×

Քրիստինե Մարգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Դրսում Հայաստանն անվանում են խաղողի գենոտիպերի հարուստ «ռեզերվուար»

Անցյալ տարվա վերջին MDPI (Multidisciplinary Digital Publishing Institute) հրատարակչության Biology ամսագրում հրապարակվել է առաջին ծավալուն ուսումնասիրությունը Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրների մասին: Այն ամփոփում է հայ գիտնականների ու գերմանական JKI հետազոտական ինստիտուտի (Institute for Grapevine Breeding Geilweilerhof) երեք տարվա համատեղ աշխատանքը:

Հայաստանում խաղողի գենետիկայի ոլորտում տարվող հետազոտությունների ու խաղողագործության, գինեգործության վրա դրանց ազդեցության մասին GastroVino-ն զրուցել է ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենոմիկայի գիտական խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Քրիստինե Մարգարյանի հետ:
 
Կատարված հետազոտությունների ծավալն աննախադեպ է

Հայաստանի խաղողի գենետիկական ռեսուրսները նախկինում նման խորությամբ չէին ուսումնասիրվել: Գիտական այս հոդվածը գործնականում ամփոփեց մեր երեք տարվա աշխատանքը: Առ այսօր ուսումնասիրել ենք կուլտուրական ու վայրի խաղողի ավելի քան 1 300 գենոտիպեր ու այս աշխատանքում ընդգրկեցինք դրանցից 492-ը:

Եթե նայում ենք ոլորտի նույնիսկ միջազգային գրականությունը, գրեթե չկան հոդվածներ, որոնք ամփոփում են արխիվային տվյալների բազայից սկսած, մինչեւ տպագրության պահը եղած հոդվածները:

Այս ուսումնասիրությունը լիարժեք իրականացնելու համար աշխատել ենք միջազգային գործընկերների հետ, հասանելիություն ենք ստացել Ֆրանսիայում գտնվող ամենամեծ կոլեկցիային, ուսումնասիրել ենք նրանց արխիվային նյութերը, դիտարկել ենք հերբարիումները: Ուսումնասիրել ենք նաեւ ԱՄՆ Դեյվիսի համալսարանի տվյալների բազան:

Գերմանական JKI-ը (Julius Kühn-Institut), որի հետ ես համագործակցում եմ, տնօրինում է ամբողջ Եվրոպայի խաղողի տվյալների բազան: Այստեղ 85 հազարից ավելի գենոտիպերի մասին ինֆորմացիա կա, բայց դրանցից միայն 15-20-ի մասին տեղեկատվությունն է բաց հասանելիությամբ: Իրենց հետ աշխատելու շնորհիվ միայն հնարավոր եղավ օգտագործել այդ ամբողջ ինֆորմացիան նույնականացում կատարելու համար: Ուսումնասիրել ենք նաեւ Բուլղարիայի, Ռուսաստանի Դաշնության տվյալների բազան, որովհետեւ հավաքագրել էինք մեծ քանակի նմուշներ, որոնք պարզապես անուններ չունեին ու պետք էր եղած ինֆորմացիայի հետ համադրել, նույնականացնել:

Կարողացանք գտնել ու վերականգնել խաղողի կորած սորտեր

Ուսումնասիրությունը սկսել էինք Գագիկ Մելյանի հետ, որը, ցավոք, մեկ տարուց ավելի է մեզ հետ չէ: Նա անցել էր Հայաստանի բոլոր գյուղերով, նմուշներ հավաքագրել:

Մինչ այդ արդեն ուսումնասիրել էինք հին ամպերոգրաֆիաներ, ունեինք ցանկ, թե որ սորտերն են կորած համարվում, բայց միաժամանակ ունեն կլիմայական փոփոխվող պայմաններին դիմակայելու մեծ ներուժ՝ ցրտադիմացկուն ու չորադիմացկուն են, ունեն զգայունություն որոշ հիվանդությունների նկատմամբ, կամ հակառակը՝ ռեզիստենտ են դրանց հանդեպ, եւ որ սորտերն են անցյալում օգտագործվել գինու արտադրության մեջ:

Այդ հսկայական ինֆորմացիան հավաքեցինք արխիվներից ու Գագիկ Մելյանը ցանկով անցնում էր բոլոր գյուղերով, լինում գյուղերի կորած այգիներում, որտեղ սորտեր գտնելու հնարավորություն կար:

Խաղողի ազգային կոլեկցիոն այգին Լուսանկարը՝ Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ


Արդյունքում գտնված սորտերը ստացվեց վերականգնել ու պահպանել խաղողի ազգային կոլեկցիոն այգում: Շատ մեծ, հզոր ներուժ հայտնաբերվեց, որը կարեւոր էր եւ՛ պրակտիկ, եւ՛ ֆունդամենտալ գիտության տեսանկյունից, որովհետեւ խաղողի գենոմի վերաբերյալ շատ բացահայտումներ արեցինք:

Գտել ենք հնագույն սորտերի կլոնալ մեծ բազմազանություն, որոնք հին ամպերոգրաֆիաներում՝ 1920թ., 1947թ., ներկայացված են որպես առանձին սորտեր: Առաջին անգամ Հայաստանի գենետիկական ռեսուրսների համար իրականացրեցինք ծնողական ձեւերի վերլուծություն ու այս ամենն արել ենք գենոմի մակարդակով:

Երբեմն ինձ հարցնում են՝ «գերմանացիների օգուտը ո՞րն է»

Հետազոտությունը եւ՛ ժամանակատար էր, եւ՛ ներդրում պահանջող:

Նախագիծը սկսվեց 2017թ.-ին՝ Գիտության կոմիտեի կողմից հայտարարված հայ-գերմանական դրամաշնորհի ֆինանսավորմամբ: Այստեղից ստացված գումարը կբավարարեր միայն ճամփորդական ծախսերը հոգալու համար ու բուն հետազոտության համար ֆինանսավորում էր պետք:

Մինչ այդ մենք արդեն համագործակցում էինք JKI-ի հետ ու արդյունքում այս հետազոտությունը ֆինանսավորեցին գերմանացի մեր գործընկերները: Արդեն ծախսել ենք մոտ 260 հազար եվրո:

Երբեմն ինձ հարցնում են՝ «լավ, իրենց օգուտը ո՞րն է» (ժպտում է- հեղ.) ու չեմ կարող փոխանցել այն ամբողջ ոգեւորությունը, որով գերմանացիներն ուսումնասիրում են Հայաստանի խաղողի գենետիկական ռեսուրսները: Իրենց մոտ գիտական հետաքրքրությունն է, քանի որ տնօրինում են տվյալների ամբողջ բազան, իրենց համար անգամ մեկ նոր գենոտիպ գտնելը մեծ ձեռքբերում է: Նրանք Հայաստանը հաճախ անվանում են գենոտիպերի, հետաքրքիր սորտերի ռեզերվուար, որը կարող ես անընդհատ հետազոտել ու գտնել կանաչ գյուղատնտեսության հետ կապված լուծումներ, կամ լուծել խաղողագործության առջեւ ծառացած մի շարք խնդիրներ:

Ամբողջ աշխարհում այսօր տարածված է ջրային ռեսուրսների խնդիրն ու, եթե գտնում ես չորադիմացկուն սորտեր, դրանց գենոտիպը կարող է շատ արժեքավոր լինել:

«Հայաստանը՝ խաղողի բազմազանության բնօրրան»

Հոդվածի հրապարակումից հետո շատ լավ արձագանքներ ստացանք: Մեզ հետ կապվեց MDPI հրատարակչության գլխավոր խմբագիրը, նշելով, որ շատ տպավորված է աշխատանքով եւ ցանկանում է ամսագրերից մեկը տպագրել Հայաստանին նվիրված շապիկով: Արդյունքում ամսագիրը լույս տեսավ Արենիի լուսանկարով ու «Armenia: Cradle of Grapevine Biodiversity» վերնագրով:


Սա շատ կարեւոր է, որովհետեւ այսպիսով մեր ճանաչելիությունը ոլորտում եւս մեկ աստիճանով բարձրացավ:

Կարծում եմ՝ գիտության հանրայնացումը կարեւոր է: ԱՊՀ-ում, վստահաբար, ոչ ոք գիտական առումով այս ծավալների ուսումնասիրություն չի կատարել, բայց անընդհատ հնչում է, օրինակ՝ Վրաստանի անունը: Այնպես որ, կատարված աշխատանքը նաեւ հանրայնացնել է պետք:

Շուտով լույս կտեսնի մեր երկրորդ հոդվածը, այս տարի անպայման նախատեսում ենք տպագրվել նաեւ Nature ամսագրում: Արդեն տպագրված հոդվածը եւս ընդունել էին Nature-ում, բովանդակային առումով տպավորված էին ու համաձայնել էին տպագրել, բայց ֆինանսական հնարավորությունները թույլ չտվեցին իրենց մոտ տպագրվել՝ արժեքը 9 000 եվրոյից ավելի էր:

Եկել է գինեգործների շատ ավելի կիրթ սերունդ

Այժմ Ֆրանսիայի Բորդոյի համալսարանի ու Չինաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի հետ մի նախագծի վրա ենք աշխատում, որի նպատակը խաղողի հայկական սորտերի հարմարվողական պոտենցիալի բացահայտմումն է:

Ցանկանում ենք հասկանալ, թե բույսի իմուն համակարգն ինչպես է արձագանքում տարբեր պայմաններին, ցանկանում ենք գտնել այն գեները, որոնք պատասխանատու են, օրինակ՝ ցրտադիմացկունության, չորադիմացկունության համար: Կարեւոր է նաեւ աղակայունության հատկությունը, քանի որ Հայաստանում հողը բավականին աղակալված է:

Աշխատում ենք նաեւ աշխարհում շատ ակտուալ հիվանդությունների ռեզիստենտության ուղղությամբ: Մեր վայրի խաղողում, որը եւս մեզանից առաջ ոչ ոք չէր ուսումնասիրել, հայտնաբերել ենք օրիդիում հիվանդությանը դիմակայելու հնարավորություն:

Սա նաեւ առողջապահական բաղադրիչ ունի, որովհետեւ դիմադրողականություն ապահովող գեների հայտնաբերմամբ, հնարավոր կլինի չօգտագործել թունաքիմիկատներ, պեստիցիդներ:

Հիմա դիմել ենք մի նախագծի, ցանկանում ենք խաչասերել վայրի խաղողը մեր տեղածին խաղողի հետ ու փորձել այդ գեները վայրի խաղողից տեղափոխել տեղածին խաղողի վրա: Ցանկանում եմ շեշտել, որ սա ԳՄՕ-ն (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ) չէ, գեների տեղափոխումն իրականացվելու է բնական ճանապարհով՝ փոշոտումների միջոցով: Սա գործնական օգնություն կլինի խաղողագործության ու գինեգործության ոլորտին:

Երկրորդ՝ մենք կատարում ենք վիրուսների մոլեկուլային իդենտիֆիկացիա, որի մասին էլի մինչեւ այս ոչ ոք ոչինչ չգիտեր: Սա այն դաշտն է, որտեղ սկսեցինք աշխատել բացարձակ զրոյական կետից: Հուսանք՝ փիլոքսերայի հետ կապված կկարողանանք ուսումնասիրություններ անել, որը մեր խաղողի այգիներին սպառնացող ամենամեծ վտանգներից է ու դրանով այսօր վարակված են Արարատյան դաշտի այգիները: Պետք է մշակվի հստակ ռազմավարություն, որ կարողանանք փիլոքսերայից զերծ պահել Սյունիքի ու Վայոց ձորի այգիները, որովհետեւ մեր բոլոր կարեւոր տեղածին սորտերը հատկապես այդ երկու մարզերում են:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինեգործության առումով ակտիվ համագործակցում ենք Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ ու ուսումնասիրություններից ստացված բոլոր արդյունքներով կիսվում ենք:

Շատ կարեւոր է, որ Հայաստանում սկսել են կարեւորել գիտելիքի վրա հիմնված գինեգործությունը: Եկել է գինեգործների շատ ավելի կիրթ սերունդ, որը տեսնում է՝ ինչպես են այս ոլորտում աշխատում ամբողջ աշխարհում: Գինեգործության առումով կարեւոր է գտնել ու կիրառել հին տեղածին խաղողի սորտերը: Աշխարհին դու կարող ես զարմացնել միայն նոր համ ու բույր ունեցող գինով: Չես կարող, օրինակ, Տավուշում Մերլո աճեցնել ու մրցել Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի հետ:

Մենք խաղողի այնպիսի բազմազանություն ունենք, որ լավագույն գիտական կենտրոնները ձգտում են մեզ հետ համագործակցել, ուսումնասիրել այն, բայց, չգիտես ինչու, անընդհատ անտեսում ենք մերն ու փորձում ներկրել եվրոպական սորտեր: Դրանց ներկրումն, ի դեպ, հաճախ պատճառ է լինում տարատեսակ վարակների տարածման, որովհետև հստակ կանոններ կան, որոնք պետք է պահպանել:

Ինձ համար շատ հաճելի է, որ գինեգործները սկսել են հետաքրքրվել գիտությամբ: Շատերն են ինձ զանգում, կա՛մ ասում՝ նոր սորտ ենք գտել, կա՛մ խորհուրդ հարցնում:

Լավ է նաեւ, որ մեր ֆինանսավորումը փոքր-ինչ ավելացավ: Այսպիսով, հնարավորություն կունենանք իրականացնել ավելի շատ նախագծեր:

Յանա Շախրամանյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին