×

Լուսանկարը՝ KinEa Wine-ի

Լալվարին ու Կարմրահյութը բացահայտող «Կինէա» գինիները

Լալվարի եւ Կարմրահյութ խաղողի սորտերն այսօր լայնորեն չեն օգտագործվում գինեգործության մեջ, թեեւ պատմականորեն տարածված են եղել Տավուշի մարզում։ Աշխարհագրական տարբեր գոտիներում խաղողի այս տեսակները տարբեր առանձնահատկություններ եւ դրսեւորումներ են ունենում: 

Գինեգործ Ալեքս Ներսիսյանն իր «Կինէա» գինիներով շարունակում է բացահայտել Լալվարին ու Կարմրահյութը:

Gastrovino-ն Ալեքսի հետ զրուցել էր դեռ 2022 թվականին։ Այս անգամ նրա հետ խոսել ենք Տավուշի՝ գինեգործական շրջան դառնալու ներուժի, այնտեղ աճող խաղողի եւ «Կինէա» գինիների արտադրության ընթացքի մասին։

«Մարդկային գործոնը շարունակում է մնալ առաջնային»

Կինէա գինիների «արտադրական կյանքում» այս տարիների ընթացքում գրեթե բան չի փոխվել: Ինչ տեխնոլոգիայով աշխատել ենք, մթերման ինչպիսի պրոցես եղել է, դրանք հիմնականում պահպանել ենք: 

Արտադրական պրոցեսում մարդկային գործոնը շարունակում է մնալ առաջնային՝ մթերումից մինչեւ մշակում: 

Գյուղացիների հետ նախնական պայմանավորվածություն ունենք՝ թե ինչ ձեւով պետք է այգիները մշակեն, քանի անգամ պետք է ջրեն եւ այլն: Շուկայականից ավելի բարձր գին ենք վճարում խաղողագործին, փոխարենը ստանում ենք այն, ինչ մեզ պետք է: 

Ալեքս Ներսիսյանը Լուսանկարը՝ KinEa Wine-ի


Խաղողի բերքը այգուց մենք ենք հավաքում, գնում ենք մեր մկրատներով, մեր արկղերով: Այգուց բերում ենք այն խաղողը, որը միանգամից մշակման պետք է գնա: 

Սպիտակ գինին շարունակում ենք ստանալ միայն Լալվարի խաղողից, իսկ կարմիրի դեպքում որոշակի փոփոխություններ են եղել: Եթե նախկինում այն ստանում էինք միայն Արմավիրի մարզում աճող Տիգրանի խաղողից, այժմ կարմիր գինու մեծ մասը ստանում ենք Տավուշի Կարմրահյութ տեսակից, որը եւս յուրահատուկ, տարբերվող սորտ է, եւ շուկայում քչերն են աշխատում դրա հետ:

«Դրական էներգիան գինին կլանում է»

«Կինէա» գինիների արտադրական ծավալներն այդքան էլ մեծ չեն, համեմատաբար ավելի փոքր պահամանների մեջ ենք արտադրում՝ առավելագույնը 1.5 տոննա, ինչը եւս թույլ է տալիս մարդկային գործոնը լիարժեք պահպանել աշխատանքում: 60-80 տոննա ծավալով ցիստեռներ չեն, երբ աչքով չես տեսնում՝ ինչ է կատարվում ներսում: 

Լուսանկարը՝ KinEa Wine-ի


Գինի արտադրելը նաեւ հոգեւորի հետ եմ կապում, չնայած որ շատերն ասում են՝ դա այդքան էլ արտադրության հետ կապ չունի: Արտադրամասում միշտ դրական բաներից ենք խոսում, լավ երաժշտություն լսում, նվագում ենք աշխատանքային օրվա վերջում: 

Քանի որ գինին էլ ապրող օրգանիզմ է, մտածում եմ, որ արտադրամասի ներսում տիրող դրական էներգիան գինին կլանում է: Մթերման ժամանակ էլ թույլ չենք տալիս, որ խաղողի այգում որեւէ մեկը ծխի: 

Տավուշի Լալվարին եւ Կարմրահյութը

Խաղողի տեսակներն էլ պետք է սիրել, որ կարողանաս դրանց հետ հեշտ աշխատել: Լալվարին բավականին բարդ սորտ է, բայց նաեւ շատ համեր ու երանգներ պարունակող: Հայաստանում այս պահին քիչ գինեգործարաններ են Լալվարիի հետ աշխատում, այն էլ՝ հիմնականում կուպաժ են անում, բլենդ են սարքում: Որքան գիտեմ՝ Լալվարիից միայն «Տուս»-ն է գինի պատրաստում եւ օգտագործում է հենց Տավուշի Լալվարին: 

Երբ 2018 թվականին սկսեցինք Լալվարիից գինի արտադրել, այն ժամանակ այս սորտը շատ ավելի մոռացված էր: Եթե համեմատենք մյուս սորտերի հետ՝ Լալվարիի արտադրողականությունը ցածր է: Եթե մյուսների դեպքում մեկ տոննայից կարողանում ես 65-70 % գինի ստանալ, Լալվարիից մոտ 15 % ավելի քիչ ես ստանում:

Լուսանկարը՝ KinEa Wine-ի


Ճիշտ է՝ «Կինէա»-ի սպիտակ գինին ստանում ենք միայն Տավուշի Լալվարի սորտից, բայց շշալիցի ժամանակ տարանջատում ենք թե կոնկրետ որ շրջանի խաղողն է այն՝ օրինակ Արճիս գյուղում աճած, Բերդավանում, թե Դեբեդի հովտում: Այս այգիները ծովի մակարդակից տարբեր բարձրության վրա են գտնվում եւ դրանցից յուրաքանչյուրում աճած գենետիկորեն նույն խաղողը գինու մեջ տարբեր է իրեն դրսեւորում եւ համային տարբեր երանգներ է ունենում: Երբ գինին ներկայացնում ենք ռեստորաններում, գինու սրահներում, անպայման նշում ենք, թե որ տեղանքի այգիներից ստացվածն է: 

Ալեքս Ներսիսյանը Լուսանկարը՝ KinEa Wine-ի


Ի տարբերություն Լալվարիի՝ Կարմրահյութ սորտը Հայաստանի բոլոր խաղողագործական մարզերում աճում է: Բայց քանի որ Արարատում, Արմավիրում արեւային օրերի քանակը շատ է, ծովի մակարդակից ավելի բարձր է, քան Տավուշը, Կարմրահյութն իր դրսեւորումներով տարբերվում է: Տավուշի Կարմրահյութի առանձնահատկությունն այն է, որ նրանում շաքարը շատ չի բարձրանում, ինչին էլ թույլ էլ է տալիս ստանալ ոչ բարձր թնդության գինի: Հիմա էլ աշխարհում միտում  կա, որ մարդիկ սկսել են թեթեւ, ոչ բարձր ալկոհոլայնությամբ գինիներ նախընտրել: Տավուշի խաղողն այդպիսի գինիների համար շատ համապատասխան է:

Ալեքս Ներսիսյանը Լուսանկարը՝ KinEa Wine-ի


Տավուշի մարզը դեռ խորհրդային տարիներից համարվել է խաղողագործության համար բարենպաստ շրջան։ Մեր նպատակն է խթանել մարզի խաղողի օգտագործումը եւ աջակցել Տավուշի խաղողագործության զարգացմանը։ 

Արփի Ջիլավյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին