×

Ալբերտ Ներսիսյանը

«Խալուլի»՝ Ալբերտ Ներսիսյանին երկրորդ շնչառություն տված գինիները

Ամառը շատ գինեգործների համար հանգստի եւ գինեգործական սեզոնին պատրաստվելու փուլ է, իսկ Ալբերտ Ներսիսյանի համար տարվա բոլոր ամիսները սեզոն են, որովհետեւ, բացի գինեգործությունից նաեւ կոնյակի եւ մրգօղիների արտադրությանն է հետեւում։ Մեծ գործարանում աշխատանքը, արտադրական գործերն ավարտելուց հետո նա զբաղվում է իր հեղինակային գինիներով։ Գինեգործն ասում է, որ «Խալուլին» իրեն երկրորդ շնչառություն է տալիս։

«Խալուլիի» գինեգործ, բրենդի հիմնադիր Ալբերտ Ներսիսյանը GastroVino-ին պատմել է վերջերս ներկայացրած հնացված գինու, վարդագույն գինու հաջողության եւ այն մասին, թե որ պահից եւ ում շնորհիվ սկսեց սիրել գինեգործությունը։

«Չէի հասկանում՝ ինչ մասնագիտություն եմ ընտրել»

Տարիներ առաջ երազում էի բժիշկ դառնալու մասին, հիմա մտածում եմ՝ լավ եղավ, որ գինեգործ դառա, չափազանց զգացմունքային եմ, ամեն հիվանդի հետ հիվանդանալու եւ առողջանալու էի։ Գինին էլ մարդու օրգանիզմի պես է։ Պետք է հետեւել զարգացմանը, ուսումնասիրել, համտես անել, գույնն ու փայլը նայել, եթե պետք է՝ ախտորոշում անել եւ բուժել։ Կարեւորն արագ կողմնորոշվելն է, մեծ արտադրությունում աշխատելը նպաստում է դրան, երկար մտածելու ժամանակ չի լինում, պետք է պատկերացնել՝ ինչ կստացվի, փորձել տեսնել գինու ապագան։

Գինու ոլորտում եմ 2007 թվականից։ Այն ժամանակ ոլորտը դեռ զարգացման փուլում չէր, ես էլ՝ գինեգործ դառնալու մտադրություն չունեի, բայց հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ որոշեցի ընդունվել Ագրարային համալսարանի գինեգործության բաժին։ Առաջին երկու տարում առանձնապես չէի հասկանում՝ ինչ մասնագիտություն եմ ընտրել, մտածում էի՝ «դե, ընդունվել եմ, կավարտեմ»։ Երրորդ կուրսում, երբ սկսվեցին մասնագիտական պրակտիկաները, առաջինն այցելեցինք «Տուշպա»-ի գինեգործարան եւ Միհրան Մանասերյանի օգնությամբ ինձ մոտ գինեգործության հանդեպ մեծ սեր արթնացավ։ Սկսեցի ավելի լավ սովորել, խորանալ գինեգործության մեջ։ Այժմ դասավանդում եմ Ագրարային համալսարանում եւ փորձում եմ ուսանողներին փոխանցել գինու նկատմամբ իմ մեծ սերը։


Տարիներ առաջ աշխատում էի Էջմիածնի գինու գործարանում, հետո զգացի, որ պետք է ավելի առաջ գնալ: Պատահաբար տեսա Պռոշյանի կոնյակի գործարանի հայտարարությունը, դիմեցի եւ հենց հաջորդ օրվանից աշխատանքի ընդունեցին։ Սկզբում տեխնոլոգ էի, հետո՝ գինեգործ, այժմ գործարանի գլխավոր տեխնոլոգն եմ։ Այստեղ միշտ մեծ ազատություն եւ անվերջ փորձեր անելու հնարավորություն եմ ունեցել, ինչը նպաստել է, որ մտածեմ հեղինակային արտադրության գինին ունենալու մասին։

2016 թվականին այս միտքն ավելի խորացավ։ Քանի որ շուկան արդեն զարգանում էր, հարուստ էր լավ գինիներով, ուզում էի ստանալ տարբերվող գինի ու դրա համար շատ փորձեր էի անում։ Անցավ ժամանակ եւ կորոնավիրուսի համավարակի սահմանափակումների ընթացքում, երբ ազատ ժամանակ շատ կար, սկսեցի ավելի լուրջ մտածել այդ մասին։ Հետո սկսեց 44-օրյա պատերազմը, չկարողացա մասնակցել կռվին, որոշեցի՝ ինչ էլ լինի 2020 թվականի բերքով պետք է գինի պատրաստեմ, արտադրություն հիմնելու միջոցով երկրի համար մի գործ անեմ։ Այս միտքն ինձ ուժ տվեց, հատկապես, որ կարմիր գինու համար արցախյան Խնդողնի խաղող էի օգտագործելու։ Առաջին բերքահավաքն արեցինք 2020 թվականին, քիչ քանակով։ 2021 թվականի հունիսի 15-ին` ծննդյանս օրը, եղավ գինու շնորհանդեսը, ներկայացրեցի «Խալուլիի» սպիտակ, վարդագույն եւ կարմիր գինիները։

«Խալուլիի» հին ու նոր գինիները

Այս տարվա «Երեւանի գինու օրերին» ներկայացրեցի 2020 թվականի կարմիր գինու ռեզերվը։ Այն մեկ տարի հնացրել եմ տակառներում, մեկ տարի էլ մնացել է շշի մեջ։ Սահմանափակ քանակությամբ է՝ ընդամենը 2 400 շիշ, փորձում եմ արագ չսպառել։ Այն Արենի եւ Խնդողնի խաղողների բլենդ է։ Հնացումը գինուն հաղորդել է էլեգանտություն, հավասարակշռված տանիններ եւ ազնվական երանգներ։ Հաճելի տտիպության եւ մարմնեղության հետ միասին զգացվում են ինտենսիվ մրգային նոտաներ՝ համեմված սեւ պղպեղի եւ դափնու տերևի բույրերով։


Առաջին տարում, բոլոր տեսակները միասին, արտադրել էի 6 հազար շիշ գինի, 2022 թվականին ծավալները հասան գրեթե 20 հազարի։ Սպիտակը, օրինակ, առաջին տարում ընդամենը 2 500 շիշ էր, մինչեւ 2021 թվականի նոր գինին ամբողջությամբ վաճառվեց։ Հաջորդ տարի փորձեցի ավելի մեծ քանակով արտադրել։ Գինին պատրաստվում է Վայոց ձորի Աղավնաձոր շրջանի Ոսկեհատ խաղողից։ Ուղղությունը մի փոքր թեքել եմ Ոսկեհատի գինիներից, փորձել ստանալ ավելի եվրոպական, թեթեւ գինի։ Ինձ համար սպիտակ գինին պետք է հենց այդպիսին լինի, թարմ համերով, արտահայտիչ, ցիտրուսային, ծաղկային հետաքրքիր փնջով, բարձր թթվությամբ, խմելու համար հաճելի։


«Խալուլիի» ռոզեի դեպքում կատարվեց իմ երազանքը, գինեսերները սկսեցին ճանաչել իմ ձեռագիրը։ Ռոզեն իմ գինիներից ամենապոպուլյարն է, թեեւ նման բան չէի կանխատեսել, սկզբում անգամ մտածում էի շուկա դուրս չբերել, որովհետեւ իմ պատկերացումներին համապատասխան չէր։ Կարծում էի՝ սպիտակի պես թեթեւ պետք է լինի, բայց այլ կերպ ստացվեց։ Այն համտեսած բոլոր մարդիկ համոզում էին, որ լավ գինի է ստացվել, ի վերջո, ինքս էլ համոզվեցի։

«Խալուլի» վարդագույնը պատրաստելու համար բազում փորձեր եմ արել, խաղողի տարբեր սորտեր բլենդել, բայց որեւէ մեկով արտահայտիչ, տարբերվող գինի չէր ստացվում։ Որոշեցի հայկական Արենին լրացնել եվրոպական Մալբեկով եւ ստացա իմ ուզած տարբերվող գինին։ Այն ունի հարուստ համային երանգներ եւ վառ արտահայտված թարմացնող բույրեր: Ըմպելիս զգացվում են լոռամրգի նոտաներ, ելակի, ազնվամորու ելևէջներն ու լեռնային ծաղիկների «փունջ»։ Վարդագույն գինիներն ուտելիքների հետ դժվար են համադրվում, բայց «Խալուլիի» վարդագույնը, որքան էլ զարմանալի է, տարբեր ուտեստների հետ հաճելի համադրվող գինի է։


«Խալուլի» կարմիր ռեզերվն էլ, երբ նոր էր դուրս եկել, փորձեցի համադրել չիզքեյքի հետ, ոչ ստանդարտ, բայց հաճելի համադրություն ստացվեց։ Պետք չէ ստանդարտներով առաջնորդվել, կարելի է սահմաններից դուրս գալ եւ գինիները փորձել տարբեր ուտեստների հետ։ Շատերի համար կարող է տարօրինակ թվալ, բայց կարմիր գինու հետ սիրում եմ հորած տնական կամ ոչխարի լավ պանիր ուտել։ Գինի ըմպելիս մարդկանց զգացողությունները տարբեր են, եթե որեւէ գինի որոշակի ուտեստի հետ մարդուն դուր է եկել, ուրեմն կարելի է համարել լավ համադրություն։


«Խալուլի» կարմիր գինին պատրաստվել է 50 տոկոս Արենիի եւ 50 տոկոս Խնդողնի տեսակի խաղողներից։ Խնդողնին միայն 2020 թվականին էր Արցախից։ Առաջին տարում գինին պատրաստելիս արդեն պարզ էր, թե ինչ վիճակ է Արցախում, կռահում էի, որ հաջորդ տարի, գուցե, չկարողանամ այնտեղի խաղողն օգտագործել, դրա համար 25 տոկոսն օգտագործեցի Արցախում, 25 տոկոսը՝ Հայաստանում աճող Խնդողնի, որպեսզի հաջորդ տարիներին էական համային տարբերություն չլինի։ Խնդողնին առայժմ ձեռք եմ բերում Tierras De Armenia-ից, մինչեւ իմ այգու բերքը կունենամ։ Արենին կարմիրի համար լավ տեսակ է, բայց դրանից նուրբ ու թեթեւ գինի է ստացվում։ Ինձ գրավում է Խնդողնու տանիններով հարուստ լինելն եւ արտահայտիչ մրգային համեր ունենալը։ Այս դեպքում Խնդողնու ագրեսիվությունը չի «խեղճացրել» Արենիին, հակառակը՝ օգնել է ավելի լավ դրսեւորվել։

«Պետք է տեսնել գինու ապագան»

Վեց տարի առաջ, երբ դեռ չկար «Խալուլին», բայց կար հեղինակային գինի պատրաստելու հաստատուն որոշում՝ ձեռքիս դաջվածք արեցի՝ «Life without Wine is…» (Կյանքն առանց գինու…): Միտքը կիսատ է, որովհետեւ ամեն մեկն ինքը պետք է մտածի, թե կյանքն առանց գինու ինչ է։ Ինձ համար կյանքն առանց գինու անհետաքրքիր է, էներգիայի պակաս է լինում։ Կարելի է ասել՝ դաջվածքը «Խալուլիի» առաջին քայլն է, հաջորդը լոգոն եմ ձեռքիս դաջելու (ծիծաղում է-խմբ.)։ Այն հետաքրքիր պատմություն ունի, մարդուկ է պատկերված, որը խորհրդանշում է ինձ՝ մի ձեռքում գինու բաժակ, մյուսում՝ խաղողի վազ։ «Խալուլի» անվանումն էլ պատահական է ստացվել։

Ալբերտ Ներսիսյանը


Տարբեր անունների շուրջ էի մտածում, մի քանի անգամ մերժեցին գրանցել։ Գինին գրեթե պատրաստ էր, բայց իմ ուզած անունը չէր ստացվում հաստատել։ Համացանցում Էրեբունի թանգարանի էջին էի հետեւում, իրենց հրապարակումներից մեկում տեսա «Խալուլի» բառը: Ուրարտական սեպագիր արձանագրություններում խաղող կամ գինի բառը վկայված է «խալուլի» ձեւով, որը հիշեցնում է հայերեն խաղող բառը: Որոշեցի գինին այսպես անվանել ու միանգամից տվեցի արտոնագրման։


«Խալուլին» ինձ համար երկրորդ շնչառություն բացեց։ Այն ինձ համար ոչ թե գումարի աղբյուր է, այլ՝ բրենդի ծնունդ, որը քիչ-քիչ աճում, մեծանում է։ Արդեն 4 հեկտար խաղողի այգի եմ հիմնել Արմավիրի մարզում, կարճ ժամանակ անց գինին արդեն իմ այգու բերքից կպատրաստեմ։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Ալբերտ Ներսիսյանի անձնական արխիվից


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին