Եթե երբեւէ հետաքրքրվել եք տավուշյան գինիներով, ապա վստահաբար լսած կլինեք «Բերկրի» անունը։ Առաջին հայացքից՝ տավուշյան տեղանքի, պատմության, խաղողի տեսակների հետ ոչ մի կապ չունեցող մի անուն։
Այո, «Բերկրիի» հիմնադիրների պապերը «իրական» Բերկրիից են. այն, որ Վանի մոտ է։ Այնտեղ Ավետիսյանների նախնիները ակտիվորեն զբաղվել են գինեգործությամբ, ընդհուպ մինչեւ 1915, երբ ընտանիքի՝ ցեղասպանությունից փրկված մի քանի անդամներ հասնում են նախ Արմավիր, ապա Տավուշ։ Ավետիսյանների ընտանիքում ժպիտով են նշում՝ մինչեւ հիմա էլ «կաղթական» են կոչվում Իջեւանում։ Թեեւ այս «կոչումից» բնավ չեն նեղվում, ավելին՝ կարծում են, որ իրենց հաջողության գաղտնիքը, անգամ գինիների յուրահատուկ, երբեմն էլ մի փոքր «ծանր» բնավորությունը հենց դրանում է թաքնված։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Գաղթականը ուզի չուզի՝ պետք է լավ աշխատի, շատ տքնի, չէ՞։ Որ գոյատեւի։ Չե՞ք նկատել, որ Հայաստանի գինեգործների մեծ մասը հենց գաղթած ժողովուրդն է։ Մուշից, Վանից, Էրզրումից...», - ասում է Դավիթ Ավետիսյանը, ով առաջինն էր ընտանիքում, որ շուրջ մեկդարյա դադարից հետո որոշել է կրկին զբաղվել գինեգործությամբ՝ արդեն իր հայրենի Ենոքավանում։ Ճիշտ է, Վանում կիրառված ո՛չ խաղողի տեսակը, ո՛չ գինեգործական ավանդական տեխնոլոգիաներն այլեւս հասանելի չէին, սակայն ցեղասպանությունից ու գաղթից այս կողմ նրանց մնացել էր ամենակարեւորը՝ հիշողությունը։
«Հենց դրա համար էլ թե՛ գինիները, թե՛ հետագայում հյուրատունն ու ռեստորանը կոչվեցին «Բերկրի»։ 2018-ին ծնվել են «Բերկրի» բրենդի առաջին գինիները, 2020-ին՝ ամենածանր տարում էլ հյուրատունը։ Մարտի 16-ին բացումն ենք արել, հենց այդ օրերին, երբ ամեն ինչ ու բոլորը «փակվեցին»։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Խաղողը հիմնականում գնում ենք Արմավիրի մարզից՝ Բամբակաշատից, օգտագործվում են Տիգրանի, Կարմրահյութ խաղողի տեսակները, դրանք շատ քիչ են հանդիպում, կարող ենք ասել՝ վերացող սորտեր են։ Փաստացի միայն Կանգուն տեսակն է, որ Տավուշից՝ հիմնականում Աչաջուրից է ձեռք բերվում», - պատմում են ամուսիններ Զարուհին եւ Դավիթը, որոնք մինչ օրս էլ միասին են գլխավորում բիզնեսը։
«Օրինակ՝ Տիգրանին։ Որպես գինու տեխնիկական սորտ՝ ինքը շատ լավ սորտ է։ Ուղղակի այնքան քանակ չունի, որ մեծաքանակ արտադրությամբ զբաղվողները կարողանան կիրառել այն», - նշում է Դավիթ Ավետիսյանը: «Բերկրին դրա մասին է։ Այն, ինչը ունեցել ենք անցյալում, ոչ թե բաց թողնենք գնա եւ կորցնենք, այլ պահպանենք։ Նույնը մեր պատմությունը, նույնը Բերկրին, նույնը գյուղը, գինին, խաղողի տեսակը, ընտանեկան ավանդույթները։ Մենք ընտանիքի 8 անդամներով ուղնուծուծով այս գործի մեջ ենք՝ երեխաներից սկսած։ Գինուն վերաբերվել ենք թե՛ որպես արվեստ, թե՛ սննդի մի մասնիկ, որը կարող ենք մատուցել մեր հյուրերին։ Բայց, իհարկե, սահմանափակ քանակով։ Որպեսզի ոչ թե անընդհատ միայն ուղղակի քանակ տանք, այլ հենց որակ՝ մեր ունեցած ռեսուրսների չափով», - մանրամասնում է Դավիթը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Գերմանացի Ռայներ Ռուտիգերը, Արտակ Գաբրիելյանը, Արտաշես Ջրաղացպանյանն ու այլ փորձառու մասնագետներ հենց առաջին քայլերից «Բերկրիի» պրոֆեսիոնալ խորհրդատուներն են եղել։ Այսօր «Բերկրին» արտադրում է հիմնական չորս տեսակ գինի՝ կարմիր, սպիտակ, կարմիրի հնեցված տարեբերակն ու վերջերս շատ պոպուլյար դարձած դեսերտային «ռոզե»-ն։ Շուտով «Բերկրիում» պատրաստվում են հինգերորդ՝ «Գրանդ Ռեզերվ» նոր գինու շշալցմանը, որն ավելի երկար հնեցում է անցնում։ Ընդհանուր տարեկան շշալցվում է մոտ 6 000 շիշ գինի։
«Եթե պտղամսի մաշկի հետ ոմանք պահում են խաղողահյութը մեկ շաբաթ, մենք գինի ունենք, որ պահում ենք երեք ամիս։ Ինքը ավելի տանիններով հարուստ, կարմիր մսային ուտեստների հետ ավելի լավ համադրվող գինի է։ Միեւնույն ժամանակ փորձել ենք տարբեր քիմքերի համահունչ տեսականի ստեղծել՝ ամենաթեթեւ եւ դեսերտայինից մինչեւ բավականին «ծանր» հնեցված տարբերակ։ Հետագայում ծրագրում ենք նաեւ փրփրուն գինի արտադրել։ Մարդիկ տարբեր են, տարբեր բնավորությամբ, «Բերկրին» էլ բնականաբար բնավորություն ունեցող գինի է, եւ մեր տեխնոլոգիան հենց այդ մասին է։ Նույն դաշտից հավաքված բերքից երկու գինեգործ կարող են բոլորովին տարբեր գինիներ ստանալ, էնպես որ գինին էլ մասամբ «ձեռքի գործ է», - նշում է Դավիթը՝ խոստովանելով, որ տավուշյան Կանգուն խաղողի տեսակից ստացված սպիտակ գինին, այնուամենայնիվ, ամենամեծ պահանջարկ վայելածն է մինչ այս պահը։
«Մի փոքր էլ Գառան դմակ տեսակի հավելումը կա։ Յուրահատուկ բան ենք ստացել, շատերն են ասոցացնում Ոսկեհատի տեսակի հետ, հատկապես բույրը, բայց, ինչպես տեսնում եք, լրիվ այլ սորտեր են»։
Թեեւ զրոյից են սկսել շատ բան փորձարկել, սակայն շատ գինի չեն կորցրել այդ փորձարկումների ընթացքում։ Ինչպես Դավիթն է ասում՝ «Շատ չէ, մի 600 լիտր...»:
«Սպիտակ գինի էր, Լալվարի սորտից, կատարյալ գինի էր ստացվել։ Պետք է նստվածքից ազատեինք եւ հենց այդ օրերին շատ զբաղված էինք, չկարողացանք, մի քանի օրից հասկացա, որ այդ նստվածքի պատճառով իր մեջ վատ բույր ու համ է ընկել։ Հետո թորեցինք, ստացանք Լալվարի սորտից հրաշալի մրգային օղի»։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ինչպես եւ շատ գինեգործներ, «Բերկրիի» ընտանիքում էլ գինիների հնեցման համար հիմնականում օգտագործում են Արցախի կաղնու տակառները, այս դեպքում՝ Հադրութի շրջանի Տումի գյուղից դեռ 2018-ին բերված հումքից։ Դրանք շարունակում են ծառայել «Բերկրիին» այսօր էլ, հետագայում, ամենայն հավանականությամբ, շատերի պես ստիպված կլինեն անցնել ֆրանսիական տակառներին։
Մարզում նման բիզնեսի զարգացումը դյուրին գործ չէ, չեն թաքցնում «Բերկրիում»։ Բայց Դավիթ վստահ է, որ ասելիքն ավելի մեծ ուժ ունի, քան խնդիրները.
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Վերջերս մի հյուր ունեինք, ասաց՝ այս նույն գումարը Երեւանում ներդնեիր, գիտե՞ս ինչ շուտ կվերադառնար քեզ, ասում եմ՝ Վանի մեր պապական գյուղն ենք բերել այստեղ հասցրել, այդ հողն այս երկնքով փորձել ենք կապել, այսինքն՝ եւ՛ համայնք զարգացնենք, եւ՛ աշխատատեղ ստեղծենք, համ մենք մեզ լավ զգանք, որ այդ աշխուժությունը տեսնենք։ Հավի ձվից սկսած շատ բաներ հենց գյուղացուց ենք գնում։ Այո, կոմունիկացիայից սկսած ամեն ինչը խնդիր է... Ջուր է, գազ է, լույս է, հարկերն է... Ամեն ինչ։ Բայց մի բան կա այստեղ։ Սիրելով եթե անում ես՝ միշտ էլ ստացվում է»։
Սոֆիա Հակոբյան
Լուսանկարները՝ հեղինակի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: