Երեւանի գինու ակադեմիան (EVN wine academy) ավելի քան 10 տարի մասնագետներ է տալիս գինու ոլորտին ու նրանց կրթությունն ավելի հագեցած դարձնելու համար նոր ենթակառուցվածքներ ստեղծում:
ICARE հիմնադրամի EVN գինու ակադեմիայի գործառնությունների ղեկավար Սոնա Խոջոյանը GastroVino-ին պատմել է կրթական նոր ծրագրերի, խաղողի այգիների հիմնման եւ ուսանողական գինեգործարանի մասին:
EVN-ի ուսանողական գինեգործարանը
Այս տարիների ընթացքում EVN գինու ակադեմիայի նպատակը ուսանողներին զուտ լսարանային կրթություն տալը չի եղել: Մեզ համար շատ կարեւոր է ոչ միայն պրակտիկ գիտելիքներով ակադեմիայի ներսում նրանց զինել, այլեւ ուսանողներին ներգրավել խաղողագործական եւ գինեգործական պրոցեսներին:
Սոնա Խոջոյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
EVN գինու ակադեմիայի ուսանողներն իրենց 18 ամսյա կրթական ծրագրի ընթացքում անցնում են 4-շաբաթյա պարտադիր ուսումնական պրակտիկա, որը սովորաբար կազմակերպում ենք Հայաստանի առաջատար գինեգործարաններում:
2024 թվականին Պռոշյան գյուղում գտնվող ICARE-ի Զաբել Եսայան ագրոբիզնես կենտրոնում հիմնադրվեց ակադեմիայի ուսանողական գինեգործարանը: Այն կծառայի որպես ժամանակակից ուսուցման հաստատություն՝ ուսանողներին հնարավորություն տալով իրենց ստացած գիտելիքները կիրառել հենց տեղում՝ գինեգործության բոլոր փուլերում: Վերջին սեմեստրի ավարտին նրանք կկարողանան նաեւ իրենց գինին պատրաստել:
Լուսանկարը՝ ICARE հիմնադրամ
Գինեգործարանն ամբողջովին կահավորված է, զինված համապատասխան սարքավորումներով եւ հաջորդ տարի այս սեզոնին ուսանողական պրակտիկան կանցնի նաեւ մեզ մոտ:
EVN-ի խաղողի այգին
Ուսանողների համար ենթակառուցվածքներ ապահովելու նպատակով նույն Զաբել Եսայան կենտրոնում՝ գինեգործարանին հարակից տարածքում, հիմնադրում ենք նաեւ խաղողի այգի՝ 2 հա մակերեսով: Այգում 2-3 հիմնական տեղական սորտ կլինի, բայց շեշտը կդնենք հայկական խաղողի մոռացված տեսակները վեր հանելու վրա:
Սոնա Խոջոյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հայաստանում 400-ից ավելի տեղական սորտ ունենք, բայց, ցավոք, արտադրության մեջ շատ սահմանափակ քանակությամբ են օգտագործում: Վերջին տասնամյակում շատ աշխատանք ենք տարել այդ ուղղությամբ, որպեսզի ոլորտը զարգանա, խաղողի նոր սորտերի այգիներ տնկվեն: Փորձում ենք նաեւ աշխարհագրությունն ընդլայնել, դուրս գալ մեր հիմնական խաղողագործական հինգ շրջանից: Օրինակ՝ Սյունիքում մեր գիտնականները գտել են խաղողի վազեր՝ 1-2 օրինակով, որոնք արտակարգ տեսակներ են եւ գինեգործական շատ մեծ ներուժ ունեն: Մեր այգում այսպիսի սորտեր տնկելու նպատակ ունենք:
Լուսանկարը՝ ICARE հիմնադրամ
Երբ ակադեմիան նոր էր հիմնադրվել, երկու տարի անընդմեջ մեր ուսանողները ուսումնական այցով կարողացան մեկնել Գերմանիա՝ Գազենհայմի համալսարան, բայց հետո ֆինանսական պատճառով միջազգային այցերն ընդհատվեցին: Վերջին երեք տարում վերսկսել ենք միջազգային այցերը եւ հիմա մեր ուսանողները տարին մեկ անգամ մեկնում են Վրաստանի Կախեթի գինու շրջան, ծանոթանում տեղի խաղողի այգիներին, գինեգործարաններին ու դրանց առանձնահատկություններին:
«EVN-ում ստացած կրթությունը ծառայել է նպատակին»
Այս տարիների ընթացքում EVN գինու ակադեմիա ընդունելության չափանիշներում ոչինչ չի փոխվել՝ կարեւոր է, որ դիմորդը լինի չափահաս եւ տիրապետի անգլերենին, քանի որ դասընթացներն անցկացվում են անգլերեն լեզվով: Յուրաքանչյուր ուսումնական 18-ամսյա ծրագրում միջինում 15 ուսանող ենք ունենում՝ տարբեր տարիքների: Անգամ 70 տարեկան ուսանող ենք ունեցել, ով այսօր ոլորտում շատ ակտիվ է:
Ամեն անգամ ուրախությամբ ենք խոսում այն մասին, որ Հայաստանում չկա գրեթե մի գինեգործարան, որտեղ մեր շրջանավարտներից չլինեն: Սա կարեւոր փաստ է, որը ցույց է տալիս, որ EVN-ի տված կրթությունն իրոք ծառայել է իր նպատակին:
Լուսանկարը՝ ICARE հիմնադրամ
Ակադեմիայի ուսումնական ծրագիրը կազմված է 12 մոդուլից: Ամեն մոդուլ առանձին թեմա է, օրինակ՝ գինու քիմիա, գինեգործություն, խաղողագործություն, գինու բիզնես, մարկետինգ, գինու տուրիզմ եւ այլն:
Խաղողի այգի հիմնելու վերապատրաստման ծրագիրը
EVN գինու ակադեմիան բացի իր հիմնական ծրագրից՝ 2020 թվականից մեկնարկել էր նաեւ գինու ոլորտի զբոսավարների վերապատրաստման GuideMASTER ծրագիրը։
Վերապատրաստման ծրագրի երեք փուլ ունեցել ենք եւ արդյունքն արդեն երեւում է: Շուրջ 60 վերապատրաստված զբոսավար ունենք, որոնք բանիմաց են զբոսաշրջիկներին փաստարկված պատմում են, թե ինչու է մեր երկիրն առաջին գինեգործական բնօրրան համարվում:
Սոնա Խոջոյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ակադեմիան այս տարվանից սկսում է եւս մեկ վերապատրաստման ծրագիր՝ Խաղողի այգիների հիմնում եւ խաղողագործություն: Այն երեք փուլով է իրականացվում: Առաջին փուլն արդեն իրականացրել ենք: Այն ունեցել է 20 մասնակից, որոնց թվում եղել են ագրոնոմներ, խաղողագործներ եւ գինեգործներ: Եղել են նաեւ այնպիսի մարդիկ, որոնք ուղղակի հողամաս ունեին եւ ցանկանում էին այնտեղ խաղող այգի հիմնել:
Վերապատրաստման այս դասընթացը տեւում է 3 ամիս, որի ընթացքում ուսումնասիրում են հայկական ակտուարային, կլիմայական առանձնահատկությունները, սովորում են օրգանիկ, բիոդինամիկ խաղողագործություն: Տիրապետում են նաեւ համտեսի որոշակի կանոնների:
2026 թվականի փետրվարին կմեկնարկի խաղողագործների վերապատրաստման ծրագրի երկրորդ փուլը:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: