Wine Republic Yerevan եւ Asador ռեստորաններում 2020-ի սկզբից մեկնարկել է «Ծովախեցգետնի ֆեսթ» (Shrimp Fest) շրջանը. այցելուները մի քանի ամիս շարունակ կարող են հատուկ առանձնացված ճաշացանկից ընտրել ծովախեցգետիններով պատրաստված մի շարք կերակուրներ:
Wine Republic Yerevan-ի ներկայացուցիչը GastroVino-ին պատմել է նոր առաջարկների ու Shrimp Fest-ի մանրամասների մասին:
Ի՞նչ, որտե՞ղ, ինչո՞ւ
Ոչ թե հին ճաշատեսակներն ենք փոփոխել, այլ ճաշացանկը լրիվ նոր կերակուրներով ենք համալրել: Մշտապես փորձում ենք հնարավորինս շատ նորություն բերել շուկայում: Անգամ եթե դա շատերի համար անսովոր լինի, միեւնույն է՝ ռիսկի ենք գնում, մեր հաճախորդներին սովորեցնում ու պատմում այդ անսովոր ուտեստների մասին:
Ամենաշատ ավելացումները կապված են Shrimp Fest-ի հետ, որը ժամանակավոր է լինելու: Նկատել էինք՝ ծովախեցգետիններով ուտեստները բավականին պահանջված են մեր ռեստորաններում, ուստի որոշեցինք դրանց շարքն ավելացնել ու հատուկ ճաշացանկ առանձնացնել: Այս ճաշացանկում ուտեստների անվանումներն ուղեկցվում են նկարներով:
Ծովախեցգետինները ներկրում ենք Էկվադորից, Wine Republic եւ Asador ռեստորաններում ծովախեցգետնի ճաշատեսակների մի մասը նույնն է: Որոշ կերակուրներ մեր հին մենյուից են, քանի որ ծովախեցգետինները հավաքել ենք մեկ տեղում, նույն ճաշացանկում ընդգրկել ենք ծովախեցգետիններով հին եւ նոր ուտեստները:
Էկվադորյան ծովախեցգետին
Զաթար համեմունքով եփված ծովախեցգետին է՝ թեթեւ «չրթելու» ուտեստ. ծովախեցգետինները չմաքրած են: Այն կարելի է կիսել ընկերների հետ, մեկ բաժինը 400 գրամ է. բավականին հագեցնող ուտեստ է: Asador-ի հին ճաշացանկից է, այն Wine Republic-ում է նորություն:
Էկվադորյան ծովախեցգետին սառույցի վրա | Լուսանկարը՝ Wine Republic Yerevan
Այս ուտեստը մատուցում ենք ե՛ւ տաք, ե՛ւ սառը վիճակում: Սառը տարբերակը նորություն է, ճաշացանկում առանձնացված է «Էկվադորյան ծովախեցգետին սառույցի վրա» անվանմամբ, այն մատուցվում է հենց սառույցի վրա: Սա ֆեսթից հետո, հավանաբար, կպահպանենք մեր հիմնական ճաշացանկում. այն հատկապես ամռանը հաճելի կլինի ուտել:
Ծովախեցգետնի թավա սագանակի ոճով
Հունական բաղադրատոմսով է պատրաստվում, օգտագործվում է ֆետա պանիր եւ տոմատի սոուս: Շատ հայտնի ու տարածված ծովափնյա ուտեստ է: Այս դեպքում ծովախեցգետինները մաքրել ենք: Այն Wine Republic-ում ժամանակավոր կլինի:
Ծովախեցգետնի թավա սագանակի ոճով | Լուսանկարը՝ Wine Republic Yerevan
Դինամիտ ծովախեցգետին
Ուտեստի հեղինակը մեր թաիլանդացի շեֆ-խոհարար Վիտայա Թոնգսոդսաենգն է: Ծովախեցգետինը եփվում է վասաբիով պատրաստված սոուսի մեջ, հետը մատուցվում է ֆունչոզա, որը չիպսի նման է պատրաստվում:
Ծովախեցգետնի թավա սագանակի ոճով | Լուսանկարը՝ Wine Republic Yerevan
Խրթխրթան ծովախեցգետնի թեմփուրա
Թեմփուրան շատ սպասված ուտեստ էր. առաջին օրը երբ ներկայացրինք ճաշացանկը, մեկ ժամ հետո Asador-ում բոլոր սեղանների վրա գոնե մեկ հատ ծովախեցգետնի թեմփուրա կար:
Խրթխրթան ծովախեցգետնի թեմփուրա | Լուսանկարը՝ Wine Republic Yerevan
Ծովամթերքի թեմփուրա (կալմար կամ ութոտնուկ) նախկինում ունեցել ենք, իսկ ծովախեցգետնի թեմփուրան նորություն է: Ալյուրային միքսով պատում ենք ծովախեցգետինն ու տապակում:
Էկվադորյան ծովախեցգետին՝ կարագով, սխտորով եւ մաղադանոսով
Եփում ենք հրակայուն կավե ամանի մեջ, նույն ծանր ամանով էլ մատուցում ենք, ինչը շատ գրավում է այցելուներին: Մեր ռեստորանում այն բավականին շատ է սիրվել:
Էկվադորյան ծովախեցգետին՝ կարագով, սխտորով եւ մաղադանոսով | Լուսանկարը՝ Wine Republic Yerevan
Wine Republic-ում սա կրկին ֆեսթի մաս է կազմում ու չի ներառվելու ճաշացանկում:
Մեծ սեւ վագրային ծովախեցգետին
Մեծ ծովախեցգետիններ միշտ էլ եղել են Asador-ում: Թարմ վիճակում ներկայացված են սառույցի վրա, հենց այցելուներն ընտրում են, պատրաստում ենք գրիլի վրա:
Մեծ սեւ վագրային ծովախեցգետին | Լուսանկարը՝ Wine Republic Yerevan
Հիմա ընտրության հնարավորություն ենք տալիս՝ կամ մատուցում ենք մեր հին ձեւով, կամ պատրաստում ենք նախորդ ուտեստի բաղադրատոմսով՝ կարագով, սխտորով եւ մաղադանոսով:
Եթե տեսնենք, որ որեւէ ուտեստի պահանջարկը մեծ է, հետագայում կփորձենք ներառել մեր հիմնական ճաշացանկում: Որոշ ուտեստներ արդեն մեծ ճանաչելիություն ունեն:
Ծովախեցգետին վասաբի սոուսով
Asador-ի հին ճաշացանկից է: Սոուսը մատուցում ենք առանձին, որի հիմնական բաղադրիչներն են վասաբին եւ ճապոնական մայոնեզը, «կոկտեյլային» կերակուր է:
Ծովախեցգետին վասաբի սոուսով | Լուսանկարը՝ Wine Republic Yerevan
Այժմ այս ուտեստը Wine Republic-ում դարձել է բեսթսելեր:
Ծովախեցգետնի թավաները
Ինչպես նշեցի՝ մի քանի ուտեստ մեր հին մենյուից են, օրինակ, թավայի մեջ պատրաստվող ծովախեցգետինները:
«Ծովախեցգետնի թավա ասիական ոճով» ուտեստը ծովակատարի եւ ծովախեցգետնի խառնուրդ է: Օգտագործվում են տարբեր գույների բուլղարական պղպեղներ, սոխ, ասիական համեմունքներով թեթեւ կծու սոուս:
Ծովախեցգետնի թավա ասիական ոճով | Լուսանկարը՝ Wine Republic Yerevan
«Ծովախեցգետնի թավա սերուցքով եւ բանջարեղենով» ուտեստի դեպքում
ծովակատարին եւ ծովախեցգետնին ավելանում են դդմիկ, գազար, սոուս:
Ծովախեցգետնի թավա սերուցքով եւ բանջարեղենով | Լուսանկարը՝ Wine Republic Yerevan
«Ծովախեցգետնի թավա սխտորով եւ խոտաբույսերովը» պատրաստվում է 13 համի ասիական համեմունքներով:
Ծովախեցգետնի թավա սխտորով եւ խոտաբույսերով | Լուսանկարը՝ Wine Republic Yerevan
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Wine Republic Yerevan-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: