×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

The Food. Պարզություն, նախաճաշեր ողջ օրվա ընթացքում, լավ սուրճ եւ գրքեր

Բարիստա Վահե Հարությունյանի աշխատանքին մի քանի րոպե հետեւելը բավական է հասկանալու համար՝ նա իր գործն է սիրում, սրճարանի այցելուներն էլ՝ նրան։ Վահեն երեք ամիս առաջ է վերադարձել զինծառայությունից, նախ պրակտիկա է անցել, ապա դարձել վերջերս բացված The Food սրճարանի թիմի անդամ։ Այս կարճ ժամանակահատվածում հասցրել է ոչ միայն սովորել սուրճ պատրաստելու նրբությունները, այլեւ հասկանալ՝ ինչպես յուրաքանչյուր հաճախորդին առաջարկել այն, ինչ կհամապատասխանի նրա ճաշակին։

Վահե Հարությունյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեր զրույցի ընթացքում սկսում է պատրաստել վերջերս մեծ պահանջարկ ունեցող Tiramisu Latte-ն։

«Եվ տաք, եւ սառը տարբերակը շատ է վաճառվում։ Մեր երիտասարդ այցելուները սիրում են նաեւ թեյի հիմքով ըմպելիքները, ամենապահանջվածներից մեկը Mango Matcha-ն է։ Թեյի ու սուրճի հիմքով ըմպելիքները մեզ մոտ շատ բազմազան են, եթե հաճախորդն առաջին անգամ է պատվիրում, հետաքրքրվում եմ, թե ինչ հատուկ նախասիրություններ ունի։ Բոլոր դետալները քննարկելուց հետո խնդրում եմ իր դիմաց դրված պլանշետի վրա նշել նախընտրելի կետերը, օրինակ՝ սուրճի ցանկալի թնդությունը, եթե կաթով է՝ դրա ջերմաստիճանը եւ այլն»,- պատմում է Վահեն։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


The Food-ում օգտագործվող սուրճերը ներմուծվում են Բրազիլիայից եւ Եթովպիայից։ Սուրճի եւ թեյի հիմքով ըմպելիքների հետ սրճարանում առաջարկում են թխվածքներ՝ հիմնականում ոչ կրեմային։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Կրուասանի տարատեսակներ ունենք, հաճախորդներն ասում են՝ Երեւանում լավագույններից են, Matcha cookie-ներ, բանանով եւ հատապտուղներով դեսերտներ, որոնք բոլորը պատրաստվում են մեզ մոտ՝ վաղ առավոտյան»,– պատմում է Վահեն։

The Food-ը նոր սրճարան է՝ հին հասցեում: Այստեղ նախկինում մեկ այլ սրճարան էր գործում։ Տնօրեն Վահան Դարբինյանը վերջերս է միացել թիմին։ GastroVino-ի հետ զրույցում նշում է, որ վերաբացումից հետո բոլոր հարցերում առաջնորդվել են պարզությամբ։

Վահե Հարությունյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Անվանումը՝ The Food, արդեն ասում է ամեն ինչ։ Ինտերիերում գույները պարզ են, մթնոլորտը՝ հանգիստ, առանց ավելորդ տարրերի»,- ասում է նա։

Սրճարանի տնօրենի խոսքով՝ նոր կոնցեպտով առաջին հերթին շեշտադրել են վաղ նախաճաշը, սակայն ուշ նախաճաշ սիրողների համար մենյուն հասանելի է մինչեւ երեկոյան 19։00-ն։ 

«Մեր շեֆ-խոհարարը պատրաստում է հետաքրքիր նախաճաշեր, օրինակ՝ «Վարդագույն բենեդիկտ սաղմոնով», «Օմլետ օձաձկով եւ ավոկադոյով»։ 

Ճաշացանկը կազմելիս փորձել ենք չծանրաբեռնել, բայց ներառել ենք այնպիսի ուտեստներ, որ յուրաքանչյուր այցելու գտնի իր ճաշակին համապատասխան տարբերակ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մենյուն ընդգրկում է մսամթերք, ձկնամթերք, թռչնամիս, պաստաներ, պիցցաներ, աղցաններ, ինչպես նաեւ առաջարկներ առողջ սննդի սիրահարների համար։ Կյանքի արագ տեմպի պայմաններում մարդիկ կարող են արագ ու համեղ ուտել եւ միաժամանակ բավարարել իրենց սննդային պահանջները։ Շտապողների համար մենյուում կան բոուլեր ու սենդվիչներ, որոնք հարմար են նաեւ take away անելու համար»,- ասում է Վահան Դարբինյանը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սրճարանը բաժանված է մի քանի գոտու՝ այցելուների հարմարավետության համար։ Տարածքում հնչող երաժշտությունն էլ կառավարվում է ըստ գոտիների։

«Առաջին սրահն ավելի սուրճի եւ թեյի սիրահարներ երիտասարդների համար է, երկրորդը՝ ընտանիքի, ընկերների հետ նախաճաշելու կամ ընթրելու։ Առանձնացված հատված կա նաեւ freelancer-ների համար, որտեղ կարող են աշխատելու եւ վայելել պատշգամբային հանգիստ մթնոլորտը։

Վահան Դարբինյանը


Մյուս կոնցեպտը կապված է գրքերի հետ։ Երեք հայկական հրատարակչության հետ պայմանագրեր ունենք՝ նրանց գրքերը մեր այցելուների համար հասանելի դարձնելու նպատակով։ Պատշգամբը հետագայում նախատեսվում է վերածել ընթերցանության գոտու։ Շուտով այստեղ նաեւ գրքի շնորհանդեսներ կունենանք»,- նշում է Վահան Դարբինյանը։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին