Գինու ուղիներ, նոր գինիներ եւ տպավորություններ փնտրող զբոսաշրջիկներն ավելի հաճախ են սկսել Հայաստան այցելել։ Գինու տուրիզմը (էնոտուրիզմ) զարգանում է արագ տեմպերով, բայց տեղեկացված եւ պահանջկոտ գինեսեր-զբոսաշրջիկները նույն վայրի մասին կարող են լսել իրարից տարբերվող, հակասող եւ ոչ ճիշտ տեղեկություններ։
Էնոտուրիզմի ծառայությունների որակը բարձրացնելու համար ICARE հիմնադրամը նախաձեռնել է գինու ոլորտի զբոսավարների վերապատրաստման GuideMASTER ծրագիրը։ GuideMASTER-ն արդեն ունեցել է երկու փուլ եւ յուրաքանչյուրին մասնակցել է տուրիզմի ոլորտի 20 ներկայացուցիչ։ Այսպիսով, Հայաստանում այժմ կա գինու 40 գիդ։
Տուրիզմի մասնագետ Սիրանուշ Փիլոյանը GuideMASTER-ի ծրագիրը վերջերս է ավարտվել, բայց արդեն Հայաստանն ու հայկական գինին ներկայացնելու իր տարբերակներն է ընտրել եւ դրանց վերաբերյալ առաջարկներ մշակել։
Ամեն օր գինի խմելու սերտիֆիկատ
Սիրանուշ Փիլոյան․Արդեն 12 տարի այս ոլորտում եմ, աշխատում եմ տարբեր երկրների, հիմնականում՝ ԱՄՆ-ի, Անգլիայի, Կանադայի եւ Ավստրալիայի զբոսաշրջիկների հետ։
Լուսանկարը՝ GuideMASTER
Գինու տուրիզմն աշխարհում զարգանում է մեծ թափով։ 2015 թվականից իմ գործունեությունն ավելի շատ «շքեղ ճանապարհորդությունների» (luxury travel) հետ է կապված, իսկ գինին դրա մի մասն է։ Գրեթե բոլոր զբոսաշրջիկները, որոնց հետ աշխատում եմ, հետաքրքրված են գինով, իսկ գինու մասին պետք է ճիշտ խոսել։
GuideMASTER-ի դասերը ոչ միայն լսարանում էին լինում, այլեւ այցելություններ էինք ունենում պատմամշակութային վայրեր, գինու գործարաններ, տարբեր գինիներ համտեսում։ Մինչ դասընթացը գինի շատ չէի խմում եւ համտեսելիս էլ նայում էի, թե հասկացողներն ինչպես են արձագանքում, հիմա ես էլ կարող եմ հասկանալ ու տարբերակել, թե ինչն է ինձ դուր գալիս, նաեւ ասում եմ, որ արդեն ամեն օր գինի խմելու սերտիֆիկատ ունեմ։
Բացահայտել գինեգործական Հայաստանը
Սիրանուշ Փիլոյան․Թվում է՝ Հայաստանում ամեն տեղ գինի կա, բայց տուրեր կազմելուց պետք է իմանալ, թե շեշտը գինեգործական որ շրջանների վրա է պետք դնել եւ ինչի մասին խոսել։
Դասերի վերջին օրերին ասում էինք, որ մեր ուսուցման պրոցեսը նոր է սկսում, որովհետեւ հիմա գիտենք, թե ինչ չգիտենք, կամ գոնե գիտենք, թե որտեղ փնտրենք չիմացածը։
Կորոնավիրուսից հետո տուրիզմը շատ ակտիվ չէ, բայց շատ ընկերությունների առաջարկել եմ փոքրիկ դասախոսություն, գինու կարճ համտես կազմակերպել Հայաստանի այն քաղաքների հյուրանոցներում, որտեղ չկա երեկոյան զբաղմունք։
Վրաստանում կոլեգաներ ունեմ, որոնց հետ նախատեսում ենք գինու տարածաշրջանային տուրեր անել։ Կարծում եմ՝ մեր եւ հարեւան երկրի միջեւ գինու հետ կապված մրցակցությունը ճիշտ գիտելիքով կարող է համագործակցություն դառնալ։
Լուսանկարը՝ GuideMASTER
Պետք է ոչ միայն պատմել գինու մասին, այլեւ Հայաստանը ներկայացնել լավ մշակված տուր-փաթեթներով։ Այնքան հարուստ մշակույթ ունենք, որ նախ մենք պետք է սովորենք, հետո ճիշտ մատուցենք զբոսաշրջիկներին, դրա համար ուզում եմ գինու հետ կապված բլոգով ավելի ակտիվ զբաղվել, որովհետեւ չես կարող ներկայացնել մշակույթ, որով չես ապրում։ Ուզում եմ, որ մենք՝ տեղացիներս, իմանանք մեր ժառանգության մասին, շատ գինի խմենք ու հետաքրքրվենք այդ մշակույթով։ Հայաստանում գինեգործությունը ֆանտաստիկ թափով զարգանում է, եւ պետք է հասցնել փորձել գինու նոր տեսակները։
Էնոտուրիզմն ու գինու գիդ դառնալու կարեւոր պայմանը
GuideMASTER ծրագրի համակարգող Սոնա Խոջոյան․Հայաստանում գինու արտադրությունն ակտիվ զարգանում է, իսկ էնոտուրիզմը՝ դեռ կաղում։ Ոլորտը չի համակարգվում եւ վերահսկվում, մասնագիտացում չունեցող մարդիկ զբոսավար են աշխատում, իսկ շատ զբոսաշրջիկներ բծախնդիր եւ պատրաստված են գալիս Հայաստան, չես կարող ամեն տեսակ տեղեկություն տալ։ Այսպես` որոշեցինք, որ պետք է լինի գինու զբոսավարներին կրթող ծրագիր։
Սոնա Խոջոյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
GuideMASTER ծրագիրն իրականացնում է ICARE հիմնադրամը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում եւ ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի եւ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում:
GuideMASTER-ին մասնակցելու համար պարտադիր պայման է, որ դիմողները լինեն գործող գիդեր, որոնք մեզ մոտ կմասնագիտանան գինու ուղղությամբ։
Մասնակիցներին ընտրելիս կարեւորում ենք օտար լեզուների իմացությունը եւ հիմնականում այնպես ենք անում, որ խումբը լինի բազմալեզու, եթե դիմորդը երբեւէ գինու տուր է իրականացրել, դա առավելություն ենք համարում, կարեւորում ենք նաեւ նրանց փորձը, նպատակասլացությունը։
Ծրագրի առաջին փուլին ունեցել ենք մոտ 100 դիմորդ եւ ընտրել 20-ին։ Երկրորդ փուլի 20 մասնակցին ավելի հեշտ ենք ընտրել, քանի որ դիմել է 50 մարդ։ Երկրորդ խումբը կուրսն ավարտել է այս տարվա հունիսի 29-ին։ Առաջին փուլում ծրագիրը տեւել է վեց ամիս, բայց քանի որ զբոսավարները դժվարությամբ էին մասնակցում դասերին, որոշեցիք երկրորդ փուլը սեղմել ու դարձնել չորս ամիս։ Ծրագիրը դարձավ ավելի խիտ, բայց արդյունավետ։
Լուսանկարը՝ GuideMASTER
GuideMASTER-ին մասնակցելու տարիքային սահմանափակում չկա եւ խմբերն այդ առումով էլ շատ բազմազան են լինում։ Մասնակիցներից ոմանք քսան տարուց ավելի զբոսաշրջության ոլորտում են։ Երկու փուլում էլ տղաներն ավելի քիչ են եղել։ Զբոսաշրջային ոլորտում կանայք գերակշռում են, բայց զարմանալի է, որ գինու հարցում տղաները պասիվ են, հուսով եմ՝ այս տենդենցն էլ կփոխվի։
Սերտիֆիկատը պետք է չափորոշիչ լինի
GuideMASTER-ը բաժանված է երկու հիմնական մոդուլի․ պատմություն՝ Հայաստանի գինեգործության պատմություն, գինու դերը Հայաստանի մշակույթում, արվեստում, երկրորդը՝ գինեգործություն եւ խաղողագործություն։ Խաղողագործության մոդուլն այս տարի շատ ավելի հարստացրել էինք, հատուկ շեշտադրել Հայաստանի գինեգործական շրջանների, տերուարային առանձնահատկությունների, խաղողի սորտերի վրա, որպեսզի երբ գիդը զբոսաշրջիկների հետ այցելի որեւէ շրջան, խոսի ոչ միայն Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության, այլ՝ հենց այդ շրջանի տերուարային, բնակլիմայական առանձնահատկությունների մասին։
Գինեգործություն մոդուլում մասնակիցները սովորում են գինու պատրաստման տեխնոլոգիա։ Մոդուլը բավական ընդգրկուն է, դժվարանում են քիմայի մասով, բայց ուզում ենք, որ գիդերը լայն պատկերացում ունենան եւ պատրաստ լինեն զբոսաշրջիկի ցանկացած հարցի։ Մեր դասախոսները փորձում են այնպիսի տեղեկություններ տալ ուսանողներին, որոնք ոչ մի գրքում կամ կայքում չեն գտնի։
Լսարանային դասերն անցկացվում են EVN Գինու ակադեմիայում, ծրագրի մասնակիցներն ամեն շաբաթ օր «դաշտային այցելություններ» են ունենում պատմամշակութային վայրեր, ծանոթանում գինեգործարանների առաջարկներին։ Խոսքը միայն ոլորտի խոշոր խաղացողների մասին չէ, ներգրավել ենք նաեւ տնայնագործ գինեգործների, ընդգրկել փոքր ու միջին արտադրողների, որոնք շատ լավ գինիներ ունեն։
Լուսանկարը՝ GuideMASTER
Երկրորդ կուրսի ընթացքում ոլորտի առաջատար սոմելյեներից մեկը երեք օր գործնական դասընթաց անցկացրեց կարմիր, սպիտակ եւ փրփրուն գինիների մասով, պատմեց հայկական այն խաղողների մասին, որոնք հիմա օգտագործում են մեր գինեգործության մեջ, մասնակիցները փորձեցին գինիներ, համեմատեցին, սովորեցին էտիկետ, ինչպես բացել շիշը, լցնել, հյուրասիրել։ Գինու մատուցման էտիկետը կարեւոր է, որովհետեւ մեր գիդերը հաճախ նաեւ մատուցող են եւ խումբ պահելու համար պետք է բազմակողմանի զարգացած լինել։ Մասնակիցները նաեւ զգայորոշման հմտություններ են սովորել եւ իրենց հյուրերին կարող են հուշել, թե ինչպես է պետք ճիշտ համտեսել գինին։ Գործնական պարապմունքները ծրագրի հիմնական մեխերից են եւ ընթացքում ես զգում էի, թե որքան հետաքրքիր են մասնակիցների համար, նրանք անգամ ինքնուրույն գնում էին ինչ-որ տեղ, փորձում գինիներ եւ ցանկանում ավելին իմանալ այս ոլորտի մասին։
Ծրագրի առաջին փուլում այդպես չէր, բայց երկրորդի ավարտին մասնակիցները քննություն հանձնեցին, որի հիման վրա ստացան իրենց հավաստագրերը։ Այս տարի որոշեցինք, որ պետք է լինի գործնական բաղադրիչ։ Բացի այն, որ կար հարցաշար՝ հիմնված իրենց անցած նյութի վրա, ամբողջ խումբը բաժանվեց 5 մասի եւ ամեն խումբ ներկայացրեց Հայաստանի գինեգործական շրջաններից մեկի մասին զբոսաշրջային առաջարկ։ Խմբերը պատրաստել էին գինու պատրաստի տուր-փաթեթներ․ այն, ինչ կարող են վաճառել զբոսաշրջիկին՝ սկսած գնից, մինչեւ գիշերակաց, սնունդ, նաեւ այն, թե այդ շրջանի տուրիզմի հետաքրքիր վայրերն ինչպես կարելի է կապել գինեգործության հետ։
Լուսանկարը՝ GuideMASTER
Մենք եւ դասերի ընթացքում բացակայություններին ենք խիստ վերաբերվում եւ քննություններին, որովհետեւ պարզապես սերտիֆիկատ չենք բաժանում։ Այն մարդիկ, ովքեր կրում են այն, պետք է ներկայանալի լինեն եւ սերտիֆիկատն էլ պետք է չափորոշիչ լինի գործատուի համար։
Էնոտուրիզմը՝ ռազմավարական ճյուղ
Էնոտուրիզմը Հայաստանի համար ոչ միայն զվարճանք է, այլեւ տնտեսության զարգացման ռազմավարական ճյուղերից մեկը։ Եթե կարողանանք լավ ներդրում անել այս ոլորտում՝ կունենանք ծաղկուն տնտեսական ճյուղ, որը մեծ գումարներ է գեներացնում։ Աշխարհի գինի արտադրող երկրներ ակտիվորեն զարգացնում են այդ ճյուղը։ Ոչ միայն հին աշխարհի գինեգործական երկրների մասին է խոսքը, այլեւ նոր աշխարհի երկրներում՝ Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարավային Ամերիկա, զբոսաշրջիկը կարող է ընտրել գինու ուղղություն եւ մի ամբողջ օր այցելություններ ունենալ այդ շրջանում, վերջում էլ գինիներ գնել։ Հայաստանում առաջին քայլը սկսել ենք զբոսավարներից, բայց հույս ունեմ, որ կկարողանանք ընդգրկել նաեւ տուրիստական գործակալությունների աշխատակիցներին, որոնք դեռ պասիվ են։
Լուսանկարը՝ GuideMASTER
GuideMASTER ծրագրի արդյունքները տեսանելի կլինեն մի քանի տարի հետո։ Ծրագրի հարակայունությունը մեզ համար առաջնային հարցերից է, ամեն ծրագրի ավարտին մտածում ենք, որ հաջորդը կարող է չստացվել, բայց մաքսիմում ներդրում ենք անում, որ լինի, որովհետեւ պահանջարկ կա, ոմանք սպասում են դեռ առաջին փուլից սկսած։ Կարծում եմ՝ մենք պետք է կրթենք նաեւ այն մասնագետներին, ովքեր գրում են գինու տուր-փաթեթներ, շատ կարեւորություն ենք տալիս նաեւ գինեգործարաններում աշխատող գիդերին, որովհետեւ ոչ բոլորն են մասնագիտացված։
GuideMASTER-ի երկրորդ խումբը դեռ նոր է ավարտել, բայց առաջին խմբի մասնակիցներն արդեն հաջողություններ ունեն, ինքնուրույն նախագծում եւ անցկացնում են գինու գրագետ տուրեր, լուրջ ծրագրեր են գրում, ոմանք սկսել են վերապատրաստումներ անել։ Գինու տուրիզմի ոլորտում արդեն տեղաշարժ կա, կազմակերպությունները, գինեգործարանները գիտեն ծրագրի մասին եւ երբ պրոֆեսիոնալներ են պահանջվում, մեզ են դիմում։
Լուսանկարը՝ GuideMASTER
Ծրագրի իրականացումը դժվար է, ֆինանսական լուրջ ներդրումներ է պահանջում։ Առաջին փուլն անվճար էր, իսկ երկրորդ փուլում մասնակիցները վճարեցին 100 հազար դրամ, այն էլ՝ մոտիվացիայի համար։
Հույս ունեմ՝ հովանավոր կունենանք եւ կկարողանանք GuideMASTER-ը շարունակել, բայց եթե չլինի, ապա կփորձենք մեր ուժերով անել։ Մտադիր ենք հավատարմագրել ծրագիրը, որ Հայաստանում գինու գիդերը պետական ստատուս ունենան, արդեն զբաղվում ենք սերտիֆիկացման հարցերով։
Անի Խչոյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: