Հայաստանում գարեջրագործության մշակույթին նոր շունչ տված 379-ը նպատակ է դրել մրցել աշխարհում գարեջրի էտալոնային տեսակների հետ: Հիմքում ունենալով հայկական ջուրը, գերմանական հումքը եւ գործին նվիրված մասնագետների թիմը՝ 379-ը ստեղծում է գարեջրի պատմություն ու բնավորություն ունեցող տեսակներ։
379 գարեջրի հիմնադիր Հայկ Հակոբյանը GastroVino-ին պատմել է արտադրամասի համար տեղի ընտրության, գարեջրի տեսակների ու վիշապի հետ կապի մասին:
Կաթնաղբյուրի ջուրը եւ դրա պահապան վիշապը
379-ի գործարանը բացել ենք 2022 թվականին Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղում։ Այստեղ գարեջրի գործարան բացելու համար հաշվի ենք առել երկու գործոն։
Առաջինը եւ ամենակարեւորը Կաթնաղբյուրի ջուրն էր։ Երեւանի շրջակայքի գրեթե բոլոր վայրերի ջուրը փորձաքննության ենք տվել, եւ պարզել ենք, որ Կաթնաղբյուրի ջրի որակը, դրա մեջ եղած վիտամինները լավագույնն են գարեջուր ստանալու համար։ Մյուս հանգամանքը մայրաքաղաքին մոտ լինելն է։
379-ը բացելու օրվանից առաջնորդվել ենք այն մտքով, որ արտադրենք գարեջուր, որը կարող է մրցակցել էտալոնային գարեջուր արտադրող երկրների՝ Գերմանիայի, Չեխիայի եւ Բելգիայի հետ։ Այդ պատճառով էլ սարքավորումները, հումքը եւ մեր մասնագետների թիմը մեծ ուշադրությամբ ենք ընտրել։
Հայկ Հակոբյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեր կարգախոսն է «Feel the Dragon’s power» (Զգա Վիշապի շունչը)։ Վիշապը հայկական դիցաբանության մեջ ջրերի պահապանն է եղել, իսկ գարեջրի հիմնական հումքը ջուրն է։ Մեր լոգոյի համար ընտրել ենք իր պոչն ուտող վիշապին, որը միջազգային խորհրդանիշ է եւ կոչվում է ուրոբորոս։ Դա ինքնազարգացման եւ ինքնակատարելագործման խորհրդանիշն է, որով էլ առաջնորդվում է մեր բրենդը։ 379-ն էլ «վիշապ» բառի տառերի թվային արտահայտությունն է, որի համար հատուկ բանաձեւ ենք կիրառել։
379-ի տեսակները
Երբ արտադրությունը սկսեցինք, երկու տեսակ գարեջուր ունեինք՝ Pilsner եւ Weizen: Հիմա 397-ն արդեն 6 տեսակի գարեջուր է արտադրում:
Արտադրությունը սկսելու համար վերցրեցինք գարեջրի գոյություն ունեցող խոշոր խմբերը, դրանցից ընտրեցինք ամենատարածված, ամենասիրելի տեսակները եւ արդեն մեր գարեջրագործների գրած բաղադրատոմսով ստացանք 379 գարեջուրը:
Pilsner եւ Weizen-ը գարեջրի դասական տեսակներն են: Pilsner-ը գարու ածիկից է պատրաստվում, Weizen-ը՝ ցորենի: Weizen բառը գերմաներեն հենց ցորեն է նշանակում:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հետագայում այս երկու տեսակին ավելացրեցինք American Wheat Ale-ն, որն ավելի բարդ գարեջրի տեսակ է, բայց միեւնույն ժամանակ՝ շատ տարածված: Այն ցիտրուսային համ ունի, սակայն մրգային գարեջուր չի համարվում: American Wheat Ale-ն ցորենի գարեջուր է, իսկ ցիտրուսային համը ստացվում է գայլուկից (хмель, բույս, որը օգտագործվում է գարեջրի արտադրության մեջ-հեղ.):
Այնուհետեւ սկսեցինք արտադրել մեր մուգ գարեջուրը՝ Dunkel-ը, որը սուրճի, վառած հացի, շոկոլադի եւ վանիլի թեթեւ խառնուրդային համ ունի: Այս բոլոր համերը ստանում ենք բնական ճանապարհով՝ կախված ածիկի տեսակներից: Նշածս համերով ածիկները Գերմանիայի հազվագյուտ վայրերում են աճեցվում:
Հայկ Հակոբյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Քանի որ մրգային գարեջուր չունեինք, որոշեցինք ամենատարածված եւ սիրված տեսակն արտադրել, բալի գարեջուրը՝ մեր բաղադրատոմսով:
Գինու մրցակից Armenian Barley Wine-ը
Անցած տարվանից սկսեցինք արտադրել վեցերորդ տեսակի գարեջուրը՝ Armenian Barley Wine-ը: Այն շատ բարդ է եւ աշխարհում քիչ արտադրվող: Դրա արտադրության տարբեր ձեւեր կան: Նույնիսկ Barley wine-ի տեսակ կա, որը հնացվում է վիսկիի տարաների մեջ:
Barley wine-ը անգլիական տեսակի գարեջուր է, որը սկսել են արտադրել 1800-ական թվականներից՝ անգլո-ֆրանսիական պատերազմի ժամանակ: Անգլիացիներն այն արտադրել են որպես գինու մրցակից՝ 10%-ից բարձր ալկոհոլայնությամբ, որպեսզի նավարկությունների ժամանակ ուշ փչանա:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեր Armenian Barley Wine-ում ալկոհոլը 10,3% է: Վերցրել ենք 4 տեսակի ածիկով արտադրվող գարեջուր, դրան խառնել ենք հայկական վեց տեսակի չորամիրգ եւ վերամշակել կոնյակի սպիրտով: 379-ի Armenian Barley Wine-ի համար նաեւ բոլորովին առանձին դիզայն ենք մշակել:
Արտադրական պրոցեսը
Գարեջրի հումքը բերում ենք Գերմանիայից՝ տարեկան 3-4 անգամ, փոքր ծավալներով, որպեսզի միշտ թարմ եւ հենց այդ տարվա բերքից լինի։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեր գարեջրերը՝ թե լցնովի, թե շշալցված, չֆիլտրված եւ չպաստերիզացված են։ Այսինքն՝ կենդանի գարեջուր են, որոնք նախկինում ժողովրդական լեզվով կոչում էին «չանի գարեջուր»։ Միայն շշալցված Pilsner լագեր տեսակն է, որ ֆիլտրում ենք։
Տարեկան 500 հազար լիտր արտադրողականություն
379-ն այժմ ունի տարեկան 500 հազար լիտր արտադրողականություն, մինչդեռ սկզբում ունեցել ենք ընդամենը երկու հատ 1 տոննայանոց գարեջրի խմորման պահաման եւ արտադրել ենք ամսական մոտ 2 տոննա գարեջուր։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այնուհետեւ արտադրողականության ծավալները մի քանի ամիսը մեկ մեծացրել ենք՝ երեք տարվա ընթացքում գրեթե չորս անգամ։ Այսօր ներկայացված ենք ամբողջ Հայաստանում՝ բացառությամբ Վայոց ձորի մարզի։ 379-ի գարեջուրը կարելի է գտնել սուպերմարկետներում, գարեջրի մասնագիտացված կետերում, խանութներում, ռեստորաններում եւ սրճարաններում։ HoReCa ոլորտի հետ ակտիվ սկսել ենք աշխատել անցած տարվանից։
Տեղական շուկայում պահանջարկը այնքան մեծ էր, որ չէինք հասցնում արտադրության ծավալները հասցնել այնպիսի մակարդակի, որը թույլ կտար նաեւ արտահանում իրականացնել։ 2025թ. հունվարին ընդլայնել ենք գործարանը եւ սկսել ենք համագործակցել արտասահմանյան գործընկերների հետ։ Տարվա վերջում կունենանք առաջին արտահանումները։
Հայկ Հակոբյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հայկական գարեջրի արտադրության մշակույթի մասին խոսելիս՝ չենք կարող հարգանքի չարժանացնել մեր մրցակից Dargett-ին, որը սկսեց մշակույթ փոխել ու կրթել շուկան՝ ցույց տալով, որ գարեջուրը նույնպես կարող է ունենալ համային տարբեր երանգներ, բարձր գին եւ թունդ ալկոհոլայնություն։ Հիմա մենք շարունակում ենք այդ գործը։ Ինչպես այսօր գինեգործությունն է զարգանում, այնպես էլ գարեջրագործությունը պետք է լինի որակով, որպեսզի շուկան առաջ գնա։
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: