×

Շառլոթ Սնունյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Տոլմա. դեպի արմատներ տանող եւ տան զգացողություն պարգեւող

Շառլոթ Սնունյանը հայազգի ուսանող է Բոստոնից: Նա Հայաստան է ժամանել է Հովնանյան հիմնադրամի ստեղծած The Armenian Project (TAP) նախագծի նախաձեռնությամբ եւ որպես փորձնակ աշխատում է Մեդիամաքս մեդիա ընկերությունում: Շառլոթն առաջին անգամ է Հայաստանում:

Իմ ազգանունն ու ընտանիքով տոլմա պատրաստելու հաճախ ինքնաբուխ որոշումն իմ միակ կապն են հայկական ժառանգությանս հետ: Որպես ամերիկահայ՝ ծնված եւ մեծացած Բոստոնում, մինչեւ վերջին երկու շաբաթը նախկինում երբեք չէի եղել Հայաստանում, չեմ մեծացել հայկական համայնքում ու չեմ սովորել լեզուն: Հենց սնունդն է, որ ավելի քան ոչինչ, ինձ մոտեցրել է Հայաստանը տուն անվանելուն: 

Հայրական կողմս է հայ: Հայրիկիս տատիկն ու պապիկը ծնվել են Հայաստանում, սակայն դեռ երեխա ժամանակ ստիպված գաղթել են Միացյալ Նահանգներ՝ Հայոց ցեղասպանության պատճառով: Մենք չգիտենք, թե կոնկրետ Հայաստանի որ մասից են եղել նրանք: ԱՄՆ-ում մեր ընտանեկան ազգանունն այնքան հազվագյուտ է, որ այն կրող բոլորին ճանաչում ենք: Ես Հայաստան եմ եկել առաջին անգամ. կյանքիս երազանքն էր, որի իրականացմանը հասա շատ ավելի վաղ, քան կարող էի պատկերացնել: Սա կատարյալ հնարավորություն է առերեսվելու ընտանեկան որոշ ավանդույթների մի վայրում, որտեղից դրանք սկիզբ են առել: 

Հայկական ժառանգությանն իմ առաջին ծանոթությունը վաղ հասակում է եղել: Երկու եղբայրներիս ու քրոջս հետ բոլորով մկրտվել ենք հայկական եկեղեցում ու յուրաքանչյուր կիրակի այցելել Չելմսֆորդի (Մասաչուսեթս) Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցի: Այդուհանդերձ, այնտեղ հասնելը մեր 6 անդամից բաղկացած զբաղված ընտանիքի համար, ի վերջո, դարձավ մի պարտավորություն, որի ժամանակն այլեւս չունեինք: Փոխարենը՝ սկսեցինք գնալ հենց մեր համայնքի եկեղեցին՝ կենտրոնական Մասաչուսեթսում, ուր այցելում էր ավելի քան 4000 մարդ. նրանցից քչերն էին հայ: 

Չնայած որ գնահատում եմ ծննդավայրիս խաղաղ բնությունն ու գեղեցիկ նրբուղիները, բացակայությունն այնպիսի մարդկանց, որոնք կկիսեն իմ ժառանգությունը նշանակում էր չունենալ հնարավորություն հաղորդակցվելու հայկական համայնքի ու ավանդույթների հետ ընտանիքիցս դուրս, իսկ ընդլայնված ընտանեկան հավաքները պատահում էին երկու տարին մեկ՝ Սուրբ Ծննդյան տոնին կամ ավարտական խնջույքներին: Այդ պատճառով իմ ժառանգությանը կապված հավաքները տեղի են ունեցել խոհանոցի սեղանին դրված լայն արծաթե թավայի շուրջ՝ զույգ քրոջս ու հայրիկիս հետ: 

Լուսանկարը՝ Շառլոտ Սնունյանի արխիվից


Մեր ընտանիքում ամենեւին էլ անսովոր չէ, որ ցանկացած օր անդամներից որեւէ մեկի մոտ տոլմա ուտելու հանկարծակի ցանկություն արթնանա: Նման ցանկությունը մեր տանը հրատապ հարց է, ուստի նույն օրը ցերեկվա ժամը 3-ին տուն են բերվում են խաղողի տերեւներն ու լվացվում, թավան դրվում է սեղանին, միսն ու բրինձը խառնվում իրար՝ պատրաստ փաթաթվելու տերեւներում: Ես քրոջս կողքին եւ հայրիկիս դիմաց նստած՝ բրնձով-մսով միջուկը նրբորեն փաթաթում ենք խաղողի տերեւներում այնքան, մինչեւ այլեւ ոչինչ չի մնում: Այս գործընթացը սովորաբար զուգակցվում է եռանդուն բանավեճով առ այն, թե ինչ ուղղությամբ է ճիշտ շարել տոլման թավայում (այն կլոր է, ուստի ավելի տրամաբանական չէ՞ դրանք շարել օղակաձեւ):

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Չնայած նման անմիտ վեճերին՝ ընտանիքս ինձ համար ամենաթանկ արժեքներից է, եւ հասկացել եմ, որ դրանում մեծ դեր ունի այն հանգամանքը, որ նրանք իմ միակ կապն են ժառանգությանս հետ: Այն զգացողությունը, որն ունենում եմ սեղանի շուրջ լինելով մարդկանց հետ, ում ես սիրում եմ ամենից առավել եւ միեւնույն ժամանակ զբաղված լինելով իմ ժառանգությանն այդքան կապված գործով, այնքան արժեքավոր է ինձ համար, եւ սա հազվադեպ պահերից է, երբ ես կարողանում եմ զգալ այդ կապը: Չնայած տոլմա պատրաստելը, հաճախ, ինքնաբուխ որոշում է մեր ընտանիքում, այն լինում է նաեւ ծրագրված. Սուրբ  Ծննդյան կամ Զատկի սեղանը լիարժեք չէ առանց այս ուտեստի, եւ ընտանիքով այն պատրաստելու գործընթացը նույնքան կարեւոր է, որքան այդ երեկո համեղ ճաշի համար սեղանի շուրջ հավաքվելը: 

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Համատեղելով ընտանիքիս երկու կողմերի ավանդույթները՝ մենք Սուրբ Ծնունդը տոնում ենք թե´դեկտեմբերի 25-ին, թե´ հունվարի 6-ին, եւ սնունդը տոնի խորհրդանիշն է: Երկու իրադարձություններն էլ լիարժեք չեն ինչպես առանց տոլմայի, այնպես էլ հայկական, մերձավորարեւելյան ու միջերկրածովյան նախուտեստների: Մեր տանը տոլման գրեթե միշտ զուգորդվում է բրնձի փլավով, թաբուլեով ու սպանախով կարկանդակներով, եւ նման տոները սովորաբար նշանակում են նաեւ ուղեւորություն դեպի Ութերթաուն՝ Բոստոնի մերձակա քաղաքներից մեկը, որը խիտ բնակեցված է հայերով, գնելու չորեգ ու լահմաջո մեր սիրելի հայկական փռից: Բացի թվարկվածից, սովորաբար ճաշացանկում լինում է նաեւ իչ՝ բլղուրով ու լոլիկով աղցան, որը պատրաստել սովորել եմ հայրիկիցս: 

Լուսանկարը՝ Շառլոտ Սնունյանի արխիվից


Երեւանում իչ մատուցող ռեստորաններ էի փնտրում՝ համեմատելու այն իմ պատրաստածի հետ. իմ ամենասիրելի ուտեստներից է: Որոնումները երկար ժամանակ չխլեցին, եւ առաջին պատառի հետ զարմանք ու նաեւ հպարտություն ապրեցի, որ այն ճիշտ նույն համն ուներ, ինչ պատրաստում ենք մեր ընտանիքում: Չնայած դրան՝ սովորեցի, որ իչն ավելի համեղ է, երբ վրան բալզամիկ սոուս են շաղ տալիս:

Լուսանկարը՝ Շառլոտ Սնունյանի արխիվից


Չնայած ընդամենը շաբաթներ է, ինչ Հայաստանում եմ, շատ ուտեստներ եմ փորձել՝ տոլման հաճախ ունենալով իմ ափսեում: Որպես իմ ամենասիրելի ուտեստ, որն այդքան մեծ է կազմում իմ ընտանեկան ավանդույթում՝ իսկական տոլմա Հայաստանում փորձելն այցելությանս ամենասպասված մասն էր, եւ ես ուրախ էի հայտնաբերել, որ համը շատ նման էր իմ ընտանեկան բաղադրատոմսով պատրաստվողին: Յուրաքանչյուր ռեստորան, որտեղ փորձել եմ, յուրատիպ երանգ է հաղորդում ուտեստին՝ օգտագործելով տարբեր համեմունքների համադրություններ՝ առանձնացող համեր ստեղծելու համար: Շատերն ունեն խիստ տեղին կծվություն, մյուսներն էլ նուրբ ցիտրուսային համ, որը կատարյալ է ամռան համար:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Արդեն հասցրել եմ փորձել հայկական խոհանոցի բազմազան ուտեստներ, եւ ես մեծ հաճույք եմ ստացել համտեսելով այնպիսիք, որոնց մասին նախկինում երբեք չէի լսել: Չգիտեի նաեւ, որ տոլման կարող է պատրաստվել այլ բաղադրիչով՝ խաղողի տերեւից բացի: Բայց մի յուրօրինակ բան կա նրանում, երբ կարդում եմ ճաշացանկն ու հանդիպում ուտեստի, որը մշտապես սիրել եմ: Նորից՝ ես երկար ժամանակ չեմ եղել Հայաստանում, բայց ծանոթ ուտեստի հանդիպելն ինձ տալիս է պատկանելիության յուրատիպ զգացողություն: Չնայած իմ՝ Հայաստանի հետ կապերի բացակայությանը, միեւնույն է, կան բաներ, որոնք ես արել եմ ու սիրել եմ իմ ամբողջ կյանքում՝ դրանցով ինչ-որ կերպ մշտապես կապվելով իմ հայկական արմատներին: Այս փաստը վերահաստատում է պատկանելիության զգացողությունս: 

Շառլոթ Սնունյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Տոլման կապող օղակ է դարձել ոչ մեկ ձեւով: Մայրական կողմս մասամբ Լիբանանից է, որտեղի խոհանոցի ու ավանդույթների հետ շատ բան են կիսում հայերը: Մայրիկս նաեւ իտալուհի է եւ գերմանացի, եւ իմ լիարժեք իտալուհի տատիկը եւս սովորել է տոլմա պատրաստել: Խոհանոցի հանդեպ նրա սիրո շնորհիվ՝ տատիկս հաճախ է հյուրընկալել մեզ տոներին, եւ մենք միշտ կարող էինք ակնկալել մեր գալստյանը սպասող տաք խոզապուխտ, տատիկիս հեղինակային լազանյան կամ համեղ տոլմա: Ընտանիքումս մշակույթների միախառնումն իրապես գնահատում եմ եւ նախատեսում են դրանում իմ ներդրում ունենալ: Մոտ 2 ամսից, երբ վերադառնամ Միացյալ Նահանգներ, մեծ ոգեւորությամբ եմ ընտանիքիս հին սովորություններին նորույթներ հավելելու. օրինակ՝ տոլմայում համեմունքների նոր համադրություններ կամ նոր թոփինգ՝ իչի համար, բայց էլ ավելի ոգեւորված եմ բերելու մշակութային նոր բաղադրիչներ: Արդեն նախատեսել եմ խոհանոցում ունենալ մի պնակ, որը միշտ ծիրանով լցված կլինի:

Շառլոթ Սնունյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Անկախ նրանից, թե տոլմա եմ ուտում տանս, Հայաստանում, թե իտալուհի տատիկիս տանը, դա մշտապես այն է, ինչի վրա կարող եմ հույս դնել ինձ՝ դեպի իմ արմատներ տանելու հարցում: Եվ այն տան զգացողություն է բերում՝ անկախ նրանից, թե որտեղ եմ: Տոլման ինձ համար ավելին է, քան պարզապես համեղ ուտեստ: Այն ընտանիքիս ավանդույթն է, կապը հայրիկիս հետ եւ հիմնական հաղորդումն իմ փայփայելի հայկական ժառանգության հետ: 

Շարլոթ Սնունյան

Լուսանկարներն արվել են MOV ռեստորանում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին