×

Լուսանկարը՝ Epicure

Դիլիջանում վերաբացված Epicure-ը. նոր վայրում՝ հին ոգով

2025 թվականի սկզբին փակման մասին հայտարարած Epicure բար-սրճարանի կյանքում նոր փուլ է սկսվել: Epicure-ը վերաբացվել է Դիլիջանում: «Նոր տուն տեղափոխելը հեշտ չէր, բայց մենք այստեղ ենք»,- ասում է բար-սրճարանի հիմնադիր Եվգենիա Ասատրյանը:

GastroVino-ի հետ զրույցում Եվգենիան պատմել է Epicure-ի նոր սկզբի, նոր վայրում նույն ոգին պահելու եւ Feel free to feel free-ն Դիլիջան տեղափոխելու մասին:

Վերաբացվելը պետք է լինի արդարացված

Epicure-ն 8 տարի «ապրել է» Պուշկին 40 հասցեում: Այն ոչ թե սովորական սրճարան-բար էր, որտեղ մարդիկ գալիս սնվում էին, գինի կամ կոկտեյլ խմում, այլ ապրելակերպ, ենթամշակույթ էր, որն էպիկուրիզմ էր տարածում:

Չեմ վախենա ասել, որ Epicure-ից սկսեց Պուշկին փողոցի ծաղկելը: Այդ ժամանակ Պուշկինի վրա ոչինչ չկար, տարիների ընթացքում լավ հարեւաններ ունեցանք, ինչը շատ լավ էր, մեկս մյուսին կարող էինք փոքրիկ, բայց կարեւոր հարցերում օգնել:

Եվգենիա Ասատրյանը Լուսանկարը՝ Epicure


Epicure-ի փակվելուն բերեցին հիմնականում 2024 թվականին հանդիպած դժվարությունները: Երբ բացվել էինք, մեր կոնցեպտով վայրեր գրեթե չկային, վերջին տարիներին նմանատիպ կոնցեպտներ շատ բացվեցին, որոնք հին բիզնեսների հետ այդքան էլ համահունչ չէին աշխատում: Դրան գումարվեցին նաեւ մի քանի այլ խոչընդոտներ. հարկերը բարձրացան, հետո տարածքի խնդիր ունեցանք:

Վերաբացման համար Երեւանում Epicure-ի կոնցեպտին համապատասխան տարածք գտնելը, որը նկուղային հարկում չէր լինի եւ կունենար փոքր բակային կամ այգու հատված, շատ դժվար էր: Իսկ եթե որոշում ես վերաբացվել եւ տեղափոխվել նոր տարածք, պետք է այն հիմնավորված, արդարացված լինի: Ցավով եմ ասում, բայց մեր ոլորտն այս առումով դեռ այնքան զարգացած չէ, որ հանգիստ կարողանայինք տեղափոխվել քաղաքի ծայրամաս: Մեր չափանիշներին համապատասխան տարածք կարողացանք գտնել Դիլիջանում եւ որոշեցինք վերաբացվել այստեղ։ Մեր բացման պաշտոնական միջոցառումը Դիլիջանի Մոլդովական 7/2 հասցեում կլինի մարտի 15-ին, բայց մինչեւ այդ էլ Epicure-ն արդեն հյուրեր է ընդունում:

Epicure-ը՝ Դիլիջանում Լուսանկարը՝ Epicure


Վերաբացվելով՝ կփորձենք մի բացթողում վերացնել: Դիլիջանում երեկոյան 10-ից հետո բաց խոհանոցով ոչինչ չի աշխատում, մենք կաշխատենք մինչեւ ժամը 01:00-ը:  

Էպիկուրիզմն ու Feel free to feel free-ն Դիլիջանում

Դիլիջանում Epicure-ի մասնաճյուղ բացելու գաղափար շատ վաղուց կար, բայց հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ոչ թե մասնաճյուղ բացեցինք, այլ՝ տեղափոխվեցինք: Սա նույնքան ռիսկային է, որքան 8 տարի առաջ Պուշկին փողոցում մեր նախագիծը սկսելու որոշումն էր, երբ տարածքում ոչինչ չկար, փողոցն այդքան էլ բանուկ չէր:

Լուսանկարը՝ Epicure


Epicure-ը Դիլիջան է տեղափոխել իր կոնցեպտն ու էպիկուրիզմի մշակույթն ամբողջությամբ։ Էպիկուրը հին հունական փիլիսոփա է, ով քարոզում էր հաճույք ստանալ կյանքի շատ սովորական եւ պարզ դրսեւորումներից, չսպասել, որ պետք է անպայման կայսր դառնալ կամ հարստություններ ունենալ՝ կյանքից հաճելին ու լավը ստանալու համար: Իսկ թե ինչպես է էպիկուրիզմը դրսեւորվում սպասարկման ոլորտում, մեր օրինակով կարող եմ ասել, որ կարող էինք հավաքվել, օրինակ, չորեքշաբթի օրերին, կազմակերպել որեւէ գինու համտես կամ լսել հետաքրքիր երաժիշտի, շփվել, ուրախանալ եւ գնալ տուն:

Մի օր Գերմանիայից մի տղա էր ընկերների հետ եկել մեզ մոտ եւ ասաց, որ իր հայրն է խորհուրդ տվել, որ այցելեն մեզ: Երբ հարցրեցի՝ ո՞վ է հայրը, միգուցե նա եւս տարիներ առաջ մեր հյուրն է եղել, պատասխանեց, որ հայրը Երեւանում չի եղել, Իտալիայում է ապրում, պրոֆեսոր է եւ ուսումնասիրում է էպիկուրիզմը, բացահայտում է վայրեր, որտեղ էպիկուրիզմի մշակույթ կա: Այդպես էլ իմացել է մեր մասին եւ իրեն խորհուրդ տվել Երեւան գալուց այցելել մեզ:

Epicure-ը՝ հին հասցեում Լուսանկարը՝ Epicure


Մեզ հետ Դիլիջան ենք տեղափոխել նաեւ մեր Feel free to feel free կարգախոսը: Ովքեր եղել են մեր նախկին տարածքում, կհիշեն պատին գրված այս խոսքերը: Epicure-ն ազատ զգալու հնարավորություն էր տալիս ե՛ւ իր աշխատողներին, ե՛ւ հյուրերին: Եթե որեւէ մեկը հետաքրքիր, ստեղծագործ միտք ուներ, որը կարելի էր տեղավորել մեր կոնցեպտում, մենք միշտ լսում ու ընդունում էինք դա: Այդպես կլինի նաեւ Դիլիջանում:

Հիմնական մենյու + դիլիջանյան խոհանոց

Epicure-ի հիմնական մենյուին՝ բալանսավորված լանչի ափսեին, շատ սիրված ու միշտ պահանջված քլաբ սենդվիչին ու աղցաններին կմիանա նաեւ դիլիջանյան խոհանոցը: Կունենանք դիլիջանյան խոզի մսով ուտեստներ՝ «բարբիքյու մանղալ» հնարավորությամբ: Ապուրների ցանկին կավելացնենք ավելուկով ապուրը:

Նախատեսում ենք նաեւ մեր կոկտեյլներում ադապտացնել դիլիջանյան ազնվամորին, խնձորի օղին, որին տեղացիները «յաթրջի» են անվանում, եւ հետաքրքիր միքսեր ստանալ դրանցով։ Այսպիսով հնարավորություն կտանք տեղի բնակիչներին մեզ հետ համագործակցել, իրենց արտադրանքը մեզ վաճառել:

Epicure-ում անպայման կշարունակենք գինու համտեսների ավանդույթը, կներկայացնենք նոր գինեգործներին ու նրանց արտադրանքը:

Եվգենիա Ասատրյանը Լուսանկարը՝ Epicure


Epicure-ն այս տարիների ընթացքում գաստրո ավանդույթների եւ իվենթների հետաքրքիր մշակույթ է ձեւավորել: Մենք միշտ լսել ենք մեր հյուրերին եւ մենյուն հարստացրել նաեւ նրանց առաջարկներով: Մի բժիշկ հաճախորդ ունեինք, մի օր ասաց՝ ծովամթերքով ինչ-որ բան է ուզում, բայց խնդրեց պատրաստել իր նախընտրած տարբերակով: Մեր խոհարարը հնարավոր դարձրեց նրա խնդրանքը, հետագայում ուտեստն ավելացրեցինք մենյուում «Բժշկի բաղադրատոմս» անունով:

Լուսանկարը՝ Epicure


Մեր հյուրերին, անկախ իրենց մասնագիտությունից, նաեւ հնարավորություն ենք տվել մեզ մոտ իրենց մի քանի ժամով խոհարար կամ բարմեն զգալ: Օրինակ, եթե մարդը ծրագրավորող է, ունի մեծ շրջապատ, ընկերներ, որոնց չի կարող իր տանը տեղավորել, հյուրասիրել իր ձեռքով պատրաստած որեւէ ուտեստ կամ կոկտեյլ, նա կարող էր անել դա մեզ մոտ:

Վանաձորցի երաժիշտներ`Epicure–ում

Բոլորը գիտեն, որ Epicure-ը Երեւանում գործելու ողջ ընթացքում հնարավորություն է տվել սկսնակ երաժիշտներին, դիջեյներին, էլեկտրոնային երաժշտության ներկայացուցիչներին իրենց առաջին քայլերն անել մեզ մոտ: Նույնը եղել է նաեւ մեր թիմի մյուս անդամներին, մեր ամենալավ կադրերը, ամենալավ մատուցողները եղել են այն մարդիկ, որոնք եկել են եւ զրոյից են սկսել:

Եվգենիա Ասատրյանը Լուսանկարը՝ Epicure


Հիմա եւս պատրաստ ենք ընդունել տեղացի, նոր, սկսնակ աշխատակիցների, որոնք կկիսեն մեր մոտեցումները եւ գաղափարները: Ինչ վերաբերում է երաժշտական մասին՝ մեզ մոտ նախկինում ելույթ ունեցած դիջեյներից բացի, որոնք պատրաստ են շարունակել ելույթ ունենալ նաեւ մեր նոր հասցեում, կշարունակենք հարթակ տրամադրել սկսնակ երաժիշտներին՝ այս անգամ նաեւ՝ վանաձորցի: Վանաձորում տաղանդավոր երիտասարդներ կան, երաժիշտների հետաքրքիր շուկա կա, որոնց համար Epicure-ը կարող է առաջին քայլերն անելու հարթակ դառնալ:

Արփի Ջիլավյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին