In Vino գինու բարի դարակաշարերին արհեստական բանականությամբ (ԱԲ/AI) ստեղծված հայկական առաջին գինին է հայտնվել: Գինու մտահղացման հեղինակ Դավիթ Գրիգորյանը կատակում է, թե ինքն ամեն ինչ արել է, որ իր լուսանկարն էլ հայտնվի In Vino-ի այն պատին, որտեղ GastroVino-ի ընթերցողին արդեն ծանոթ գինեգործների լուսանկարներ են:
Prompt-ը Հայաստանի առաջին գինին է, որի ոճն ու բնավորությունը ձեւավորվել են ոչ թե միայն գինեգործի ինտուիցիայով, այլեւ արհեստական բանականության ալգորիթմներով։ Դավիթ Գրիգորյանը համադրել է խաղողագործության ավանդույթները եւ թվային դարաշրջանի մտածողությունը՝ առաջարկելով նոր մոտեցում գինեգործության մեջ:
AI-ն իր գործն արեց
Դավիթ Գրիգորյանը կառավարման մասնագետ է, աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, բայց գինեգործության ոլորտի հետ առնչություն ունեցել է դեռ 2013 թվականից. «Բացի այն, որ գինեսեր եմ, իմ հիմնական գործից զատ՝ լիբանանյան գինիներ էի ներմուծում Հայաստան: Դա առիթ դարձավ ավելի մոտիկից հասկանալ գինու վաճառքների մոդելը, եւ առհասարակ, գինու ստեղծման մշակույթը՝ հողագործությունը, խաղողագործությունը, արտադրությունը»:
Դավիթ Գրիգորյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Արհեստական բանականության հետ «համագործակցելով» գինի ստեղծելու գաղափարը Դավիթի մոտ ծնվել է ընկերների հետ զրույցների ընթացքում.
«Այդ միտքը բավական երկար «եփվեց» մինչեւ իրականություն դառնալը։ Նոր բան էինք ուզում առաջարկել՝ առանց գինեգործի դերը նվազեցնելու։ Ընդհակառակը՝ առանց նրա այս ամենը պարզապես հնարավոր չէր լինի։ Բայց հասկացանք, որ տվյալների, վիճակագրության ու մեթոդների տեսանկյունից կարող ենք օգտվել արհեստական բանականության հնարավորություններից, ինչ-որ խորհուրդներ ստանալ եւ արդեն հմուտ գինեգործի ձեռքերով ձեւավորել վերջնական արդյունքը»։
Դավիթ Գրիգորյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Աշխատել են արհեստական բանականության տարբեր մոդելների հետ, որոնք, Դավիթի խոսքով, ահռելի տվյալներ ունեն սպառողների վարքագծի ու նախընտրությունների մասին. «Կարեւորը կարողանալ այդ ամենը ճիշտ դասավորել, որ դրանցից ինչ-որ բան ծնվի։ Այն, ինչ մենք ուզում էինք, ստացանք։ Ցանկություն չունեինք սրանից ավելի հեռու գնալ կամ մարդկայինը փոխարինել: Սա էր AI-ի դերը, եւ նա իր գործն արեց»։
Էմոցիայի ու ալգորիթմի համադրությունը
Prompt գինին շուկայում հայտնվել է բոլորովին վերջերս։ Այն արդեն անցել է In Vino-ի փորձնական փուլը, մասնակցել է փակ համտեսի: Շուտով գինին հասանելի կլինի մյուս մասնագիտացված խանութ-սրահներում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Prompt-ի երկու տեսակ կա՝ սպիտակ եւ կարմիր: Սպիտակը պատրաստված է Ոսկեհատից եւ Խաթունիից, կարմիրը՝ Արենիից եւ Թոզոտից: Իսկ թե գինու ստեղծման «համահեղինակ» ԱԲ-ն ինչպես է օգնել համադրել խաղողի այս տեսակները, գինեսերները կգտնեն Prompt-ի պիտակի վրա:
Prompt: Capture the feeling of a high-altitude breeze.
Answer: Voskehat brings the aroma, Khatuni brings the lift.
«Սրանք հայկական հայտնի սորտեր են, եւ AI մոդելները դրանց մասին բավական մանրամասն տվյալներ ունեն։ Շատ տարբեր հարցեր ձեւակերպեցինք՝ սկսած նրանից, թե այս տարածաշրջանում ինչ կնախընտրեին եւ որ խաղողներով ասամբլեաժ կանեին։ Այստեղ կարեւորն այն է, որ փորձել ենք արհեստական բանականությանը չկտրել էմոցիոնալ, մարդկային ունակություններից, որ տեխնիկականն ու զգայականը միաձուլվեն»,- ասում է Դավիթը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նույն մոտեցումն է եղել կարմիրի դեպքում։
Prompt: Tell a story without words.
Answer: Areni speaks first, Tozot finishes the sentence.
«Գինին պետք է «պատմություն պատմի» իր լեզվով, ու ԱԲ-ն առաջարկել է, որ սկզբում խոսի Արենին, հետո նախադասությունն ավարտի Թոզոտը։ Մենք տվել ենք առաջադրանքը, ԱԲ-ն տվել է պատասխան՝ մեր ակնկալիքների սահմաններում, հետո արդեն գինեգործի հետ այդ գաղափարը դարձել է իրական գինի։ Արդյունքում ստացվել են թեթեւ, երիտասարդ գինիներ: Շուտով ԱԲ-ի հետ համադրությամբ կունենանք նաեւ ռեզերվ ու փրփրուն տարբերակներ»,- ասում նա:
Դիզայնը եւ անունը
Արհեստական բանականությունը նրանց օգնել է նաեւ դիզայնի հարցում։ Առաջարկել է պիտակի ոչ ստանդարտ տարբերակ: «Front label» եւ «back label»-ի փոխարեն այն ամբողջությամբ կպած է, միայն մեկ հատվածում ընդհատում ունի. «Սա մի քիչ շեղվում է դասական ֆորմատից, բայց մեզ հետաքրքիր թվաց, տեսնենք շուկան ինչպես կընդունի»։
Դավիթ Գրիգորյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Անվան ընտրության վրա եւս երկար ենք մտածել: Պետք էր ինչ-որ բան, որ կապ ունենար տեխնոլոգիաների, արհեստական բանականության գաղափարի հետ։ Այս տեսանկյունից ամենալավ տարբերակը հենց Prompt-ն էր՝ ամենապարզն ու ստեղծման գաղափարին ամենամոտը: Գինին ինքնին մարդու համար ինչ-որ տեղ «prompt» է, որը տանում է դեպի նոր մտքեր, նոր տրամադրություններ»,- պատմում է Դավիթը:
Առանց մարդկային հպման ոչինչ չի կարող լինել
«Միգուցե լինեն գինեգործներ, որոնք կարող են տարբեր կերպ ընդունել AI գործիքների կիրառումը։ Միգուցե լինեն քննադատություններ, բայց դրանց կիրառումը երբեք չի կարող փոխարինել գինեգործին։ Մենք դրանք ընդունում ենք որպես աջակցող գործիք, հավելյալ հուշումներ, որոնք առօրյա գաղափարներում միգուցե չունենայինք։ Գինեգործության մեջ առանց մարդկային հպման ու փորձառության ոչինչ չի կարող լինել։ AI-ը ոչ գինի է պատրաստելու, ոչ խաղող է մշակելու, ոչ մի բան այս պրոցեսում չի անելու»,- նշում է Դավիթը:
Դավիթ Գրիգորյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Prompt-ի հեղինակի խոսքով՝ հայկական գինիները մի ընդհանուր գործ են անում, որով փորձում են նպաստել մեր շուկայի մեծացմանն ու ճանաչմանը. «Մեծ մասը շատ լավ են անում այդ գործը: Մենք շատ բան ունենք ասելու աշխարհին, սակայն աշխարհը շատ մեծ է, իսկ մեր արտադրական ծավալներն այնքան մեծ չեն, որ ամբողջ աշխարհը լցնենք ու սկսենք իրար հետ մրցել։ Եթե նայենք միայն ներքին շուկային կամ բակերի խանութների մակարդակով, կարող է թվալ՝ մրցակցություն կա, բայց ավելի լավ է դա այդպես չհամարենք։ Ավելի կարեւոր է միասին լավ որակ ապահովել եւ Հայաստանի անունը պատվով ներկայացնել դրսի շուկաներում»։
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: