×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Կոնդի հայաթ». 17-րդ դարի տուն-սրճարանն ու գաթա փնտրող զբոսաշրջիկները

Կոնդի 253 հասցեում գտնվող տունը երկու մուտք ունի եւ ամեն կողմից ներկայանում է մի կերպարով։ Մուտքերից մեկը մոտ է մզկիթին ու եռահարկ տան բակ է տանում։ Հակառակ կողմում գտնվող դարպասները ոչինչ չեն հուշում պատմական տան ու դրա խաղաղ բակի մասին։ Այստեղով մտնողներն իջնում են աստիճաններով, հասնում տան խոհանոց, որտեղ կարելի է հանդիպել համեղ ուտեստներ պատրաստող տանտիրուհիներին, այնուհետեւ անցնում հյուրասենյակի կողքով ու հասնում նույն բակ, այստեղ «Կոնդի հայաթ» տուն-սրճարանն է։

Լուսինե Ավետիսյանը եւ նրա որդին՝ Նիկոլայ Ավետիսյանը, GastroVino-ին պատմել են տան, հյուրընկալության ավանդույթների, սրճարանի ձեւաչափի ու Կոնդի վերաբերյալ որոշմանը սպասելու մասին։

Ընկած բարդին, որ փոփոխություն բերեց

Նիկոլայ Ավետիսյան, «Կոնդ հայաթի» համահիմնադիր

Այս տունը մորս հայրն է գնել, իմ ընտանիքն այստեղ ապրում է շուրջ 100 տարի։ Մեր տունը միշտ մարդաշատ է եղել, այստեղ հաճախ ընտանեկան, ընկերական հավաքույթներ են եղել։ «Կոնդի հայաթ» սրճարանն էլ իր ձեւաչափով դրանց շարունակությունն է։ Կարելի է ասել՝ սրճարանի պատմությունը սկսում է Կոնդում տուրեր անցկացնող Անահիտի հետ ծանոթությունից, որից որոշ ժամանակ անց նա առաջարկեց տուրերից հետո մեր բակում թեյախմություն կազմակերպել զբոսաշրջիկների համար։ Այդ ժամանակներից սկսած տարբեր զբոսաշրջային խմբեր սկսեցին այցելել մեր տուն։

Նիկոլայ Ավետիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Երբ այցելուների թիվն ավելացավ ու բացի զբոսաշրջային խմբերից, նաեւ այլ հյուրեր սկսեցին գալ, որոշեցինք բարեկարգել տարածքը, ավելի հարմարավետ դարձնել։ Բարդի ունեինք, 100-ից ավելի տարեկան էր, ընկավ։ Սովորույթ կա, որի համաձայն, երբ բարդին ընկնում է, փայտը դեն չեն նետում, դրանից մաս են պահում տանը, որ փոփոխություն բերի։ Ծառը կտրատեցինք ու կոճղերը որպես աթոռ սկսեցինք օգտագործել։ Այդ օրվանից մեր ընտանեկան գործը սկսեց զարգանալ։ Բարդին իսկապես դրական փոփոխություն բերեց մեր տուն։

Սրճարան, որ տուն է

Ծնողներս հյուրեր ավելի շուտ էին սկսել ընդունել, բայց տուն-սրճարան կոնցեպտը վերջերս կնոջս հետ մշակեցինք, ուզում էինք՝ մարդիկ գային ու հենց տան զգացողություն ունենային։ Անվան շուրջ երկար մտածեցինք, ի վերջո ընտրեցինք այն տարբերակը, որ մինչ այդ էլ ինքներս օգտագործում էինք։ Մեր ընկերներն էլ, երբ հյուր էին գալու, ասում էին՝ «գանք ձեր հայաթ», այսպես էլ որոշեցինք անվանել՝ «Կոնդի հայաթ»։ «Հայաթ» բառի ծագման շուրջ շատ քննարկումներ եղան, անգամ զանգեցինք «ՀՀ լեզվի կոմիտե», ասացին՝ բառն արաբական ծագում ունի, բայց տարածված է ողջ Կովկասում։ Տարբեր ժողովուրդների մոտ այն տարբեր իմաստներ ունի, Իրանում այն կրում է «բակ» իմաստը։ Քանի որ մեր տանն էլ պարսկական մոտիվներ կան, համարեցինք, որ «Կոնդի հայաթը» նաեւ այս առումով է ճիշտ ընտրված։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեր տունը 1680-ականներին է կառուցվել, դրա մասին շարվածքն է հուշում։ Այն տարիների ընթացքում, երբ իմ ընտանիքին է պատկանել՝ ներսում փոփոխություններ են արվել, բայց արտաքին տեսքը պահպանվել է։ Տան հիմքը հայկական տուֆից է, բայց ինչպես արդեն ասացի՝ նաեւ պարսկական մոտիվներ կան։ Տան նախկին բնակիչների մասին չճշտված տեղեկություններ կան, ասում են՝ այստեղ մոլլա է ապրել եղբայրների հետ, հետո տունը երեք մասի են բաժանել, ամեն մեկն իր բաժինը վաճառել ու հեռացել է։

Պահանջարկը նոր մտքեր է բերում

Անահիտ Կարապետյան, զբոսավար

Կոնդը, որքան էլ հետաքրքիր է զբոսաշրջիկների համար, բայց երթուղին հագեցած, երկար է, ընթացքում հոգնում են։ Ժամանակի հետ հասկացանք, որ «կանգառ» է պետք, որտեղ զբոսաշրջիկները կհանգստանան, տեղացիների հետ կշփվեն։ Այս տունն իմ ուշադրությունը գրավել էր իր մեծությամբ, որովհետեւ Կոնդում ընդարձակ տարածք ու բակ ունեցող տները քիչ են։ Հետո նաեւ տանն ապրողների ջերմությունն ու հյուրասիրությունը գրավեց։ 2018-2019 թվականներին, երբ ցուրտ, անձրեւոտ օրերի էին լինում, զբոսաշրջիկներին տուն էին հրավիրում։ 2020 թվականին, երբ համավարակի պատճառով ամեն ինչ փակվեց, տան տերերը՝ Լուսինեն ու Արմենը, այդ ժամանակահատվածն արդյունավետ օգտագործեցին։ Տունը նորոգեցին, բակը սալիկապատեցին ու աստիճանաբար զարգացան։

Անահիտ Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Երբ թեյախմությունները նոր էինք սկսել՝ այս տուն եկող զբոսաշրջիկներին ամենահետաքրքրողը տնական գաթան էր, համտեսում էին, համեմատում մինչ այդ կերած գաթաների հետ, գովում տանտիրուհուն։ Ժամանակի ընթացքում գաթան դառավ «Կոնդի հայաթի» այցեքարտը։ Մեր բոլոր էքսկուրսիաների մեջ սուրճը, թեյն ու գաթան պարտադիր են, բայց օրեր են լինում, երբ տուրերն ավարտվում են ճաշով։ Հիմա ունենք «Կոնդ եւ գաթա», «Կոնդ եւ լանչ», «Կոնդ եւ գինի» ձեւաչափերը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Զբոսաշրջիկները սիրուն են այս բակում ընդմիջում անել։ Ուտեստների հետ միասին տանտիրուհին լավաշ, պանիր ու կանաչի է մատուցում եւ սկսում ենք հայկական բրդուճ սարքել սովորեցնել հյուրերին (ծիծաղում է-խմբ.)։

Գինու համտեսներն ինքս եմ անում, քանի որ գինու գիդ եմ, լավ իմաստով՝ ավելի «տնավարի» է անցնում, քան սովորաբար լինում են համտեսները։ Մատուցում ենք     խաղողի տեղական սորտերից պատրաստված գինիներ։ Տանտերը կիթառ է նվագում, տանտիրուհին՝ Լուսինեն, գինու հետ համադրվող թեթեւ ուտելիքներ է մատուցում։

Գաթա փնտրող զբոսաշրջիկները

Լուսինե Ավետիսյան, «Կոնդ հայաթի» համահիմնադիր

«Կոնդի հայաթը» իսկական ընտանեկան գործ է։ Բոլորս մեր աշխատանքն ունենք եւ հյուրերին ընդունում է տան այն անդամը, ով այդ պահին աշխատանքի չէ։ Մեր ընտանիքի առօրյան հյուրերի աչքի առաջ է, քանի որ բակ տանող ճանապարհներից մեկն անցնում է տան ներսով կարող են տեսնել՝ ինչպես ենք ճաշ պատրաստում, լվացք փռում, օտարերկրացիներին մեր կենցաղն այնքան հետաքրքիր է, որ, երբեմն, նաեւ փորձում են օգնել տարբեր հարցերում, ոմանք նույնիսկ իրենցից հետո սեղանն են հավաքում։

Լուսինե Ավետիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Իմ բոլոր օրերն սկսում են մեր այցեքարտ գաթան թխելով։ Ամենաքիչը 30 գաթա եմ թխում, հաճախ մինչեւ օրվա վերջ ավարտվում է։ Հյուր եկողներն առաջինը գաթայի մասին են հարցնում, բաղադրատոմսն են ուզում։ Դրանում ոչ մի գաղտնիք չկա, տրամադրում եմ։ Հետո զանգում, նորից ճշտում են, ասում են՝ «նույն կերպ ենք պատրաստել, բայց նույն համը չունի»։ Մի անգամ էլ փողոցում տուրիստների հանդիպեցի, ասացին՝ «լսել ենք՝ Կոնդում համեղ գաթա են թխում, գիտե՞ք՝ որ տանն է»։

Լուսանկարը՝ «Կոնդի հայաթ»


Վերջին 5 տարում եմ սկսել գաթա թխել, մինչ այդ չէի էլ փորձել, խմորային որեւէ բան չէր ստացվում։ Մի քանի անգամ մեզ այցելած դպրոցականների համար գաթա պատրաստելու վարպետության դաս եմ արել։ Հիմա նաեւ փախլավան եմ թխում, հյուրերը շատ են հավանում, բայց կարծում եմ, գաթային չի հասնի (ծիծաղում է-խմբ.)։

Հյուրերի սիրելի լոլիկով ու բաստուրմայով ձվածեղները

Հայկական ուտեստներով ճաշացանկ ունենք, եթե խաշլամա, տոլմա, պասուց տոլմա, տապակած կանաչի ու այլ, մի փոքր երկար պատրաստվող ուտեստներ են ուզում, պետք է նախապես պատվիրեն։ Ճաշացանկում շատ են արագ պատրաստվող ուտեստները, որոնք նախապես պատվիրելու կարիք չկա։ Հյուրերն ամենաշատը սիրում են լոլիկով ու բաստուրմայով ձվածեղները, մատնաքաշով հայկական սենդվիչները։ Քամած հյութեր ու տնական կոմպոտներ ունենք։ Ամռանն առանձին ճաշացանկով «Ձմերուկ, հաց, պանիր» ենք առաջարկում, օտարերկրացիները շատ են հավանում։

Լուսանկարը՝ «Կոնդի հայաթ»


Հյուրերն այստեղ հանգիստ ու ազատ են զգում, սեզոնին միասին թութ ենք թափ տալիս։ Զբոսաշրջիկներին մեր տան, ընտանիքի պատմությունն է հետաքրքրում, տան տարածքում գտնվող հին, պատմություն ունեցող իրերը։ Սեղանը, որի շուրջ հիմա նստած ենք, տատիցս է ժառանգություն մնացել։ Մեր բոլոր բարեկամներն այս սեղանի շուրջ նստել են։ Հյուրեր ընդունելու, հյուրասիրության տեսանկյունից այս տունը միշտ «շնչում» է։ Հիմա էլ զբոսաշրջիկների հետ ենք նստում հին սեղանի շուրջ։ Առավոտյան 10-ից մինչեւ 23։00-ն ենք աշխատում, բայց, քանի որ հյուրերը սրճարանի զգացողություն չեն ունենում, ավելի երկար են մնում, մենք էլ ամաչում ենք հիշեցնել, որ փակվելու ժամն է։

Կոնդը ճանաչել «Կոնդի հայաթով»

Նիկոլայ Ավետիսյան

Վերջին ամիսներին Կոնդ եւ մեր սրճարան այցելող տեղացի հյուրերի թիվն ավելացել է, մինչ այդ հիմնականում օտարերկրացիներն էին գալիս։ Երեւի պատճառն այն է, որ Երեւանի քաղաքապետը կրկին խոսեց Կոնդը քանդելու մասին։ Եկողները, հավանաբար, ուզում են հասցնել մինչ այդ ծանոթանալ թաղամասին, լուսանկարվել (ծիծաղում է-խմբ.)։

Նիկոլայ Ավետիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սրճարանի հետ կապված շատ մտքեր ունենք։ Դեռեւս բակն ամբողջությամբ չենք օգտագործում, ընդամենը մի քանի սեղան է։ Ուզում ենք աշխատանքային հարմարավետ հատված սարքել այն հյուրերի համար, որոնք ուզում են ավելի երկար ժամանակ անցկացնել այստեղ։ Մեր բոլոր գաղափարների իրագործման ճանապարհին Կոնդը քանդել-չքանդելու հարցն է, եթե վստահ լինենք, որ չեն քանդի, ապա նաեւ հյուրերի համար գիշերակացի հնարավորություն կստեղծենք։

«Կոնդի հայաթից» հետո թաղամասում նոր սրճարաններ բացվեցին։ Շահույթից կարեւոր է Կոնդի հանրահռչակումը։ Այստեղ անցկացվող տուրերով, սրճարաններ բացելով փորձում ենք ավելի մեծ ուշադրություն հրավիրել թաղամասին, հույս ունենալով, որ ոչ միայն չեն քանդի, այլ կկարողանանք էլ ավելի զարգացնել։

Անի Խչոյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին