«Նարնջագույն գինի» (orange wine) անվանումը հաճախ շփոթեցնում է գինեսերներին։ Ոմանք կարծում են, թե այս գինին պատրաստված է նարնջից։ Իրականում, այն պատրաստվում է խաղողից, իսկ գույնը ձեւավորվում է պատրաստման եղանակից։
«Շաբաթվա գինին In Vino-ից» շարքի այս նյութի համար InVino-ի համահիմնադիր Մարիամ Սաղաթելյանն առանձնացրել է այդպիսի երեք նարնջագույն գինի ու պարզաբանել, թե ինչո՞ւ է դրանց համար «սաթե» անվանումն ավելի ճշգրիտ։
Սպիտակ խաղող՝ կարմիր գինու մեթոդ
Սաթե գինիներն ինձ միշտ հետաքրքրել են։ Հաճախ դրանք մի տեսակ «խառնաշփոթ» են առաջացնում. սպիտակ խաղողից գինի՝ պատրասված կարմիր գինու մեթոդով:
Հետաքրքիր է, որ երբ առաջին անգամ սկսեցինք օգտագործել «orange wine» տերմինը, ուղիղ թարգմանեցինք այն որպես «նարնջագույն գինի», եւ շուտով նկատեցինք, որ դա շփոթություն է առաջացնում։ Հյուրերը հաճախ հարցնում էին՝ «արդյոք գինին նարնջի՞ց է, թե՞ ոչ»։ Իրականում գույնը գալիս է խաղողի կեղեւից, ու համային բնութագրումն ավելի ճիշտ է փոխանցվում «սաթե» եզրույթի միջոցով։
Սաթե գինին համային առումով շատ բազմազան է՝ զգացվում են չոր մրգերի, թեյի, խոտաբույսերի, ընկույզի ու մեղմ համեմունքների նոտաներ։ Եվ այսքան բազմազան լինելը թույլ է տալիս համադրել բազմատեսակ ուտեստների հետ՝ սկսած նուրբ պանիրներից, մինչեւ կծու, համեմունքային ուտեստներ։
Հայաստանում սաթե գինիները վերջին տարիներին սկսել են մեծ ուշադրություն գրավել գինեգործների ու գինին սիրողների շրջանում։ Հավանաբար, մեր նախնիները Արենի քարանձավում նմանատիպ գինիներն էին պատրաստում։
Ինչպե՞ս է պատրաստվում
Գիտենք, որ սպիտակ գինին հիմնականում պատրաստվում է սպիտակ խաղողից։ Սաթեն եւս սպիտակ խաղողից է, ուրեմն ո՞րն է տարբերությունը։ Հիմնական տարբերությունն այն է, որ սպիտակ գինու դեպքում հյութն անմիջապես առանձնացնում են խաղողի կեղեւից, իսկ սաթե գինու համար այն թրմեցվում է կեղեւի հետ։ Կեղեւը տալիս է գույն, տանիններ եւ կառուցվածք, ինչի շնորհիվ ստացվում է ավելի հագեցած, բազմաշերտ գինի։ Արդյունքում գինին կարող է ունենալ տտիպություն, որը բնորոշ չէ սպիտակ գինիներին։
Գինեսերների համար առանձնացրել եմ երեք գինի ՝ «Ոսկեհատ Նախնյաց», «Սենտիմենտալ մուսկաթ», «Քնարե»։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Առաջինը «Տրինիտի Կանյոն Այգիներ» ընկերության «Ոսկեհատ Նախնյաց» գինին է։ Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին գինու երեք սիրահարների կողմից՝ Վայոց Ձորի բարձրավանդակում, անմիջապես աշխարհի ամենահին հնձանի հարեւանությամբ, որը թվագրվում է մոտ 6100 տարի առաջ:
«Ոսկեհատ Նախնյաց»
Հատկանշական է, որ առաջինն անդրադառնում ենք այս գինուն, քանի որ այն Հայաստանում սաթե մեթոդով պատրաստված ու շուկայում հայտնված առաջին գինին է։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Պատրաստված է էնդեմիկ Ոսկեհատ խաղողից, խմորումն անցնում է վայրի խմորասնկերով, իսկ խմորման ողջ ընթացքը եւ հնացումը տեւում է 6 ամիս՝ կարասներում։
Գինին ֆիլտրացում չի անցնում, հավելյալ սուլֆիտներ չի պարունակում։ Բուրային հատկություններում լավ արտահայտված են ծիրանաչրի բույրերը։ Համերը համեմունքային են՝ ներառում են սեւ թեյի, դարչնի ու չամչեցված ցիտրուսային մրգերի երանգներ։
Խաղողների ինքնատիպությունը պահող «Քնարեն»
Այս գինին պատրաստվում է տեղական խաղողի սորտերից՝ Ոսկեհատ, Ճիլար եւ Մուսկատ։ Այս դեպքում եւս խմորումը կատարվում է վայրի խմորասնկերով, գինին չի անցնում ֆիլտրացում եւ պատրաստվում է նվազագույն միջամտությամբ՝ պահպանելով խաղողների ինքնատիպ բնույթը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բուրային հատկություններում արտահայտված են վայրի ծաղիկների, արեւահաս դեղին մրգերի եւ ցիտրուսային նոտաներ։ Համային պրոֆիլը հավասարակշռված է՝ ընդգծված թթվայնությամբ, թեթեւ տանիններով եւ երկար հետհամով, որտեղ զգացվում են չոր մրգեր եւ մեղմ համեմունքներ։
«Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» Գինու Միջազգային Համտեսին «Քնարեն» ստացել է «Գրանդ Գոլդ» մեդալ։
Սենտիմենտալ սաթեն
Երրորդը «Սենտիմենտալ Մուսկատն» է։ Այն արտադրում է «Սիմոնյանս Ֆեմիլի» ընկերությունը, որը հիմնադրվել է 2020 թվականին եւ Արագածոտնի մարզի Աղձք համայնքում սկսել է սահմանափակ քանակությամբ բնական գինիների արտադրություն։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Գինին պատրաստված է Արմավիրի մարզի Աղավնատան տարածաշրջանի «Մուսկատ» սորտից, խմորումն անցում է վայրի խմորասնկերով՝ առանց հավելյալ միջամտության 8 օր կեղեւը մնում է հյութի հետ, այնուհետեւ գինին հնեցվում է 9 ամիս չժանգոտվող պողպատյա տարաներում:
Բույրերում գերակշռում են մուսկատի ծաղկային նոտաները, թեթեւ մեղրային երանգներով։ Համը՝ նուրբ, երկար, մեղմ թթվայնությամբ եւ տտիպությամբ:
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: