«Տուշպա» գինու գործարանի մառանում տարվա բոլոր եղանակներին ջերմաստիճանը նույնն է, այն չպետք է բարձրանա 15 աստիճանից։ Զով մառանում մի քանի րոպե մնալուց հետո հյուրերը սկսում են մրսել, իսկ կարասներում եւ տակառներում ամիսներ շարունակ պահվող գինին իրեն հարմարավետ է զգում եւ ճիշտ զարգանում։
Տուշպա գինու մառանը գտնվում է Արարատի մարզի Տափերական գյուղում, գործարանի դեմ դիմաց Արարատն է, լեռան եւ գործարանի արանքում՝ այգիները։
Ընտանեկան գործարան հյուր եկողները դեռ ճանապարհից տարվում են լեռան տեսարանով, հետո շրջում գինեգործարանի այգիներում, ծանոթանում խաղողի մշակմանը, լինում մառանում, ապա՝ հին հայկական տուն հիշեցնող սրահում, որտեղ թոնիր ու վառարան կա, համտեսում են գինիներ։
GastroVino-ն անցել է գործարան այցելով հյուրերի ճանապարհը, զրուցել գինեգործ Միհրան Մանասերյանի եւ նրա կնոջ՝ Լիանուշ Ներսիսյանի հետ։
Ընտանիքին բաժին հասած խաղողի այգիները
Լիանուշ Ներսիսյանը պատմել է, որ ընտանեկան գործունեությունը սկսել են 1992 թվականին՝ Խորհրդային միության փլուզումից հետո, երբ շատ գործարաններ փակվել էին, բազմաթիվ գինեգործներ՝ անգործ մնացել։
Լիանուշ Ներսիսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ամուսինս գինեգործ է եւ մինչ այդ աշխատում էր մի գործարանում, բայց այս գործին նպաստեց նաեւ այն, որ Տափերական գյուղում ամեն ընտանիքի հատկացվեցին հողակտորներ։ Երջանիկ պատահականությամբ մեզ բաժին հասավ այգի, որտեղ աճում էր Հաղթանակ տեսակի խաղող։ Հումքը կար, փորձառու մասնագետը՝ եւս, որոշեցինք գինի պատրաստել։
Ամուսնուս կողմից այս գործը սկսելը բավական համարձակ քայլ էր։ Այդ ամենը հիմա կարող եմ հեշտ ներկայացնել, իսկ այն ժամանակ ոչ թե ընտանիքի համար, այլ մի փոքր ավելի մեծ քանակով գինի պատրաստելն ու պատկերացնել, որ արդյունք կլինի, դժվար էր։ Նա մեծ ռիսկի դիմող է, կարող է անընդհատ զրոյից սկսել ու հասնել իր նպատակին»,- պատմում է Լիանուշը։
Նա մանկավարժ է, բայց ամուսնու շնորհիվ սիրահարվել է գինեգործությանը։
Տարիներ անց ընտանիքը որոշել է Տափերական գյուղի մեկ այլ հատվածում հիմնել գինեգործարան ու նոր այգիներ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մինչ մառանը կառուցելը Միհրանը սկսեց այստեղ ջրհոր փորել, աշխատանքը վտանգավոր էր եւ հաճախ նախընտրում էր ինքն անել, երբեմն նեղվում էի, հարցնում էի՝ ինչո՞ւ ես քեզ տանջում, ինչո՞ւ է պետք է ջրհորը, երբ քաղցրահամ ջրերը բավարարում են։ Պարզվեց, որ ջրհորը նաեւ այլ նպատակով է ծառայելու, այն ժամանակ չունեինք սառեցման մառաններ եւ գինու շշերի մի փոքր քանակ, մթերք, մետաղյա ցանցերով իջեցնում էինք ջրհորի մեջ ու ամռանը կարողանում էինք պահել։ Հետագայում մառանն այնպես կառուցվեց, որ դրա աստիճաններն ուղիղ տանեն դեպի ջրհորի հատակը»,- նշում է Լիանուշ Ներսիսյանը։
Լիանուշին վստահված գործը
Գործարանի մառանում՝ կարասների եւ տակառների մեջ, պահվում է հնեցվող գինին։ Կարասները 100 տարվա են: Ընտանիքի անդամներն ասում են, որ ճիշտ խնամք տանելու դեպքում դրանք գրեթե հավերժ են։
Գինեգործության մեջ տիկին Լիանուշին վստահած կարեւոր գործը հենց կարասների հետ է կապված։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Երբ կարասները դատարկ են, լվացվում են ջրով ու բարձր ճնշման գոլորշով, որ ծակոտկեն մասերից նստվածքը դուրս գա, իսկ երբ չոր են, ներսից պատվում են տաք մեղրամոմով, որից հետո գինին լցվում է մինչեւ կարասի նեղ հատվածը։ Այստեղ հասնում ենք այն գործին, որն ինձ է վստահված․գինին լցնելուց անմիջապես հետո վրան լցնում եմ սննդային եռման պարաֆին։ Նյութն անմիջապես սառում է, պետք է այնպես անել, որ մասսան տարածվի։ Այն գինու մեջ չի անցնում, պարզապես բարակ թաղանթ է առաջացնում ամբողջ մակերեսով, որից հետո ձեռքերով ստուգում եմ, եթե գինու կաթիլներ չեն երեւում, նշանակում է՝ նյութն ամրացել է կարասի շուրթերին, եթե գինին դուրս է գալիս՝ պետք է նորից պարաֆին լցնել։ Իմաստն այն է, որ գինու եւ կափարիչի արանքում օդի շերտ չմնա»,- պատմում է նա։
Լիանուշ Ներսիսյանն ամեն օր լինում է գործարանում եւ աշխատում այցելուների հետ, նրանց ծանոթացնում իրենց ընտանիքի պատմությանն ու պատրաստած գինիներին։
Լիանուշ Ներսիսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ժամանակ է եղել, որ հենց այստեղ ենք ապրել, որովհետեւ պահակային ծառայություն չունեինք։ Երեք երեխա ունենք, բոլորն էլ այստեղ են մեծացել, ամեն տեսակի աշխատանքի եւ մասնակցել են։ Չենք ստիպել, որ ընտրեն գինեգործի մասնագիտությունը կամ ներգրավված լինեն այս գործում, միայն մեծ տղաս է գինեգործ, փոքր տղաս ծրագրավորող է, բայց նաեւ զբաղվում է գինու մարքեթինգով, աղջիկս տնտեսագետ է, բայց գործարանի զբոսաշրջային մասն ինքն է կազմակերպում։ Աշխատանքի խիստ բաժանում չկա, ով որքանով կարողանում է, մասնակցում է աշխատանքներին»,- ներկայացնում է Լիանուշը։
«Չհոռացված բույսից լավ պտուղ ես ստանում»
Գինեգործարան այցի պահին խաղողի այգիներում բերքահավաք էր, մինչ տիկին Լիանուշի հետ շրջում էինք գործարանում եւ զրուցում, նրա ամուսինը՝ «Տուշպա» գինեգործարանի հիմնադիր Միհրան Մանասերյանը, մի քանի անգամ հասցրեց գնալ դաշտ ու վերադառնալ։
Միհրան Մանասերյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեզ հետ զրույցում նա պատմել է գինեգործության եւ Հաղթանակ խաղողից ստացվող «հաղթող» գինու մասին։ Միհրան Մանասերյանն ասել է, որ գինի սարքելը լավ զբաղմունք է, բայց եթե ուզում ես դառնա հետաքրքիր եւ անընդհատ գործ, պետք է կարողանաս մատուցել, հյուրասիրել, ներկայացնել, երբեմն նաեւ վաճառել։ Հենց այս միտքն է նպաստել, որ իրականություն դառնա համտեսի սրահ ունեցող գինեգործարանի գաղափարը։
«Արմատներով Արեւմտյան Հայաստանից եմ՝ Վանի կողքի Արալեզ գյուղից, որտեղ մինչ օրս պահպանվել են իմ պապական տները։ Ինչ-որ լսել եմ մեծերից Արեւմտյան Հայաստանի տների կառուցման ձեւի, ոճի մասին, փորձել եմ իմ պատկերացումներով կրկնել այստեղ։ Պահպանել եմ բնակարանային շինարարության ոճը։ Համտեսի սրահը, մառանը, օժանդակ կառույցներն այնպես են կառուցված, ինչպես հնում հայերը կառուցել են իրենց տները»,- ասել է նա։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Գինին պատրաստելիս փորձեցի մի քիչ շրջանցել ու կանոնակարգերից դուրս ինչ-որ բան անել, օգտագործել ոչ միայն այն, ինչ գրքային է եւ գրված է դասական եղանակով, այլ՝ մեծերից լսածը։ Խաղողից գինու ճանապարհին, հնարավորության դեպքում, աշխատում ենք քիչ միջամտել։ Խաղողը ճոխ չենք մշակում, որ փայփայած չլինի։ Առատ մշակած խաղողը այնքան համեղ բերք չի տալիս, չհոռացված բույսից շատ ավելի լավ պտուղ ես ստանում»,- պատմում է Միհրանը։
«Առաջին տարվա գինին հրաշալի էր»
«Ինձ համար նշաձողն առաջին տարվա գինին է։ Այն հրաշալի էր ստացվել, փորձում եմ գինիները դրան նմանացնել, բայց դեռ չեմ կարողանում եւ մոտավորապես գիտեմ, թե ինչու։ Այն ժամանակ, երբ խաղողը հավաքեցի, այգին առատ մշակած չէր, խաղողն աղքատ վիճակում էր, բայց, որպես Հաղթանակ տեսակ, լավ բերք էր տվել։ Հողն ավազային էր, որը հրաշալի նպաստում էր դրան։ Բերքահավաքն արեցի նոյեմբեր ամսին, այդ ժամանակ խաղողը լիարժեք հասունացած է լինում, Հաղթանակը կարողանում է մինչեւ նոյեմբեր ամիս գերհասունացման չգնալ։ Երբ բերքահավաքն արեցի, սառը եղանակ էր, ձմեռնամուտ էր գալիս, հետո գինի պատրաստեցինք եւ հրաշք ստացվեց։ Գրառումներ ունեմ արված, թե որ պահին ինչ ենք արել, որ նույն գինին ստանանք։ Հիմա էլ այդ օրերին արած բոլոր գործերը մանրամասն հիշելով փորձում եմ կրկնել, ստանում ենք գրեթե դրա պես գինիներ»,- հույս է հայտնում գինեգործը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Միհրան Մանասերյանը վստահեցնում է, որ գինին իր շրջակայքում կատարվող ամեն բան զգում է.
«Ջերմաստիճանը, խոնավությունը, անգամ դրական մարդկանց ներկայությունը, բոլորը ֆիքսում է ու երբ հասունանում է, հնեցվում, այդ ամենն արտահայտում է իր մեջ»։
«Տուշպայի» 4 գինիները
«Տուշպա» գինեգործարանում տարեկան արտադրվում է 50-60 հազար շիշ գինի, հիմնական մասը կարմիր դառը գինին է, դրանից ավելի փոքր մասը՝ սպիտակ եւ մի փոքր մաս էլ՝ մուսկատ։
«Տուշպա կարմիրը Հաղթանակից պատրաստված գինի է, որը երկու տարի գոնե պետք է հնեցված լինի, բայց տակառներում հնեցնում ենք 8-10 ամիս, իսկ նույն գինու ռեզերվը՝ գինու համար տակառներում հնեցնում ենք մինչեւ 14 ամիս»,- պատմում է Միհրանը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Տուշպայի» սպիտակ գինին Կանգուն խաղողից է, պատրաստում է Միհրան Մանասերյանի ավագ տղան։
«Իտալիայից գինեգործ ընկերս ութ տարի առաջ առաջարկեց, որ տղաս երկու ամսով աշխատի իրենց մոտ, վերադարձավ ու որոշեց սպիտակ գինի սարքել իր տարբերակով։ Արարատյան դաշտավայրում բոլոր գինեգործները պատկերացնում էին, թե Կանգուն խաղողով միայն հնարավոր է ստանալ կոնյակի գինենյութ։ Տղաս այդ խաղողից գինի պատրաստեց, որը ես հենց սկզբից հավանեցի։ Այն ժամանակ ոչ ոք այդ քայլը չէր անում, իսկ հիմա շատերն են այդ խաղողից գինի պատրաստում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ես էլ Հաղթանակ խաղողից եմ առաջին անգամ գինի պատրաստել Հայաստանում։ Որոշ գինեգործներ պնդում էին, որ այդ խաղողից հնարավոր չէ լավ գինի ստանալ։ Համաձայն եմ, Հաղթանակից ոչ թե լավ, այլ հրաշալի գինի է ստացվում»,- ժպտում է նա։
«Տուշպայի» չորրորդ գինին գինեգործների երկու սերնդի միասնական փորձի արդյունքն է։
«Քանի որ կարմիր դառը եւ ռեզերվ գինիները ստացվել էին, տղաս էլ սպիտակը պատրաստեց, մտածեցինք նաեւ մուսկատը փորձել։ Այն դասական գինի չէ, կիսաչոր է, հրապուրում է նոր գինի խմողներին, նոր համեր սիրողներին, յուրահատուկ երանգներով համեր ունի»,- բացատրում է Միհրան Մանասերյանը։
Համամարդկային գծեր ունեցող պիտակը
«Տուշպա» գինիների պիտակներին կին է պատկերված։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ավելի քան քսան տարի առաջ դիմեցինք հայտնի նկարիչ, դիզայներ Կամո Նիգարյանին եւ նա գինու շշի համար պիտակ պատրաստեց։ Նրա տարբերակը մի փոքր տարբեր է այն պիտակից, որ հիմա կա մեր շշերի վրա։ Տարիներ առաջ դադար էինք տվել ու երբ կրկին որոշեցինք շուկա մտնել, փոքր տղաս, որ նկարելու եւ դիզայնի հետ սեր ունի, վերցրեց Կամո Նիգարյանի նկարած պատկերը, տառատեսակներն ու ամբողջությամբ տեղափոխեց նոր պիտակի վրա։
Դրանում համամարդկային գծեր կան։ Կամո Նիգարյանը ոչ թե նեղ ազգայինն է դրել, այլ ընդհանուր համամարդկային պատկերների տրամաբանությամբ է առաջնորդվել։ Չինացին էլ, կորեացին էլ, եվրոպացին էլ, էլ չեմ ասում՝ հայը, նայելիս իրենց ծանոթ մի բան կգտնեն»,- ասել է նա։
Հռոմի պապի օրհնությունը ստացած գինին
Ընտանիքը 2016 թվականին Հայաստան այցելած Հռոմի պապից օրհնություն է ստացել։
«Երբ Հռոմի պապը Հայաստանում էր, ծանոթներից մեկը գինի խնդրեց եւ ասաց, որ Պապի համար է։ Ես էլ, երբ ինչ-որ բարձրաստիճան մարդու համար գինին են ուզում, ժլատ եմ դառնում (ծիծաղում է- խմբ.)։ Երկու շիշ գինի տվեցի եւ որոշ ժամանակ անց իմացա, որ իսկապես հյուրասիրել են եւ նրան հետաքրքրել է մեր գինին։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մի քանի ամիս անց ինձ ասացին, որ փաթեթ ունեմ ստանալու։ Պարզվեց՝ Հռոմի պապն իր օրհնանքն է ուղարկել՝ կնիքով եւ ստորագրությամբ։ Աշխարհի տարբեր գինիներ արժանացել են նրա հավանությանը, բայց ԱՊՀ ամբողջ տարածքում մենք միակն ենք»,- պատմել է գինեգործը։
«Գինի սարքելը «կայֆ ա»»
Միհրան Մանասերյանն ասել է, որ 21-րդ դարում հանճարեղությունը մարդկանց խմբերով մեծ բան ստեղծելն է։
«Խաղող մշակելն ու գինի սարքելը, ինչպես տղաներն են ասում, «կայֆ ա»։ Շատերն ուզում են աշխատել, գումար վաստակել եւ գնալ ինչ-որ տեղերում հետաքրքիր ժամանակ անցկացնել։ Գինեգործությունն այն է, որ դու եւ հետաքրքիր տեղում ես, եւ հետաքրքիր գործով ես զբաղված, եւ շատ հաճելի է ամեն ինչ։
Միհրան Մանասերյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ինչ էլ անես, եթե ուզում ես լավ լինի, ամենակարեւորը դրա համար պետք են մարդիկ, որոնց հետ միասին այդ ամենը կանես։ Ամեն ինչի հաջողությունը մարդիկ են եւ մենք բոլորս միասին։ Հատկապես գինին պետք է ստեղծել լավագույն մարդկանց խմբով՝ ամենահասարակ աշխատանքի պրոցեսից մինչեւ հյուրասիրելու պահը»,- ասում է գինեգործը։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: