Դեկտեմբերի 18-ին Noah of Areni ընկերությունը ներկայացրեց «Արկուռի» նոր գինիները։ Սպիտակ, վարդագույն եւ կարմիր տեսակի նոր գինիներն ավելի մատչելի են ու հասանելի գինու բոլոր սիրահարներին։ «Արկուռի» գինիներն արդեն կարելի է ձեռք բերել խանութներից եւ համտեսել ռեստորաններում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Noah of Areni (NOA) ընկերության տնօրեն Արսեն Մկրտչյանը GastroVino-ի հետ զրույցում առաջինը բացատրում է նոր գինու անվան նշանակությունը եւ ընտրությունը։ «Արկուռին» նշանավորում է այն վայրը, որտեղ, ըստ Աստվածաշնչի, Նոյը սկսել է հող մշակել ու խաղողի այգի տնկել։ Հետագայում այս վայրում է կազմավորվել Արեւմտյան Հայաստանի Արկուռի-Ակոռի գյուղը։ Անվանումը շարունակում է Noah of Areni-ի գաղափարը։
Արսեն Մկրտչյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Արկուռի»-ին Noah of Areni ընկերության երրորդ արտադրանքն է։ Ընկերությունը ստեղծվել է 2017 թվականին շվեյցարական Շուլեր ընկերության եւ տեղացի գործընկերների կողմից: Առաջին արտադրանքը՝ պրեմիում դասին պատկանող NOA գինին է, որ հայկական շուկայում ներկայացվել է 2019 թվականի ամռանը, երկրորդը NOA Reserve-ն է՝ ներկայացված 2019-ի դեկտեմբերին։
«Փորձելով հաղթահարել 2020-ի ծանր ժամանակները՝ սպառողին ներկայացնում ենք ավելի մատչելի գինիներ։ Գին-որակ հարաբերակցությունում մեր նոր գինին ի օգուտ սպառողի է, քանի որ որակը շատ ավելի բարձր է, քան այն գինը, որ սահմանել ենք։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Արկուռի» գինիները սուպերմարկետներում վաճառվելու են մինչեւ 5000 դրամով։
Բավականին երկար հետազոտել ենք շուկան ու հասկացել, որ կա հոգեբանական որոշակի շեմ՝ մոտավոր 5000-5500 դրամ, որից ավելի հայ սպառողը դժվարությամբ է գինու վրա գումար ծախսում։
Եվրոպական շատ երկրներում են ընթրիքին անպայման գինի խմում, մեզ մոտ այդ մշակույթը դեռեւս չի ձեւավորվել։ Այժմ մեր մատչելի գինիների միջոցով փորձում ենք հենց այդ մշակույթը տարածել Հայաստանում»,- ասում է Noah of Areni ընկերության տնօրենը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Արկուռի» կարմիր գինին առաջին անգամ ներկայացրել են Շվեյցարիայում, իսկ սպիտակ եւ վարդագույն տեսակների առաջին ներկայացումը որոշվել է Հայաստանում անցկացնել։ NOA ընկերությունը մեծ սպասումներ ունի հատկապես արտահանումից, քանի որ հայկական գինու շուկան մեծ ծավալներով վաճառքի հնարավորություն չի ստեղծում։
«Այս պահին NOA գինին արտահանում ենք Չինաստան, ԱՄՆ։ Մի քանի օր առաջ էլ պայմանագիր ենք կնքել ռուսական Simple Wine ընկերության հետ, որը բարձրորակ գինու եւ ոգելից խմիչքների խոշորագույն ներկրողներից եւ ազգային դիստրիբյուտորներից մեկն է ռուսական շուկայում։ Մինչեւ հիմա Simple Group-ը Կովկասից ունեցել է միայն վրացական գինիներ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Արկուռի» գինիները նույնպես ուղարկել ենք Ռուսաստան համտեսի ու վստահ ենք՝ այն նույնպես իր տեղը կգտնի ռուսական շուկայում։ «Արկուռի»-ին միանշանակ կարտահանենք նաեւ ԱՄՆ։ Բանակցությունների մեջ ենք Շվեդիայի հետ, մյուս թիրախը Կանադան է լինելու»,- տեղեկացնում է ընկերության տնօրենը։
«Արկուռի» կարմիրը եւ վարդագույնը Արենի խաղողի տեսակից է, «Արկուռի» սպիտակը՝ Ոսկեհատից է։ Երեք գինիներն էլ պատրաստվել են 2019-ի բերքից։
Արսեն Մկրտչյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Արսեն Մկրտչյանն ասում է, որ գինին երջանիկ մարդու խմիչք է ու, չնայած երկրի համար այս ծանր ժամանակաշրջանի, ընկերությունը ապագայի հանդեպ մեծ հավատով է լցված եւ ուզում է՝ իրենց նոր գինին երջանկության խորհրդանիշ դառնա։
«Շատերն էին հարցնում՝ արդյո՞ք ժամանակն է նոր արտադրանք ներկայացնելու, երբ բոլորս դեպրեսիայի մեջ ենք ու շատ լավ գիտենք, թե ինչ է տեղի ունեցել։ Ես լավատես եմ, վստահ եմ՝ երկրում լուծվելու են բոլոր խնդիրները, եւ որպես բիզնեսի ներկայացուցիչ՝ ես իրավունք էլ չունեմ հրաժարվելու իմ լավատեսությունից։ Պատերազմի օրերին մենք շարունակել ենք մեր աշխատանքը, վերջնական տեսքի ենք բերել արտադրանքը, որ ներկայացնենք նոր գինի ու այն դարձնենք երջանկության խորհրդանիշ»,- ամփոփում է Արսեն Մկրտչյանը։
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: