×

Աշոտ Փարսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Olé. «մի կտոր» Անդալուզիա Երեւանի կենտրոնում

Մաշտոցի պողոտայում՝ «Պոնչիկանոցի բակում», վերջերս իսպանական ռեստորան է բացվել։ Փողոցից գրեթե աննկատ է, բայց քարտեզով գնալու դեպքում ճիշտ տեղում ես հայտնվում։ Մաշտոց 52/2 հասցեում բացում ես դարչնագույն դարպասն ու մի ակնթարթում երեւանյան իրականությունից հայտնվում Իսպանիայի բակերից մեկում, որի վերջում Olé ռեստորանի երկու սրահներն են՝ իսպանական տաք գույներով։ Այստեղ ուտելիքը, երաժշտությունն ու տրամադրությունը միահյուսվում են՝ ստեղծելով իսպանական մշակութային ու գաստրոնոմիկ մի ամբողջ պատկեր։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ռեստորանի հիմնադիրը Աշոտ Փարսյանն է։ Նրա կապը Իսպանիայի ու այդ երկրի մշակույթի հետ ստեղծվել է 22 տարի առաջ, երբ հիմնադրել է «Իսպանական կենտրոնը»։ Նա GastroVino-ին պատմել է Իսպանիայի խոհանոցի պարզության եւ սննդի միջոցով իսպանականմշակույթը ներկայացնելու մասին։

Մեծ ընթրիքից սկիզբ առած գաղափարը

2003 թվականին հիմնել եմ «Իսպանական կենտրոնը», որը կրթամշակութային կազմակերպություն է, ներկայացնում է ոչ միայն Իսպանիայի, այլ իսպանախոս աշխարհի մշակույթը։ Այս տարիների ընթացքում կազմակերպել ենք փառատոններ, միջոցառումներ, այդ թվում՝ խոհանոցը ներկայացնող։ 2014 թվականին մարզային հյուրանոցներից մեկից դիմեցին մեզ, որպեսզի օգնենք Հայաստանում իսպանացի շեֆ խոհարար գտնեն իրենց միջոցառման համար։ 

Աշոտ Փարսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեր տեղեկություններով՝ Հայաստանում իսպանացի շեֆ խոհարար չկար, բայց որոշեցինք օգնել հարցը լուծել։ Ասացի, որ տիրապետում եմ խոհանոցին, պատրաստել գիտեմ, բայց ոչ միայն շեֆ խոհարար չեմ, այլ առհասարակ խոհարար չեմ։ Շուրջ 100 հոգու համար ընթրիք էր լինելու ու որոշեցի այդ «չելենջը» վերցնել ինձ վրա, թեպետ պատկերացում չունեի, թե ինչպես պետք է մեծ մասշտաբի միջոցառում անել։ Շատ նյութեր նայեցի, հոլովակներ դիտեցի, բայց փորձարկում անելու հնարավորություն չունեցա։ Ընթրիքի համար խոհարարի համազգեստ գնեցի, վրան էլ մեր կենտրոնի լոգոն կպցրեցի։ Խոհանոցի ողջ անձնակազմը կարծել էր, թե հրավիրված շեֆ խոհարար է եկել Իսպանիայից կամ իսպանական ռեստորանից։ Երբ սկսեցի պատրաստել, բոլորը հավաքվեցին շուրջս, հուշաթերթիկներ էի տարել, բայց չկարողացա օգտվել։ Երեկոն բավական հաջող անցավ, բոլորը գոհ մնացին։ Այդ ժամանակ առաջացավ ռեստորան բացելու միտքը, բայց երկար մտածում էի, որ շատ պատասխանատու գործ է, որովհետեւ գործ ենք ունենալու սոված մարդկանց հետ, իսկ սոված մարդիկ շատ ագրեսիվ են լինում (ծիծաղում է – խմբ)։ 

Մտածում էի իսպանական ռեստորանի մասին, բայց երեք տարի առաջ ճապոնացի գործընկերս ռեստորան հիմնելու առաջարկ արեց ու հետաքրքիր պատահականությամբ այս ոլորտ մտա ճապոնական ռեստորանով։ Խոսքը Tokyooo ռեստորանի մասին է։ 

Տնօրեն, որ նաեւ դիզայներ է 

Միշտ ուզում էի, որ «Իսպանական կենտրոնն» ունենա սեփական շենք, ուր կլինի կենտրոնի գրասենյակը եւ ակումբ, սրճարան կամ բար, որտեղ նաեւ կկարողանանք հանդիպումներ ունենալ, որովհետեւ ինձ համար սնունդը մշակույթի մեծ մաս է։ Ինքս էլ ճամփորդելիս ուտում եմ միայն տեղական ուտելիք, որովհետեւ ճաշացանկն արտահայտում է ազգի մտածողությունը, նիստուկացը։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Տեղափոխվեցինք Մաշտոց 52/2 ու հստակ որոշեցի, որ առաջին հարկում պետք է իսպանական ռեստորան լինի։ Մի քանի դիզայների առաջարկեցի անդալուզիական ոճով ձեւավորում անել, բայց չստացվեց։ Ի վերջո որոշեցի դիզայնն ինքս անել։ Տարածքը փոքր էր, պետք էր այնպես նախագծել, որ ստանայինք Անդալուզիան հիշեցնող ինտերիեր։ 

Ուտել իսպանական ձեւով

Ինտերիերի մասով ստացանք այն, ինչ ուզում էինք եւ անցանք հաջորդ փուլին՝ ուտել իսպանական ոճով։ Մեր նպատակն իտալական ուտեստները հայկական քիմքին մոտեցնելն է, ցույց տալը, թե որն ինչպես ու օրվա որ հատվածում է ընդունված ուտել։ 
[[
Օրինակ՝ պաելյան (պատրաստվում է բրնձով ու տարբեր հավելումներով – խմբ) Իսպանիայում ուտում են ցերեկը, քանի որ համարվում է ծանր ուտեստ, իսկ երեկոյան նախընտրում են փոքր չափաբաժիններով խորտիկներ՝ համադրելով խմիչքի հետ։ Մենք եւս ուզում ենք, որ այստեղ մարդիկ համտեսեն ոչ թե միայն ծանր ուտեստներ, այլ տարբեր ճաշատեսակներ՝ փոքր չափաբաժիններով։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Olé-ի մենյուն ներառում է իսպանական խոհանոցի գրեթե բոլոր հայտնի ուտեստները։ Իսպանական խոհանոցի առանձնահատկությունը պարզությունն է՝ մատուցման բարդ ձեւեր չկան։ Մենք ոչ թե ուտեստի տեսքն են վաճառում, այլ՝ համը։ Մեզ համար կարեւոր է նաեւ, որ ուտելիքը վաճառվի իր իրական արժեքով, դրա համար էլ չենք ավելացրել 10% սպասարկման վճար։ Նպատակը ոչ թե գերշահույթ ստանալն է, այլ նախագծի երկար կյանքը։

Ճաշացանկում ընդգրկված են ինչպես տաք, այնպես էլ՝ սառն ապուրներ, օրինակ՝ սալմորեխո եւ գասպաչո, իսպանական ավանդական կրոկետներ՝ մսով, ծովամթերքով։ Իսպանիայում հայտնի Rabo de Toro ենք մատուցում, որը ցլի պոչ է։ Ի սկզբանե այն հայտնի է եղել որպես ցլամարտից հետո բարձրագույն մրցանակ, պատրաստել են ցլամարտի արենաներին հարեւան ռեստորաններում ու մատուցել շատ էքսկլյուզիվ գնով։ Հայերը դեռ այնքան էլ ծանոթ չեն այս ուտեստին, բայց յուրաքանչյուր իսպանացի, ով գալիս է այստեղ, պատվիրում է այն, քանի որ իրենց համար սա թիվ մեկ ուտելիքն է։ 

Սանգրիան զբոսաշրջիկներին, Տինտո դե Վերանոն՝ իսպանացիներին

Իսպանական բոլոր դեսերտները տեղում ենք պատրաստում։ Մատուցում ենք Ֆլան, որն իմ ամենասիրած աղանդերն է, Կրեմա Կատալանը, որը կրեմ-բրյուլեի է նման, Տորիխասը եւ Տորթա դե Սանտիագոն, որը նուշի ալյուրով պատրաստված թխվածք է։

Աշոտ Փարսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Խմիչքներից ամենահայտնին սանգրիան է, որը մատուցվում է երկու լիտրանոց բաժակով։ Հետաքրքիրն այն է, որ իսպանացիները սովորաբար սանգրիա չեն խմում, նրանք նախընտրում են Տինտո դե Վերանոն։ Այն պատրաստվում է կարմիր գինին կիտրոնի զովացուցիչ գազավորված հյութի հետ խառնելով։ Սանգրիայի մեջ կա նաեւ լիկյոր, բրենդի եւ մրգեր, ուստի այն ավելի բարդ է պատրաստել։ Այդպիսով, սանգրիան ավելի շատ զբոսաշրջիկների համար է, իսկ Տինտո դե Վերանոն՝ իսպանացիների։

Մյուս խմիչքը, որը իսպանացիները սիրում են՝ Clara-ն է։ Այն պատրաստելու համար կես բաժին գարեջրին ավելացնում են կես բաժին կիտրոնի հյութ։ Կիտրոնի թթվայնությունը կոտրում է գարեջրի ալկոհոլի ուժը։ Այն հիմնականում մատուցվում է գինու կամ ջրի բաժակներով, ոչ մեծ գավաթներով։ Գինիները մեզ մոտ բացառապես իսպանական ու հայկական են։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ռեստորանում երգացանկն էլ իսպանական է։ Երաժիշտները նվագում են թե դասական երաժշտություն, թե ֆլամենկո։ Ուրբաթ եւ շաբաթ օրերին հենց մուտքի մոտ պատրաստում ենք ավանդական մեծ պաելյաներ, որպեսզի հյուրերը տեսնեն պատրաստման գործընթացը։ Այդ օրերին կարելի է նաեւ պատվիրել մեկ բաժնով, իսկ այլ օրերին պաելյաները մատուցում ենք երկու անձի համար։

Իսպանացի շեֆն ու բազմազգ թիմը

Olé-ի շեֆ խոհարարն իսպանացի է։ Շատ մեծ դժվարությամբ՝ շուրջ 8 ամիս, հարցազրույցներ եմ անցկացրել Հայաստանից Իսպանիա՝ փորձելով գտնել մեզ ամենահամապատասխան խոհարարին։ Դժվար էր, քանի որ շատերը չէին ցանկանում ռիսկի դիմել ու նոր նախագծի համար գալ անծանոթ երկիր։ Իմ հայտարարություններին արձագանքեց Անտոնիո, ով ծագումով Անդալուզիայից է։ Պայմանավորվեցինք հանդիպել Բարսելոնայում՝ փորձնական մի քանի օր խոհանոցում աշխատելու համար, որպեսզի տեսնենք՝ արդյո՞ք կարող ենք լեզու գտնել։ Համաձայնության եկանք։ Նրան գրավեց ռեստորանի տեսակը ու որոշեց օգնել իր երկրի մշակույթը մեր երկրում զարգացնելու հարցում։ Անտոնիոն ֆանտաստիկ աշխատանք է կատարում եւ շատ սրտացավ է։ Առհասարակ, լավ թիմ ունենք, անձնակազմը բազմազան է, իսպանախոս հայեր կան, խոհարարի օգնականը կուբացի է, նաեւ մարոկացի խոհարար ունենք, մատուցողներից մեկն ու բարմենը նույնպես Կուբայից են, մատուցողի օգնականը պարսկուհի է, իսկ աման լվացողը՝ ռուս։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սկզբում, երբ դեռ շեֆ խոհարարը չկար, պաելյան ես էի պատրաստում, որովհետեւ նախ պատրաստելու գործընթացն եմ շատ սիրում, հետո՝ բոլորն ասում են, որ վատ չի ստացվում։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Olé-ն պաշտոնապես սկսել է աշխատել 2025թ. օգոստոսի սկզբից։ Այս ընթացքում շատ փորձարկումներ ենք արել տեղական մթերքով իսկական իսպանական ուտեստներ ստանալու համար, քանի որ որոշ մթերքներ Հայաստանում եւ Իսպանիայում շատ տարբեր են։ Իսպանացիները, ովքեր եղել են մեզ մոտ, ասել են, որ սա լավագույն իսպանական ռեստորանն է Իսպանիայից դուրս։ Մեր հյուրերը գոհ ու հիացած են հեռանում այստեղից։ Այս առումով էլ ռեստորանի համար ընտրել ենք լավագույն ու ամենահարմար անունը։ Olé-ն կարճ է, բոլորը հասկանում են եւ այն ասոցացվում է հիացմունքի հետ։ 

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին