Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանը GastroVino-ի հետ զրույցում ասել է, որ ռեստորատորները դեռեւս սպասում են կառավարության արձագանքին մարտի 27-ին իրենց կողմից արված առաջարկներին:
Մեկնաբանելով կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացմանն ուղղված կառավարության միջոցառումները, Վահե Գեւորգյանն ասել է, որ դրանց շատ դրույթներ ռեստորանային ոլորտի համար շարունակում են խնդրահարույց մնալ:
«Երրորդ միջոցառումը, որի թիրախը ՓՄՁ-ներն են, դուրս է թողնում նորաստեղծ բիզնեսները։ Դիմողը պետք է ողջ նախորդ տարվա ընթացքում շրջանառություն ցույց տված լինի, մինչդեռ կան հենց նախորդ տարի ստեղծված բիզնեսներ՝ ինչպես մեր, այնպես էլ զբոսաշրջային ոլորտում, որոնք հասցրել են այս ընթացքում կայանալ։ Փաստացի, նրանք աջակցության հավակնել չեն կարող»,- ասել է նա։
Վահե Գեւորգյանը հավելել է, որ առաջին միջոցառման շրջանակում էլ շատ ընկերություններ արդեն մերժվել են բանկերի կողմից, քանի որ ռեստորանային ոլորտն ինքնին ռիսկային է։ Այս մասին միությունն առաջիկայում ավելի մանրամասն կխոսի։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այսօր նշել է, որ միջոցառումների նպատակը չպետք է լինի հարկեր եւ վարկեր չվճարելը։ Դա կառավարությունը համարում է սխալ սկզբունք։
«Ստացվում է այնպես, որ ֆինանսական սեկտորին կառավարությունը աջակցում է՝ միջոցառումների շրջանակում տալով նոր գործիք՝ վարկերի տրամադրմամբ շահույթ ունենալու հնարավորություն։ Իսկ մեզ հարկադրում են տոկոսադրույքով գումար վերցնել, որպեսզի դրանով հարկեր վճարենք։ Կարծում ենք, որ սա ճիշտ մոտեցում չէ։ Ֆինանսական հատվածը պետք է համամասնորեն իր վրա վերցնի ճգնաժամի հետեւանքները»,- պարզաբանել է միության գործադիր տնօրենը։
Վահե Գեւորգյանը նաեւ խոսել է ռեստորանային բիզնեսում տարածքների վարձակալությանը վերաբերող խնդիրների մասին։
«Կան դեպքեր, երբ վարձատուները, հասկանալով իրավիճակը, ընդառաջ են գնում ռեստորատորներին, սակայն շատերը որեւէ փոխզիջման չեն գնում։ Թեեւ այստեղ կառավարությունն ուղիղ միջամտել չի կարող, սակայն մենք առաջարկում ենք, որ վարկային պարտավորություններ ունեցող վարձատուներին տրամադրվեն որոշակի արտոնություններ, որպեսի իրենք էլ իրենց հերթին ընդառաջ գնան վարձակալ ռեստորաններին»,- նշել է միության գործադիր տնօրենը։
Գայանե Ենոքյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: