Հայաստանի բնությունը, մեղուների յուրահատուկ աշխատանքը եւ ալկոհոլային խմիչքների պատրաստման հազվագյուտ բաղադրատոմսը լուսանկարիչ Պլատոն Շիլիկովը հավաքել է մեկ շշում եւ անվանել Apis Spiritus: Այն հատուկ ծածկագրով, սահմանափակ քանակությամբ, մեղրի հիմքով պատրաստված էլիքսիր է:
Պլատոնը GastroVino-ին պատմել է Հայաստանում այն արտադրելու ոգեշնչման եւ գործընկերների հետ դրա արտադրության մեթոդի մշակման մասին:
Ամեն լավ բանի հիմքում մարդիկ են
Պլատոնն առաջին անգամ Հայաստան է եկել 2009 թվականին, երբ մոսկովյան խմբագրություններից մեկում էր աշխատում.
«Ընկերներիս հետ Հայաստանի հետ կապված նախագծերի վրա էինք աշխատում, վանական համալիրների նկարահանումներ էինք անում, ճամփորդում էինք Հայաստանով: Սա ամենալավ առիթը եղավ հայկական մշակույթն ու մարդկանց ճանաչելու, հետո էլ՝ ընկերներ ձեռք բերելու: Հաճույքով եմ հիշում այդ ժամանակները: Դրանից հետո բազմիցս եմ եղել Հայաստանում՝ ընտանիքով, կոլեգաներիս հետ: Այս տարիների ընթացքում, իհարկե, շատ է փոխվել Հայաստանը, բայց ամենաիսկական ծանոթությունս Հայաստանի հետ եղել է հենց առաջին այցիս միջոցով»:
Պլատոն Շիլիկովը | Լուսանկարը՝ անձնական արխիվ
«Ամեն լավ բանի, ամեն լավ ճանապարհի հիմքում մարդիկ են, առանց նրանց ոչինչ չէր ստացվի: Այս նախագիծը սկսելու համար ոգեշնչել են ընկերներս, որոնք հետագայում դարձան այս նախագծում իմ գործընկերները: Ոգեշնչել են նաեւ հայկական հյուրընկալությունն ու հյուրասիրությունը, որին միշտ հանդիպում էի: Այս ամենին գումարվեց նաեւ այն, որ ARARAT կոնյակի գործարանի եւ Pernod Ricard-ի հետ համատեղ նախագծի շրջանակում հնարավորություն ունեցա համաշխարհային ալկոհոլային խմիչքների բրենդների հետ ավելի լավ ծանոթանալու եւ դրանց մասին պատկերացում կազմելու: Այս ամենը հայկական ալկոհոլային նոր ապրանքանիշ ստեղծելու գաղափար առաջացրեց։ Ցանկություն առաջացավ ստեղծել մի խմիչք, որը ինչ-որ կերպ կբնութագրի, կմիավորի այն ամենը, ինչով արժեքավոր է Հայաստանը»,- ասում է լուսանկարիչը:
Նրա խոսքով՝ խմիչքի տեսակի հետ կապված գաղափարները շատ են եղել, բայց դրանց պետք էր նայել ունեցած հնարավորությունների սահմանում.
«Դրանցից ամենամեծն ու ամենայուրահատուկը Ստեփանավան քաղաքի մոտակայքում ընկերոջս հորը պատկանող մեղվանոցն էր, որից արդեն երրորդ սերունդ շարունակ ստանում են ամենամաքուր եւ օրգանական մեղրը: Հենց այդ մեղրի պատմությունն էլ ինքն իրենով ընտրություն կատարեց, թե ինչպիսին կլինի ստեղծվելիք խմիչքը»:
Պլատոնը մեղվի փեթակը գործարանի հետ է համեմատում, որտեղ «սուպեր աշխատասեր էակներ են ապրում եւ առանց մարդու միջամտության ստեղծում են աշխարհի ամենայուրահատուկ ստեղծագործություններից մեկը՝ մեղրը»:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Հայաստանը մեծ երկիր չէ, բայց, եթե չեմ սխալվում, 5 թե 6 կլիմայական գոտի ունի եւ շատ հարուստ է էնդեմիկ բուսականությամբ, ինչն էլ մեղրը դարձնում է ամենալավերից մեկը աշխարհում: Իսկ այն մեղվանոցը, որից մենք օգտվում ենք էլիքսիրները պատրաստելու համար, գտնվում է այնպիսի տարածքում, որտեղ օրգանական մեղրի արտադրությանը խանգարող ոչինչ չկա»,- նշում է նա:
3 կգ մեղր՝ մեկ շիշ խմիչքի համար
«Մինչ մեր արտադրությունը սկսելը, սկսեցինք վերլուծել ըմպելիքները, որոնք պատրաստվում են մեղրից։ Գնեցինք հայտնի ապրանքանիշեր, որոնք մեղրից թունդ ալկոհոլային խմիչքներ են պատրաստում, համտեսներ անցկացրեցինք: Իհարկե, արտաքին շուկայում կան մեղրի հիմքով լավ ապրանքներ, բայց եկանք այն եզրակացության, որ շատերի դեպքում թորման արտադրության համար մեղրի բազան շատ հաճախ ծառայում է զուտ որպես գովազդային հնարք է եւ մարքեթինգային գործիք։ Հասկացանք նաեւ, որ լավ մեղրից ըմպելիքի արտադրությունը թանկ է եւ այնքան էլ շատ չէ: Մյուս կողմից, դա հույս ներշնչեց, որ այն, ինչ մտադիր ենք ստեղել՝ շուկայում բացառիկ է լինելու»,- պատմում է Պլատոնը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեկ շիշ խմիչք արտադրելու համար պահանջվում է մոտ 3 կգ մեղր, ինչն էլ, նախագծի հեղինակի խոսքով, ազդում է խմիչքի արժեքի վրա:
«Այն մեղրը, որն օգտագործում ենք էլիքսիրն արտադրելու համար, էկոլոգիապես մաքուր է, անցնում է արտաքին շուկաներում վաճառքի համար որակի հսկողության եւ օրգանական մեղրի համապատասխան վկայագրեր ունի: Լավ մեղվանոցը կարող է տարեկան արտադրել 1000-1300 կգ, ինչն էլ իր հերթին սահմանափակ է դարձնում խմիչքի արտադրությունը»,- նշում է նա:
Էլիքսիրը գաղափարից արտադրության ճանապարհին Պլատոնին եւ երկու գործընկերներին է միացել նրանց մյուս գործընկերը՝ Դավիթը:
«Դավիթը տեխնոլոգ է՝ թունդ սպիրտի թորման մեծ փորձով: Աշխատել է մասնագիտացված ձեռնարկություններում: Հենց նրա հետ էլ ստացանք արտադրության մեր մեթոդը: Այնպես չէ, որ մեր էլիքսիրի արտադրության համար համացանցից վերցրել ենք ինչ-որ բաղադրատոմս սկսել այն պատրաստել: Մշակել ենք արտադրության մեր տեխնոլոգիան՝ առանց շաքարի ավելացման, 100% բնական մեղրի հիմքով: Ի դեպ՝ մեր խմիչքի տարբերակիչ հատկանիշներից մեկը հենց դա է, որ դրանում շաքար ընդհանրապես չկա:
Մենք փորձել ենք քաղցուի (сусло) պատրաստման եւ խմիչքի թորման տարբեր եղանակներ եւ, ի վերջո, ստացել ենք մեր ամենախիստ պահանջներին համապատասխանող արտադրանք: Էլիքսիրը ստեղծելու համար կիրառվում է եռակի թորման մեթոդը, ինչը թույլ է տալիս ստանալ մաքուր եւ նուրբ ըմպելիք՝ պահպանելով մեղրի բույրը, դրա համային նրբերանգներն ու արժեքավոր բնական բաղադրիչները»,- մանրամասնում է նա:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Apis Spiritus-ն այս պահին իր շարքում ունի մեղրի հիմքով եւ ծիրանի, սերկեւիլի ու դեղձի համադրությամբ էլիքսիրներ, որոնք նաեւ կոչվում են օրգանական eau-de-vie խմիչքներ:
«Eau-de-vie-ն գալիս է լատիներեն aqua vita-ից եւ թարգմանվում է որպես «կյանքի ջուր»: Այն համարվում է մրգային բրենդի, որը պատրաստվում է ֆերմենտացիայի եւ թորման մեթոդով՝ առանց տակառներում հնացման: Apis Spiritus անունը եւս լատինական ծագում ունի: Apis-ը լատիներեն նշանակումէ է մեղու, Spiritus-ը կախարդանք: Պլատոնի խոսքով՝ այս անունն ամենալավն է ներկայացնում մեղուների կախարդական աշխատանքը»,- նշում է Պլատոնը:
ճապոնական ոգեշնչումը եւ MEGU հատուկ ծածկագիրը
Apis Spiritus-ի համահեղինակն ասում է՝ էլիքսիրի արտադրությունը եւ հատկապես դրա շշի արտաքին տեսքը ստանալու համար նրանք նաեւ ոգեշնչվել են ճապոնացի վարպետներից. «Ինչպես խոհանոցում, այնպես էլ խմիչքների դեպքում, կա եւ ազգային, եւ ֆյուժն տարբերակներ: Հայաստանը ալկոհոլային խմիչքներ պատրաստելու ամուր ավանդույթ ունի, ինչն էլ թույլ է տալիս այդ հիմքի վրա հետաքրքիր նոր բաներ սինթեզել: Մենք այդ հիմքի հետ փորձեցինք սինթեզել խմիչքների արտադրության ճապոնական փորձը: Ճապոնացիները մեծ հաջողությունների են հասել այնպիսի խմիչքների արտադրության մեջ, ինչպիսին է ջինը, վիսկին, որոնք պատրաստել են իրենց ձեւով: Մեզ գրավել էր նաեւ ոգելից խմիչքների շշերի արտաքին տեսքի հետ կապված ճապոնացիների էսթետիկ, զուսպ եւ մինիմալիստական մոտեցումը: Մեր փաթեթավորումն էլ հենց այդ սկզբունքով արեցինք՝ պարզ է, բայց միաժամանակ շքեղ իր պարզությամբ ու լակոնիզմով»:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Apis Spiritus էլիքսիրները շուկայում առանձնանում են MEGU հատուկ ծածկագրով. «MEGU գաղտնի ծածկագիրը ներշնչված է հայերեն մեղու եւ ճապոնական (megumi) շնորհք, սեր բառերից: Ինչպես մեղուները ծաղիկներ են փնտրում, այնպես էլ մարդիկ՝ շնորհ ու սեր»,- ամփոփում է Պլատոնը:
Apis Spiritus խմիչքներն այս պահին ներկայացված են Երեւանի The House եւ Noyan Tun խանութներում:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: