«Որքան ինձ հիշում եմ, այդքան հիշում եմ Տողի մեր այգիները»,- ասում է Վերոնիկան՝ կանգ առնելով խաղողի ողկույզի մոտ, որպեսզի ցույց տա՝ ինչպես արտաքինից տարբերել Խնդողնին խաղողի այլ տեսակներից:
«Խնդողնու հատիկները շատ խիտ են դասավորված»,- ասում է նա:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ձորաղբյուր գյուղում ենք, որտեղ 2021 թվականից իր արտադրությունը վերսկսեց Արցախի Տող գյուղի «Կատարո» գինու գործարանը: «Կատարո»-ի նոր տարածքում մեր «գիդը» Վերոնիկան է, հիմնադրի՝ Գրիգորի Ավետիսյանի դուստրը:
«Խաղողի այգի գնալը, խաղողահավաքին մասնակցելը միշտ եղել է իմ կյանքում: Ծնունդս էլ համընկնում էր բերքահավաքի սեզոնին: Ընտանիքով գնում էինք այգի ու հենց այնտեղ էլ նշում ծնունդս»,- հիշում է նա:
Վերոնիկա Ավետիսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հիմա «Կատարո»-ն գործարանին կից խաղողի փոքրիկ այգի ունի՝ Արցախից բերված Խնդողնու տնկիներով:
«Խնդողնին Արցախի ամենատարածված սորտն է: Մեր գործարանն էլ հայտնի է Խնդողնու իր գինիներով: Այստեղ տեղափոխվելուց հետո հայրս որոշեց գործարանի այգում Խրամորթից բերած տնկիներն աճեցնել: Այս այգին առաջին հերթին Արցախի հետ կապը չկտրելու համար է, իսկ Խնդողնու տնկիները հետագայում կարող են օգտագործվել փորձեր կատարելու, ավելի մեծ այգիներ հիմնելու եւ հասկանալու համար, թե որ շրջանում այն ավելի լավ կաճի»,- ասում է նա:
Վերոնիկա Ավետիսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Գինի պատրաստելու առաջին «լուրջ» փորձը Վերոնիկան ունեցել է պապի տան բակում՝ ընտանեկան գինու խաղողը ճզմելիս. «Երբ սկսվեց «Կատարո»-ի պատմությունը, 7 տարեկան էի, խաղում էի խաղողի հետ, ուղղակի հետաքրքիր էր, շատ չէի հասկանում՝ ինչ են անում մերոնք»:
Վերոնիկա Ավետիսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Վերոնիկա Ավետիսյանն այժմ գինեգործության հետ մասնագիտական կապ ունի, բայց մինչեւ այդ իրեն «ամեն տեղ փորձել է»:
«Հայաստանի Ամերիկյան համալսարանում բիզնես կառավարում եմ սովորել: Ասում էի՝ պիտի «բիզնես» սովորեմ, որ հետո գնամ մեր գինու բիզնեսը կառավարեմ (ծիծաղում է-հեղ): Պատերազմից հետո ինձ ամեն տեղ փորձել եմ՝ ՏՏ ոլորտում եմ աշխատել, հեռուստատեսությունում, Ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ արտադրանքի նորարարության կենտրոնում (EPIC) իմ ստարտափն էի հիմնել, որը ձախողվեց: Հետո Էրազմուս ծրագրով Իսպանիայում սովորեցի: Համալսարանն ավարտելուց հետո հասկացա, որ դեռ իմը չեմ գտել՝ չնայած շարունակում էի ՏՏ ոլորտում աշխատել, բայց «սիրտս չէր կպնում»: Մի օր EVN գինու ակադեմիայի հրապարակումներից գտա՝ Գինեգործություն եւ բիզնես կուրսի ընդունելության մասին: Դիմեցի, բայց ոչ ոքի չասացի դրա մասին: Երկու օր հետո կանչեցին հարցազրույցի: Ընդունվեցի: Անմիջապես զանգեցի աշխատանքիս տեղն ու ասացի՝ գործից դուրս եմ գալիս: Հետո եկա եւ ասացի՝ պապ ջան, գիտես, EVN եմ ընդունվել, հիմա էլ գինեգործ եմ դառնում, տուր ամեն ինչ, ինչ կարող եմ անել: Ասաց՝ լավ ես արել: Այդ լուրն իրեն էլ դուր եկավ»,- պատմում է Վերոնիկան:
Գրիգորի եւ Վերոնիկան Ավետիսյանները | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Վերոնիկան ասում է՝ հիմա «Կատարո»-ում կոնկրետ բան չկա, որ իրեն է վստահված, դեռեւս օգնողի դերում է: Նաեւ զբաղվում է գործարանի վեբ-կայքով, կորպորատիվ միջոցառումներով եւ շուկայում իրենց ապրանքանիշի առաջխաղացմամբ:
«Ինձ թվում էր, թե գիտեմ ինչ է խաղողագործությունը, ինչ է գինին, գինու բիզնեսը, բայց ակադեմիան բացահայտեց, որ ոչ մի բան էլ չգիտեի: Այն ինձ բերեց ավելի պրոֆեսիոնալ մակարդակի, որ կարողանամ հասկանամ գինի պատրաստելը, դրանք տարբերելը: EVN-ում խաղողի ամենաառաջին բակտերիայից սկսած ուսումնասիրում ենք եւ հասկանում, թե խաղողն ինչ հետաքրքիր օրգանիզմ է եւ ինչպիսի հետաքրքիր երեւույթ է բնությունը պարգեւել մեզ: Ակադեմիան ինձ նաեւ հնարավորություն տվեց հետաքրքիր փորձառություն անցնել «Կարաս» գինեգործարանում, որն իր տեսակով ավելի մեծ է՝ այլ նշաձողով: Այնտեղից եկա ու ասացի՝ «Կատարո»-ում գինու ռեմոնտաժներն ինձ կտաք: Այն գինեգործության մեջ իմ սիրելի փուլերից մեկն է, երբ հետեւում ես տանինների զարգացմանը, գույնի ինտենսիվությանը, ջերմաստիճանին, խմորման ընթացքում վերին շերտի կառավարմանը»,- ասում է նա:
Վերոնիկա Ավետիսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Վերոնիկան վստահ է, որ լավ բիզնես անելու եւ ճիշտ վաճառք կատարելու համար պետք է անպայման հասկանալ՝ ինչ է կատարվում գինեգործարանում, ինչպես է գինին պատրաստվում, ամեն մի գործընթացն ինչպես է կառավարվում. «Դրա համար կարեւոր եմ համարում գինեգործության բոլոր փուլերը սովորելը, դրանց մեջ ներգրավված լինելը, որ կարողանամ մարդուն ճիշտ ներկայացնել, թե ինչ եմ վաճառում կամ ինչի է մեր գինին լավը»:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այգուց գինեգործարան տեղափոխվելիս Վերոնիկան առանձնակի ուշադրությամբ է անցնում գործարանի զարդանախշերով պատի մոտով ու կրկին հիշում Արցախը.
«Գյուղում մի անգամ գինու փառատոնի ժամանակ տաղավարների հատվածը ակումբի մոտ էր, որի պատը կիսակառույց էր եւ արտաքին գեղեցիկ տեսք ապահովելու համար որոշեցինք այն արցախյան Վիշապագորգի նախշերով զարդարել։ Հետո, երբ եկանք այստեղ, որոշեցի նույնը վերստեղծել այստեղ»:
Գրիգորի Ավետիսյանը եւ Վերոնիկան | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ինձ համար շատ կարեւոր է, որ այսօր «Կատարո»-ում աշխատում է այն նույն թիմը, որն աշխատում էր Տողում: Նույն մարդիկ են, նույն գիտելիքը։ Ես էլ եմ ուզում այստեղ լինել, քանի որ «Կատարո»-ն ոչ միայն գինի է, այլ պատմություն ու ժառանգություն՝ թե՛ Ավետիսյան ընտանիքի, թե՛ Արցախի մասին։ «Կատարո»-ի միջոցով մենք պատմում ենք, որ Արցախը կա եւ եղել է, մենք այնտեղ ենք ծնվել, ապրել, մեծացել»։
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: