×

Վահե Քեուշգուերյանը դարձել է «ԳԵՆ»-ի առաջին մրցանակակիրը

Նոյեմբերի 24-ին «Իմտուն» Դիլիջան ռեստորանում կայացել է «ԳԵՆ» առաջին մրցանակաբաշխությունը։ Մրցանակը շնորհվել է գինեգործ, «Կարաս», «Կատարո», «Քյօշ», «Զուլալ» եւ «Օշին» գինիների ստեղծմանն աջակցած Վահե Քեուշգուերյանին։

Մրցանակը ստեղծվել է աշխարհում Հայաստանի ճանաչելիության բարձրացման, մեր երկրի հյուրընկալության, ռեստորանային ու սրճարանային բիզնեսում նշանակալի ավանդի, արվեստի ու գրականության միջոցով մարդկային ապրումները ներկայացնող ստեղծագործողներին ու մասնագետներին երախտագիտություն հայտնելու նպատակով։

Նախաձեռնության հեղինակը «Դոլմամա» ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանն է։ GastroVino-ի հետ զրույցում նա պատմել է Վահե Քեուշգուերյանի համար անակնկալ մրցանակի եւ առաջին մրցանակաբաշխության մասին։

Ժիրայր Ավանյանը


«Վահե Քեուշգուերյանի դերն անգնահատելի է Հայաստանում գինեգործության կայացման մեջ։ Տարիներ շարունակ իմ ռեստորանում ամաչել եմ հայկական գինի մատուցել, իսկ այսօր իմ բոլոր նախագծերում միայն հայկական գինիների տեսականի է ներկայացված։ Հայաստանը գինու բնօրրանն է, ուրախ եմ, որ նաեւ Վահեի ջանքերով կարողացանք մեր երկրին վերադարձնել այս կարգավիճակը։ Բարձր գնահատելով Վահե Քեուշգուերյանի աշխատանքը՝ որոշեցի շնորհակալություն հայտնել նրան։ Հետո մտածեցի, որ լավ կլինի, եթե չսահմանափակվենք մեկ երեկոյով եւ մրցանակներ հանձնենք նաեւ այլ ոլորտներում գործող անձանց։ Այսպես` ստեղծվեց «ԳԵՆ» մրցանակաբաշխությունը»,- ասել է Ժիրայր Ավանյանը։

«ԳԵՆ»-ը հապավում է՝ գիտելիք, երազանք, նվիրում, եւ նախաձեռնության հեղինակի խոսքով՝ խորհրդանշում է հայրենասիրություն։

«Աշխարհն ունի «Միշլեն», «Օսկար», մենք էլ պետք է հայկական մրցանակ ունենանք այսօր ապրող հերոսների համար։ Ես ու Վահեն ընկերներ չենք, նույն շրջապատից չենք, միասին երեկոներ չենք անցկացնում, պարզապես որպես կողմնակի անձ ցանկացա նրա վրա լուսարձակ միացնել, մարդկանց ցույց տալ նրա արժանիքները»,- ասել է Ժիրայր Ավանյանը։


«Քանի որ հանդիպումը Վահեի համար էր կազմակերպված, նրան խնդրեցինք իր շրջապատող անձանց հրավիրել։ Ներկա էին ԱՄՆ-ի, Անգլիայի եւ Իտալիայի դեսպանները, գինեգործներ, Վահեի գործընկերները։ Իմ հյուրերն էլ նրանք էին, որոնց կուզեի ծանոթացնել Վահեի հետ։ Երեկոն սկսեց «Քյօշ» շամպայնի մեկ ժամանոց ընդունելությամբ, դրան հաջորդեց ճաշկերույթ, աղանդերը վայելեցինք ոտքի վրա, որպեսզի հյուրերը նստած չմնան սեղանների շուրջ։ Մարդիկ սկսեցին իրար հետ շփվել, շատերն ընկերացան։ Իտալիայի դեսպանը կիթառ խնդրեց, սկսեց երգել, ես էլ անտարբեր չմնացի ու միացա նրան։ Շատ ջերմ ստացվեց, առաջին անգամվա համար ամենալավն էր, որ ես կարող էի կազմակերպել»,- ասել է Ժիրայր Ավանյանը։


Նա նշել է, որ Վահե Քեուշգուերյանի համար մրցանակն անակնկալ է եղել։

«Վահեին ասել էինք, որ հրավիրում ենք ի պատիվ իրեն կազմակերպված ճաշկերույթի, բայց չգիտեր, որ դառնալու է «ԳԵՆ» մրցանակաբաշխության առաջին հերոսը։ Երբ ճաշի ընթացքում ասացի, որ ուզում ենք մրցանակ հանձնել, շատ զարմացավ»,- նշել է Ժիրայր Ավանյանը։

Ժիրայր Ավանյանը մրցանակ է հանձնում Վահե Քեուշգուերյանին


Վահե Քեուշգուերյանը մրցանակաբաշխության ժամանակ ասել է, որ հերոսություն չի արել, պարզապես հայտնվել է ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին եւ իր երեսնամյա փորձը ծառայեցրել Հայաստանում գինեգործական ոլորտի կայացմանը:

Վահե Քեուշգուերյանը


«Ուրախ եմ, որ մեր ոլորտում ունենք նմանատիպ մրցանակաբաշխություն: Ինձ անչափ դուր է գալիս այս մրցանակի կոնցեպտը. գնահատել անհատներին, ովքեր մեծ նվիրումով ու հետեւողականորեն կատարում են մի աշխատանք, որն ուղղակիորեն ազդեցություն է ունենում այս կամ այն ոլորտի զարգացման վրա: Նմանատիպ մրցանակներն օգնում են մարդուն մեկ րոպե շունչ քաշել ու ասել՝ այո, իմ աշխատանքը գնահատվեց ու շարունակել ավելի մեծ եռանդով»,- ասել է «ԳԵՆ»-ի առաջին մրցանակակիրը:

«ԳԵՆ» մրցանակը


«ԳԵՆ» մրցանակը պատրաստել է արվեստագետ Լյուդվիգ Ավետիսյանը։ Այն պղնձից, լատունից եւ արծաթից դարդղան է՝ հայկական հմայիլ, որը եկել է միջնադարից եւ չարից հեռու պահելու խորհուրդ ունի։

Ժիրայր Ավանյանը եւ մրցանակաբաշխության հյուրերը


Ժիրայր Ավանյանն ասել է, որ «ԳԵՆ» մրցանակաբաշխությունը կլինի ամենամյա եւ կձգտի դառնալ Հայաստանի այցեքարտ՝ ոգեշնչելով արարող անհատներին իրենց գործունեությամբ արժանանալ այս մրցանակին։ Հաջորդ տարի մրցանակակիրների շրջանակն ավելի լայն կլինի, իսկ նրանց կընտրի մասնագիտական հանձնաժողովը։


«Երկրորդ նման մրցանակաբաշխությունը, կարծում եմ, կլինի նույն տարածքում, հավանաբար՝ մայիս ամսին, որպեսզի կարողանանք նաեւ ռեստորանի բացօթյա մասն օգտագործել, ավելի մեծ թվով հյուրեր կանչել։ Որպես հաջորդ մրցանակակիրներ՝ դիտարկում ենք 10-12 անուն, կարծում եմ՝ հաջորդին մրցանակ կստանա 3-5 մարդ։

Մենք սիրում ենք, երբ ուրիշներն են մեզ գնահատում կամ երբ դրսից է հաճոյախոսությունը գալիս, թվում է՝ ավելի կարեւոր է, այս մրցանակով ուզում եմ կարեւորել մերը։ Վերջին երեք տարին մեզ համար ծանր էր, ոտքի բարձրանալ է պետք, ուղիղ կանգնել, հպարտ լինել, նահանջելու տեղ չունենք, մենք պետք է այստեղ լինենք եւ այսօրվա հերոսներն ունենանք»,- ասել է Ժիրայր Ավանյանը։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ «ԳԵՆ» մրցանակաբաշխության

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին