2019 թվականին GastroVino-ն պատմել էր շեֆ-խոհարար Հայկ Վեյշտորտի՝ Հայաստան վերադարձի ու մասնագիտական ուղու մասին։ Այս անգամ խոհարարն Ուկրաինայից պատմել է Երեւանում ստեղծվող նոր ռեստորանի ու մասնագիտական զբաղվածության մասին։
2019-ից հետո երկու տարի մնացի Երեւանում, աշխատեցի մի շարք նախագծերի վրա, այդ թվում՝ «Կացին», «Կոբա»։ Հետո մեկնեցի Լոս Անջելես։ Ապրեցի այնտեղ մոտ կես տարի ու հասկացա՝ Ամերիկան իմ երազանքի երկիր չէ։ Այնտեղից վերադարձա Կիեւ, որտեղ մի անհաջող համագործակցություն ունեցա։ Հետո միաժամանակ ղեկավարում էի տասից ավելի ռեստորան ։
Վերջերս ներդրում ստացա Հայաստանում նոր ռեստորան բացելու համար՝ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Բացումը նախատեսվում է 2025թ. դեկտեմբերին։ Անվանումը դեռ չենք հրապարակում, բայց այն լինելու է գեղեցիկ վայր՝ հայկական խոհանոցով ու fine dining մոտեցմամբ։
Հայկ Վեյշտորտը | Լուսանկարը՝ անձնական արխիվ
Հիմա հիմնականում ապրում եմ Վարշավայում, որովհետեւ երեխաներս այնտեղ են, բայց հաճախակի մի երկրից մյուսն եմ գնում։ Ուկրաինայում մեծ ընկերության շեֆ-խոհարար եմ՝ 10-ից ավել ռեստորաններով։ Վերջերս ընդամենը 7 օրում Օդեսայում նոր ռեստորան բացեցինք՝ Twins։ Չնայած պատերազմին, Ուկրաինայում մարդիկ շարունակում են ապրել եւ աշխատել։
Հայաստանում հաճախ եմ լինում։ Պատահում է՝ ամեն ամիս։ Նոր ռեստորանի բացումից հետո էլ ավելի հաճախ կլինեմ։
Հայկ Վեյշտորտը | Լուսանկարը՝ անձնական արխիվ
Այսօր ինձ հատկապես հետաքրքրում են պարզ համերը։ Ինձ շատ դուր է գալիս Մերձավոր Արեւելքի խոհանոցը՝ այն շատ մոտ է հայկականին։ Մենք վերցնում ենք այդ հիմքը ու զարգացնում եվրոպական տեխնիկաներով։ Մեր հիմնական գործիքը կրակն է։ Խորովելը ոմանք հույներինն են համարում, ոմանք՝ հայերինը, բայց էությունը նույնն է՝ կենդանի կրակ, բնական համ։ Այսօր սա համաշխարհային խոհարարության գլխավոր թրենդներից է։
Հայկ Վեյշտորտը | Լուսանկարը՝ անձնական արխիվ
Հայաստանում ռեստորան բացելու համար սկսել եմ աշխատել ֆերմաների հետ։ Ուզում եմ ամեն օր ստանալ թարմ, սեզոնային բանջարեղեն, կենտրոնանալ հնարավորինս թարմ պրոդուկտի վրա։ Հայաստանում խոզի միսը լավն է, բայց տավարի մսի հետ խնդիր կա։ Ոչխարի մսի մատակարարման հարցը լուծել ենք, իսկ տավարի ուղղությամբ դեռ աշխատում ենք։
Հայաստանում սեզոնային մթերքը լավն է, բայց գյուղատնտեսությունն այնքան զարգացած չէ, որ ամեն պահի անհրաժեշտ պրոդուկտը ստանաս։
Անի Խչոյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: