The New York Times-ի հեղինակ Էրիկ Ասիմովը «Երբ գինին որոշիչ է մշակութային ինքնության համար» հոդվածում պատմում է, որ այս տարի լույս կտեսնի «Somm: Cup of Salvation» («Փրկության գավաթ») նոր վավերագրական ֆիլմը, որն ուսումնասիրում է գինու դերը Հայաստանի եւ Իրանի ինքնության մեջ:
Հեղինակը գրում է, որ ֆիլմը պատմում է հայ գինեգործ Վահե Քեուշգուերյանին եւ նրա դստեր՝ Էյմիիի մասին, որոնք աշխատում են WineWorks ընկերությունում։
«Խորհրդային Միության ժամանակ մարդկանց Հայաստանում ասում էին՝ դուք ոչ թե գինի, այլ գինի պատրաստեք»,- ասում է Վահե Քեուշգուերյանը։ Նա պատմում է, որ խորհրդային իշխանությունները ստիպում էին մարդկանց թողնել իրենց աճեցրած խաղողի այգիները եւ գինու համար օգտագործվող հնագույն տեսակները: Հարթ տարածքներում հիմնվում էին նոր խաղողի այգիներ՝ կոնյակի համար նախընտրելի խաղողով։
2020 թվականին Հայաստանում «Փրկության գավաթ» ֆիլմի նկարահանումների ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ է սկսվում: Քեուշգուերյանների խաղողի այգիներից մեկը գտնվում էր կրակի գծում, իսկ բերքահավաքը մոտենում էր: Ֆիլմում Քեուշգուերյանները պետք է որոշեն՝ վտանգել իրենց կյանքը բերքահավաքի համար, թե հեռու մնան խաղողի այգուց՝ կորցնելով բերքը: Ի վերջո, զրահաբաճկոններ հագած՝ գնահատում են իրավիճակը եւ, բարեբախտաբար, առանց զոհերի, շարունակում են իրենց գործը:
Էրիկ Ասիմովը գրում է, որ Իրանը նույնպես ժամանակին ունեցել է ծաղկող գինեգործական արդյունաբերություն: Այն փաստացի դադարել է գոյություն ունենալ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո, երբ հարյուրավոր գինեգործական ընկերություններ փակվեցին: Սակայն հին խաղողի այգիներից մի քանիսը պահպանվել են, հատկապես դժվար հասանելի լեռնալանջերում։ Վահե Քեուշգուերյանին հետաքրքրել են այս հին խաղողի այգիները եւ ֆիլմում նա պատմում է, որ ցանկանում է խաղող գնել Իրանում եւ բերել Հայաստան՝ իր գործարանում դրանից գինի պատրաստելու համար:
Վահե Քեուշգուերյանը | Լուսանկարը՝ Forgotten Man Films
Ֆիլմում Քեուշգուերյանը ճամփորդում է դեպի Իրանի հյուսիս եւ Քերմանշահ նահանգի հեռավոր բլուրներում՝ Թեհրանից մոտավորապես 300 մղոն դեպի արեւմուտք, նա գտնում է այն, ինչ փնտրում էր. Ռաշեհ տեսակի փայլուն մանուշակագույն խաղող:
Քեուշգուերյանը գնում է 22 տոննա, տեղափոխում WineWorks գործարան, որտեղ 2021 թվականին արտադրում է կարմիր եւ փրփրուն վարդագույն գինի: Այդ գինիներից որոշ քանակ օրինականորեն կվաճառվի ԱՄՆ-ում՝ Molana ապրանքանիշի ներքո։ Պիտակների վրա գրված է լինելու՝ «Իրանի գինի՝ արտադրված Հայաստանում» (Wine of Iran, made in Armenia):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: