×

Եվգենին եւ Դարիան Լուսանկարը՝ The Kliver

The Kliver. Եվգենիի եւ Դարիայի գինու բարը Դիլիջանում

The Kliver Dilijan գինու բարում նույնքան հարմարավետ է եւ ջերմ, որքան բարի հիմնադիրներ Եվգենիի եւ Դարիայի համար՝ Դիլիջանում: 2022 թվականի մարտին Ռուսաստանից Հայաստան տեղափոխված զույգն այս մեկ տարվա ընթացքում հասցրել է ոչ միայն սիրել Դիլիջանը, ընկերանալ տեղացիների հետ, այլ գինու սեփական բարը բացել քաղաքի Կալինին 236 հասցեում:

Եվգենի Օսիպովը GastroVino-ի հետ զրույցում պատմել է հայկական գինին սիրելու, The Kliver-ը բացելու եւ Դիլիջանում ապրելու մասին:

Ես՝ միջոցառումների կազմակերպման մենեջեր եմ, Դաշան՝ մարկետոլոգ: Հայաստան ենք եկել ամուսնությունից երկու ամիս անց: Միանգամից տեղափոխվել ենք Դիլիջան, քանի որ կինս աշխատանքի հրավեր ուներ այստեղ: Դաշան աշխատանքի անցավ, իսկ ես մի քանի ամիս փնտրտուքի մեջ էի՝ ինչով զբաղվել:

Եվգենին Լուսանկարը՝ The Kliver


Ինչպես ասում են՝ ցանկացած տղամարդու երազանքն է իր բարը բացել, եւ մի օր Դաշայի հետ զրույցում որոշեցինք հենց այդ գաղափարն էլ գործի դնել: Սկզբում որոշել էինք ուղղակի «դիլիջանավարի» մի փոքրիկ ավտոտնակ վերցնել, մի քանի խմիչք ունենալ եւ երեկոներ կազմակերպել կիթառի ուղեկցությամբ: Բայց, քանի որ, Հայաստան տեղափոխվելուց հետո մեր հարաբերությունները գինու հետ նոր մակարդակի էին հասել, հասցրել էինք ծանոթանալ ոչ միայն հայկական գինու, այլեւ հայ գինեգործների եւ սոմելյեների հետ, որոշեցինք գինու վրա կենտրոնանալ:

Լուսանկարը՝ The Kliver


Բարը բացեցինք 2022թ. հոկտեմբերին: Շատ գումար չունեինք՝ մարդկանց վարձելու աշխատանքների համար, որոշեցինք ամեն ինչ ինքներս անել: Արդյունքում ստացանք փոքրիկ եւ պարզ բար՝ հարմարավետ ու ջերմ մթնոլորտով, որտեղ ամեն ինչ մեր ձեռքով է սարքած: Իսկ ունեցած գումարը օգտագործեցինք լավ որակի եւ թանկարժեք սպասք ձեռք բերելու համար:

Եվգենին եւ Դարիան Լուսանկարը՝ The Kliver


Բարի անունը ես եմ ընտրել, Կլիվերը Դաշայի ազգանունն է: Երբ ամուսնացանք, նա տխրել էր, որ ստիպված է լինելու ազգանունը փոխել, ես էլ ինքս ինձ ասել էի, որ եթե մի օր մեր գործը սկսենք, ես այն նրա ազգանունով կկոչեմ: Երբ լոգոտիպն էի պատվիրում, նա չգիտեր այդ մասին, իմացավ միայն վերջնական դիզայնը պատրաստ լինելուց հետո:

Մինչ Հայաստան գալս հայկական գինու մասին ոչինչ չգիտեի, բայց այն մեզ իսկապես զարմացրեց: Հայկական գինի Ռուսաստանի բարերում եւ խանութներում չէի հանդիպել:

Հայաստանում զիլ գինեգործներ եւ բրենդեր կան, որոնց ստեղծման համար ոգի ու գաղափար է ներդրված: Միանգամից երեւում է, որ այդ մարդիկ գինի են ստեղծում առաջին հերթին ոչ թե բիզնես անելու, քանի որ այդ ծավալներով շատ գումար չես աշխատի, այլ որակով ու տարբերվող արտադրանք ունենալու համար:

The Kliver Dilijan-ում գինիների մոտ 100 անուն ունենք: Հիմնականում գինեսերներին շատ հայտնի հայկական քրաֆթային գինիներ են: Բարի առաջին քայլերն անելու հարցում շատ օգնել է սոմելյե Արտյոմ Մկրտչյանը,  ծանոթացրել տարբեր գինեգործների հետ եւ օգնել կազմել մեր wine list-ը: Մեր բարում բոլորը կարող են իրենց գինիները ներկայացնել, բայց իհարկե, մենք ավելի հակված ենք փոքր, սկսնակ գինեգործներին ներկայացնելու:

Լուսանկարը՝ The Kliver


Նաեւ արտասահմանյան գինիներ ունենք. աշխարհին հայտնի իտալական պրոսեկոներ՝ Սիցիլիայից, Իտալիայից, Տոսկանայից, ֆրանսիական գինիներ՝ Բուրգունդիայից եւ երիտասարդ գինիներ՝ Պորտուգալիայից: Բարը լրացնում ենք ոչ միայն մեր ցանկությամբ, այլ նաեւ հյուրերի պահանջով, երբ գալիս ասում են կոնկրետ գինու տեսակ կամ անուն, պատասխանում ենք՝ մյուս շաբաթ կլինի: Գինուց բացի՝ հյուրերը կարող են մեզ մոտ համտեսել պորտվեյններ, խերես, պանրի տեսականի: The Kliver-ում ցանկացած գինի կարելի է նաեւ բաժակով վերցնել:

Լուսանկարը՝ The Kliver


Հյուրերը հիմնականում ռելոկանտներն են: Եթե համեմատական ներկայացնեմ, տեղացի այցելուները 5 անգամ ավելի քիչ են գալիս, քան ռուսները, որոնք Ռուսաստանում հնարավորություն չեն ունեցել իմանալու, որ հայկական այսքան լավ գինիներ կան:

Շատ հաճելի է դիմավորել այնպիսի մարդկանց, որոնք ավելի լավ են գլուխ հանում գինուց, քան՝ ես:

Ամեն շաբաթ օր գինու համտես ենք կազմակերպում: Ամեն անգամ մի գինեգործ կամ բրենդի ամբասադոր է գալիս եւ հյուրերի համար համտես է կազմակերպում:

Համտեսից բացի՝ սկսել ենք նաեւ տարբեր միջոցառումներ կազմակերպել, որի ընթացքում շատ հաճախ որպես հյուր մեզ մոտ նվագում են Դիլիջանի Cafe #2  սրճարանի պատանի մատուցողները: Նրանք բավականին տաղանդավոր են: Մեր բարին հիանալի համապատասխանում է նաեւ «բաց միկրոֆոն» ձեւաչափը, երբ հավաքվում են բոլոր ռելոկանտները եւ կիսվում իրենց պատմություններով:

Եվգենին եւ Դարիան Լուսանկարը՝ The Kliver


Դիլիջանում հիանալի նեթվորքինգ կա, տեղացիները շատ լավ մարդիկ են, դա եւս իր ազդեցությունն է ունեցել, որ ցանկացել ենք այնտեղ այսպիսի գործ սկսել եւ մնալ: Այստեղ շատ հարմարավետ ենք մեզ զգում եւ ուզում ենք ի պատասխան ինչ-որ լավ բան տալ այս քաղաքին:

Արփի Ջիլավյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին