×

Մարիա Մանուկյանը (մեջտեղում) Լուսանկարը՝ Բարմենների հայկական ասոցիացիա

Հայ բարմենների նվաճումները Կոկտեյլների աշխարհի առաջնությունում

Երկամյա դադարից հետո այս տարի կրկին անցկացվեց Կոկտեյլների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էր ավելի քան 60 երկիր: Այս տարի այն հյուրընկալել էր Կուբան: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բարմենների հայկական ասոցիացիայի թիմը մրցույթում հրաշալի արդյունքներ էր գրանցել՝ անհատական ձեռքբերումներից զատ նվաճելով նաեւ թիմային մրցանակը:

Մրցույթի մասնակից բարմենները GastroVino-ի հետ զրույցում պատմել են, թե ինչպես են կարողացել հաղթահարել բոլոր դժվարություններն ու լինել առաջատարների շարքում:

Միանգամայն նոր կանոններ

Հայաստանը Կոկտեյլների աշխարհի առաջնությանը ներկայացնելու համար Բարմենների հայկական ասոցիացիան 2022թ. օգոստոսի 20-ին կազմակերպել էր նախընտրական մրցույթ, որին մասնակցել են ասոցիացիայի անդամ հանդիսացող 12 բարմեններ: Մրցույթի արդյունքով հաղթող էր ճանաչվել Մարիա Մանուկյանը՝ վաստակելով Հայաստանը միջազգային մրցույթում ներկայացնելու պատիվը: Նա ներկայացել է դասական ոճի Long Drink դասակարգում՝ մասնակից 64 երկրների շարքում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:

Այս տարի առաջնության կանոնները փոխվել էին, ինչը, բնականաբար, նոր դժվարություններ էր ստեղծել մասնակիցների համար:

Մարիա Մանուկյանը (մեջտեղում) Լուսանկարը՝ Բարմենների հայկական ասոցիացիա


«Ինձ էին սպասում, որ բարդացնեն»,- կատակում է Մարիան: «Նախորդ տարիներին դու մրցում էիր քո դասակարգում: Մեկ անգամ պատրաստում էիր քո կոկտեյլը, դրա արդյունքով անցնելով հաջորդ փուլ, նորից նույն կոկտեյլն էիր պատրաստում, որով ժյուրին ստուգում էր կոկտեյլի կայունությունը եւ որոշում հաղթողին: Այս տարի դասական ոճի մրցույթն ընթացավ 3 փուլով: Առաջինում բոլոր մասնակիցները մրցեցին 5 դասակարգերում, որի արդյունքով յուրաքանչյուր դասակարգում լավագույն 3 բարմեններն անցան հաջորդ փուլ: Կիսաեզրափակչում 15 մասնակիցներս հաղթահարեցինք 3 տարբեր փորձություններ: Առաջինը համի եւ հոտի թեստն էր, որն ինձ համար շատ բարդ էր, քանի որ սարսափելի հիվանդ էի: Բայց արի ու տես, որ հաջողվեց լավ արդյունք գրանցել: Կիսաեզրափակչում, բացի առաջին թեստից, կար նաեւ քննություն IBA-ի՝ Բարմենների միջազգային ասոցիացիայի պատմության մասին, եւ վերջում արագության մրցույթ, որով մասնակիցը պետք է ցույց տար՝ ինչքան արագ ու սահուն կարող է աշխատել: Այս փուլերը հաղթահարելով՝ անցա եզրափակիչ փուլ»,- մանրամասնում է Մարիան:

Կտրված կաթով կոկտեյլը

Եզրափակիչ անցած 4 երկրների ներկայացուցիչները պետք է պատրաստեին կոկտեյլ սեւ արկղում եղած բաղադրիչներով: Այն նախապատրաստելու համար մեկ ժամ ունեին, որից հետո սպասվում էր կոկտեյլի պատրաստման ելույթը ժյուրիի առջեւ:

Մարիա Մանուկյանը Լուսանկարը՝ Բարմենների հայկական ասոցիացիա


«Այս տարի իրավունք կար օգտագործելու նաեւ «homemade» բաղադրիչ, այսպես ասած, կիսապատրաստուկ: Ես որոշեցի կոկտեյլը պատրաստել կտրված կաթով: Նախապես ճշտեցի, թե արդյ՞ոք կարող եմ միտքս փորձել, իսկ եթե սեւ արկղում անհրաժեշտ բաղադրիչները չլինեն, տեղում նոր կոկտեյլ կպատրաստեմ: Այդպես վերցրի ինձ անհրաժեշտ բաղադրիչները, միախառնելուց հետո ավելացրի կաթ, կաթը կտրվեց, ստացված զանգվածն անցկացրի թանզիվե կտորի միջով՝ առանձնացնելով դրա ամենաթեթեւ հեղուկ զանգվածը: Դա արդեն իսկ իմ կոկտեյլն էր՝ թափանցիկ եւ վարդագույն երանգով: Այս պարագայում կաթը նրբացնում է բոլոր համերը՝ հղկելով սուր անկյունները: Հետո պարզվեց, որ իմ օգտագործած բոլոր բաղադրիչները սեւ արկղում կային, ուստի ես արդեն պատրաստ էի ելույթին»,- մանրամասնում է Մարիան:

Իր ազատ ժամանակ Մարիան սկսել է օգնել մրցակից բարմեններին, ինչը շատերին զարմացրել է: Նման վարքն ընդունված չէր, եւ սա հայ մասնակցի մեկ այլ «նորարարությունն» էր մրցաշարում:

Միամիտ վրիպումը

Ելույթի ժամանակ Մարիային շատ բան չէր մնում անելու, քանի որ կոկտեյլը գրեթե պատրաստ էր նախապես ստեղծված եւ մեկ բաղադրիչ դարձած խառնուրդի շնորհիվ: Նա փորձել էր ցույց տալ, որ կարելի է ունենալ արագ պատրաստվող ու համեղ կոկտեյլ՝ հնարավորություն ունենալով ավելի երկար շփվելու հյուրի հետ:

«Պարզվեց, որ սա այնքան էլ լավ միտք չէր: Ժյուրիի անդամները հնարավորություն չէին ունեցել տեսնելու, թե ես տեխնիկապես ինչպես եմ աշխատում բարի հետեւում, քանի որ իմ «homemade» բաղադրիչն արդեն իսկ գրեթե պատրաստի կոկտեյլն էր ու անելու շատ բան չունեի: Կարող էի գոնե նախապես արածս գործընթացը տեսագրել ու տեսանյութով ցույց տալ, սակայն մտքովս չէր անցել եւ դա էր պատճառը, որ եզրափակիչ փուլում լավագույն արդյունքը չգրանցեցի»,- մանրամասնել է Մարիան:

Մարիա Մանուկյանը Լուսանկարը՝ Բարմենների հայկական ասոցիացիա


Եզրափակիչ փուլի արդյունքով տեղերը երկրների միջեւ դասավորվել են հետեւյալ հերթականությամբ՝ Շվեդիա, Իռլանդիա, Հայաստան եւ Իտալիա: Մարիայի համար սա շատ լավ արդյունքն է, որովհետեւ նա չէր էլ ենթադրում, որ առաջին անգամ մասնակցելով՝ կհասնի եզրափակիչ փուլ:

Խոչընդոտների հաղթահարումը տարիների փորձով

Կոկտեյլների աշխարհի առաջնությունում բարմենները մրցում են նաեւ ազատ ոճում՝ ֆլեյրինգում: Այստեղ Հայաստանը ներկայացնում էր Էդգար Սուվարյանը:

Ֆլեյրինգի առաջնությանը մասնակցելու նպատակով երկրների մասնակիցները նախընտրական փուլ են անցնում, որի համար իրենց աշխատանքային տեսանյութերն ուղարկում են Բարմենների միջազգային ասոցիացիա, որտեղ էլ ընտրում են՝ տվյալ երկիրը մասնակցելու՞ է մրցույթին, թե՞ ոչ:

«Երբ ստացանք մասնակիցների ցանկը, տեսանք, որ դրանում ներկայացված չենք: Փորձեցի սեփական կապերով ճշտել՝ ո՞րն է խնդիրը, եւ պարզվեց, որ մեր տեսանյութը տեղ չէր հասել, ժյուրին այն չէր էլ դիտել: Տեսանյութը դիտելուց հետո իմ անունը ցանկում ավելացրին: Այսպես, ամեն ինչ մի քիչ տարօրինակ սկսվեց»,- հիշում է Էդգարը:

Էդգար Սուվարյանը Լուսանկարը՝ Բարմենների հայկական ասոցիացիա


Մրցույթի հաջորդ փուլը եւս հարթ չի անցել: Էդգարի խոսքով՝ նման առաջնություններին մասնակցելու համար երկար տարիների փորձ է պետք, որովհետեւ յուրաքանչյուր անգամ պայմանները կարող են տարբեր լինեն: Օրինակ՝ Կուբայում բարի կանգնակը սովորականից տարբեր էր, ինչը ստիպել է Էդգարին հենց մրցույթի օրը փոփոխություններ կատարել սպասվելիք ելույթում: Սա, իհարկե, չէր կարող չանդրադառնալ ելույթի տեխնիկական կատարման վրա:

Լավագույնը ճանաչված կոկտեյլի գաղտնիքը

Այդուհանդերձ, բացի բուն ելույթից, կարեւոր նշանակություն ուներ նաեւ պատրաստվող կոկտեյլը: Եզրափակիչ փուլ անցնելու գործում Էդգարին հենց յուրահատուկ կոկտեյլն է օգնել, որը գնահատվել է որպես լավագույն ու արժանացել Best Flair Cocktail Award-ին:

«Երբ ստացանք բաղադրիչների ցանկը, ուզում էի գտնել մի այնպիսի բաղադրիչ, որը չի օգտագործվել մինչ այդ եւ ժյուրիի համար հետաքրքիր կլինի տեսնել հենց այդ բաղադրիչով կոկտեյլ: Այդ բաղադրիչը դարձավ Timur berry կորդիալը, որը շատ լավ համադրվում է ռոմի հետ: Այս երկու բաղադրիչներն արդեն իսկ յուրօրինակ համային փունջ են կազմում, եւ մնում էր դա պարզապես լրացնել այնպիսի բաղադրիչներով, որոնք շատ չէին փոխի կոկտեյլի համը»,-մանրամասնում է էդգարը:

Էդգար Սուվարյանը ձախից առաջինն է Լուսանկարը՝ Բարմենների հայկական ասոցիացիա


Նրա խոսքով՝ եզրափակիչ փուլում արդեն ավելի պատրաստ էր, ուստի կարողացել է ամբողջապես տրվել պահին ու փոխանցել ամբողջ էներգիան:

«Շատ գոհ եմ ելույթիցս, լավագույնս ներկայացա, իսկ արդյունքներում շատ բան արդեն ժյուրիից էր կախված»,- մանրամասնել է Էդգարը, որը վերջնաարդյունքով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:


Թիմային հաղթանակ

2022 թվականի Կոկտեյլների աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է նաեւ թիմային մրցանակ՝ Challenge Cup, որը տրվում է մեկ տարի ժամկետով: Այս մրցանակը շնորհելիս ժյուրին հաշվի է առնում թիմի ակտիվ աջակցությունը մասնակիցներին եւ գրանցած բարձր արդյունքները: Բարմենների հայկական ասոցիացիայի քարտուղար Լիլիթ Պողոսյանի խոսքով՝ հայկական թիմի այս տարվա կազմը խորհրդանշական էր:

«Թիմում կային անդամներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից, կարծես աշխարհի տարբեր ծայրերից հայերը հավաքվել էին, եւ շատ խորհրդանշական էր, որ հենց այս տարի մենք ստացանք թիմային մրցանակը: Բարմենների հայկական ասոցիացիայի երկար տարիների աշխատանքի արդյունքում մենք մի շարք մրցանակներ ենք ունեցել տարբեր միջազգային առաջնություններում, սակայն այս տարին առանձնահատուկ էր նաեւ թիմային հաղթանակով:

Լուսանկարը՝ Բարմենների հայկական ասոցիացիա


Ասոցիացիայի նախագահ Տիգրան Ավետիսյանը գրեթե միշտ ներկայացված է ժյուրիի կազմում, եւ ժյուրիի անդամները եւս քննություն են անցնում: Հատկանշական է, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ Տիգրան Ավետիսյանը համտեսի ժյուրիի շարքում զբաղեցնում է առաջին տեղը»,- ամփոփում է նա:

Գայանե Ենոքյան

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին