×

Վահե Գեւորգյանը

Ռեստորանային ոլորտի խնդիրներն առավել քան լուրջ են

Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետեւանքով հանրային սննդի ոլորտի ձեռնարկությունները մոտ մեկ ամիս է՝ չեն աշխատում։ Ռեստորանային ոլորտում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ GastroVino-ն զրուցել է Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանի հետ։

- Ռեստորանային ոլորտի գործատուներին ինչքանո՞վ է հաջողվում փակ լինելու պարագայում պահպանել աշխատակիցներին։

- Ի սկզբանե, երբ կառավարությանը ներկայացրել էինք ոլորտին աջակցության վերաբերյալ մեր առաջարկները, նշել էինք աշխատուժի պահպանման համար առնվազն եռամսյա համաֆինանսավորման անհրաժեշտության մասին։ Առաջարկն այդ կերպ չի ընդունվել, եւ կառավարությունը միանվագ գումար է հատկացնում աշխատակիցներին։

Ընդհանուր առմամբ ռեստորանային ոլորտում գործատուները պահպանել են իրենց աշխատակիցներին։ Որոշ մասը նրանց ուղարկել է հարկադիր պարապուրդի՝ պարտավորվելով վճարել հասանելիք աշխատավարձի 2/3-րդը:

Այն ընկերությունները, որոնք այս ընթացքում որոշակիորեն փոխակերպվեցին եւ մեկնարկեցին որպես առաքման ծառայություն, փորձում են պարապուրդի մատնված աշխատակիցներին ներգրավել այդ աշխատանքում։

Կադրերին պահպանելն այժմ մեր հիմնական հանձնառություններից է, սակայն մենք արդեն իսկ խոսել ենք հնարավոր կրճատումների վտանգի մասին։ Մեկ ամիս հետո գործատուի համար չափազանց դժվար է լինելու աշխատակիցներին պահպանելը, եթե պետության կողմից աջակցություն չլինի։

- Կառավարության ապրիլի 13-ի նիստում կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման ծրագրերի առաջին միջոցառմանը ներկայացված դիմումների մերժման հիմնական պատճառը ժամկետանց վարկային պարտավորություններն են։ Ռեստորանային բիզնեսները ի՞նչ խնդիրների են բախվել այս աջակցությանը դիմելիս։

- Շատ ընկերություններ ունեն կոնկրետ խնդիրներ, որ տեխնիկական բնույթի են։ Օրինակ՝ ընկերությունը չի կարողացել ներկայացնել 2019 թվականի շրջանառությունն ամբողջապես, քանի որ տարվա ընթացքում կատարել է ռեբրենդինգ։ Այն շարունակել է իրականացնել նույն գործունեությունն ու կատարել հարկային պարտավորություններն այլ անունով, սակայն այդ պատճառով այժմ դուրս է մնացում ծրագրից։ 

Շատ լուրջ ռեստորանային ցանց ունեցող ընկերություններից մեկին էլ բանկը պատճառաբանել է, որ այդ աջակցության ֆոնդերը դեռեւս «իջեցված չեն», բանկը դեռեւս չի կարող վարկը տրամադրել։

Կան շատ ռեստորաններ, որ հիմնադրվել են 2019 թվականի առաջին եռամսյակում։ Դրանք նախորդ տարվա ընթացքում բավականին լավ շրջանառություն են ունեցել, բայց քանի որ ըստ չափանիշների պետք է ներկայացնել ամբողջ տարվա շրջանառությունը, այս ընկերությունները եւս չունեն ծրագրին դիմելու հնարավորություն։ 

Կա պահանջ լինել բացառիկ կարգապահ հարկատու։ Ունենք կոնկրետ ընկերություններ, որ, օրինակ, մարտին բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնել եւ չեն կարողացել կատարել վարկային պարտավորությունը։ Բայց չէ՞ որ բիզնեսին պետք է նայել ավելի ընդգրկուն եւ ընդհանուր։ Պատասխանատու բիզնեսը եւս կարող է տարվա մեջ 1-2 անգամ տեխնիկական խոտաններով կամ ճգնաժամով պայմանավորված դժվարանալ կատարել հարկային կամ վարկային պարտավորությունները, բայց այդ պատճառով ընկերությանը ծրագրից դուրս թողնելը համարում ենք ոչ արդարացի։

- Մեր նախորդ զրույցում նշել էիք, որ ոլորտի ընկերությունների համար բարդություններ են ստեղծվել նաեւ տարածքի վարձակալության վճարների հետ կապված։ Այս առումով ինչպիսի՞ զարգացումներ կան։

- Ի պատիվ կոմերցիոն անշարժ գույքի սեփականատեր մեր շատ գործընկերների՝ կարող ենք ասել, որ շատ դեպքերում վարձատուն, հասկանալով իրավիճակն ու գնահատելով տվյալ ռեստորանի հետ գործընկերության պատմությունը, գնում է զիջումների, չեղարկում է վճարումները ռեստորանի փակված ժամանակահատվածի համար կամ մասամբ է գանձում գումարը, եթե ռեստորանը շարունակում է գործել առաքման ծառայություն իրականացնելով։

Սակայն կան նաեւ զիջումների բոլորովին չգնացող վարձատուներ։ Նրանց հիմնական մասը այս վարքագիծը պատճառաբանում է սեփական վարկային պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ։ Այդ իսկ պատճառով մենք կառավարությանն առաջարկել էինք, որ այս ընկերությունների վարկային պարտավորությունների տոկոսային մասը հետաձգվի, կամ այլ կերպ զիջումներ լինեն, որպեսզի նրանք կարողանան ճկուն լինել մեր ընկերությունների հետ բանակցություններում։ Այս առումով կառավարությունից որեւէ արձագանք չեղավ։

Առաջիկայում կընդունենք համատեղ հայտարարություն, որով կոչ կանենք այլ ոլորտների մեր գործընկերներին այս դժվար պահին դրսեւորել  գործարար աշխարհի համերաշխություն։ Կհորդորենք նրանց չօգտվել այս իրավիճակից։ Եթե որեւէ վարձակալ իր վարձատուի հետ բանակցությունների մեջ է, մեկ այլ ընկերություն չպետք է տարածքի համար ավելի լավ պայմաններ առաջարկի, եւ նույնն էլ վարձատուները, նրանք չպետք է գնան նման գործարքների, այլ դրսեւորեն գործարար պարկեշտություն։

- Ձեր ներկայացրած առաջարկություններում նշել էիք նաեւ հարկային արձակուրդի անհրաժեշտության մասին, սակայն այս առումով կառավարությունը կարծես չի պատրաստվում զիջումների գնալ։ Արդյոք պատրա՞ստ են ընկերությունները կատարելու իրենց հարկային պարտավորությունները։

- Ապրիլի 20-ը եկամտահարկի եւ շրջհարկի եռամսյակային վճարման  վերջնաժամկետն է։ Ռեստորանային, ինչպես նաեւ զբոսաշրջության եւ հարակից ոլորտներում բազմաթիվ ձեռնարկություններ ֆինանսապես պատրաստ չեն վճարել իրենց հարկերը, որովհետեւ ֆինանսական կանխիկ դրամամիջոցները սպառված են։

Ի պատասխան կառավարությանն ուղղված մեր հորդորների, որ չգործող բիզնեսների համար հարկավոր է սահմանել եռամսյա հարկային արձակուրդ, ստանում ենք ազդակ, որ առաջարկությունը չի ընդունվելու։

Մենք շարունակում ենք ասել, որ դա սխալ  որոշում է, նորից եւ նորից ենք դիմում կառավարությանը, որ այն վերանայվի։ Շարունակում ենք պնդել, որ ֆինանսական ոլորտը պետք է խոցված ոլորտների հետ համամասնորեն կիսի ռիսկը, իսկ պետությունը պետք է տա հարկային արձակուրդ։ Չաշխատող, կանգնած ոլորտի առջեւ հարկ տալու պարտավորություն դնելը համարում ենք սխալ։

Այն հարկերը, որոնք այսօր կարճաժամկետ կտրվածքով չեն վճարվի, կփրկեն հանրային սննդի եւ զբոսաշրջության ոլորտը՝ մի քանի տարի հետո բազմապատկված վերադառնալով պետական բյուջե։

Եթե ընկերությունները հիմա փակվեն, կունենանք կորուստներ նաեւ հարակից ոլորտներում, որովհետեւ դրանք արժեքային շղթայի օղակ կազմող միմյանց հետ սերտ փոխկապակցված բիզնեսներ են։

- Համավարակի նահանջի վերաբերյալ կանխատեսումներն այնքան էլ լավատեսական չեն, եւ ամբողջ տարվա ընթացքում հնարավոր են նոր բռնկումներ։ Ինչպե՞ս կարող է «շնչել» հանրային սննդի ոլորտը մոտ մեկ տարի լիարժեք չգործելու պայմաններում։

- Այժմ մեկուսացման մեջ գտնվող անձանց համար գործում է սննդի մատակարարման ծառայություն։ Այս պահին ծավալը փոքր է, քանի որ բարեբախտաբար մեկուսացված անձանց թիվը մեծ չէ, սակայն ըստ համավարակի ընդհանուր տրամաբանության՝ այն գնալով աճելու է թեստավորման ծավալներին զուգընթաց։

Իհարկե հասկանում ենք, որ ելնելով հրատապ լուծման անհրաժեշտությունից՝ սննդի մատակարարման այս մրցույթը հապճեպ է կազմակերպվել, սակայն կցանկանայինք, որ հաջորդիվ այն լինի ավելի թափանցիկ, իրազեկումն ավելի պատշաճ կատարվի եւ ընդգրկվի ռեստորանների հնարավորինս լայն շրջանակ։

Եթե ամռանը համեմատաբար ավելի լավ դրություն լինի, որոշակի պետական ծրագրերի շնորհիվ ներքին զբոսաշրջության խթանումը կարող է մեծ աջակցություն լինել բիզնեսին։ Օրինակ, եթե քաղաքացիներին տրամադրվեն պետության կողմից վճարված կտրոններ ռեստորաններ եւ սրճարաններ այցելելու համար, հնարավոր կլինի պետական ներարկմամբ բիզնեսն աշխուժացնել։

Համաճարակի չկրկնվելու դեպքում, կախված բազմաթիվ այլ «եթե»-ներից, բիզնեսը կարող է հաջորդ տարի գալ շրջանառության որոշակի տոկոսի։ Իսկ եթե այս տարվա ամբողջ ընթացքում ձեռնարկությունները չկարողանան գործել, հաջորդ 2-3 տարիներին դժվար կլինի խոսել ոլորտի վերականգնման մասին։

Վահե Գեւորգյանի հետ զրուցել է  Գայանե Ենոքյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին