Խրթխրթան շերտի տակ հյութալի միս, իսկ կտրելիս՝ հոսող դեղնուց։ Այսպես է ներկայանում բրիտանական խոհանոցի դասականներից մեկը՝ Scotch Eggs-ը, որը վերջին ամիսներին սկսել է մատուցվել Երեւանի The Beatles Pub-ում։
The Beatles Pub-ի համասեփականատերեր Դավիթ եւ Ռուբեն Ալանակյանները GastroVino-ին պատմել են, թե ինչպես մի քանի անհաջող փորձից հետո որոշեցին կրկին աշխատել այս ուտեստի վրա եւ ինչու դրա համար հասան Լոնդոն։
Ինչպես Scotch Eggs-ը հայտնվեց ճաշացանկում
Ռուբեն Ալանակյան, համասեփականատեր եւ տնօրեն
Անգլիական փաբը պետք է ունենա շատ գարեջուր, շատ վիսկի եւ անգլիական ուտեստներ, որոնք Հայաստանում դեռ այնքան էլ տարածված չեն։ Մենք սկզբից էլ ուզում էինք, որ այդ խոհանոցը ներկայացված լինի մեր փաբում եւ սկսեցինք զարգացնել այն։
Ռուբեն Ալանակյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սկզբում ավելացրեցինք Fish & Chips-ը՝ ամենահայտնի դասական փաբային ուտեստը, փորձարկեցինք Sunday Roast-ը, իսկ Scotch Eggs-ը մեր խոհանոց մտավ ամիսներ առաջ։
Իրականում այն փորձել էինք պատրաստել դեռ տարիներ առաջ։ Առաջին անգամ ճիշտ անգլիական ձեւով էինք պատրաստել, բայց արդյունքը չէր բավարարել։
Անգլիական խոհանոցի մասին հայտնի հումոր կա. «Հարցնում են՝ արդյո՞ք անգլիական ուտեստներն իսկապես այդքան վատն են, պատասխանում են՝ այո, եթե դրանք ճիշտ եք պատրաստում»։
Դավիթ Ալանակյան, համասեփականատեր
Չորս տարի անց որոշեցինք նորից աշխատել Scotch Eggs-ի վրա։ Մեր մշտական հաճախորդներից մեկը՝ Ալեքսը, որն ամերիկացի է, միշտ հարցնում էր՝ ինչո՞ւ չունենք այդ ուտեստը։ Նրա հետաքրքրությունը մեզ վրա ազդեց, եւ դիմեցինք խոհարարին՝ կրկին փորձելու։
Դավիթ Ալանակյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս անգամ ստացանք մեր քիմքին հաճելի տարբերակ։ Ալեքսը, որը տարբեր երկրների խոհանոցներին լավ ծանոթ է, փորձեց եւ ասաց, որ մեր Scotch Eggs-ն իր փորձած լավագույններից է։ Նրա կարծիքը մեզ համար կարեւոր էր, բայց որոշեցինք հաստատ համոզվել ու մեկնեցինք Լոնդոն։ Այնտեղ Scotch Eggs-ը գրեթե ամենուր է եւ սովորաբար մատուցվում էր մեկ հատով։ Մենք որոշեցինք այն ներառել մեր ճաշացանկում, ապա դարձնել հիմնական ուտեստ եւ մեկ չափաբաժնի մեջ մատուցել երկու հատ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեր արտասահմանցի հյուրերը, բնականաբար, ծանոթ են այս ուտեստին։ Իսկ Հայաստանում, քանի որ մեծ տարածում դեռ չունի, հաճախ պետք է բացատրել, թե ինչ է այն։ Չնայած սրան՝ պատվիրողները երբեք կիսատ չեն թողել։
Ինձ համար այս ուտեստը նաեւ անձնական հիշողության հետ կապ ունի։ Տատիկս Նոր տարուն պատրաստում էր նման մի ուտեստ՝ տավարի մսի մեջ փաթաթված հավկիթ։ Պաքսիմատ չկար, ձուն պինդ էր, բայց գաղափարը նույնն էր։ Շատ էի սիրում այդ ուտեստը։
Դասականը՝ փաբի մեկնաբանությամբ
Ալեքսանդր Մարիկյան, շեֆ-խոհարար
Scotch Eggs-ի ավանդական տարբերակը պատրաստվում է խոզի մսով, թեեւ դա պարտադիր պայման չէ։
Ալեքսանդր Մարիկյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սկզբում այդ տարբերակը նույնիսկ չէինք դիտարկում։ Երբ վերադարձանք փորձարկումներին, որոշեցի ուսումնասիրել մի քանի աղբյուր եւ այն հարմարեցնել մեր համային նախասիրություններին։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ուտեստի հիմնական բաղադրիչներն են խոզի միսն ու հավկիթը, որոնք համադրվում են հատուկ ընտրված համեմունքների հետ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Scotch Eggs-ի տարբեր մեկնաբանություններ կան, սակայն մեր տարբերակում ձուն ունի եփվածության հստակ աստիճան, կտրելիս դեղնուցը հոսում է՝ առանձնահատուկ նրբություն պարգեւելով։ Այն ոչ միայն ձեւավորում է համային ամբողջականությունը, այլեւ հյութալիություն է հաղորդում՝ բնական սոուսի դեր կատարելով։ Ավելի պինդ եփված ձվով ուտեստը բոլորովին այլ համ է ստանում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ձուն պատվում է մսով, ապա՝ պաքսիմատով եւ տապակվում։ Մատուցում ենք երկու սոուսով՝ մեկը մանանեխի հիմքով է, մյուսը՝ կարմիր սոուս է։
Փաբը միայն խմիչքի մասին չէ
Ռուբեն Ալանակյան
Անգլիական այլ ավանդական ուտեստներ եւս կավելանան մեր ճաշացանկում։ Փաբը երբեք միայն խմիչքի մասին չէ։
Դավիթ եւ Ռուբեն Ալանակյանները
Անգլիայում փաբերը հավաքատեղիներ են եղել, որտեղ մարդիկ հանդիպել են, քննարկել նորություններ, ժամանակ անցկացրել։ Այդ ընթացքում, բնականաբար, նաեւ սնվել են։ Այդպես է նաեւ այսօր։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հայաստանում փաբերը երկար ժամանակ ընկալվել են հիմնականում որպես խմելու վայրեր, սակայն իրականում դրանք նաեւ հանրային սննդի վայրեր են։ Ուրախ ենք, որ տարեցտարի մեր խոհանոցի վաճառքներն աճում են։ Մարդիկ գալիս են ոչ միայն խմելու, այլեւ համեղ ուտելու։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: