×

Անահիտ Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ոստիկանությունից՝ էնոտուրիզմ․Անահիտի գինու տուրերն ու խաղողաթերապիան

Գինու զբոսավար Անահիտն ամենուր խաղողի եւ գինու սիմվոլներ է փնտրում, և դրանք այնքան շատ են ու տարածված, որ հեշտությամբ է գտնում։

Զբոսավարը Հայաստան եկող զբոսաշրջիկներին այժմ ավելի հաճախ տանում է ոչ թե մշակութային, այլ գինու խորհրդավոր երթուղիներով, եւ պատմում, որ Հայաստանը, թեպետ, որոշ շրջան գինեգործության հարցում պասիվ է եղել, բայց առաջ է աշխարհից եւ հիմա էլ վերածնունդ է ապրում։

Անահիտ Կարապետյանը Հայաստանում սերտիֆիկացված առաջին գինու զբոսավարներից մեկն է։ GastroVino-ի հետ զրույցում նա պատմել է ոստիկանությունում աշխատանքը թողնելու, գինու տուրերի աճող պահանջարկի եւ խաղողաթերապիայի մասին։
 
Ոստիկանությունից՝ զբոսաշրջություն

Գիդ-զբոսավար եմ, My Photo TOUR-Armenia տուրիստական ընկերության հիմնադիր տնօրենը, բայց մինչ զբոսաշրջությունը երկար տարիներ աշխատել եմ ոստիկանությունում։ Փորձագետ-քրեագետ եմ եւ աշխատել եմ ձեռագրաբանության, փաստաթղթերի հետազոտության, մատնադրոշմների եւ այլ բաժիններում։

Աշխատանքս եւ կրթությունս տարիների ընթացքում հետաքրքրություն առաջացրեցին դեպի լուսանկարչություն, սկսեցի լուսանկարել, իսկ լավ ֆոտոներ ստանալու համար պետք էր շատ ճամփորդել։ Ամուսինս եւս հետաքրքրված էր, մեր ընտանեկան ճամփորդությունների շրջանակը հետզհետե ընդլայնվեց, երբ բարեկամները, ընկերներն ու հարազատները արտերկրից գալիս էին, մենք նրանց ցույց էինք տալիս Հայաստանը, զուգահեռ ես ինքս էլ էի մանրամասնորեն ուսումնասիրում մեր երկիրը։

Անահիտ Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մոտավորապես 2003-2004 թվականներից ճամփորդում եմ եւ ոչ ֆորմալ կրթությամբ զբաղվում։ Տարիների ընթացքում հոբբին ինձ բերեց զբոսաշրջության ոլորտ եւ իմ գործունեությունն այնքան ընդլայնվեց, որ սկսեցի աշխատել զբոսաշրջիկների հետ։ Մի պահ համատեղում էի երկու աշխատանքը, հետո դուրս եկա ոստիկանությունից։

Էքսկուրսիաներ կազմակերպելուց, տարբեր երթուղիներ մշակելուց բացի 2017-ից սկսած նաեւ զբոսավարների պատրաստման դասընթացներ եմ վարում իմ ղեկավարած կազմակերպությունում։

2020 թվականին Արցախում տեղի ունեցած պատերազմից հետո նաեւ մասնակիցների համար դասընթացներ անցկացրեցի։ Էական չէ, նրանք կաշխատեն այս ոլորտում, թե՝ ոչ, դասընթացներն ավելի շատ նրա համար են, որ մասնակիցներն ավելի լավ ճանաչեն հայրենիքը։ Կարծում եմ՝ եթե մարդը ճանաչում է իր երկիրը, ապա չի լքի այն, չի վնասի ու թույլ չի տա, որ ուրիշները վնասեն։

Ընտրել «այո»-ի ճանապարհը

Մի սկզբունք եմ որդեգրել՝ փորձում եմ անել այն ամենը, ինչին ճակատագիրն է բերում եւ հասցնում։ Երբ ընտրում ես միշտ առաջ գնալու, «այո»-ի ճանապարհը, հաջողում ես, կամ, եթե չես հաջողում, բավարարված ես զգում, որ արեցիր, դրա համար ես փորձում եմ չհրաժարվել նախագծերից, որոնք ինձ առաջարկում են։

Կորոնավիրուսի համավարակից ու պատերազմից հետո զբոսաշրջային ոլորտը փակ էր, ակտիվ չէր, փորձում էինք ուշքի գալ եւ այդ ժամանակ հնարավորություն եղավ մասնակցելու գինու զբոսավարների վերապատրաստման GuideMASTER ծրագրին։

Անահիտ Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սիրում եմ ալկոհոլային խմիչքներ, բայց գինու նկատմամբ նախկինում անտարբեր էի, ավելի շատ կոնյակ ու մրգողիներ էի նախընտրում։ Երբ տեսա ծրագրի հայտարարությունն ու դիմեցի, այդ պահին ինձ համար ոչ թե գինին էր առաջնայինը, այլ ավելի շատ որեւէ նոր բան սովորելը։ Հատկապես, որ այդ շրջանում ազատ էի, զբոսաշրջիկները չէին «խեղդում»։

Որքան էլ մինչ այդ գիտեի մեր պատմությունը, բայց չէի պատկերացնում խաղողի սիմվոլի նշանակությունը մեր կենցաղում, մշակույթում եւ չէի պատկերացնում, որ խաղողագործության ու գինեգործության վրա են հիմնվում քաղաքակրթությունները, կրոնները։

Խաղողն ամենուր է

Գինու գիդերի դասընթացից հետո սկսեցի ուշադրություն դարձնել մեր մշակույթում խաղողի սիմվոլի դերին։ Ֆեյսբուքի իմ էջում մի ուղղություն ունեմ, որը կոչվում է #Խաղողաթերապիա։ Չեք պատկերացնի, թե որքան շատ է խաղողի էլեմենտը մեր շուրջ։ Պատմամշակութային հուշարձաններում, խաչքարերի վրա, զարդաքանդակների մեջ, ամեն տեղ կտեսնեք խաղողի էլեմենտ՝ վազի, տերեւի, ողկույզի, գինու տեսքով։

Խաղողն ու գինին հայկական կենցաղում, առօրյայում միշտ են եղել, բայց քրիստոնեական ժամանակաշրջանում տրանսֆորմացվել են քրիստոնեական գաղափարախոսության մեջ, իսկ խորհրդային տարիներին այդ սիմվոլիկան վերածնունդ է ապրել։ Այդ տարիներին մեր ճարտարապետներին, երբեմն, խորամանկությամբ հաջողվել է բոլոր կառույցների մեջ ներդնել ազգային խորհրդանիշներ, որոնք վերցված էին մեր պատմամշակութային հուշարձաններից։

Նայեք խորհրդային ժամանակահատվածում Երեւանում կառուցված շենքերը, Օպերայի, Հանրապետության հրապարակի բոլոր շինությունների, տարբեր բնակելի շենքերի վրա կան խաղողի զարդաքանդակներ։


Խաղողաթերապիան այնքան է տարածվել, որ նույնիսկ ֆեյսբուքյան ընկերներս, որոնց անձամբ չեմ ճանաչում, տարբեր տեղերում լուսանկարում են սիմվոլներ եւ ուղարկում ինձ։

Խոսել գինու մասին

Այն պահից սկսած, երբ մշակութային գիդ-զբոսավարից սկսեցի տրանսֆորմացվել գինու զբոսավարի, սկսեցի ամեն առիթ օգտագործել գինու մասին խոսելու համար եւ հասկացա, որ շատերը հայկական գինու ու գինեգործության մասին գրեթե ոչինչ չգիտեն։

Հայկական գինու մասին աշխարհում քիչ է խոսվում։ Մի կողմից մենք աշխարհից առաջ ենք, որովհետեւ ամենահին գինեգործարանը հայտնաբերվել է Հայաստանում, մյուս կողմից՝ հետ ենք մնացել հասարակության նոր պահանջներից, նոր ենք սովորում, որ հասարակությունն այդ ըմպելիքին այլ նշանակություն է տվել։ Մարդիկ մոռանում են, որ հիմա լրիվ այլ պահանջներ են, նույնիսկ, գինի խմելու համար հատուկ բաժակներ ենք հորինել եւ այն արդեն փիլիսոփայություն է դառել։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինու զբոսավարների պատրաստման դասընթացները, Երեւանի փոքրիկ սրճարաններում երեկոյան գինի վայելող մարդիկ ցույց են տալիս, որ հայկական գինեգործությունը վերածնունդ է ապրում։ Մենք խնդիր ունենք հանրահռչակելու հայկական գինին եւ այդ ուղղությամբ ոչ միայն խաղողագործներն ու գինեգործներն են աշխատում, այլ՝ բոլոր կառույցներն ու շատ անհատներ։

Այժմ ավելի հաճախ գինու տուրեր եմ անցկացնում, բայց եթե նույնիսկ զբոսաշրջային այցը մշակութային է, միեւնույն է, տանում եմ դեպի գինի։ Տուրերի ընթացքում հետս գինի եմ վերցնում, տարբեր հետաքրքիր վայրերում խորհրդանշական բացում եւ հյուրասիրում։

Գինու տուրերի ընթացքում պատմում եմ մշակույթի, հայկական գինիների, խաղողի էնդեմիկ սորտերի մասին։ Ընտրում եմ ուղղություններ, որտեղ մեկ օրվա ընթացքում կարող ենք այցելել գինու երկու գործարան կամ փոքր արտադրամաս, գաստրոբակ, խաղողի այգիներ եւ պատմամշակութային վայրեր։ Գինու երթուղիներն անցնում են համատարած համտեսների մեջ։

Անահիտ Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Տուրերի ընթացքում կարեւորում եմ հանդիպումները գինեգործների կամ այն մարդկանց հետ, ովքեր պատրաստել են գինին։ Այս առումով, Հայաստանը տարբերվում է բոլոր երկրներից, որտեղ եղել են զբոսաշրջիկները։ Քիչ տեղերում է, որ մարդիկ կարող են շփվել գինեգործի հետ, մաքսիմում կարող են համտես վերցնել, սոմելիեն գա ու բացատրի, իրենք էլ գնեն գինի կամ այգիները տեսնեն ու գնան։ Հայաստանում ուր էլ որ գնում ենք, հիմնականում շփվում ենք կամ հիմնադրի, կամ գինեգործի հետ, ով պատմում է իր աշխատանքի մասին, եւ դա, բնականաբար, շատ տպավորիչ է։

Գինու տուրերի կարեւոր մաս են նաեւ պատմամշակութային կոթողները։ Վայոց ձորի երթուղին, օրինակ, այնպես է կազմված, որ մինչ Նորավանք հասնելը ճանապարհից տեսնում ենք Գնիշիկաձորի կիրճը, որտեղ խաղողի այգիներ ու միջնադարյան հնձաններ են եղել։ Այդ այգիները պատկանել են Նորավանք վանական համալիրին։ Այսօր այդտեղ հնարավոր է տեսնել վայրիացած խաղողի վազեր։ Այս վայրերում պարբերաբար պեղումներ են կատարվում եւ նոր հետաքրքիր գտածոներ հայտնաբերում։ Սա էլ գինեգործության պատմության մի մասն է։

Տուրերի ընթացքում զբոսաշրջիկներին սովորեցնում եմ հայկական խաղողի սորտերի անունները։ Փորձում եմ որեւէ վայրում աճող խաղողը համեմատել այդ վայրի ու բնակիչների հետ։ Օրինակ՝ արցախցին Խնդողնի է, խաղողի այդ տեսակը բնավորությամբ նման է արցախցիներին։ Հագեցած, պինդ սորտ է։ Արցախցիներն ասում են՝ «խնդողնին արցախցու պես է, կուլ տալը դժվար է, որովհետեւ դառն ու տտիպ է, բայց կուլ տալուց հետո հետհամը շատ երկար է մնում»։

Գինու տուրերի պահանջարկը

Հիմնականում աշխատում եմ ռուսական շուկայի հետ, հայերի հետ քիչ եմ տուրեր ունենում։ Գինու տուրերին գալիս են գիտակ մարդիկ, որոնք իրենց համար խնդիր են դրել այցելել աշխարհի տարբեր գինեգործական երկրներ։ Հայաստան գալուց առաջ նրանցից շատերն արդեն եղել են Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Չիլիում, Հարավային Աֆրիկայում։ Հայաստանը նրանց հետաքրքիր չէր լինի, եթե ունենար խաղողի նույն սորտերը, ինչ այդ երկրները։ Մեր գինեգործները ճիշտ մարտավարություն են ընտրել՝ գինի պատրաստելիս շեշտադրում են անում հայկական տեղածին սորտերի վրա, եւ մենք դրանով կարողանում ենք տարբերվել մյուսներից։

Անահիտ Կարապետյանը


Այն ընթացքում հանդիպել եմ շատ կոլեկցիոներ զբոսաշրջիկների։ Նրանք ունեն մառաններ ու տարբեր երկրներ այցելելիս մի քանի արկղ գինի են գնում։ Նրանք ցույց են տվել իրենց մառանների այն հատվածը, որը նախատեսված է Հայաստանի գինիների համար։

Ճիշտ է, որ զբոսավարը ճանաչի այն երկրի մշակույթը, որտեղից իր հյուրերն են։ Ես ռուսներին լավ եմ ճանաչում, նրանց գիտեմ, դրա համար ինձ հեշտ է նրանց հետ աշխատելը։ Եթե Հայաստանում տեսնում ենք որոշակի միտում դեպի գինի խմելու մշակույթ, գինու դերի բարձրացում մեր կյանքում, նույնը Ռուսաստանում է։ Ուսումնասիրում եմ նրանց գինեգործությունը, խաղողի սորտերը, գինեգործարանները, դրանց առանձնահատկությունները։ Կրասնոդարի երկրամասը համարվում է գինեգործական շրջան, այնտեղ կան բազմաթիվ գործարաններ եւ կազմակերպվում են գինու տուրեր։ Զբոսաշրջիկներից եմ շատ տեղեկություններ իմանում, որոնք արդեն եղել են այդ վայրերում։ Փորձում եմ ձեռք բերել այնտեղի գինիները, համտեսել, համեմատել հայկական գինիների հետ։

Գինեխմություն Կոնդում

Տուրեր եմ ունենում Կոնդ թաղամասում։ Այստեղ հին տներ կան եւ քաղաքի կոլորիտը, մարդկանց ջերմությունն ու հոգատարությունը պահպանվել են, ինչը շատ տեղերում այլեւս չկա։ Կոնդում նաեւ գինեխմություն եմ կազմակերպում։ Ընկերներիս տունը կառուցվել է 17-րդ դարի վերջում, Երեւանի ամենահին բնակելի տներից մեկն է։ Գեղեցիկ ու հաճել բակ ունի, այնտեղ ենք խմում գինին։

Անահիտ Կարապետյանը


Էնոտուրիզմն ինձ համար նոր կենսակերպ է դարձել, փորձում եմ ամեն օր նոր գինի խմել։ Արդեն ունեմ իմ սիրելի գինիները, տարեթվերը։ Որքան խորանում եմ այս ոլորտում, այնքան ամեն ինչ ավելի հետաքրքիր է դառնում։ Գիտելիքների հետ նաեւ սերն է ավելանում, այնպիսի սեր, որ ուզում եմ այգի ունենալ, խաղող մշակել ու գինի պատրաստել։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին