×

Լուսանկարը՝ EVN Գինու ակադեմիա

EVN Գինու ակադեմիայի «խմորումները», կրթական ծրագրերն ու գինիները

Ասում են՝ գինեգործություն սովորելու համար երբեք ուշ չէ, իսկ սովորելու հետաքրքիր ծրագրեր առաջարկում է EVN Գինու ակադեմիան։ Այստեղ չկան տարիքային սահմանափակումներ, կարեւոր պայման է անգլերենի իմացությունն ու գինու արտադրության ոլորտում հեռանկարային գաղափարները։

EVN Գինու ակադեմիայի տնօրեն Արթուր Գրիգորյանը GastroVino-ին պատմել է կրթական ծրագրերի, դրանք արտահանելու ցանկության, կառուցվող գործարանի, լավագույն խաղողից պատրաստված գինիների եւ բեռլինյան մրցանակի մասին։

Գինու ոլորտի որակյալ կադրերի խնդիրը

EVN Գինու ակադեմիան ICARE հիմնադրամի կրթական ծրագրերից մեկն է։ Հիմնադրամը ստեղծվել է 2005 թվականին եւ Տեխասի համալսարանի հետ միասին իրականացնում է մի շարք կրթական ծրագրեր՝ ագրոբիզնես, մարքեթինգ եւ այլն։ Հիմնադրամն անընդհատ հետեւում է շուկայում ճյուղերի զարգացմանը։ Տարիներ առաջ, երբ Հայաստանում գինու ոլորտը սկսեց զարգանալ, տեղական փոքր արտադրողները սկսեցին ավելի որակյալ գինի արտադրելու փորձեր անել, իսկ սփյուռքահայ որոշ ներդրողներ՝ Հայաստանում գինեգործարաններ հիմնել, ICARE-ը հետազոտություն արեց՝ հասկանալու համար, թե արդյոք կան բավարար մակարդակի որակավորված կադրեր, որոնք ապագայում կաշխատեն գինեգործարաններում։ Պարզվեց, որ իրավիճակն այնքան էլ լավ չէ։

Արթուր Գրիգորյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեծ գինեգործարաններն այդ օրերին հիմնականում հրավիրում էին արտասահմանցի գինեգործների։ Այժմ հրավիրվող մասնագետների թիվն անհամեմատ քիչ է։ Արտասահմանցի գինեգործ հրավիրելը, ծախսերի առումով, այնքան էլ հեշտ չէ։ Մեծ գինեգործարանները կարող են նման քայլի դիմել, փոքրերը՝ ոչ։ Ի վերջո, սա հանգեցնելու էր նրան, որ տարիներ անց Հայաստանում լինելու էր գինու որակի էական տարբերություն, մեծ գործարաններն ունենալու էին միջազգային, իսկ փոքրերը՝ ստանդարտներին անհամապատասխան գինի։

Գինու ակադեմիայի «խմորումները»

Կրթական հաստատության վերաբերյալ քննարկումները սկսվել էին խմորվել դեռ 2012-ից։ 2014 թվականին ICARE հիմնադրամը որոշեց ստեղծել Երեւանի գինու ակադեմիան (EVN Wine Academy)։ Ես այն ժամանակ հայտ ուղարկեցի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ), նրանք ողջունեցին մեր գաղափարն ու սկզբնական շրջանում ֆինանսավորեցին ակադեմիային։

Լուսանկարը՝ EVN Գինու ակադեմիա


Մենք նաեւ որոշեցինք ներգրավվել միջազգային գործընկեր, կանգ առանք աշխարհում գինեգործական, խաղողագործական առաջատար համալսարաններից մեկի՝ Գայզենհայմի համալսարանի հետ համագործակցության գաղափարի վրա։ Պայմանավորվեցինք, որ նրանք մեզ կօգնեն մշակել ուսումնական պլան, սկզբում նրանց դասախոսները կդասավանդեն այստեղ, իսկ հայ դասախոսները կլինեն ասիստենտի կարգավիճակում, հետո հայերը կդառնան հիմնական դասախոս, Գայզենհայմի համալսարանն էլ հավաստագիր կտրամադրի նրանց։

Լուսանկարը՝ EVN Գինու ակադեմիա


Այսպես` սկսեցինք իրականացնել EVN Գինու ակադեմիայի «Գինեգործություն եւ բիզնես» ծրագիրը։ Տարեկան ունենում ենք միջինում 15, առավելագույնը՝ 20 ուսանող։ Կարծում ենք՝ ամեն կուրսում 20-ից ավելի ուսանող ունենալու դեպքում պրոցեսները քիչ կառավարելի կլինեն, ինչը կարող է ազդել որակի վրա։ Մյուս կողմից, կարող եմ անկեղծանալ եւ ասել՝ սկզբում հետաքրքրվողների թիվն էլ այնքան շատ չէր։ Ոլորտը նոր էր զարգանում, մեզ չէին ճանաչում, բայց զարգացմանը եւ շուկայի մեծացմանը զուգահեռ, երբ մեր շրջանավարտները սկսեցին աշխատել տարբեր տեղերում, շատերը ցանկացած կրթություն ստանալ մեզ մոտ եւ մուտք գործել գինու ինդուստրիա։

Գինեգործություն սովորելու համար երբեք ուշ չէ

Ակադեմիայում չի գործում ուսանողների դասական՝ 18-19 տարեկանների մոդելը։ Տարիքային ցենզը մեծ տատանում ունի՝ կարող են գալ այն տարիքից, երբ արդեն թույլատրվում է ալկոհոլ խմել՝ մինչեւ անվերջություն։

Լուսանկարը՝ EVN Գինու ակադեմիա


EVN Գինու ակադեմիան առաջ է տանում lifelong learning մոդելը։ Մենք համարում ենք, որ երբեք ուշ չէ սովորել գինեգործություն, խաղողագործություն, բիզնես։ Մեր շրջանավարտներից մեկը մոտավորապես 50 տարեկան է, ակադեմիան ավարտել է նախորդ տարի եւ արդեն պատրաստել է իր երկրորդ գինին։ Մինչ այդ նա երբեք չի զբաղվել գինեգործությամբ, այժմ մտադիր է փոքր գինեգործարան հիմնել։

Յուրաքանչյուր տարի մենք իրականացնում ենք ընդունելություն, կուրսի տեւողությունը 18 ամիս է։ Ուսանողներին ընտրում ենք հարցազրույցի միջոցով, կրթական ծրագիրն անգլերենով է, եւ կարեւոր գործոններից մեկը այդ լեզվի իմացությունն է։ Հարցազրույցի ընթացքում հավաքվում է 4-6 հոգանոց կոմիտե, դիմորդները ներկայացնում են իրենց հետաքրքրվածությունը գինու ոլորտի նկատմամբ, պատմում, թե ինչ են պատրաստվում անել ապագայում։ Մենք հետ չենք նայում, թե մինչ այդ ինչ մասնագիտություն է ունեցել դիմորդը, որովհետեւ մեր շատ շրջանավարտներ IT կամ բանկային ոլորտից են, մարդիկ, ովքեր արդեն կայացած մասնագետներ են իրենց ոլորտում, ունեն որոշակի կապիտալ, ուզում են սովորել գինեգործություն։ Ակադեմիա դիմում են նաեւ տարիներ շարունակ գինեգործարաններում աշխատողները, ովքեր ուզում են բարձրացնել իրենց որակավորումը։

Լուսանկարը՝ EVN Գինու ակադեմիա


Ուսանողները սովորում են գինեգործություն, գինու քիմիա, միկրոբիոլոգիա, խաղողագործություն։ Վերջին առարկայի ընթացքում գնում են դաշտեր, պրակտիկա անցնում, խաղող էտում։ Գինու քիմիա առարկայի դասերը մասամբ անցկացվում են լաբորատորիայում, ուսանողները գինու փորձեր են անում, սովորում սենսորիկ համտես, նաեւ 4-շաբաթյա պրակտիկա անցնում առաջատար գինեգործարաններում։

Լաբորատորիա եւ համտեսի սրահ

Կրթական ծրագիրը սկսելուց հետո մենք հասկացանք, որ միայն լսարանային կրթությունը բավարար չէ, մեզ անհրաժեշտ է ենթակառուցվածք կառուցել, որպեսզի կրթությունը ավելի ամբողջական լինի։ Դրանցից մեկը գինու լաբորատորիան է, որը ոչ միայն կրթական է, այլեւ մատուցում է գինու որակի թեստեր, համագործակցում է 30-ից ավելի գինեգործարանի հետ եւ դրանով նպաստում Հայաստանում արտադրվող գինու որակի բարձրացմանը։

Լուսանկարը՝ EVN Գինու ակադեմիա


Մյուս կարեւոր ենթակառուցվածքը համտեսի սրահն է։ Գինին այնպիսի պրոդուկտ է, որը պետք է անընդհատ համտեսել, որքան փորձը մեծ է, այնքան քիմքը զարգացած է եւ նպաստում է սոմելիեական կարողությունների զարգացմանը։

Հաջորդ նպատակը, որի ուղղությամբ աշխատում ենք, EVN Գինու ակադեմիայի համար գործարանի ստեղծումն է։ Մինչ այս մենք օգտագործում էինք Ագրարային համալսարանի կարողությունները։ Այժմ Պռոշյան համայնքում կառուցում ենք առանձին գինեգործարան։ Այն, հավանաբար, կլինի Երեւանին ամենամոտ գտնվող գինեգործարանը, հուսով ենք՝ նաեւ խաղողի այգի կհիմնենեք։ Վայրը այնպես ենք ընտրել, որ ուսանողներն ամեն օրվա ռեժիմով «եփվեն» գինեգործարանի մեջ, հնարավորություն ունենան քաղաքային տրանսպորտով հասնել գործարան ու մասնակցել իրենց հետաքրքրող պրոցեսներին։

«Գինու շաբաթներ» ամառային դպրոց

EVN Գինու ակադեմիան, բացի 18-ամսյա մասնագիտական ծրագրից, նաեւ ունի «Գինու շաբաթներ» կոչվող ամառային դպրոց, որն անցկացնում ենք հուլիս ամսին։ Այս դասընթացի իմաստը նախապրոֆեսիոնալ մակարդակի հասցնելն է նրանց, ովքեր ուզում են ոչ միայն գինի համտեսել ու դրանով սահմանափակվել, այլ երկու շաբաթ ժամանակ անցկացնել՝ այցելել գինեգործարաններ, սովորել գինու պատմություն, տեսնել գինեգործության որոշակի պրոցեսներ, մասնակցել լսարանային մի քանի դասընթացի, էնտուզիաստի մակարդակից մեկ քայլ առաջ կատարել դեպի պրոֆեսիոնալ մակարդակ։

Նաեւ խրախուսում ենք սփյուռքահայերին, միջազգային մասնակիցներին՝ միանալ մեր «Գինու շաբաթներ» դասընթացին, որը նրանց կծանոթացնի Հայաստանի մշակույթի, գինու, պատմության, խոհարարության հետ, որովհետեւ գինին Հայաստանում եղել է մշակույթի մաս, եւ երբ խոսում ենք գինու մասին, խոսում ենք արվեստի, պատմության, մշակույթի, գյուղատնտեսության մասին։

Հեռավար ծրագիր

EVN Գինու ակադեմիան մինչ այժմ հիմնականում տեղացի ուսանողներ է ունեցել։ Համավարակի պատճառով ակադեմիան մասամբ անցել էր օնլայն ուսուցման, այժմ վերադարձել ենք լսարան, բայց հանգել ենք այն գաղափարին, որ կարող ենք նաեւ հեռավար ծրագիր իրականացնել։ Օրինակ՝ ուսանողը, որը գտնվում է Կալիֆորնիայում եւ ուզում է սովորել Ակադեմիայում, կարող է օնլայն միանալ մեր դասընթացներին, իսկ պրակտիկան անցնել մեզ համար ընդունելի որեւէ գինեգործարանում։

Արթուր Գրիգորյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


2021թ․ նոյեմբերի ընդունելությունն արդեն սկսվել է եւ մենք հրավիրում ենք միջազգային բոլոր հետաքրքրված ուսանողներին՝ միանալ մեր լսարանին։ Մեր նպատակն է միջազգայնացնել EVN Գինու ակադեմիան։ Կրթությունը մատուցելիս չենք կարող չխոսել հայկական գինիների մասի, ուստի՝ նաեւ կտարածենք հայկական գինու, գինի խմելու մշակույթը եւ որքան շատ մարդ աշխարհում իմանա հայկական գինու մասին, այնքան արտահանման շուկայում սպառումը մեծ կլինի։

Գինու զբոսավարների դասընթաց

EVN Գինու ակադեմիան՝ ICARE հիմնադրամի հետ միասին այս տարի առաջին անգամ իրականացնում է գինու ոլորտի զբոսավարների վերապատրաստման GuideMASTER ծրագիրը։ Ֆինանսավորումն իրականացվում է ԳՄՀԸ Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում ծրագրի համաֆինանսավորմամբ:

Ակադեմիան տարիներ շարունակ փորձում է բարեփոխումներ իրականացնել եւ նպաստել արտադրանքի որակի ու ոլորտի ծառայությունների մատուցմանը։ Տուրիզմը շատ կարեւոր բաղադրիչ է։ Նախկինում կարծիքներ էինք ստանում, որ գինու ոլորտի տարբեր գիդեր կամ զբոսավարներ նույն վայրի վերաբերյալ հակասական տեղեկությունն էին տրամադրում եւ որոշեցինք համակարգված մոտեցում ցույց տալ։ Կազմեցինք 6 ամսվա հագեցած ծրագիր, որի 4 մոդուլները ներառում են աշխարհագրություն, գինու պատմություն, մշակույթ, գեղարվեստ, խաղողագործություն, գինեգործություն առարկաները։

Առաջին ծրագիրը մեկնարկել է 2021թ. ապրիլ ամսին, ունենք 20 ուսանող, որոնք ոլորտի առաջատար գիդեր են։ Այժմ արդեն մտածում ենք երկրորդ փուլի մասին, որովհետեւ պահանջարկը շատ մեծ է, անընդհատ դիմումներ ենք ստանում։ Շահագրգռող առիթներից մեկն էլ այն է, որ այս տարի ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացնում է GIZ-ը, զբոսավարները չեն վճարում ուսման համար։ Դասընթացները վարում են ոլորտի լավագույն մասնագետները, բացի ակադեմիական դասերից, ուսանողները նաեւ ունենում են տարբեր դաշտային այցեր, այցելում գինեգործարաններ, մասնակցում գինու համտեսի, մշակութային, պեղումնաբանական այցեր են ունենում։

«Ակադեմիական» գինիներ

2020 թվականին EVN Գինու ակադեմիան առաջին անգամ շշալցրել եւ վաճառքի է հանել «Կարմիր Արենի», «Ռոզե Արենի» եւ «Սպիտակ Ոսկեհատ» գինիները, որոնք պատրաստվել են 2019 թվականի բերքից՝ Ագրարային համալսարանին պատկանող գինեգործարանում։ Գինիներն այժմ վաճառվում են Երեւանի հիմնական սուպերմարկետներում եւ մասնագիտացված վաճառակետերում։

Լուսանկարը՝ EVN Գինու ակադեմիա


Արտադրել ենք ընդամենը մի քանի հազար շիշ եւ որպես հումք ուսանողների համար գնել ենք լավագույն որակի խաղող։ Մեր գինեգործի օգնությամբ՝ Աղավնաձորում գտել ենք մի ֆերմեր, ով արտադրում էր «Ոսկեհատ», իսկ նրա հարեւանը՝ «Արենի» տեսակի խաղող։ Ուսանողները մասնակցել են գինու պատրաստման ողջ գործընթացին։ Պատկերացրեք, մի կողմից մեր գինեգործը գինեգործական պրոցեսներ է կատարել, մյուս կողմից՝ դասախոսություն վարել 20 ուսանողի համար, բայց երբ կա լավ դասախոս եւ ուսանողներ, որոնք գալիս են սովորելու մղումով, այլ ոչ թե ժամ վատնելու համար, հնարավոր է լինում աշխատել որպես մեկ թիմ եւ ստանալ լավ արդյունք։

Լուսանկարը՝ EVN Գինու ակադեմիա


Ի դեպ, EVN Գինու ակադեմիայի «Սպիտակ Ոսկեհատ» գինին մասնակցել է Berliner Wine Trophy մրցույթին եւ շահել արծաթե մեդալ։ Հաջորդ տարիներին նաեւ մեր մյուս գինիները կուղարկենք եւ հուսով ենք, որ արծաթե ու ոսկե մեդալների կարժանանան։

Հայաստանի գինու քարտեզ 2021

Այս տարի՝ որպես առաջին փորձ, EVN Գինու ակադեմիան մշակել է նաեւ Հայաստանի եւ Արցախի գինու քարտեզ՝ անգլերեն եւ ռուսերեն լեզուներով։ Քարտեզի մի կողմում զետեղված են տվյալներ այն գինեգործարանների մասին, որոնք տրամադրում են գինու տուրիզմի ծառայություններ։ Մյուս կողմում Երեւանի քարտեզն է՝ գինու բարերի եւ մասնագիտացված խանութների նշմամբ։ Սա մեր առաջին փորձն է, ամեն տարի գինու տուրիզմի ծառայություններ մատուցող գործարանների, բարերի, խանութների թիվն ավելանում է, դրա համար արդեն սկսել ենք աշխատել 2022 թվականի քարտեզի վրա, փորձում ենք օնլայն տարբերակի համար լուծումներ գտնել։

«Գինու ծով»

Մի ծրագիր էլ կա, որն անմիջականորեն չի վերաբերում EVN Գինու ակադեմիային, բայց իրականացնում է ICARE հիմնադրամը՝ Եվրամիության ֆինանսավորմամբ։ Ծրագիրը կոչվում է «Sea of Wine» (Գինու ծով), որի հիմնական բաղադրիչներից մեկը Հայաստանի համար գինու ուղիներ մշակելն է։ Փորձում ենք կիրառել հետաքրքիր մոտեցում։ Այն կլինի կայքի եւ հավելվածի ձեւաչափերով, յուրաքանչյուր ցանկացող կարող է ինքը գծել իր ճանապարհը։ Անձը կնշի իր նախընտրությունները, իսկ ծրագիրը կգեներացնի մի քանի տարբերակ։ Այնուհետեւ հնարավոր կլինի նախընտրած ճանապարհը պահպանել հեռախոսի մեջ, տպել կամ ունենալ PDF ֆորմատով։ Կարծում եմ՝ այն կգործարկվի մեկ տարվա ընթացքում։

Գինեգործարաններին, հնարավոր դոնոր ընկերություններին, որոնք հետաքրքրում է այս ծրագիրը, հրավիրում ենք համագործակցության, որպեսզի կարողանանք ավելի լավ արդյունք ստանալ։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ EVN Գինու ակադեմիայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին