×

Լուսանկարը՝ Maison Marom

Maison Marom-ը եւ Apicius Armenia-ն շարունակում են համագործակցությունը գաստրոնոմիական ոլորտում

Apicius Armenia-ն եւ Maison Marom-ը շարունակում են ռազմավարական համագործակցությունը, որը կարեւոր քայլ է հայկական հյուրընկալության եւ գաստրոնոմիական ոլորտներում գործնական եւ մասնագիտական կրթության զարգացման ուղղությամբ։ Այս համագործակցությունը նպատակ ունի ստեղծել հարթակ, որտեղ կրթական միջավայրը եւ գործնական փորձը միահյուսվում են՝ նպաստելով տեղական մասնագետների աճին եւ որակի բարձրացմանը ոլորտում։

Համագործակցության շրջանակում Apicius Armenia հյուրընկալության միջազգային դպրոցի ուսանողների համար վարպետության դաս անցկացրեց Maison Marom ընկերությունների խմբի ավագ  հրուշակագործ Արթուր Գեւորգյանը։ 

Վարպետաց դասի ընթացքում ներկայացվեց իսկական իտալական ջելատոյի պատրաստման ամբողջ գործընթացը՝ փուլ առ փուլ։ Նա նաեւ կիսվեց մասնագիտական խորհուրդներով համերի հավասարակռման, տեքստուրաների եւ մատուցման մասին։ Ուսանողները հնարավորություն ունեցան ոչ միայն դիտելու ու լսելու, այլեւ աղանդեր ու ջելատո պատրաստելու մասնագետի հետ՝ ստանալով արժեքավոր գիտելիքներ եւ փորձ։

Լուսանկարը՝ Maison Marom


«Գաստրոնոմիան զարգանում է գիտելիքի, փորձի եւ մշտական նորարարության հիման վրա։ Ուսանողների հետ աշխատելիս կարեւոր եմ համարում ոչ միայն տեխնիկան նրանց փոխանցելը, այլեւ մասնագիտական մտածողության ձեւավորումը՝ արտադրանքի որակի, անվտանգման, տեխնոլոգիական կարգապահության եւ համերի ճշգրտության նկատմամբ։ Համոզված եմ, որ միջազգային փորձի փոխանակումը խթանում է մասնագիտական աճը եւ բարձրացնում է Հայաստանի դերը համաշխարհային գաստրոնոմիական հարթակում»,-նշում է Արթուր Գեւորգյանը:


Հիշեցնենք, որ հուլիսին Maison Marom ընկերությունների խմբի գաստրոնոմիական ուղղություն Melonpan ընկերությունը եւ Apicius Armenia նախագծի իրականացնող Green Rock հիմնադրամը ստորագրել էին համագործակցության հուշագիր՝ ամրապնդելով ռազմավարական գործընկերությունը հյուրընկալության կրթության ոլորտում։

Maison Marom-ը հանդիսանում է Apicius Armenia դպրոցի առաջին կրթաթոշակային գործընկերը։ Համագործակցության արդյունքում ուսանողները հնարավորություն են ստանալու ներգրավվել իրական պրոյեկտների, ստանալու մենթորություն եւ խորացնելու իրենց գործնական հմտությունները՝ աշխատելով ոլորտի առաջատար մասնագետների հետ։ Այս նախաձեռնությունները միտված են ապագա մասնագետների պատրաստմանը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Լուսանկարը՝ Maison Marom


«Apicius Armenia-ի հետ գործընկերությունը նշանավորում է կարեւոր քայլ՝ պատրաստելով նոր սերնդի մասնագետներ, ովքեր կարող են մրցել միջազգային գաստրոնոմիական ոլորտում։ Մեր նպատակը գիտելիքը, փորձը եւ նորարարական մտածողությունը փոխանցելն է՝ նպաստելով ոլորտի կայուն զարգացմանը Հայաստանում»,- նշում է Maison Marom-ի հաղորդակցության եւ գործընկերության ղեկավար Լանա Պողոսյանը։

«Maison Marom-ի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս մեր ուսանողներին շփվել իրական արտադրական միջավայրի եւ ոլորտի լավագույն մասնագետների հետ։ Այս գործընկերությունը կարեւոր ներդրում է հյուրընկալության կրթության զարգացման եւ միջազգային չափանիշների ներդրման ճանապարհին։ Մեր համագործակցությունը կլինի շարունակական, եւ մենք շատ ուրախ ենք այդ առթիվ», - նշում է Green Rock հիմնադրամի ղեկավար եւ Apicius Armenia նախագծի ղեկավար Կատյա Բրեդիխինան:

Դիլիջանում բացված Apicius Armenia հյուրընկալության միջազգային դպրոցը գործում է Եվրոպայի առաջատար կրթական հաստատություններից մեկի՝ Apicius International School of Hospitality-ի հետ համատեղ, ինչը ուսանողներին տրամադրում էր միջազգային կրթական մոդել եւ առաջատար մասնագիտական փորձ։


Maison Marom-ը լայֆսթայլ ոլորտում գործող ընկերությունների խումբ է, որի առաքելությունն է «Դարձնել բիզնեսը մշակութային ժառանգություն»։ Խմբի գործունեությունը ընդգրկում է երեք հիմնական ուղղություն՝ նորաձեւություն, գաստրոնոմիա, արվեստ եւ մշակույթ, ինչպես նաեւ լայֆսթայլ էկոհամակարգի զարգացում։

Հայաստանում հիմնված, սակայն միջազգային ուղղվածությամբ գործող Maison Marom-ի տեսլականն է զարգացնել ստեղծարար արդյունաբերությունները, խթանել կայուն ձեռնարկատիրությունը եւ ձեւավորել բաց մշակութային էկոհամակարգ։


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին