×

Ստեփան Աբրահամյանը՝ World Cocktail Championship-2018-ում Լուսանկարը՝ Բարմենների հայկական ասոցիացիա

Հայկական բարմենական արվեստի վերելքի ճանապարհը

Հայաստանում բարմենի մասնագիտությունը առաջ տանելու եւ զարգացնելու ուղղությամբ ջանքեր սկսեցին գործադրվել 2000-ականներից, երբ իր մասնագիտությունը շատ սիրող բարմեն Տիգրան Ավետիսյանն ու նրա երեք ընկերը որոշեցին հիմնադրել Բարմենների հայկական ասոցիացիան եւ անդամակցել Բարմենների միջազգային ասոցիացիային: 2002 թվականին նրանք պաշտոնապես գրանցեցին ասոցիացիան՝ նպատակ ունենալով զարգացնել բարմենի մասնագիտությունը բարմենական մրցույթների ու որակյալ կրթության միջոցով: 2005 թվականին էլ հիմնադրել են «Բար Ակադեմիա» բարմենների դպրոցը, որն արդեն 1000-ից ավելի շրջանավարտ է ունեցել:

Շենգեն վիզա՝ գումարի գրավով

GastroVino-ի հետ զրույցում Բարմենների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Ավետիսյանը պատմում է, որ ինքը 2000թ. աշխատում էր որպես բարմեն եւ քաջ գիտակցում էր, թե որքան խնդիրներ կան ոլորտում: 

«Այդ տարիներին ինտերնետը դեռ քիչ հասանելի էր, չկար մասնագիտական գրականություն, ալկոհոլային որոշ խմիչքներ եւ բարմենի աշխատանքում անհրաժեշտ գործիքներ իսպառ բացակայում էին շուկայից: Մեր նպատակն էր դառնալ Բարմենների միջազգային ասոցիացիայի անդամ, որպեսզի ինֆորմացիայի հասանելի աղբյուր ունենանք: Բարմենների հայկական ասոցիացիայի հիմնադրումից հետո նամակ գրեցինք Միջազգային ասոցիացիա: Պատասխանեցին, որ անդամակցության համար պետք է որոշակի պայմանների բավարարենք: Նախեւառաջ մենք պետք է ակտիվ լինեինք եւ բարմենների շրջանում մրցույթներ անցկացնեինք: Բացի այդ, պետք է նվազագույնը 50 անդամ ունենայինք եւ որպես դիտորդ մասնակցեինք Բարմենների միջազգային ասոցիացիայի համաժողովին, որն ամեն տարի անցկացվում է տարբեր երկրներում»,- հիշում է Տիգրան Ավետիսյանը:

Մոտակա ժողովն անցկացվելու էր 2003թ. Սեւիլիա քաղաքում: Տիգրանի եւ ընկերոջ մեկնումը հովանավորում էր Երեւանի կոնյակի գործարանը: Սակայն մի խնդիր կար. այդ տարիներին Շենգենյան վիզա ստանալն այդքան էլ հեշտ չէր: 


Տիգրան Ավետիսյանը Լուսանկարը՝ Բարմենների հայկական ասոցիացիա

«Այդ տարիներին ես աշխատում էի «Կակտուս» ռեստորանում, համատեղությամբ նաեւ «Կոնգրես» հյուրանոցում: Երկու հոգով դիմեցինք դեսպանատուն, բայց մեզ մերժեցին: Մի օր «Կոնգրես» հյուրանոց այցելեց Իտալիայի հյուպատոսը, եւ ես նրան այդ խնդրի մասին ասացի: Այդ ժամանակ ընդունված պրակտիկա էր որոշակի գումար որպես գրավ թողնել դեսպանատանը եւ վերադառնալիս վերցնել: Հայթայթեցինք այդ գումարը, թողեցինք դեսպանատանն այն պայմանով, որ միայն մեկ հոգի կարող է գնալ մեզնից: Միայնակ գնացի այդ համաժողովին: Անգլերենին շատ լավ չէի տիրապետում, բայց համաժողովի ընթացքում պետք է ելույթ ունենայի: Ընդմիջմանը հավաքեցի մտքերս եւ իմ իմացած անգլերենով ողջունեցի ներկաներին ու խոսեցի Հայաստանի հնարավոր անդամակցության մասին»,- պատմում է Տիգրան Ավետիսյանը:

Սոցիոլոգիայի դոկտորն ու Վեգասի համաժողովը 

Հաջորդ տարի համաժողովը Լաս Վեգասում էր, սակայն խմբի անդամներից ոչ ոք ԱՄՆ-ի մուտքի վիզա չստացավ: Նրանք որոշեցին Տիգրանի կնոջ՝ ԱՄՆ-ում բնակվող ընկերուհուն խնդրել, որ մեկ այլ նահանգից մեկնի Լաս Վեգաս եւ համաժողովին ներկայացնի Հայաստանի բարմենների ասոցիացիան: Վերջինս սոցիոլոգիայի դոկտոր էր եւ շատ լավ կարողացավ ներկայացնել Հայաստանը:

«Երրորդ տարին համաժողովը Հելսինկիում էր, մենք կրկին վիզա չստացանք, ես էլ ստիպված նամակ գրեցի Միջազգային ասոցիացիայի նախագահին եւ ասացի, որ չենք կարող ներկա գտնվել, բայց կուղարկենք հաշվետվություն, թե ինչ ենք արել տարվա ընթացքում: Նա ինքն էր ներկայացրել մեր հաշվետվությունը համաժողովին, եւ դրանից հետո մեզ անդամակցելու հնարավորություն տվեցին: 2006-ից մենք իրավունք ստացանք մասնակցել միջազգային մրցույթների եւ այդ ժամանակից սկսած վիզա ստանալու հետ կապված խնդիրներ չենք ունեցել»,- հիշում է Տիգրան Ավետիսյանը: 

Երկու տեսակի մրցույթները 

Բարմենների հայկական ասոցիացիան տարեկան 4-6 մրցույթ է կազմակերպում Հայաստանում: Հայաստանյան մրցույթների հաղթողները մասնակցում են նաեւ միջազգային մրցաշարերին: Բարմենական մրցույթները սովորաբար երկու տեսակի են լինում՝ կոմերցիոն, երբ որեւէ ապրանքանիշ հովանավորում է մրցույթի անցկացումը եւ մրցանակներ տրամադրում հաղթողներին, եւ ոչ կոմերցիոն, հեղինակավոր մրցույթներ: Վերջիններից է World Cocktail Competition-ը: 

Տիգրան Ավետիսյանը նշում է, որ իրենք սովորաբար երկու տեսակի մրցույթներին էլ մասնակցում են: «Մեզ մոտ ընդունված է ասել, որ մեկ մրցույթի մասնակցությունը հավասար է մեկ տարվա աշխատանքային փորձի, քանի որ բարմենների առջեւ բավականին բարդ խնդիրներ են դրվում: Մրցույթին սովորաբար թիմով ենք մեկնում: 

Մի քանի հաջողություն ենք ունեցել այս տարիների ընթացքում, բայց մեր նպատակն է առաջին տեղ գրավել նաեւ ամենահեղինակավոր մեծ մրցույթներում»,- ասում է նա:


Տիգրան Ավետիսյանը, Գրիգոր Հարությունյանը եւ Գառնիկ Սահակյանը Քեյփթաունում Լուսանկարը՝ Բարմենների հայկական ասոցիացիա

2014թ. Քեյփթաունում անցկացվող Բարմենների աշխարհի առաջնությանը Բարմենների հայկական ասոցիացիայի անդամ Գառնիկ Սահակյանը  զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Ասոցիացիայի մեկ այլ անդամ՝ Ստեփան Աբրահամյանը, 2016 թվականին Տոկիոյում անցկացվող Բարմենների աշխարհի առաջնությանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, այնուհետեւ նույն հաջողությունը գրանցել է նաեւ 2018 թվականին Էստոնիայում:

«Լավագույն ինովացիա» մրցանակը 

2018 թվականին Հայաստանը Կուբայում մասնակցել է Havana Club ապրանքանիշի մրցույթին, եւ Ստեփան Աբրահամյանը զբաղեցրել է 2-րդ տեղը:

Կա նաեւ աշխարհի ոչ ալկոհոլային կոկտեյլների առաջնություն, որն ընթանում է Պրահայում: Այս մրցույթին դիմում են Բարմենների միջազգային ասոցիացիայի բոլոր 65 երկրները եւ մասնակցության համար ընտրվում է 20 երկիր: 


«Լավագույն ինովացիա» մրցանակին արժանացած կոկտեյլը Լուսանկարը՝ Բարմենների հայկական ասոցիացիա

«Մենք այդ մրցույթին մասնակցում ենք 2006 թվականից եւ միշտ լավագույն 20 երկրների շարքում ենք: Անցած տարի այս մրցույթում Ստեփան Աբրահամյանը ստացավ «Լավագույն ինովացիա» մրցանակը: Դա մեզ համար ավելի արժեքավոր էր, քան առաջին տեղը զբաղեցնելը»,- ասում է ասոցիացիայի նախագահը:


Ստեփան Աբրահամյանը Լուսանկարը՝ Բարմենների հայկական ասոցիացիա

Այս տարի Հայաստանում անցկացվեց Բարմենների միջազգային ասոցիացիայի եվրոպական երկրների համաժողովը, որի ընթացքում քննարկվում էր 2022 թվականին World Cocktail Competition-ը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը: 


Լուսանկարը՝ Բարմենների հայկական ասոցիացիա

Բարմենների հայկական ասոցիացիայի անդամ դառնալու համար հարկավոր է կրթություն ստանալ «Բար ակադեմիա» բարմենների դպրոցում եւ լինել լավ բարմեն, այլ պայմաններ չկան: Տիգրան Ավետիսյանը նշում է, որ «Բար ակադեմիա» բարմենների դպրոցի սովորողների շարքում բավականին շատ աղջիկներ կան: 

Տեսական ու գործնական գիտելիքներ

Ուսումը «Բար ակադեմիա»-ում տեւում է 4 ամիս՝ շաբաթական 3 օր 2-ական ժամով: Ակադեմիայում ուսանողներն ունենում են տեսական ու գործնական դասընթացներ: Սկզբում տեսական դասերն են, հետո ապագա բարմենները ծանոթանում են կոկտեյլների բաժակների եւ անհրաժեշտ գործիքների հետ: Տեսական դասընթացի ժամանակ սովորում են խմիչքների առանձնահատկությունները եւ զուգահեռ մասնակցում են համտեսների: Օրինակ, եթե թեման վիսկին է, համտեսների միջոցով ծանոթանում են վիսկիների տեսակներին ըստ երկրների: 

Բոլոր խմիչքների վերաբերյալ լիարժեք ինֆորմացիա ունենալուց հետո անցնում են կոկտեյլների հետ ծանոթությանը: Կա մոտ 100 դասական կոկտեյլ, եւ յուրաքանչյուր բարմեն պետք է ծանոթ լինի դրանց բաղադրատոմսին եւ պատրաստման եղանակին: Քննության փուլում յուրաքանչյուր ուսանող պետք է կոկտեյլի նոր բաղադրատոմս ներկայացնի եւ պատրաստի այն:


Տիգրան Ավետիսյանը Լուսանկարը՝ Բարմենների հայկական ասոցիացիա

«Այս պահին աշխատում ենք կրթական ծրագիրը փոփոխելու ուղղությամբ: Նաեւ փորձում ենք դպրոցը տեխնիկապես ավելի հագեցնել: Ցանկանում ենք բարմենի կրթությանը հավելել նաեւ foodpairing-ը, որպեսզի բարմենը կարողանա նաեւ որոշակի ուտեստներ պատրաստել եւ համադրել իր ստեղծած կոկտեյլի հետ:

Շրջանավարտներին աջակցում ենք աշխատանքի տեղավորման հարցում: Այս պահին Հայաստանում բարմենների առաջարկը շատ մեծ է, շարունակ ժամանցի նոր վայրեր են բացվում, եւ մեզ հաջողվում է այդ պահանջարկը բավարարել մեր ուսանողների միջոցով»,- ասում է Տիգրան Ավետիսյանը:

Մեր զրույցի վերջում նա նշում է, որ լավ բարմեն լինելու համար առաջին հերթին հարկավոր է լինել լավ ու հյուրասեր մարդ, մնացածը կգա փորձի հետ: Իսկ ահա ալկոհոլային խմիչքների հանդեպ սերը պարտադիր չէ: «Օրինակ՝ ես ալկոհոլ չեմ օգտագործում: Ճիշտ է, ամեն օր փորձում եմ՝ աշխատանքիս առանձնահատկություններից ելնելով, բայց շատ խմել չեմ սիրում»,- ասում է նա:

Մարիամ Մանոյան

Լուսանկարները տրամադրել է Բարմենների հայկական ասոցիացիան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին