×

Թունայի սթեյքը Լուսանկարը՝ Մեդիամաքս

10-ից ավելի նոր ուտեստ Wine Republic-ի ճաշացանկում

Wine Republic Yerevan ռեստորանը համալրվել է մի շարք նոր ուտեստներով, ճաշացանկում բոլոր բաժինների նորություններն առանձնացված են «նոր» տարբերանշանով: Wine Republic Yerevan-ի ներկայացուցիչը GastroVino-ին ներկայացրել է նոր ճաշատեսակներն ու կիսվել դրանց պատմություններով: 

Wine Republic-ի ճաշացանկը ռեստորանի բացման օրվանից շատ սիրված է մեր հյուրերի կողմից. այցելում են հիմնականում նույն հաճախորդները: Մեր մշտական այցելուներին նորություններ առաջարկելու եւ նորերին գրավելու նպատակով՝ որոշել ենք թարմացումներ անել: Նոր ճաշացանկում հնից շատ քիչ ուտեստներ են դուրս մնացել, որոշ ուտեստներ ամբողջովին նորություն են ռեստորանի համար, որոշներին էլ, պարզապես, նոր շունչ ենք հաղորդել: 

ՍԿՍԵԼՈՒ ԿԱՄ ԿԻՍՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Վիտելո տոնատոն եվրոպական ուտեստ է, տավարի մսի բարակ շերտեր են, վրան ավելացվում է սոուս՝ պատրաստված թունա ձկով եւ կապերսներով։ Մատուցվում է հատկապես ճաշերի ժամանակ, սառը ուտեստ է: Բավականին մեծ բաժին է, հագեցնող ու մատչելի: 


Վիտելո տոնատոն Լուսանկարը՝ Wine Republic

Մի այսպիսի արտահայտություն կա՝ Surf and turf, օգտագործում են, երբ ծովամթերքը համադրում են կարմիր մսի հետ: Մենք սիրում ենք այս համադրությունը հաճախակի օգտագործել, Վիտելո տոնատոն այդ շարքից է: Միգուցե որոշ մարդկանց համար Surf and turf համադրությունը տարօրինակ թվա, բայց շատերը փորձում են ու անգամ չեն հասկանում, որ նաեւ ձուկ են ուտում: 

Շիշիտո պղպեղները նորություն է տաք ուտեստների ցանկում: Սրանց նաեւ «պատրոն պղպեղներ» են անվանում, փոքրիկ են։ 

Սաղմոնի կարպաչոն դասական կարպաչոն է, Նորվեգիայից ներկրած սաղմոնով ենք պատրաստում: Կարպաչոն հում ձուկ է, ավելացվում է զեյթունի ձեթ, կապերսներ, խոշոր աղ:


Սաղմոնի կարպաչոն Լուսանկարը՝ Մեդիամաքս

Սաղմոնը մեր ռեստորանում ամենաթարմ ձուկն է, մի քանի օրը մեկ սաղմոն ենք կտրում: Կարպաչոյով ցույց ենք տալիս, թե ինչքան թարմ ու ճիշտ է պահպանված սաղմոնը: 

Տակո միքսը ֆյուժն ուտեստ է՝ սաղմոնի, ծովախեցգետնի ու թունայի տակոներ են: Կարելի է պատվիրել երեքի համադրությամբ կամ միայն մեկ տեսակով: Կրկին հում ուտեստ է, համեմվում է սոուսով, բայց չի եփվում, վրան շարում ենք սխտորի չիպսեր, ներառված է նաեւ ավոկադոյի մուս: 


Տակո միքսը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Մեքսիկական տակոյի կոնցեպտը վերցրել ենք ու վերագրել հում խոհանոցին: Այս ուտեստի հեղինակը մեր սուշի պատրաստող շեֆ-խոհարար Ալեքսանդր Վլասովն է: 

Գորտի տոտիկները ֆրանսիական խոհանոցի հայտնի ուտեստ է, մատուցում ենք սխտորի մուսով: Միսը փափուկ է, շատերը համեմատում են հավի մսի հետ: 


Գորտի տոտիկները Լուսանկարը՝ Wine Republic

ԱՂՑԱՆՆԵՐ

Ծովախեցգետնի աղցան ղադաիֆովն է հետաքրքիր ուտեստ ստացվել։ Ֆունչոզայով է։ Ծովախեցգետիններն էլ փաթաթում ենք ղադաիֆով ու տապակում։ Այլ վայրերում նման բան չեք հանդիպի։ 


Ծովախեցգետնի աղցան ղադաիֆով Լուսանկարը՝ Մեդիամաքս

ԲՈՒՐԳԵՐՆԵՐ

Ձկան բուրգերն է աչքի ընկնող նորույթ, կրկին ֆունչոզայով է, բայց տապակած։ Նախկինում ունեինք ձկան բուրգեր, սակայն այն ամբողջովին դուրս ենք բերել ճաշացանկից եւ միանգամայն նոր բաղադրատոմսով բուրգեր ավելացրել։ Օգտագործվում է նաեւ վասաբի սոուս, բայց կծու չէ։ 


Ձկան բուրգերը Լուսանկարը՝ Մեդիամաքս

ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ստրիպլոյն սթեյք ֆուագրայով՝ սա ռեստորանի ամենասիրված նոր ուտեստներից է: Ստրիպլոյնի սթեյքի վրա կա տապակած ֆուագրա՝ բադի լյարդ: Համադրությունը շատ հաջող է ստացվել, հետը մատուցվում է երկու տեսակի սունկ՝ շամպինյոն եւ ծառի սունկ: 


Ստրիպլոյն սթեյք ֆուագրայով Լուսանկարը՝ Wine Republic

Թունայի սթեյքն առաջ այլ կերպ էր մատուցվում, հիմա նորիով է (սուշիի ջրիմուռ) եւ բրնձով, ասես, նորիի սենդվիչ լինի: Թունայի սթեյքը մատուցվում է քունջութով։ 


Թունայի սթեյքը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Թարմ պատրաստված պապարդելե սաղմոնով՝ մեր հին ճաշացանկի սաղմոնի տարտելեն փոխարինել ենք պապարդելեով, դրանք տնական լապշաներ են: 

Սաղմոնի եւ ստրիպլոյնի սթեյք՝ ձուկ եւ միս, սա կրկին Surf and turf համադրությունն է, մատուցվում է կարտոֆիլի չիպսերով: 


Սաղմոնի եւ ստրիպլոյնի սթեյքը Լուսանկարը՝ Wine Republic

ԱՊՈՒՐՆԵՐ

Սաղմոնի բույաբեսը շատ գեղեցիկ ու հագեցնող ապուր է ստացվել: Բույաբեսը ֆրանսիական հայտնի ձկան ապուրի տեսակ է, մեր բույաբեսի հեղինակը շեֆ-խոհարար Շավարշ Այվազյանն է:


Սաղմոնի բույաբեսը Լուսանկարը՝ Wine Republic

Արգանակը պատրաստվում է երեք տարբեր տեսակի ձկան հիման վրա, ապուրի մեջ ավելացվում է նաեւ սաղմոնի գլուխ եւ սաղմոնի կաշվի չիպս: Օգտագործում ենք քարիի ձեթ, կա նաեւ ծովախեցգետին, մի խոսքով՝ մի «ամբողջ օվկիանոս» է, ասես, հարսանիք լինի: Թափանցիկ չէ, կծվություն էլ կա: 

Կծու եւ թթու ապուրն է ավելացել Wine Republic-ի ճաշացանկում: Այն մեր Mao ռեստորանի չինացի շեֆ-խոհարար Մաո Շունտաոյի ապուրն է: 

Միդիաներ եւ ծովախեցգետին

Այս բաժնում կրկին նորություններ ունենք, որոնք 2020-ի սկզբից առանձնացրել ենք նաեւ «Ծովախեցգետնի ֆեսթ» (Shrimp Fest) ճաշացանկում: Wine Republic եւ Asador ռեստորաններում այժմ Shrimp Fest-ի շրջան է: 


Կրաբի չանչերը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Կրաբի չանչեր ուտեստը ծովամթերքի շրջանում է նորություն: Կրաբը պատրաստում ենք կանաչ քարիի սոուսում: Մատուցվում է բրնձով, օգտագործվում է նաեւ կոկոսի կաթ, բազիլիկի տերեւ: Հեղինակը մեր թաիլանդացի շեֆ-խոհարար Վիտայա Թոնգսոդսաենգն է

Ամալի Խաչատրյան

Լուսանկարները՝ Wine Republic Yerevan-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին