×

Վիտայա Թոնգսոդսաենգը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Շեֆ Վիտայան՝ Հայաստանում «թաիլանդական խոհանոցի դեսպանը»

49-ամյա շեֆ-խոհարար Վիտայա Թոնգսոդսաենգը Թաիլանդի Պատայա քաղաքից է: Երկար տարիներ ասիական խոհանոցը տարբեր երկրներում ներկայացնելուց հետո նա վերջապես որոշել էր վերադառնալ հայրենիք ու սեփական ռեստորանը հիմնել, երբ Thaiwine Republic-ից ստացավ Հայաստանում աշխատելու առաջարկը: Չկարողացավ մերժել. ճամփորդելն ու աշխատելը նրա տարերքն է, 18 տարեկանից խոհանոցում է: Վիտայան Հայաստան է տեղափոխվել երկու տարի առաջ, նա Thaiwine Republic-ի շեֆ-խոհարարներից մեկն է՝ թաիլանդական խոհանոցի վարպետը: 

Ճամփորդել սիրող շեֆը

Վիտայան մեզ հանդիպած այն քիչ շեֆ-խոհարարներից է, որ շատ է սիրում նկարվել. ուտեստները պատրաստելիս մատները դանդաղ ու նուրբ է շարժում, որ լավ լուսանկարներ ստացվեն: Առաջարկում է՝ վոքում կրակով ուտեստ պատրաստել. թաիլանդական խոհանոցի անբաժան մասն է կրակը, բայց այս անգամ նա կարծես կրակը հատուկ ավելի է ուժեղացնում ու հետեւում ֆոտոխցիկին: Արդեն պարզ է՝ Վիտայան իր գործն ու խոհանոցը շատ է սիրում, անգամ չի սպասում, որ հարցերս տամ, իր կյանքի պատմությունը սկսում է ամենասկզբից: 


Վիտայա Թոնգսոդսաենգը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Իմ մայրիկից եմ պատրաստել սովորել: Նրա տարերքն էր խոհանոցը, մի օր մորս առաջարկեցի օգնել իրեն, կասկածում էր, որ ինձ մոտ կստացվի, բայց համաձայնեց, ու այդ օրվանից դարձա մայրիկիս օգնականը: Աղցաններն էի պատրաստում, կոկոսի հյութն էի քամում, բանջարեղենի կեղեւներն առանձնացնում»: 

Վիտայան ավագ դպրոցից սկսած հյուրանոցային խոհանոցի կառավարում է սովորել ու աշխատանքի անցել տարբեր հյուրանոցներում որպես խոհարարի օգնական: Տարիներ անց Եվրոպայից մի քանի գործարար առաջարկում է նրան ռեստորան բացել Պատայայում: Վիտայային վստահում են ճաշացանկը կազմելու, խոհանոցը կառավարելու հարցերում: Հետագայում Վիտայան տեղափոխվում է Եվրոպա. աշխատում է Լեհաստանում, Շվեյցարիայում, Ավստրիայում, վերջին տարիներին էլ Հորդանանում էր, հետո Արաբական Միացյալ Էմիրություններում: 


Վիտայա Թոնգսոդսաենգը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Շատ եմ սիրում ճամփորդել, իմ փորձով կիսվել: Ուզում եմ, որ մարդիկ ճանաչեն Թաիլանդի խոհանոցը: Ես ասես ուտեստների դեսպան լինեմ, տարբեր երկրներում ներկայացնում եմ իմ մշակույթը, սովորեցնում եմ պատրաստել: Դպրոցում ուսուցիչներս ինձ միշտ ասել են՝ ուտեստը մշակույթ է, մենք պետք է շարունակենք պատրաստել, որ մարդիկ ճանաչեն մեր մշակույթը»,- պատմում է Վիտայան: 

Հայաստանի եւ հայ հաճախորդների մասին 

«Երբ ստացա Հայաստանում աշխատելու առաջարկը, բացեցի քարտեզը, որ գտնեմ Հայաստանը, մտածում էի՝ ոչ Եվրոպա է, ոչ Ասիա, ի՞նչ երկիր է»,- ժպտալով ասում է շեֆ-խոհարարը: 

Դուբայում տասը տարի աշխատելուց հետո Վիտայան ուզում էր հանգստանալ ու վերադառնալ տուն, բայց երբ իմացավ այս առաջարկի մասին, չդիմացավ ու եկավ: «Արագ հավաքեցի ճամպրուկս ու եկա: Հայաստանը շատ ապահով երկիր է, ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում. մարդիկ երջանիկ են, ժպտում են, ջերմ են, բարի են»,- ասում է նա:


Վիտայա Թոնգսոդսաենգը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հարցնում եմ՝ ի՞նչ է կարծում, հայերին դո՞ւր է գալիս թաիլանդական խոհանոցը, պատասխանում է՝ ափսեները խոհանոց են վերադառնում դատարկ. դա ամենալավ ապացույցն է շեֆ-խոհարարի համար, որ հաճախորդները հավանում են իր պատրաստածը: 

«Շեֆ-խոհարարի աշխատանքը միայն պատրաստելը չէ: Շեֆ-խոհարարի աշխատանքը հաճախորդներին ճանաչելն է, նրանց հետ շփվելը: Երբ ժամանակ եմ ունենում, դուրս եմ գալիս խոհանոցից, պատմում իմ մասին, բացատրում ուտեսները, ներկայացնում մեր բրենդը, հարցնում՝ արդյոք հավանո՞ւմ են մեր ճաշատեսակները»,- ասում է նա:

Ինքնուրույն պետք է բացահայտել համերը 

Վիտայան պատմում է, որ իր աշխատանքի մեջ ամենաշատը սիրում է տաք ուտեստներ պատրաստելը, երբ վոքում կարող է ուժեղ կրակ անել ու զգալ ծուխը: Սիրում է նաեւ շատ կծու պատրաստել, բայց այստեղ երբեմն ստիպված է հարմարվել հայերի քիմքին ու քչացնել կծվությունը, երբեմն նաեւ աղն է քիչ օգտագործում: 


Վիտայա Թոնգսոդսաենգը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Thaiwine Republic-ի հաճախորդներն աստիճանաբար են սովորել թաիլանդցի շեֆ-խորարարի ուտեստների կծվությանը: Վերջերս նկատել է՝ նույն հաճախորդները խնդրում են ուտեստներն ավելի կծու պատրաստել: Սկզբում անգամ Վիտայայի հայ օգնականներն էին ապշում, թե ինչքան կծու է նա պատրաստում, հիմա սովորել են, նրանք էլ են նույնն անում:

«Տարբեր երկրներ տարբեր խոհանոց եւ տարբեր մշակույթ ունեն: Մարդիկ պետք է փորձեն ու բացահայտեն իրական համերը: Օրինակ՝ շատերը մտածում են՝ կարին շատ կծու է, եւ չեն պատվիրում: Ոչ, այն կծու չէ, եւ մեր խոհանոցում ունենք կարիի շատ տարբեր համեր: Ճաշացանկում, օրինակ, կարող եք գտնել թաիլանդական կանաչ կամ կարմիր կարիով ճաշատեսակներ, պատրաստում ենք հավով կամ տավարի մսով, ունենք նաեւ բանջարեղենով, օգտագործում ենք դդմիկ, բամբուկի ծիլ, ռեհանի տերեւ եւ կոկոսի կաթ:


Վիտայա Թոնգսոդսաենգը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Թաիլանդական խոհանոցն առաջարկում է նաեւ շատ տարբեր համերի սոուսներ՝ կծու, թթու, քաղցր: Թաիլանդական ուտեստները շատ տարբեր են, եւ շատ բարդ է պատրաստելը, բոլոր ճաշատեսակները տարբեր փուլերով են անցնում: Ուտեստը կյանք է, պետք է խնամքով մոտենալ մթերքներին, պետք է շոշափել, դիպչել, խնամել, մեծ հոգատարությամբ պատրաստել»,- ասում է շեֆ-խոհարարը: 

Խոհանոցը՝ ներսից

Վիտայան սիրում է խիստ ավանդական ձեւով պատրաստել հայտնի ճաշատեսակները. բաղադրատոմսերից չի շեղվում: 


Վիտայա Թոնգսոդսաենգը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Թաիլանդական խոհանոցի ամենաավանդական ուտեստն է պատրաստում մեզ համար՝ Թոմ յամ ապուր: «Թոմ յամ ապուրը աշխարհում ամենահայտնի ուտեստներից է, ինձ ամեն տեղ ասում էին՝ Թո՜մ յամ ապուր պատրաստեք, Թո՜մ յամ ապուր: Այն շատ յուրահատուկ համ ունի, ծովախեցգետնով ու կոկոսի կաթով է պատրաստվում, ե՛ւ թթու է, ե՛ւ կծու: Միայն չիլի ձեթը եւ վասաբին եմ քիչ անում»,- բացատրում է նա:


Թոմ յամ ապուրը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Թաիլանդական խոհանոցին լավ ծանոթ լինելու համար շեֆ-խոհարարը խորհուրդ է տալիս նուդլների մեծ տեսականուց փորձել: 


Փադ սյու նուդլ

Տապակած սփրինգ ռոլերը նույնպես շատ հայտնի են. խրթխրթան նախուտեստ է՝ ծովախեցգետնով, քաղցր չիլի սոուսով...


Տապակած սփրինգ ռոլերը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Որոշ այցելուներ կան, ամեն օր գալիս են միայն Թոմ յամ ապուրի կամ միայն կարիի համար, այդ պատճառով իմ օգնական խոհարարներին ասում եմ՝ ավանդական պատրաստման ձեւից ոչ մի բան չփոխել»,- ասում է նա: 

Երկու հայ եւ մեկ թաիլանդցի օգնականներ ունի Վիտայան. քայլ առ քայլ ցույց է տալիս բոլոր փուլերը, հետո երկար ժամանակ հետեւում է, ապա որոշ ուտեստներ վստահում նրանց: Իր աշխատանքային կարիերայում թաիլանդական խոհանոցի գաղտնիքներով տասնյակ խոհարարների հետ է կիսվել: Հպարտանում է, որ տարբեր երկրներում մի շարք աշակերտներ է ունեցել ու նրանցով ավելի լայն տարածել իր ազգային խոհանոցը: 

Ամալի Խաչատրյան 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին