Վիտրաժային պատուհանները Mozzarella-ի ինտերիերն ու աշխույժ միջավայրը բացում են նույնիսկ անցորդների համար, իսկ բաց խոհանոցը այցելուներին ցուցադրում է ռեստորանի իրական գաստրոնոմիկ գրավչությունը։ Այստեղ կարելի է պատվիրել իտալական ուտեստներ ու մինչ պատրաստվելը հետեւել խոհարարների աշխատանքին։ Խոհանոցում աշխատողներն արդեն սովոր են իրենց աչքից չկտրող «հանդիսատեսին», գիտեն՝ իրենց աշխատանքը լրացուցիչ հմայք է հաղորդում ուտեստներին։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Mozzarella ռեստորանի, հատուկ այս նախագծի համար Հայաստան գալու մասին GastoVino-ին պատմել է կառավարիչ Վյաչեսլավ Խրամուշինը։
Ռեստորատորին Երեւան բերած Mozzarella-ն
2023 թվականին այս նախագծի մեկնարկը կազմակերպելու համար ինձ Ռուսաստանից հրավիրեցին Հայաստան։ Մարտի 31-ին բացեցինք ռեստորանի դռներն առաջին հյուրերի առաջ՝ ներկայացնելով Mozzarella-ի յուրահատուկ գաստրոնոմիկ պատմությունը։
Երկար տարիների փորձ ունեցող ռեստորատոր եմ, Հայաստան գալուն նախորդող 8 տարվա ընթացքում զբաղվել եմ «Կրասնայա Պոլյանա», «Ռոզա Խուտոր», «Սոչի», «Ադլեր» եւ նման այլ նախագծերով։ Միշտ հետաքրքրել է նոր փորձը, նոր միջավայրը եւ մարդիկ։ Երբ «Правый берег» ընկերությունից առաջարկ ստացա մեկնել Հայաստան, վախեր չունեի, ընդհակառակը՝ հետաքրքիր էր։ Լիովին գիտակցում էի մշակութային կոդի, մտածելակերպի եւ մյուս տարբերությունների առանձնահատկությունները։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Եկա ու արագ ընդհանուր լեզու գտա թիմի հետ, կարողացանք արդյունավետ համագործակցել, մեկնարկել նախագիծը եւ արդեն 2,5 տարի հաջողությամբ առաջ ենք շարժվում։
Առաջնային խնդիրը՝ արագ եւ համեղ ուտեստ մատուցել
Mozzarella-ն ներկայացնում է դասական իտալական խոհանոց։ Բոլոր ուտեստները պատրաստվում են զրոյից՝ լիարժեք ցիկլով։ Կիսապատրաստուքներ չենք օգտագործում։ Օրինակ՝ կարելի է տեսնել, թե ինչպես է «ֆրեշ-պաստան» պատրաստվում հյուրերի աչքի առաջ։ Ռեստորանի խոհանոցը բաց է եւ այս ձեւաչափը շատ գրավիչ է։ Սկզբնական շրջանում աշխատակիցները մի փոքր ամաչկոտ էին, հիմա իսկական «աստղեր» են դարձել, հաճույքով շփվում են հյուրերի հետ, նկարահանվում մեր սոցցանցերի հոլովակներում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Պաստա Ալֆրեդոն», «Պաստա Կարբոնարան» եւ մյուս պաստաները մատուցում ենք դասական իտալական ձեւով։ Ռուսաստանում հաճախ «Կարբոնարան» պատրաստում են սերուցքով, մինչդեռ կա դասական բաղադրատոմս, որը իտալացի շեֆերի համար սկզբունքային հարց է։ Քանի որ Mozzarella-ն իսկական իտալական խոհանոցով ռեստորան է, բնականաբար, «Կարբոնարան» մեզ մոտ պատրաստվում է առանց սերուցքի՝ դեղնուցով եւ ավանդական եղանակով։ Նման նրբություններ շատ կան՝ ինչպես տեխնոլոգիական գործընթացում, այնպես էլ արտադրանքի հետ աշխատանքում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հաճախ հյուրեր ենք ունենում Եվրոպայից, որոնց առաջարկներով երբեմն որոշակի փոփոխություններ ենք կատարում բաղադրատոմսերում։ Սա բնական է ռեստորանային կյանքում՝ կան նրբություններ, որոնք ձեւավորում ենք տեղական համային յուրահատկությունները։ Բնականաբար, օգտագործում ենք տեղական մթերք եւ դրանք համով կամ կառուցվածքով կարող են որոշ չափով տարբերվել իտալականից։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այցելուն Mozzarella-ից առաջին հերթին պետք է հեռանա հագեցած։ Մեր առաջնային խնդիրն արագ ու համեղ ուտեստ մատուցելն է։ Կարեւոր է նաեւ, որ հյուրը բավարարված հեռանա։ Չեմ ասում՝ երջանիկ, որովհետեւ սա ռոք համերգ չէ, իտալական ռեստորան է (ժպտում է- հեղ.)։
Կան հյուրեր, ովքեր գալիս են մեր հեղինակային կոկտեյլների համար, մյուսները՝ պարզապես սնվելու, որովհետեւ գիտեն՝ այստեղ ամեն ինչ շատ արագ է պատրաստվում, համեղ եւ որակյալ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ամենակարեւորն այն է, որ եթե հյուրը մեզ այցելել է, օրինակ, մեկ տարի առաջ, ապա մեկ տարի անց վերադառնալով՝ ստանում է նույն համը, նույն որակը եւ նույն ուտեստը, ինչ սիրել է նախորդ այցելության ժամանակ։ Ուտեստների համը, մթերքի որակն ու սպասարկման մակարդակը պահելը մեր առաջնահերթությունն է։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Mozzarella-ն բացվում է 10:00-ին եւ աշխատում մինչեւ կեսգիշեր՝ ամբողջական մենյուով։ Սա մեր առավելություններից է։ Խոհանոցի թիմը հաճույքով առավոտյան 10:00-ին կպատրաստի հիմնական մենյուի ցանկացած ուտեստ։
Ուշադրություն գրավող ռեստորանը
Տեղակայման վայրի առումով շատ բախտավոր ենք։ Տարածքը միաժամանակ տոնական է թվում, բայց նաեւ ջերմ ու հարմարավետ։ Վիտրաժային 6 պատուհանն ու 5 մետր բարձրությամբ առաստաղը թույլ են տալիս գրավել բոլորի ուշադրությունը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Արտաքին տեսքից բացի՝ ներսում միջավայրը շատ ջերմ եւ հարմարավետ է։ Պատերին կախված նկարները փոքրիկ պատմություններն են այն միջոցառումներից, որոնք կազմակերպել ենք այստեղ եւ իրականացրել մեր գործընկերների հետ։ Մի լուսանկար ունենք, որը հիշեցնում է Ադրիանո Չելենտանոյի մասնակցությամբ «Անսանձի սանձահարումը» ֆիլմի տեսարանը, երբ նա ոտքերով ճզմում է խաղողը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Դեռ ռեստորանի բացումից առաջ՝ մեր գործընկերների հետ, ովքեր նաեւ մեր գինու մատակարարներն են, փայտե տակառի մեջ 60 կգ խաղող լցրեցինք ու ռեստորանի բացօթյա հատվածում կրկնեցինք ֆիլմի այդ դրվագը։ Այդ ժամանակ հասկացա, թե որքան արագ է աշխատում Instagram-ը եւ «սարաֆանային ռադիոն» Երեւանում՝
ընդամենը 20 րոպեում ամբողջ հրապարակը մարդաշատ դարձավ։
Mozzarella-ի միջոցով կյանքը փոխելու պարզ որոշումը
Ես սկսել եմ աշխատել 17 տարեկանից եւ արդեն 21 տարի զբաղվում եմ տարբեր նախագծերով՝ փոքր սրճարաններից մինչեւ լյուքս դասի ռեստորաններ:
Հետաքրքիր է, որ իտալական խոհանոցի հետ աշխատելու հնարավորությունը հենց Հայաստանում ընձեռվեց։
Վյաչեսլավ Խրամուշինը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Երեւան գալու եւ այս ռեստորանի հետ աշխատելու պարզ որոշումը փոխել է կյանքս։ Այստեղ եկել էի բացառապես նախագծով զբաղվելու համար եւ որոշել էի, որ այլեւս երբեք չեմ ամուսնանալու։ Բայց այնպես ստացվեց, որ ամուսնացա Հայաստանում ինձ հանդիպած առաջին կնոջ՝ Իլոնա Գասպարյանի հետ։ Որդի ունենք։ Կինս մարքեթինգի մասնագետ է, Mozzarella-ում էլ միասին ենք աշխատում եւ մեզ մոտ ամեն ինչ լավ է։
Mozzarella-ն էլ գեղեցիկ պատմություն է, սիրահարեցնում է իրեն։ Ռեստորանը մեծ կենդանի օրգանիզմ է, բացթողումներ կարող են լինել։ Բոլոր այն սխալները, որոնց միջով անցել ենք, խնդիրները, որոնք լուծել ենք, մեզ առաջ են մղել։ Այժմ ամեն ինչ կանխատեսելի է, ամեն մի քայլ մտածված է։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: