բիզնեսն էլ առանձին է: Ինձ մոտ պրոֆիլը մի քիչ ավելի մեծ է՝ խաղողից գինի ու գինու բիզնես, ընդգրկում է խաղողից մինչեւ գինու շիշ ամբողջ ցիկլը: Դրա կարիքը Հայաստանում կար ու փորձեցի փոքր–ինչ լրացնել այդ բացը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Խաղողի եւ գինու որակի վերահսկում» գիրքն ինքնանպատակ չէր: Ցանկանում էի լինի գիրք, որը կօգնի տեսական գիտելիքը գործնականում կիրառել:
Խաղողագործության, գինեգործության ոլորտում մասնագետների լուրջ խնդիր ունենք։ Նաեւ խնդիր ունենք գիտությունը կամ գիտելիքը արտադրության հետ կապելու առումով, գրականության պակաս եւս կա: Այս խնդիրները լուծելու մի քանի ճանապարհ կա։  

Խաղողագործություն, գինեգործություն, գինու բիզնես հասկացություններն առանց իրար թերի են, կաղում են, դրա պատճառով էլ ոլորտում խնդիրների ենք բախվում: Եթե նայում ենք միջազգային փորձը, մարդը, որն այս բիզնեսում է, հասկանում է եւ՛ խաղողից, եւ՛ գինուց, եւ՛ բիզնեսից: Եթե փորձենք այս երեք ոլորտը միավորել, հաջողելու ավելի շատ շանսեր կունենանք: Խնդիրը գալիս է նաեւ կրթական համակարգից, որովհետեւ այսօր բարձրագույն մասնագիտական կրթություն տալիս է միայն Ագրարային համալսարանը ու այստեղ մասնագիտությունները բաժանված են իրարից, ի տարբերություն, օրինակ, Եվրոպայի:

Երբ ես սովորում էի Գերմանիայում, գնացել էի որպես գինեգործ ու իրենք զարմանում էին՝ «ինչպե՞ս է, որ գինեգործ ես, բայց խաղողից չես հասկանում»: Հիմա մեզ մոտ նաեւ ոլորտի ներկայացուցիչներն են հասկանում սա, իրավիճակը փոխվում է: Բայց այդ փոփոխությունն, իհարկե, պետք է սկսել կրթությունից: Սերունդը, որը վաղը պետք է աշխատի, այսօր պետք է սովորի այդ ամենը: Ագրարային համալսարանի դերը կարեւոր է՝ որպես ոլորտում միակ բարձրագույն կրթություն տվող հաստատության, միավորելու խաղողագործություն, գինեգործություն ու գինու բիզնես հասկացությունները:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ես նաեւ դասավանդում եմ EVN գինու ակադեմիայում, որն Ագրարային համալսարանի ու Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի համատեղ ձեռնարկն է, այնտեղ այս կապն ավելի ընդգծված է: Այդ ակադեմիայի ուսանողներիս համար այս գիրքը տարօրինակ չէր, իրենք գիտեն՝ «խաղող-գինի-բիզնես» հասկացությունները փոխկապակցված են։ Այստեղ կարողացել ենք այնպես անել, որ ուսանողը գիտելիք ունենա նշված երեք ոլորտներից։

Եթե խաղողագործ ես ու չգիտես գինեգործության պահանջները, չես կարող արտադրել համապատասխան խաղող, եթե չգիտես բիզնեսի առաջարկն ու պահանջարկը, գոնե տարրական մակարդակով, չես կարող լավ գինի ստեղծել: Մեկը մյուսին կապված են պատճառահետեւանքային կապով: Ոլորտում հաջողելու համար այդ կապը պետք է ստեղծել ու ամրապնդել։ Գիրքն այս տրամաբանության շարունակությունն է:

Սովորենք օգտվել գրականությունից

2017թ․–ից ՄԱԿ-ի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), «Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի հետ տնայնագործ գինեգործության զարգացման ծրագիրն իրականացնելու ընթացքում վեր հանվեցին բազմաթիվ հարցեր:

Տեսնում էինք, որ մեկը գինի է ստեղծում ու ասում է՝ «պապս սենց էր անում, ես էլ եմ սենց անում»: Մեր խնդիրն էր կոտրել այդ կարծրատիպերը։ Հասկացանք՝ այսօր լուրջ բաց կա, որովհետեւ մեր փոքր եւ միջին արտադրողներն անգլերենի իմացության խնդիր ունեն։ Մասնագիտական արդի գրականության մեծ մասն անգլերենով է ու առանց լեզվի իմացության հասանելի չէ: Խնդիր կար նաեւ մարդկանց ցույց տալու, որ լաբորատորիան գինեգործի ու խաղողագործի օգնականն է: Չի կարելի նայել երկնքին ու որոշումներ կայացնել՝ կան հստակ մեթոդիկաներ: Գիրքն անդրադառնում է խաղողի ու գինու որակի վերահսկմանն, իսկ «որակ» հասկացությունն իրականում շատ բարդ է:

Արտակ Գաբրիելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մի կողմից «որակ» ասելով` մարդիկ հասկանում են համապատասխանել ինչ-որ չափորոշիչների ու ստանդարտների, մյուս կողմից՝ գինին կարող է համապատասխանել չափորոշիչների, բայց աբսուրդային լինել: Կամ հակառակը՝ կարող է լինել շատ հետաքրքիր, հարուստ փնջով, բայց չհամապատասխանի չափորոշիչներին: Այսինքն, «որակն» այս դեպքում ճկուն հասկացություն է ու դրան եւս անդրադարձ կա գրքում:

Ցանկանում ենք նաեւ մարդկանց սովորեցնել օգտվել գրականությունից։ Գրքում  կան գիտական հոդվածների հղումներ: Եթե արտադրության մեջ խնդիր ունես՝ բացի, կարդա, այդ խնդրի լուծումը հաստատ աշխարհում որեւէ մեկն արդեն գտել է: Կարեւորում ենք նաեւ վերլուծությունը՝ ունես խաղող, ունես գինի, ի՞նչը չափես, ո՞ր ցուցանիշներն է կարեւոր չափել: Չափեցիր, ունես թվեր, էլի դրանք ոչինչ չեն ասում, այդ թվերն ինչպե՞ս վերլուծես, վերլուծելուց հետո ի՞նչ քայլեր անես:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գրքից օգտակար տեղեկություններ կարող են ստանալ ոչ միայն մասնագետները։ Գլուխներն այնպես են ընտրված ու ինֆորմացիան այնպես է մատուցված, որ կարող է  կարդալ եւ իր համար ընկալելի տեղեկատվություն ստանալ թե՛ դպրոցի մակարդակի քիմիա իմացողը, թե՛ արդեն ոլորտում որոշակի գործընթացների ծանոթ մարդը։

Համտեսի օգտագործման մեթոդներն անտեսված են

Գրքում կարեւոր շեշտադրում է արված գինու համտեսին ու համտեսը որպես գործիք կիրառելուն: Փորձել ենք տալ այս հարցերի պատասխանները՝ որ փուլերում է պետք գինու համտես անել, ի՞նչ կարելի է զգալ, ի՞նչն է խնդիրը, ինչպիսի՞ լուծում կարել է տալ: Հայաստանում համտեսն ու համտեսի օգտագործման մեթոդները, կարելի է ասել, անտեսված են: Համտեսի հետ մեզ մոտ կարծրատիպ կա ու այն ասոցացվում է զուտ խմելու հետ:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Եթե խոսում ենք արտադրական գործընթացի մասին, մասնագետի ընկալումը սուբյեկտիվ չէ: Ինքն արդեն գիտի, երբ գինին խնդիր ունի: Օրինակ՝ գինին օքսիդացված է ու զգացվում է ալդեհիդների հոտ. սա չի կարող լինել սուբյեկտիվ, սա օբյեկտիվ է, որովհետեւ հստակ խնդիր է ախտորոշում:

Ես որպես խորհրդատու աշխատում եմ տարբեր արտադրողների հետ, գնում եմ գործարան, համտես եմ անում, ասում եմ՝ ինչ խնդիրներ ունեն ու առաջարկում եմ դրանց լուծումները:

Գինին էմոցիաների վաճառք է

Կես կատակ թեորեմ կա՝ լավն է այն գինին, որը ձեզ դուր է գալիս: Եթե նույնիսկ գինին ինձ համար՝ որպես մասնագետի, թերություններ ունի, բայց ձեզ դուր է գալիս, գնե՛ք, խմե՛ք, նշանակում է՝ լավ գինի է: Կարեւորը ձեզ դուր է գալիս: Իհարկե, եթե այն բավարարում է օրենքով սահմանված չափորոշիչներին։ Երբ հարցը հասնում է ճաշակին, որակը, ինչպես արդեն ասացի, դառնում է ճկուն հասկացություն:

Միանշանակ կարող եմ ասել, որ գինը որակի չափանիշ չէ: Գինիներ կան, որ 3 000 դրամ արժեն ու շատ լավն են, գինիներ կան, որ 10 հազար + սեգմենտում են, բայց բավականին զիջում են ավելի էժան գինիներին: Գինու ոլորտը հիմնականում էմոցիաների վաճառք է եւ գինը որոշվում է հենց այդ էմոցիայով, մարքեթինգով:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սպառողների համար ամենաճիշտը շատ խմելն է, շատ փորձելը: Պետք է սեփական փորձով հասկանալ՝ ինչն է քեզ դուր գալիս, որն է քոնը: Սա էլ կարող է փոփոխվել՝ կախված եղանակից, տրամադրությունից, ճաշատեսակից:

Կարեւոր է նաեւ հասկանալ, որ որակ եւ ոճը տարբեր բաներ են: Հաճախ ասում են՝ «սա տտիպ գինի էր, ուրեմն՝ որակը բարձր էր»: Տտիպությունը գինու որակի հետ կապ չունի, դա գինու ոճն է: Գրքում նաեւ ոճի եւ որակի տարբերության շեշտադրումը կա:

10 տարի առաջ եւ հիմա «սարեր-ձորերի տարբերություն կա»

Եթե համեմատենք 10 տարի առաջ ու հիմա՝ «սարեր-ձորերի» տարբերություն է: 10 տարի առաջ, գուցե, կամաչեինք հայկական գինին մասնագետներին ներկայացնել, հյուրասիրել, այսօր մեր գինիների, կարելի է ասել, 70%-ը խնդիր չունի՝ մեկը մի քիչ լավն է, մյուսը՝ մի քիչ թերություններով, բայց, միանշանակ, գլոբալ խնդիրներ չունի: Սա արդեն լուրջ առաջխաղացում է:

Մեր արտադրողները գնալով ավելի ու ավելի են ուշադրություն դարձնում որակին, ինչը մրցակցության հետեւանք է: Հայկական գինեգործության «ռենեսանսը» տեղի ունեցավ 2010-2011 թվականներին՝ ոլորտ եկան արտադրողներ, որոնք որակ փոխեցին: Բազմապատկման էֆեկտով այդ գործընթացը շարունակվում է:

Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին