Wine Republic Yerevan-ն իր 10-ամյակի կապակցությամբ տարվա ընթացքում մի շարք թարմացումներ է նախաձեռնել: GastroVino-ի հետ զրույցում ռեստորանի հիմնադիր Արսեն Հովհաննիսյանը պատմել է Wine Republic-ի նորացված մենյուի մասին:
Վերազինված խոհանոց ու նոր մենյու
Թարմացումները սկսել են խոհանոցից՝ այն վերազինելով այնպես, որ ավելի լայն ճաշացանկ ապահովելու հնարավորություն ունենան:
Լուսանկարը՝ Wine Republic
«Նախորդող շրջանում մեր խոհարարական թիմն աշխատում էր խոհանոցի նոր հայեցակարգի ուղղությամբ: Գործընթացում ներգրավվել ենք արտերկրից լավագույն խոհարարների, խորհրդատուների: Այս աշխատանքի ավարտին արդեն ունենք նոր ճաշացանկ, որտեղ, իհարկե, պահպանել ենք հաճախորդների կողմից սիրված ուտեստները՝ մեր բեսթսելերները»,- պատմել է Արսեն Հովհաննիսյանը:
Միանգամայն նորույթ է ռեստորանի Raw Bar-ը, որտեղ ներկայացված են տարբեր տեսակի կարպաչոներ ու թարթարներ: Ավելացրել են նաեւ որոշակի միջերկրածովյան ուտեստներ, ձեւափոխել ու հավելել են ֆրանսիական դասական ուտեստները:
Լուսանկարը՝ Wine Republic
«Նորույթներից են խխունջները, որոնք շատ հետաքրքիր համ ու մատուցում ունեն: Ունենք նաեւ ֆրանսիայից բերվող բադի կրծքամիս՝ Magret De Canard: Ծովամթերքի ուղղությունը եւս զարգացրել ենք՝ հավելել ենք ինչպես միդիաների, այնպես էլ մանր ծովախեցգետնի տեսականին»,- մանրամասնել է ռեստորանի հիմնադիրը:
Լուսանկարը՝ Wine Republic
Արսենի Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք կողմնակից են ոչ թե կտրուկ, այլ էվոլյուցիոն փոփոխությունների, որպեսզի պահպանեն մշտական հաճախորդների նախասիրությունները:
«Այդուհանդերձ, էվոլյուցիոն փոփոխությունները շարունակական են լինելու»,- հավելել է նա:
Սոխով ապուր՝ ավելի համեղ, քան Փարիզում
Նոր մենյուի մասին Wine Republic-ում արդեն հասցրել են գովեստի բազում խոսքեր լսել: Արսեն Հովհաննիսյանի խոսքով՝ դրական արձագանքների գերակշռությունը ռեստորանների պարագայում հազվադեպ երեւույթ է, որովհետեւ հյուրերը, հիմնականում, ավելի պահպանողական մոտեցում են ունենում:
Լուսանկարը՝ Wine Republic
Հարցին, թե հաճախորդներին ինչ խորհուրդ կտա փորձել նոր մենյուից, Արսեն Հովհաննիսյանը պատասխանում է.
Լուսանկարը՝ Wine Republic
«Յուրահատուկ ուտեստներ շատ ունենք, օրինակ՝ սոխով ապուր: Մեր առաջին հաճախորդներից մեկը Ֆրանսիայից էր, ու այն պատվիրելուց առաջ զգուշացրեց, որ ինքն այդ ապուրի գիտակ է, ու եթե մատուցվող սոխով ապուրը «հենց ինքը» չէ, ավելի լավ է, չբերեն: Համտեսելուց հետո ասաց, որ շատ ավելի լավն էր, քան այն, ինչն ինքը Փարիզում էր փորձել»,- պատմում է Wine Republic-ի հիմնադիրը:
Եվրոպական լավագույն փորձը՝ մեկ տեղում
Wine Republic-ի առանձնահատկություններից է այն, որ այստեղ խտացված է եվրոպական լավագույն փորձը՝ տարբեր խոհանոցների համատեղմամբ: Արսեն Հովհաննիսյանի խոսքով՝ նման հայեցակարգով ռեստորան Եվրոպայում դժվար է գտնել:
Արսեն Հովհանիսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Ուսումնասիրելով մի շարք սիրված եվրոպական ուտեստներ, դրանց պատրաստման նրբություններն ու խորհրդակցելով եվրոպացի մասնագետների հետ՝ մեր խոհարարները ստեղծել են այնպիսի ճաշացանկ, որի բազմազանության մեջ յուրաքանչյուր ուտեստ իր լավագույն ձեւով է ներկայանում: Հենց սա էլ մեր քայլ առաջն է»,- ամփոփում է Արսեն Հովհաննիսյանը:
Գայանե Ենոքյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: