×

Լուսանկարը՝ Pho Bo

Pho Bo. Վիետնամական համերը Երեւանում մատուցող ռեստորանը

Ֆո Բո ապուրը վիետնամցիների համար ավելին է՝ քան պարզապես ճաշատեսակ: Այն նաեւ Վիետնամի գաստրոնոմիկ այցեքարտն է: Ազգային խոհանոցի խորհրդանիշ համարվող, առաջին հայացքից պարզ այս ապուրը հարուստ պատմություն ունի, որը միաձուլում է այդ երկրի համերի եւ ավանդույթների հարստությունը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Վիետնամցիների ձեռքով պատրաստված Ֆո Բոն արդեն կարող եք վայելել Երեւանում՝ Հանրապետության 71 հասցեում բացված PhoBo ռեստորանում:

GastroVino-ի հետ զրույցում PhoBo-ի մարկետինգի ղեկավար Ալետա Սերոբյանը պատմել է ռեստորանի հայեցակարգի, մենյուի եւ վիետնամցի խոհարարների աշխատանքի մասին:

PhoBo-ն իր կոնցեպտն ունի

PhoBo-ն վիետնամական խոհանոցը ներկայացնող ռեստորան է, որը ռուսական ֆրանչայզինգ է: Այն ներկայացված է ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Անգլիայում եւ Դուբայում: Երեւանում PhoBo ռեստորան բացելու գաղափարը վաղուց կար, բայց տարբեր պատճառներով ձգձգվում էր: Ի վերջո հետաքրքիր պատահականությամբ այնպես ստացվեց, որ ռեստորանը Երեւանում բացվեց 2024 թվականի դեկտեմբերի 12-ին՝ Ֆո Բո ապուրի միջազգային օրը:

Ալետա Սերոբյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ռեստորանի խոհարարները Հայաստան են եկել Վիետնամից, ինչն էլ մեզ թույլ է տալիս վստահ ասել, որ մեզ մոտ կարելի է համտեսել ամենաօրիգինալ եւ իսկական վիետնամական բաղադրատոմսով Ֆո Բո: Խոհարարների օգնականները հայեր են:

Ռեստորանում պատրաստվող ուտելիքների բաղադրիչներից շատերը՝ լապշաները, համեմունքները, սոուսները բերվում են Վիետնամից:

Լուսանկարը՝ Pho Bo


PhoBo-ն իր տեսակով արագ սննդի, ինքնասպասարկմամբ ռեստորան է: Փորձում ենք առավելապես մոտ լինել վիետնամական «սթրիթ ֆուդ»-ի տրամաբանությանը: Վիետնամը շատ հայտնի է պարզ ու առողջ սնունդ առաջարկող «սթրիթ ֆուդ»-ի բազմազանությամբ:

12 ժամ եփվող արգանակով ապուրը


Ֆո Բոն Վիետնամի ամենահայտնի եւ այցեքարտային ապուրն է: Եթե փորձենք զուգահեռներ տանել, ապա այն վիետնամցիների համար նույնքան կարեւոր է, որքան մեզ համար տոլման:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գլխավոր առանձնահատկությունն այն է, որ արգանակը եփվում է 12 ժամ ու ստանում թափանցիկ տեսք: Այնուհետեւ հավաքվում են մյուս բաղադրիչները՝ միսը, բրնձի լապշան, թարմ կանաչիները, որին հետո ըստ ցանկության կարելի է ավելացնել կիտրոն եւ վիետնամական այլ համեմունքներ:

Լուսանկարը՝ Pho Bo


Բացի դասական Ֆոյից, մեզ մոտ ապուրը կարելի է համտեսել տավարի տապակած մսով եւ հավի մսով: Տապակած մսով ապուրը կոչվում է Ֆո Տայ Լան, իսկ հավի մսովը՝ Ֆո Գան:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ֆոն մատուցվում ենք 800 միլիլիտր ափսեներով, ինչը բավականին հագեցնող ծավալ է: Մեկ ամսվա ընթացքում արդեն վաճառել ենք մոտ 1620 լիտր Ֆո ապուր:

Նեմեր, բաուներ եւ «սփրինգ ռոլեր»

Ռեստորանում բացի Ֆոյից՝ այլ ապուրներ եւս կարելի է համտեսել՝ Բուն Թոմ եւ Թոմ Յամ: Վերջինս ծովախեցգետնով թայլանդական ապուր է, որը մատուցվում է բրնձով: Բուն Թոմը եւս ծովախեցգետնով ապուր է, բայց ի տարբերություն նախորդի՝ հիմնական բաղադրիչներից են լապշան եւ կանաչիները:

Տաք ուտեստները Pho Bo-ում միայն ապուրներով չեն սահմանափակվում: Մենյուում կգտնեք տապակած բրնձով եւ բանջարեղենով պատրաստվող Կոմ Ռանգ, բրնձի լապշայով, բանջարեղենով եւ ձվով Ֆո Սաո, «ապակե» լապշայով Մյեն Սաո: Այս բոլոր ուտեստների դեպքում հաճախորդն ինքը կարող է որոշել՝ թե որ տեսակի մոսով այն պատրաստվի՝ տավարի, հավի, թե ծովամթերքով:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նախուտեստների թվում են ասիական հայտնի Նեմերը՝ նրբաբլիթները, բաոները եւ «սփրինգ ռոլերը»: Վիետնամական «սփրինգ ռոլերի» առանձնահատկությունն այն է, որ դրանք պարտադիր մանգո ու ծովախեցգետին են պարունակում եւ մատուցվում են քաղցրաթթու սոուսով:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Իսկ քաղցրասերները կարող են համտեսել բանանի տեմպուրաներ՝ կարամելով, գետնանուշով եւ կոկոսի փաթիլներով, քաղցր բաոներ՝ մանգոյի կրեմով: Վիետնամական սուրճն էլ մատուցվում է խտացրած կաթով:

Հնարավորինս մոտ վիետնամական մշակույթին

Pho Bo-ն վիետնամական խոհանոցը մաքսիմալ ճիշտ ներկայացնելուց բացի՝ փորձում է իր հյուրերին ծանոթացնել եւ հնարավորինս մոտ պահել վիետնամական մշակույթին:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հյուրերը կարող են այստեղ ծանոթանալ վիտենամական տոներին, ավանդույթներին, ցանկության դեպքում հագնել վիետնամական հագուստ եւ լուսանկարվել:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ռեստորանն ունի նաեւ վաճառքի հատված, որտեղից կարելի է գնել վիետնամական համերի մի ամբողջ աշխարհ՝ համեմունքներ, սուոսներ, չիպսեր, սնեքեր, քաղցրավենիք, թեյեր:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին