Ներկայացնում ենք The Los Angeles Times-ի ‘The world’s most dangerous wine’: Smuggled grapes from Iran and an Armenian vintner’s daring dream հոդվածի հայերեն թարգմանությունը
Մի քանի տարի առաջ ժամանակակից հայ գինեգործության ռահվիրաներից մեկը՝ Վահե Քեուշգուերյանը, համարձակ գաղափար հղացավ, այն է՝ Իրանից մաքսանենգ ճանապարհով տեղական խաղող ներկրել, Հայաստանում գինի արտադրել եւ աշխարհին այն ներկայացնել որպես աքսորում պատրաստված գինի:
Գինին վերստին մարդու եւ հողի պարզ, բայց անխախտ կապ է ստեղծում՝ անհամատեղելիությանն ի հակառակ: Քեուշգուերյանը բախվեց ոչ միայն բնության եւ մարդու անհամատեղելիությանը, այլեւ հողի եւ մարդու միջեւ պատմության եւ քաղաքականության անհամատեղելիությանը:
Նրա ձգտումը՝ փրկելու վաղուց արգելված գինեգործության ավանդույթները Իրանում՝ երկրում, որտեղ 1979-ի իսլամական հեղափոխությունից ի վեր ալկոհոլն արգելված է, իրականացավ, երբ կինոռեժիսոր Ջեյսոն Ուայզը որոշեց իր վավերագրական օբյեկտիվն ուղղել Քեուշգուերյանի երազած նախագծին:
«Սա աշխարհի ամենավտանգավոր գինին է», - ասում է վարպետ սոմելյեն եւ «Verve Wine»-ի համահիմնադիրը «SOMM. Փրկության գավաթը» ֆիլմում, որը Ուայզի ֆիլմերի շարքից վերջինն է: Այս շարքը սկսվել է 2012 թվականի «SOMM» վավերագրական ֆիլմից, որը պատմում է սկսնակ սոմելյեների մասին:
Մինչեւ 1979-ի հեղափոխությունը Իրանում ավելի քան 300 գինեգործարաններ կային, որոնց հաջողակ գործունեությանը մասնակցում էին բազմաթիվ հայեր, որոնց 16-րդ դարում բռնի տեղահանել էր Շահ Աբասը: Իրանը համարվում է գինեգործության ծննդավայրերից մեկը՝ Հայաստանի, Վրաստանի եւ Կովկասյան լեռների այլ տարածքների հետ մեկտեղ։
Իր ծրագրի համար Քեուշգուերյանն ընտրեց Սարդաշտ շրջանը, որը մոտ է Իրանի եւ Հայաստանի 44-կիլոմետրանոց սահմանին: Ուսումնասիրելուց հետո նա 2021 թվականին գտավ փոքրիկ մեկուսացված խաղողի այգի՝ տեղական «ռաշեհ» խաղողատեսակով եւ կարողացավ այնքան խաղող տեղափոխել Հայաստան, որ գինեգործ Արման Մանուկյանի հետ իր «WineWorks» գինու գործարանում 14 000 շիշ գինի ստացավ:
Գինին կոչվեց «Mòläna»՝ ի պատիվ 13-րդ դարի պարսիկ բանաստեղծ եւ գիտնական Ռումիի, որին հաճախ անվանում էին «Մոլանա» (վարպետ)։ Չժանգոտվող պողպատից բաքերի մեջ հնեցված մուգ կարմիր գինին՝ ազնվամորու եւ բալի նոտաներով եւ ձմեռային համեմունքների նրբերանգով, հանդես է բերում հայրենի տերուարի հարուստ հրաբխային հողն ու բարձրադիր տեղանքը:
«Մենք ուզում ենք ցույց տալ, թե ինչ ափսոս է, որ Իրանը թույլ չի տալիս նման ապրանք արտադրել հենց Իրանում,- ասում է Քեուշգուերյանը։ - Չեմ ասում, որ գինին համտեսելիս կասեն՝ «Միգուցե սկսենք գինի արտադրել»։ Դեռ ոչ։ Բայց ինչ-որ պահի պետք է ասեն»:
Այս տարի իր կապերի շնորհիվ Քեուշգուերյանը կարողացավ «ռաշեհ» խաղողի եւս մի խմբաքանակ տեղափոխել՝ 8 000 շիշ «Mòläna» ստանալու համար: Նա համարում է, որ սա իր նախագծի վերջին փուլն է՝ վտանգավորության պատճառով:
Ֆիլմի առաջին տեսարաններից մեկում մենք Քեուշգուերյանի գինու արտադրողի դստեր՝ Էյմիի դեմքին անհանգստություն է, երբ նա հարցնում է հորը, թե արդյոք նրա կարծիքով խնդիրներ կառաջանան, երբ խաղողով լի բեռնատարները անցնեն Իրան-Հայաստան սահմանը:
«Ես քեզ բանտից կզանգահարեմ», - կեսկատակ պատասխանում է հայրը:
«Փրկության գավաթը» շրջագայում է Միացյալ Նահանգների քաղաքներով, ներառյալ Լոս Անջելեսը, եւ 2024-ի սկզբին կցուցադրվի գինու եւ ուտեստների հոսքային «SOMM TV»-ով: Բայց եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչ համ ունի տարագիր իրանական գինին, կարող եք Քեուշգուերյանի նախագծի պտուղները գտնել Հարավային Կալիֆորնիայում:
Իրանի «ռաշեհ» խաղողատեսակից պատրաստված գինու առաջին թողարկումը վերջերս համտեսել են իրանական ծագումով կալիֆորնիայի գինեգործները՝ Լոս Անջելեսի Էթվոթեր թաղամասի «Մոմեդ» ռեստրանում: Սերտորեն համագործակցելով սոմելյե Էհսան Մաքանիի հետ՝ շեֆ-խոհարար Վարդան Աբգարյանը հատուկ համադրված ճաշացանկ ստեղծեց, որի հիմքում ավանդական իրանական ուտեստներն էին: Ապխտած լաբնեով խորոված հորթի լեզու՝ մատուցված սիսեռի թարմ աղցանով, շոգեխաշած լոբիով եւ կանաչ պղպեղի մածուկով կատարելապես համապատասխանում էին այս գինուն:
«Երբ «Mòläna»-ից մի կում խմեցի ու շունչ քաշեցի, անմիջապես հիշեցի թարմ խուրմա կծելը,- ասում է Աբգարյանը։ - Այդ թարմ խուրման քաղցրություն ունի, բայց շաքարահամ չէ։ Նույնը այս գինին. հավասարակշռված եւ լավ կառուցվածքով գինի է»։
Իրանական գինեգործության նախագիծը «Փրկության գավաթ» ֆիլմում պատմության միայն մի մասն է: Քեուշգուերյանի պատմության օգնությամբ վավերագրական ֆիլմը ներկայացնում է, թե ինչ դժվարությամբ եւ նվիրումով են հայերը բերք հավաքել եւ գինի պատրաստել 2020 թվականին Արցախի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության ժամանակ:
«Այս ֆիլմը ցույց է տալիս, որ տերուարը ոչ միայն հող է, որտեղ աճեցվում է խաղողը,- ասում է Ուայզը,- այլ որքան կարեւոր է այն որթատունկի համար: Սերունդներ շարունակ այս որթատունկերը աճում են նույն տեղում՝ Հայաստանում, եւ վերջում պարզվում է, որ մարդիկ եւ որթատունկը ասես մեկտեղվում են եւ առանց միմյանց գոյություն ունենալ չեն կարող»:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: