Բարմենների միջազգային ասոցիացիայի հերթական ժողովն առաջին անգամ կայացել է Երեւանում: Ասոցիացիայի անդամներին հանդիպել ենք Երեւանի կոնյակի գործարան կատարած այցի ժամանակ:
Ամեն տարի Բարմենների միջազգային ասոցիացիայի (International Bartenders Association (IBA)) եվրոպական երկրների նախագահները հանդիպում են որեւէ երկրում ու ամփոփում տարվա աշխատանքները: Բարմենների հայկական ասոցիացիան երեք տարի առաջ Վիեննայի ժողովի ընթացքում էր առաջարկել 2019-ի ժողովը Երեւանում կազմակերպել:
«Ասոցիացիայի որոշում կայացնող հիմնական անդամներն են ժամանել Հայաստան: Այս այցից հետո մեր նպատակն է, որ Հայաստանը կրկին դիտարկվի ասոցիացիայի կողմից եւ ամենամյա World Cocktail Competition-ը (Համաշխարհային կոկտեյլի մրցույթ) 2022-ին անցկացվի այստեղ»,- ասում է Բարմենների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Ավետիսյանը:
Տիգրան Ավետիսյանը
Բարմենների միջազգային ասոցիացիայի Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահ Ջորջիո Ֆադդան մեզ հետ զրույցում հաստատում է այս տարբերակի դիտարկումը:
«Մեր ասոցիացիայի բարմենների մեծ մասը Եվրոպայից եւ Ասիայից են, իսկ Հայաստանը գտնվում է այդ երկու մայրցամաքների ուղիղ մեջտեղում։ Ինչո՞ւ ոչ. հիանալի հնարավորություն կլինի այստեղ հանդիպում կազմակերպելը: Մենք արդեն գիտենք, թե հաջորդ մրցույթը որ երկրում է լինելու, մյուս տարիների համար կքննարկենք նաեւ Հայաստանի տարբերակը»,- ասում է Ջորջիո Ֆադդան:
Ջորջիո Ֆադդան
Հայկական ասոցիացիայի նախագահի խոսքով՝ շատերն էին երկմտում Հայաստան այցելության համար, նրանք սովոր են ավելի հարմարավետ՝ մեկ չվերթով թռիչքների, նաեւ անդամների մեծ մասի համար Հայաստանն անծանոթ էր, պատկերացում չունեին՝ ուր են գալիս: Դժվարությունները մոռացվել են, երբ ժամանել են Հայաստան ու արժանացել հայկական հյուրասիրությանը:
«Սա երբեւէ ունեցածս ամենաթանկ չվերթն էր, սակայն չեմ ափսոսում այս այցելության համար,- անկեղծանում է Բարմենների իռլանդական ասոցիացիայի նախագահ Դեկլան Բըրնն ու շարունակում խոսքը,- եթե այս ժողովը չլիներ, ես երբեւէ հնարավորություն չէի ունենա Հայաստան գալու. այժմ շատ ուրախ եմ, որ այցելել եմ ու ճանաչել այս երկիրը, ձեր վարդագույն քաղաքը, որի մասին ոչինչ չգիտեի»:
Դեկլան Բըրնը
Հայկական կոնյակն ու պատմությունը՝ կոկտեյլի հիմք
Բարմենների իռլանդական ասոցիացիայի նախագահը ծանոթ չէր նաեւ հայկական խմիչքներին։ Երեւանի կոնյակի գործարանում տարբեր տեսակի ԱՐԱՐԱՏ կոնյակներ համտեսելուց առաջ նաեւ հայկական գինի էր փորձել:
«Երեք կամ յոթ տարեկան կոնյակները հեշտությամբ կարելի է օգտագործել կոկտեյլներ պատրաստելու համար: Իրականում բոլոր կոկտեյլներում, որտեղ օգտագործվում է վիսկի, կարելի է այն ազատ փոխարինել կոնյակով: Ավելի հին կոնյակի օգտագործումը կոկտեյլի մեջ շքեղություն կլինի:
Դեկլան Բըրնը
Երբ բարմենները հաղորդակցվում են հաճախորդների հետ, հաճախ ոչ թե կոկտեյլը տեսքի համար են վաճառում, այլ դրա պատմությունն են ներկայացնում, ինչն էլ վաճառում է խմիչքը: Կարծում եմ՝ աշխարհում բարմենները ARARAT-ի հիմքով պատրաստված կոկտեյլները կարող են վաճառել հենց այդ խմիչքի դարավոր պատմության համար»,- ասում է Դեկլան Բըրնը:
ARARAT-ը կոկտեյլի հիմք օգտագործելու համար IBA-ի փոխնախագահ Ջորջիո Ֆադդան հակառակ կարծիք է արտահայտում:
«ARARAT-ը այն խմիչքն է, որ պետք է պահպանի իր անհատականությունը. ես հայկական կոնյակը որպես ինքնուրույն խմիչք եմ նախընտրում, չնայած երիտասարդ տարիքի կոնյակները կարելի է օգտագործել կոկտեյլ պատրաստելու համար:
Դեկլան Բըրնը եւ Ջորջիո Ֆադդան
Նման լավ կոնյակը հավանաբար լիմոնի կամ շաքարավազի հետ խառնելու ճիշտ բաղադրիչը չէ: Կոնյակի ու վիսկիի նման խմիչքները, եթե անգամ օգտագործում ենք որպես կոկտեյլի հիմք, պետք է միայն մեկ բաղադրիչի հետ համադրենք»,- ասում է Բարմենների միջազգային ասոցիացիայի փոխնախագահը:
Ի տարբերություն ասոցիացիայի մյուս անդամների՝ վերջինս Հայաստանին լավ ծանոթ է. հայկական կոնյակ առաջին անգամ տարիներ առաջ է խմել, իր հայ ուսանողներից մեկն է հյուրասիրել: «Մի շարք հայ ընկերներ ունեմ, Շառլ Ազնավուրի երգերի հետ կապված հիշողություններ ունեմ: Հազարավոր մարդկանց մեջ հայերին կարելի է անմիջապես ճանաչել նրանց աչքերից, յուրահատուկ լույս կա ձեր աչքերում»,- ասում է Ջորջիո Ֆադդան:
Հայաստանն աշխարհի խմիչքների քարտեզում
Բարմենների իռլանդական ասոցիացիայի նախագահը կարծում է, որ նման այցելությունները կնպաստեն աշխարհում հայկական խմիչքների տարածմանը, քանի որ նրանք այս այցից հետո կսկսեն բոլորին պատմել Հայաստանի պատմության ու հնարավորությունների մասին:
«Չինաստանում նոյեմբերին կայանալիք մեր հաջորդ հանդիպմանը կամփոփենք հայաստանյան այցը, մեզ հետ կտանենք այստեղի պատմությունները: Կասենք, որ Երեւանը վարդագույն քարերի քաղաք է, որ սեւահեր ու սեւաչյա մարդիկ այստեղ շատ յուրահատուկ արտաքին ունեն, անպայման կնշենք, որ այստեղ մարդիկ շատ հյուրընկալ ու երջանիկ են, ինչպես Իռլանդիայում:
Ամալի Խաչատրյանը զրուցում է Դեկլան Բըրնի հետ
Հայաստանն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու համար այստեղի մարդիկ պետք է IBA-ին միանալու հնարավորության մասին մտածեն. մենք փնտրում ենք աշխարհի խմիչքների ընկերությունների աջակցությունը: Մեր ասոցիացիան 60-ից ավելի անդամ երկիր ունի, ամենալավ ու մատչելի տարբերակն է աշխարհին Հայաստանի ուղերձը փոխանցելու համար: Ի դեպ, Հայաստանն ունի նաեւ հիանալի բարմեններ, որոնք ամեն անգամ պատվով ներկայացնում են ձեր երկիրը World Cocktail Competition-ում»,- ամփոփում է Բարմենների իռլանդական ասոցիացիայի նախագահը:
Բարմենների միջազգային ասոցիացիայի պատվիրակները Երեւանի կոնյակի գործարանում
Բարմենների հայկական ասոցիացիայի նախագահն ընդգծում է, որ IBA-ը հիմնականում Եվրոպայում ճանաչված ապրանքատեսակների հետ է աշխատում: World Cocktail Competition-ի ժամանակ թույլատրելի է օգտագործել միայն Բարմենների միջազգային ասոցիացիայի հովանավորների ապրանքատեսակները։ Ըստ Տիգրանի՝ գուցե դա է պատճառը, որ շատերը հայկական խմիչքներին ծանոթ չեն:
Բարմենների միջազգային ասոցիացիայի պատվիրակները Երեւանի կոնյակի գործարանում
«Հայաստանում անցկացրել էինք ազգային կոկտեյլի առաջնություն, կոնյակի հիմքով պատրաստված Ապրիկոտա կոկտեյլն էր հաղթել, որը երկու տարի առաջ գրանցվել է Բարմենների միջազգային ասոցիացիայի ցանկում: Կոկտեյլի տարածումը բավականին մեծ է, IBA-ի կայքի վիճակագրությունն ուսումնասիրելիս նկատում ենք՝ 65 երկրի ազգային կոկտեյլների դիտումների քանակով Ապրիկոտան առաջին տեղում է»,- տեղեկացնում է Բարմենների հայկական ասոցիացիայի նախագահը:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Բարմենների հայկական ասոցիացիա
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: